ԾԱՂԿԱԶԱՐԴ
Այս տօնին կ՛ըսուի ըստ Տօնացուցի «Գալուստ Քրիստոսի Աստուծոյ մերոյ յաւանակաւ յԵրուսաղէմ», Ողոգոմեան (Յունարէն), կամ կիրակի, օր Արմաւենեաց, ըստ աւանդութեան ԾԱՂԿԱԶԱՐԴ կամ ժողովրդական բարբառով ԶԱՐԶԱՐԴԱՐ կամ երբեմն ԾԱՌԶԱՐԴԱՐ կամ ըստ Ռուսահայերու և Պարսկահայերու ԾՌԶԱՐԴԱՐ իսկ ի Պեսարապիա, Նախիջևան և այլուր ևս ԾԱՌԿՈՏՐՈՒՆՔ, ծառերու ճիւղեր կտրելով, ի շնորհաւորութիւն իրարու տրուելուն համար:
Այսօր բոլոր ժամերը ձիթենիի և արմաւենիի ճիւղերով կը զարդարուին. եթէ չկան, ծառերու մանաւանդ ուռենիի ոստերով, որոնց օրհնուած ճղիկներն խնամով կը պահպանուին և իբր յուռութ կը գործածուին մանաւանդ մրրիկի ատեն, խաչաձև իրարու փաթթելով յետ համբուրի՝ ի դէմ հովին կ՛այրուին, ըսելով.
«Աստուծոյ մեռնիմ զօրքին,
Մե պախպան փորձանքին»:
Այսօր կ՛սկսի ժամերու մէջ երգուիլ ծնծղայով և զիլով «Փառք ի բարձունս»էն սկսելով, բայց վանքերու մէջ դեռ կը գործածուին նաև ճօճանակ և ճեռ: Ճօճանակն է թաթի չափ կոթով կլոր տախտակ, որոյ ծայրերէն կապուած ու կախուած են կլորիկ տախտակիկներ, բոժոժաւոր, այնպէս որ ճօճելու ատեն թէ տախտակին և թէ իրարու զարնուելով՝ ձայն կը հանեն. իսկ ճեռն է փայտեայ փոքր գլան, վրան փորուած ատամներով, որոնց սուր ծայրերը փոխ ու փոխ զարնուելով, ձայներ կը հանեն այսինքն կը ճոռեն:
Այսօր ամէն նշանած աղջիկներ ժամ կ՛շտապեն, ուր կ՛ստանան իրենց կեսուրցուէն գլխի ծիրլաթ այն է գոյնզգոյն բարակուկ ծոպաւոր շարլաթ-եազմա և դալար ճիւղերով փաթթուած մեղրամոմ, զոր կը վառեն երբ դպիրք կ՛եղանակեն. «Ուրախ լեր յոյժ դուստր Սիօնի...» շարականը: Ժամերգէն յետոյ նորապսակ հարսերն կ՛առաջնորդուին ուղղակի իրենց ծնողական տունը, յառաջ քան զայս տօնն երթալ՝ է ամօթ. համազգային կանոն է այս: Հոն կը մնան և կ՛ընեն Զատիկը, զատկուան յիսուն օրերն ու մինչև ցառաջին Պսակ, որուն և կ՛ըսեն ԱՌԱՋԻՆ ԴԱՐՁ, զի այն կիրակի օրը կը վերադառնան առաջնորդութեամբ իրենց փեսայներու կողմէն ղրկուած ազգական հրաւիրակներու: Թէ այս ամբողջ օրերուն և թէ բոլոր կիրակամտի և պահքի օրերուն գիշերները առագաստ չկայ: Ո՜վ բարոյականի սուրբ աւանդութիւն, կանոն ողջպահիկ, չխառնելով հոգևոր ուրախութեան և տրտմութեան մէջ մարմնաւոր ուրախութիւն և հանգիստ տալ պահ մը մարմնոյ՝ աւելի ևս կազդուրումն ուժի և առողջութեան:
Բայց ո՞ւր են իմ սիրուն ու ժպտուն տղեկներս ու աղջիկներս. Ծաղկազարդ ըլլալով ծաղկազարդ կ՛ըլլան, տնէ տուն, դռնէ դուռ կը սլքտկան, ուռենիի դալար ճիւղեր կամ ծիլ ծիլ ծաղիկներ ի ձեռին՝ կ՛երգեն ու կը պարեն և ձու կը ժողվեն, կարմիր հաւկիթ ուտելու համար Զատկին,: Կարելի չէ ի մի ամփոփել այն գեղոյշ տաղերն որք աւելի ևս կը լսուին գիւղերու մէջ մանաւանդ ի Ռուսահայս և ի Պարսկահայս առհասարակ:
«Անակ, անակ ճօճանակ,
Գոռ գոռ որոտ մեր կոչնակ.
Աստծու դուռը բանանք մտնենք,
Ժամ պատարագ անենք սարքենք.
Չալ եզը մորթենք, մատաղ անենք,
Պոզերը (կաշի) չարտախ անենք,
Միջին նստինք, քեարգեահ անենք:
Մատաղը սիրողը երկու ձու տայ,
Մին ինձ՝ մին իմ ընկերին.
Ով տայ՝ գիզի բարձի նստի,
Ով չտայ՝ չոր քարի նստի»:
Տեղ տեղ ճօճանակ ու ճեռ ճռնչելով հաւկիթին հետ Հատիկ ալ խնդրելով կ՛երգեն:
«Ճըռ ճըռ ճըչեռնակ,
Աստծու հալալ պիպեռնակ.
Ընկերս ինկաւ ծովը,
Ծովէն ելաւ ծիրանայ.
Խունկ առէք, մոմ առէք,
Տասներկու պատարագ արէք.
Իմ կարմիր հաւին հաւկիթը դուրս բերէք.
Ով որ բերէ՝ շէն մնայ,
Ով չբերէ՝ հաւի փորին դէմ կենայ»:
«Ճըչանակ, անակ անակ,
Կեղեցւոյ (ժամուն) դուռը բանանք,
Մտնենք մէջը, աղօթք անենք,
Դուռ գանք, չալ եզը մատաղ անենք.
Պոզերը չարտախ անենք,
Հաւքուն խրազան անէնք:
Չալթուկ թակեճք տանք հաւերին,
Հաւերն ինձ մի մի ձու տան,
Ձուձուն տանենք, տանք պառաւին,
Պառաւիկ ինձ մի կաթայ տայ.
Կաթէն տանինք, տանք խառատին,
Խառատն ինձ մի շիվի տայ.
Շիվին տանինք, տանք չօբանին,
Չօբանն ինձ մի գառը տայ.
Գառը տանինք, տանք Աստըծուն,
Աստուած ինձ մի աղբեր տայ:
Աղբեր, աղբեր, ջան աղբեր,
Դու բերդի գլխին աղբեր,
Ես բերդի տակին աղբեր:
Աղբեր, աղբեր կանչեցանք,
Աղբեր ձին թամբեցինք.
Աղբեր գնաց բանջարի,
Բանջար չըլաւ, խոտ ըլաւ
Խոտի տակին ծիտ ըլաւ,
Ծըլվըլալէն դուրս թռաւ,
Հանգիստներին (մեռել) լիս (լոյս) ըլաւ:
Բերէք տուէք մեր երկու ձուն,
Աստուած պահի ձեր հարսնացուն»:
Բոլոր այս տաղերուն գրեթէ վերջաբանն այս է իբր օրնէք կամ անէծք:
«Ով որ չտայ՝ իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն իրենց թթուն.
Ով որ կ՛տայ իմ երկու ձուն,
Աստուած պահէ իր փեսացուն»:
Ծաղկազարդով կը վերջանայ ԱՂՈՒՀԱՑՔը: Մեծպահքին բուն անունն է այս, որոյ կրճատուածն ԱՂՀԱՑՔ կամ ԱՂՑՔ: Աղուհացք ըսուած է, որովհետև այդ քառասուն օրերուն մէջ, որ ի յիշատակ Քրիստոսի քառասնօրեայ ծոմապահութեան կը կատարուի, միայն աղ ու հաց ուտելու ամենահին սովորութիւնը կար և խստիւ կը պահպանուէր, թէև մինչև ցճաշու ժամ ծոմ պահելն ալ անհրաժեշտ էր, որ և յետոյ տակաւ մեղմացաւ միայն մսեղէնէ և կաթնեղէնէ հրաժարելով:
Արդարև աղն ու հացն են մարդկային կենդանութեան թանկագին պէտքերու անհրաժեշտներէն, մանաւանդ որ կը հայթայթուին «քրտամբք երեսաց» ըստ աստուածային անէծքի, մինչդեռ ջուր, օդ և լոյս բնատուր են: Աղն ու հացն էին նաև նշան հպատակութեան և Արևելքի մէջ ժողովրդեան կողմէն իշխաններու և թագաւորներու կը մատուցուէին ափսէի մէջ դրուած, ի ցոյց տիրասիրութեան և հաւատարմութեան:
Անգիր Դպրութիւն և Հին Սովորոյթներ
Վահան Վրդ. Տէր-Մինասեան