mardi 25 février 2020

🙏🕯🙏 ՀԻՆ ՍՈՎՈՐՈՅԹՆԵՐ🙏🕯🙏ՄԵԾ ՊԱՀՔ

 Օր Մոխրոց (հայկական ծէս)
Ա.օր Քառասնորդաց

«Լուացարուք սրբեցարուք»ը, որ այսօր ժամուն մէջ կը կարդացուի, ո՛չ այնչափ էրիկ մարդերու, որչափ կիներու կ՛ազդէ ի մաքրութիւն:
Երկուշաբթի կանուխէն կիներ կ՛ելնեն, թոնիր կը վառեն, ու տան բոլոր աման-չաման, պղինձ- պղնկալ, պուտուկ-ճլօր ևլն, աճառի փոսորներով կը պռտին ու կը պռտին (ուժով շփել), և եօթն անգամ ջինջ ջրով կը լուան: Նոյնպէս դանակով կը քերեն, կը քերթեն պատերու, սիւներու, դուռներու ծուխումուխէն տարթացած (թանձրացած) սևութիւնը:
Առաւօտ մուտ- լուսուն լակի ժողովածու մտրպներ (քնչու) քաղքցիներու դռները կ՛ընեն ափութակ: Աղջիկներուն գեղ-դիր կու տան ու անոնցմէ կ՛առնուն լակմակ (կերակուրի աւելցուք), ճաթ-պլընկ հալաւներ (ցնցոտիներ): Աղքատներն այսօր չեն երևիր դռնէ դուռ, որպես զի լակ ժողվող չհամարուին, այդ վիրաւորանք է իրենց:
Հաւատքով հարուստ կիներ այս շաբթու ամէն օր կիրակի կը պահեն: Երկուշաբթի՝ Բակլայ-խորան է,«Փակեալ խորան» երեքշաբթի՝ Խորանի խորան, չորեքշաբթի՝ Մկան կիրակի է, հինգշաբթի՝ Կատղած շան, զոր գիւղացիներն աւելի ամուր կը պահեն, ուրբաթը՝ Չարչարոց, զոր կը պահեն չար աչքէ ազատ մնալու համար. իսկ շաբաթը՝ Թալալոսի կիրակի է և ամէն մայր կը պահէ այս կիրակին, որպէս զի իւր երախան չթալցնէ: Թալալոսը երեխէքներու յատուկ հիւանդութիւն է. տղան կ՛ուշաթափի, կը դեղնի, ակռաներ կը կափկափէ, մայրեր բանալիի կամ դգալի կոթ կը դնեն անոնց բերանը, որ կեռիք չփակուի, ապա կամաց կամաց կը մաժմժեն, պորտ կ՛ոլորեն, մինչև որ կ՛ուշաբերի:
Մեծ պահքի երկուշաբթին խումբ խումբ իրարու կ՛այցեն ի ճաշ: Այս ճաշն է կնիք որապատիւներու, և այս ճաշի սեղանն է բազմազան: Մակեղան (բարակ) թղթի նման լօշ հացերու վրայ դրուած են փահնաքէօշներ, սև սունիչով, կանեփահատով ու համեմով օծուած հաց, փմբուխ թափթափներ, կլորակ տողիկներ և շատ մը բուսեղէններու, ընդեղէններու, պահվածքներու կերակուրներ վաթսունէն աւելի պնակներու մէջ շարուած, ամէնքն ընդդիմահար գինիի:
 Մեծ պահքի մէջ ժողովուրդը, մանաւանդ աղքատ դասը կը սնանի կանանչեղէններով: Մամիկներ կ՛ըսեն. «Մինչև որ երկինք չգըռգռայ, ամէն տեսակ խոտ կրնայ ուտուիլ, բաց ի թունաւորներէն»: Մարտ ամիսը կը հայթայթէ ամէն տեսակ բոյս երբ ձիւնը կը հալի, ուստի «Մարտի վեց՝ ձեան վեր, ձեան ցեց». «Մարտի քսան, գարնան նշան». կ՛ըսեն մամիկներ:
Մարտի ամսուան պայծառ օրերու մէջ կիներ և տղեկներ խմբովին պարտէզ ու դաշտ կը դիմեն «Կանաչ հանելու». ի ձեռին ունին քերխանիչներ, շեղբիկ, փէկռատ, դանակ: Ուտելու կանաչներէն սիւեզ, կովու ճակտիկ, պառվու մէջար, գառու դիմակ, չան սխտոր, մաղմղուկ, աւելուկ, խինձ կարոս ևայլն:
«Մարէ, սա խոտիկը ծաղիկովն հանե՞մ, կ՛ուտուի՞»:
-Չէ, աղջիկ, այդ պապու է, չուտուիր, դառն է,
«Հապա այս կապուտ երկա՞յնը»
-Չէ՛, այդ էլ դառն՝ լեղի է. այդ Պապկէ-պլոր է. զգոյշ կաց, եզան լեզուներ չհանես, անոնք վէրք կը բժշկեն: Այս աքլորիկը, այս թրթլուկը քաղէ, այս մըռճիկը, այս մուճուղեղը, այս չաղալկանտողը հա՛ն:
 Պահքն աւրողները կ՛անիծուին այսպէս.
-«Չը չըպրին, չը զօրանան, ժուռ մուռ մեռնին, աւազ թաւալ էլնին. խժխժխայ եարէն, ինկնի վրէքտները. պատանքը սև թելով շոլուլեն, սև կապուտ հագնին»:
Իսկ յԱլաշկերտ այս է սովորոյթ:
Կիներն առիքը, գերաններն ու սիւները կ՛աւլեն, կը սրբեն, ալիւրով կը նաշխեն. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն (ալիւր) սպիտակ արարից», ըստ այսմ խօսքի՝ որ այսօր ընթեռնելի է Սուրբ-Գրքէն: Յետոյ կը յաւելուն. «Խուկլի բաղարջ ու հատիկ, բարոյ յի գայ մեր Զատիկ»:
Խուկլի բաղարջն է առանց թթու խմորի պատրաստուած հաց ի յուշ այն հացին, զոր Յիսուս կերաւ և տուաւ իր աշակերտներուն ըսելով. «Առէք կերէք այս է մարմին Իմ»: Իսկ հատիկն է ի նշան ցորենի օրհներգութեան, որ ըսուած է. «Ի պտղոյ ցորենոյ և գինւոյ լցուցիր զնոսա»:
Հինգշաբթի օր ամէն մի տղեկ պզտիկ տափակ քար և մէկ խեցկի կտոր ի ձեռին ունենալով՝ կը վազէ, կ՛ելնէ գմբէթայարկ տուն ըսուած երդիքի վրայ և զայնս իբր երկնաքար իրարու քսելով կը հարցնէ. «Աղամ, աղամ, ի՞նչ աղամ»: Ներսէն ձայն մը կը լսուի իբր պատասխան. «Օձ աղա, կարիճ աղա- դորտնուկ աղա»: Այս կը նշանակէ թէ բոյսերու և մարդերու թշնամի այս կենդանիներուն բերանները կը կապուին, որ չխայթեն կամ չվնասեն:
Սոյն օրը ձեղունէն կը կախուին եօթը հատ փետուրներ, ըստ թուոյ պահքի եօթը շաբաթներու, որոնց ծայրերը մխուած են խնձորի կամ սոխի չափ խմորէ շինուած գնդակի մը մէջ, որոնց չորսը ճերմակ և երեքը սև են: Ի վերջանալ մէն մի շաբաթի՝ փետուր մը կը փրցուի. այս գնդակը կ՛անուանեն Ագլատիզ: Չորս ճերմակ փետուրները կը նշանակեն ձմրան սպիտակ ձիւնը, իսկ երեք սև փետուրները կը նշանակեն գարնան այն օրերը երբ երկիրս սև հողով և կանանչով կ՛երևի. որպէս զի տղեկները պահքը չլուծեն, կ՛աւանդուի թէ ով որ պահքն աւրէ ագլատիզը անոր աչքերը կը հանէ: Տղեկներ աչքաբաց կ՛սպասեն որ հատնին փետուրները, որպէս զի Զատիկն ու կարմիր հաւկիթը վայելեն ուրախութեամբ:

Իսկ ի Պայպուրթ բակլայ-խորանի օրը, որ ըսել է իբր թէ Փակեալ խորան, մինչդեռ գուցէ աւելի ճիշդն է Պագլէ խուրտէն, Պարսկերէն նշանակութեամբ ընդեղէններ ուտելու օրեր, առաստաղէ կախուած կայ Կոկորիճը. խոշոր սոխ մըն է այն, որոյ մէջ խոթուած են հաւի կամ սագի եօթն փետուրներ: Կոկորիճի տակը խոշոր կարմիր պղպեղ մը և քարեր կան, որոց ի տես տղեկներ  կ՛զգուշանան իրենց պահքը աւրելէ, վախնալով որ եթէ պահքն աւրեն, Կոկորիճէն քար ընկնելով՝ իրենց գլուխը կը ջախջախէ, և պղպեղը իրենց բերանները կ՛երմշտկէ: Այս մանրիկներն այնպէս կը հաւատան թէ այս Կոկորիճն ինքնին է կախուած. Կոկորիճի փետուրներէն ամէն մէկը պահքի ամէն մէկ շաբթուն ինքնին աներևոյթ կ՛ըլլան, չեն գիտեր թէ գաղտուկ մէն մի փետուր հետզհետէ կը խլուին և կը թաղուին հողի տակ: Աստ՝ այդ սոխին Խարախոնճոլող կ՛ըսուի:
 Նախիջեւանցիք Մեծ Պահքին կ՛ըսեն Աղացք այսինքն Աղ ու հաց և իրար կը շնորհաւորեն. կ՛ուտեն Բանջար տապկելով, Թաթրան և Կադման հումհում, Շուշան աղջրով և քիչ մը խաշելով, Ծթրինը մանրելով համեմի համար, Աղցան և Խաշիշ եփելով: Ուտելիքէ մնացորդ կերակուրները մուրացողներուն կ՛ըսուին Ցիգան, և կերակուրներուն Խալխան-խալխանը: Առաստաղէ կախուած եօթն փետուրներով Խամաճիկին կ՛ըսուի Սոիւն կամ Մրմռաս, յատուկ ժապաւէններով զարդարուած. Զատկինը կարմիր, Ծաղկազարդինը կանաչ, Լուսաւորչինը սպիտակ և միւսները սև: «Միջինք»ին կը կիսեն փետուրը պահքի կէսն ըլլալուն ի նշան. նոյն օրը աղքատներու կը բաժնուի կլոր հաց, փորն ուռած, մեղրաջրով քսուած և կ՛ըսուի Պալից:
Ի Բասէն կ՛ըսուի եօթնափետուր սոխին Ախելուծ, ի Ղազախ Պապի-պլոր, ուր
Երկուշաբթին կ՛ըսուի կրակի կիրակի, չպահողին լաթերը կ՛այրուին:
Երեքշաբթին՝ ջրին, չպահողը՝ ջուրը կը տանի:
Չորեքշաբթին՝ մկանն է, մկները կուտեն ամէն բան, և երեխեք մկնակեր կ՛ըլլան: Այսօր որ կին ժամ չերթայ և չլսէ «Տէր ամենակալ»ը, չէ կարող ջահրը (ճախարակ) մանել և կարկահը կը կոտրի:
Հինգշաբթին՝ Ջահոիկ, մանելու օր, որ տանը մէջ Բարաքեաթ (առատութիւն) ըլլայ:
Որբաթը՝ Կէռկէչ, կեռիք ու բերան կը կապկպին:
Շաբաթը՝ Թալալոսի կիրակի, չպահողը կը դալկանայ:

 Տնտեսի կիրակիէն յետոյ՝ Մեծ պահքի քսանչորրորդ օրը, կը կոչուի Միջինք: Միջինքը կ՛ազդարարէ, որ Մեծ պահքը հասած է իր կէսին:
«Միջինք»ի չորեքշաբթի երեկոյին ժամուն մէջ ջրով և ձէթով լի կը դրուի կոնք մը և կ՛ըսուի լիճք, ուր եղէգնէ խաչի մէջ պատրոյգ կը վառի մինչև լոյս: Առաւօտուն մաս մաս կը բաժնուի գիւղի տուներուն, այդ ջուրը խառնելով խմորի մէջ և կը շինուի նոյն օրուան բաղարջը և կ՛ըսուի Միջունք կամ Կլոճ: Այս Բաղարջին մէջ դրամ կամ ուլունք ալ կը դրուի իբր գուշակ բաղդի, ինչպէս Կաղանդին:
ՅԵրևան Լիճքի ջուրը չեն բաժներ և մէջը կը վառուին քառասուն պատրոյգ. տղեկներ ու աղջիկներ 40 քարիկներ կը ժողվեն և մէն մի քարի վրայ 40 անգամ ծունր կը դնեն, ուրեմն 1600 ծունր, իւրաքանչիւր ծունրի մրմնջելով.
«Քառասուն մանուկ, քառասուն կուս,
Քառասուն մանկան բարեխուս»:
Լուսաւորչի օրը (մուտն ի վիրապն) ամէն կեսուր իրենները կը հրաւիրէ կանաչազարդ դաշտ զբօսնլու համար, որ կ՛ըսուի Քեաշտ, և կ՛երգեն.
«Հարսները կնացած էն քեաշտ,
Ի՞նչ են բերած.- ջուխտ ջուխտ լաշ (տղայ).
Անունները ի՞նչ.
Մէկին զաննակ, մէկին պամբակ»:

 
Քառասուն Մանուկի տօնն ի Սվազ «Սեբաստիա» մասնաւոր նշանակութիւն մը ունի, զի հոս է որ կատարուեցան կրօնքի այդ ահռելի նահատակք, հոս է «քաղաքին հարաւակողմը ճախնուտ գետի մը մէջտեղ» լեղի սև ջրով լիճն ուր «Անցանէին ընդ ջուր, մաքրեալք որպէս զոսկի փորձելոյ ի հուր», և անդանօր «Պատուական արեանցն հեղլով, զկապուտակ զծովն վարդագոյն ներկէր»: Երբ Եկեղեցին դեռ կը շարունակէ երգել «Այսօր Սեբաստիա եղև երկրորդ Յորդանան», Սեբաստացին կէս մը զինքը մահտեսի կը կարծէ, առանց մինչև Երուսաղէմ երթալու: Լիճին քով են բաղնիքին հետքերն ուր քառասնից մին ապաստանեցաւ:
Հոն մամիկներ ի յիշատակ Քառասնից, Մեծ-պահոց սկեզբէն ամէն իրիկուն 40 Տէր ողորմեա ու Հայր մեր կ՛ըսեն, և Միջինքին կը լրացնեն, որոյ յաջորդ շաբաթ օրն է մեծ օր մեռելոցի: Ամէն տուն մեծ շարժման մէջ է, մանաւանդ անոնք որ նոր մեռել ունին: Ագողք-հացի համար Եուխա ըսուած թղթի բարակութեամբ հացեր կը պատրաստեն: Այդ հացերն երկերկու քառակուսի կը ծալլեն և մէջը մէկմէկ ճանկ չամիչ կը դնեն. և զամբիւղի մը մէջ կը շարեն: Շաբաթ առտու այդ զամբիւղները շալկած, լոյսը ճղքել չճղքելուն՝ կանայք կ՛իջնեն դէպ Քառասուն-Մանուկ, որոնցմէ կը բաժնեն աղքատներուն և մուրիկներու իբր հոգեհաց:


Շատ տեղ ևս Խամաճիկ կամ Խուլուճիկ կ՛ըսուի սոխին՝ որ հաւի եօթը փետուրով է, որմէ ամէն մէկ շաբթու վերջ մէկ հատ կը փրցուի ու կը պահուի իբր յուռութ:
Յէրզրում երկուշաբթիին կ՛ըսեն կռճոն, Բարեկենդանէն մնացած կերակուրներու համար: Այդ օր թթխմորով շօթ հաց չեն եփեր, այլ Խուկլիկ-բաղարջ ու հատիկ, ըստ Շարականին «Ըստ բաղարջին հաց անխմոր»: Հիւանդութեան և ուրիշ ցաւի ի բոյժ՝ տաք հաց կ՛եփեն և գիշերը գաղտուկ իւրաքանչիւնրին երդիքէն վար կը ձգեն մրմռալով.
 «Ով տաք հաց, դու առ Աստուած ելնես, այս ցաւն ու զօռն՝ մեր տնէն տեղէն վերցընես: Ով տաք հացի պահապան հրեշտակներ, լսեցէք. առ Աստուած միջնորդ եղէք»:
Հոս ալ պաս-բարևի սովորոյթներ կան որպէս Կաղանդին և Զատկին:
Բարեկենդանի չորս օրերուն յԱրապկիր կ՛ըսուին չորեքշաբթի՝ գալիք. հինգշաբթի՝ ճանճնոց. ուրբաթ՝ մկնոց և շաբաթ՝ անէծք-մօր: Եւ կը մեկնուին այսպէս. ով որ չորեքշաբթի օրը գործադուլ չընէ, տարւոյն մէջ շարունակ արկածներու պիտի հանդիպի. իսկ թէ նոյնը հինգշաբթի օրը չընէ, ճանճերէ պիտի նեղուի. և թէ ուրբաթի օրն՝ գործադուլ չընէ, մկներու կեր պիտի ըլլան ամէն բան. վերջապէս շաբաթի օրն՝ թէ գործ ընէ, տղեկներն իրենց մայրերէն պիտի անիծուին:
ՎԵՐՋ

Անգիր դպրութիւն և հին սովորոյթներ-Վահան Վրդ. Տէր-Մինասեան-1904


vendredi 7 février 2020

Այսօր աղի բլիթ ուտելու օրն է❤️Այսօր ավարտվում է Առաջավորաց պահքը❤️Վաղը Սուրբ Սարգսի տոնն է❤️


 Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: 
Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:  
Ըստ ավանդույթի`   Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:  
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: 
Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:




Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ. աղի բլիթ, փոխինդով սկուտեղ եւ օրհնություն Ըստ ժողովրդական ավանդույթի, Սուրբ Սարգսի տոնին երիտասարդաներն աղի բլիթ են ուտում քնելուց առաջ, որպեսզի երազում տեսնեն իրենց կեսին, ով ջրով լի բաժակ կտա: 
Շատ կարեւոր է դիմանալ ու ամբողջ գիշեր ջուր չխմել: Չէ՞ որ բլիթը հենց դրա համար են աղի անում, որպեսզի ծարավեք, ու այդ ծարավը երազում հագեցնի ձեր սիրելին: 
Ի դեպ, մարդկանց շրջանում թյուր կարծիք կա տարածված, թե աղի բլիթը պետք է անպայման պատրաստված լինի այրի կնոջ ձեռքով: Նման բան չկա, ուստի դուք ինքներդ կարող եք ձեր ձեռքերով պատրաստել բլիթը:
Իսկ այժմ պարզապես նշենք, որ աղի բլիթը պետք է ուտել հունվարի 7-ի երեկոյան: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: