ԱՆՈՒՆՆԵՐ ԲԱԿՈՒՄ ԵՎ ԴՊՐՈՑՈՒՄ
Առավոտ շուտ արթնացա,
Տոնական շորեր հագա,
Մայրիկիս հետ իջա բակ,
Ձեռքիս՝ սիրուն պայուսակ:
Արդեն դպրոց եմ գնում,
Դպրոցական եմ դառնում,
Ընկերներիս հետ ուրախ
Դասասենյակ եմ մտնում:
Առաջին դասն սկսվեց,
Ներկա-բացակա արվեց,
Եվ ի՞նչ պարզվեց, ասեմ ձեզ,
Որ զարմանաք դուք ինձ պես:
Ընկերներս մեր բակի
Նոր անուներ ունեին.
Սաքուլիկը Սարգիս էր,
Բաբուլիկը՝ Բաբկեն,
Գագուլիկը Գագիկ էր,
Եվ Խորիկը՝ Խորեն:
Իսկ Լիլուշը՝ Լիանա,
Մարիշիկը՝ Մարիաննա,
Գայուշիկը՝ Գայանե,
Նանուլիկը՝ Նարինե,
Խուճուճ Սմբոն Սմբատ էր,
Ռոզիկը՝ Վարդիթեր,
Սևուլիկը՝ Սևադա,
Գրուշիկը Գրետա:
Երբ որ հերթը ինձ հասավ՝
Սիրտս կարծես կանգ առավ…
Բայց անունս չէր փոխվել,
Ճիշտ՝ Նարեկ էր մնացել,
Եվ ուրախ եմ, և հպարտ
Իմ անունով հարազատ:
01.09.2015
ՖԵՍՅԲՈՒՔՅԱՆ ԱՇԽԱՐՀ
(ֆեսյբուքյան պատմություններ)
Օրերից մի օր՝ անհիշելի մի օր,
Ես խարխափելով այդ աշխարհը մտա.
Թե ինչու՞, ինչպե՞ս, ի՞նչ նպատակով՝
Ինքս էլ չգիտեմ, չեմ հիշում հիմա:
Օ՜, այս աշխարհը՝ հրաշքներով լի,
Պատկերներ պես-պես, խոսքեր անհամար
Ու մեղեդիներ կախարդող, դյութիչ,
Նաև մութ կրքեր՝ սատանայական…
Այդ խառնարանում իմ արահետը գտա, ընտրեցի
Իմ տեսակին ու բնույթին հարիր,
Առաջ գնացի և օրը-օրին
Ես հանդիպեցի իմ ընկերներին:
Նրանց մի մասը ընդառաջ եկավ,
Ոմանց էլ ինքս հղեցի ողջյուն ,
Բայց կարևոր չէ, թե ինչի՞ համար,
Կարևոր էլ չէ՝ թե ինչպե՞ս, ո՞վ, ու՞մ:
Կարևորը՝ որ նրանք կան կյանքում,
Թեկուզ շփվում ենք ՖԲ սոցցանցում,
Հարգում ենք միմյանց անկախ տարիքից,
Կիսվում հոգսերից, ձեռքբերումներից:
Ահա առաջինն իմ արահետում
Իզաբելլան է՝ ինձ էր սպասում,
Բանաստեղծ է նա, մանկագիր հմուտ,
Բա թոռնիկները՜, հարսները՝ սիրու՜ն…
Առանձնահատուկ գերեց իմ հոգին
Մարին՝ իր հզոր պոետիկ խոսքով,
Նրան լսելը վայելք է խորին,
Հասկանալ է պետք կանացի սրտով:
Մտահոգված եմ ամսից ավելի
Չբացատրված նրա լռությամբ,
Հուսանք, որ նրան բարին կայցելի,
Գոհանանք պիտի իր ներկայությամբ:
Քնքուշ տաղերի վարպետ, սիրերգակ
Անահիտն ահա ողջյուն տվեց ինձ,
Մանկագիր էլ է, նաև՝ դառնացած
Իրական կյանքի թերություններից:
Նինան Դանիելյան՝ Կապանա տնից
Ուրախ կամ տխուր կարճ պատումներով՝
Մեկ-մեկ գրում է տեղի բարքերից
Ծննդավայրի խրթին բառբառով:
Հանաքչի Հովոն շենխոսք, սրամիտ,
Սիլվի Սրբուհին ջերմ հայրենասեր,
Հասմիկն Աջամյան՝ նուրբ, լիրիկական,
Երեխաներին՝ անկեղծ բարեկամ:
Եվ տիկին Լիան վեհ, առաքինի՝
Բոլորի համար ունի սրտի խոսք,
Սեր ու քնքշանքով լեցուն Նազելին,
ՎԱՍ-ը, որին որ գիտի ամեն ոք:
Հապա Նատաշա՜ն, դուստրն Արցախի,
Հմուտ մանկավարժ ու …գեղեցկուհի,
Այգեգործ Շողերն իր գլխավորով,
Պետրոսյան Սոֆյան իր փիսոներով,
Լինա Կասյանը՝ պայծառ, ժպտերես,
Վերլուծաբանը՝ բարի ու անկեղծ:
Համշենադուստր Ռոզա Խաստյանը,
Հմայիչ, գերող Նարինեները՝
Ուրախ հումորով Բալասբեկյանը,
Նուրբ, քնարական Ավագյանները:
Դե լավ, կանգ առնեմ.
Թեպետ բոլորին հիշելը հեշտ է
Ու նրանց մասին պատմելը՝ հաճույք,
Բայց կարճ կապելը առավել ճիշտ է՝
Երկար խոսելը կբերի ձանձրույթ:
ՖԲ ընկերներ, Դուք ինձ ներեցեք…
Ում մասին որ ես այստեղ չեմ նշել,
Չի նշանակում, որ Ձեզ չեմ հիշել,
Ավելին ասեմ՝ ես Ձեզ հետ եմ միշտ,
Միասին լինենք այսօր և ընդմիշտ:
Զեմֆիրա Սարգսյան
17.09.15
ԻՄ ՄԱՅՐԻԿԸ (աքրոստիկոս)
Ինձ գուրգուրում է իմ մայրիկը
Մայիսյան զեփյուռի նման,
Մաքուր ու պայծառ է նրա ժպիտը
Ամռան առավոտի նման:
Յասամանի բույրը այտերին
Րոպեից մինչև շատ ժամեր
Իր քնքուշ ու սիրուն ձեռքերով
Կարող է ինձ գրկել, փայփայել,
Ընդմիշտ իմ լույսը լինել:
ՄՈՒԿԻԿԻ ՄԱՀԸ
Մի արևոտ օր
Մուկիկն իր բնից
Գլուխը հանեց
Արևին նայեց:
Ու հենց այդ պահին
Մեր տան փիսիկը
Ճանկեց մուկիկին՝
Սկսեց իր խաղը:
Պոչիկից բռնած
Տանում է, բերում,
Վախից մուկիկը
Ծպտուն չի հանում:
Եվ ճիշտ են ասում
Մեր տատիկները.
Փիսիկի խաղը
Մուկիկի մահն է:
ԽԱՉՔԱՐ (աքրոստիկոս)
Խավարի դեմ՝ լույս,
Անհայտի մեջ՝ հույս,
Չարիքի պատը
Քանդող թևեր,
Արարիչ նախշեր,
Րոպեից ծնված, դարեդար ապրող քարե մատյաններ:
ԽԱՉՔԱՐ
Շրջիր աշխարհում և տես.
Որտեղ խաչքար կա,
Ուրեմն այնտեղ գոնե մի հայ կա:
Միայն հայ մարդն է
Հավատքով հզոր
Փրկչի խաչը
Նուրբ նախշ ու զարդով
Քարին քանդակում:
ՈՒՐԱԽ ՕՐ
Թադևոսյան Դավիթն եմ ես՝
Չորս տարեկան,
Պետք է գնամ մանկապարտեզ՝
Առավոտյան:
Այնտեղ խաղամ, երգեմ, պարեմ,
Ու տուն դառնամ,
Ուտեմ տատի թխած գաթան
Ու մի բանան:
Իմ մեծ քույրն է խելոք Մերին՝
Տաս տարեկան,
Մյուս քույրս սիրուն Անին՝
Ութ տարեկան:
Առավոտյան նրանք պիտի
Շշուտ արթնանան, դպրոց գնան,
Գրեն, կարդան ու նկարեն,
Դպրոցից գան,
Ուտեն տատի թխած գաթան
Ու մի բանան:
ՎԱՀԵԻ ԽՈՍՏՈՒՄԸ
Ես մի աշխույժ տղա եմ,
Դեռ երեք տարեկան,
Իմ անունը Վահե է՝
Կարճ ու դուրեկան:
Ազգանունս երկար է
Գրես՝ ամբողջ մի տող,
Ասելը շատ դժվար է՝
Չի գա մի շնչով:
Քանի դեռ ես փոքր եմ՝
Թույլ տվեք, խնդրեմ,
Ազգանունս այս երկար
Երկու կես անեմ.
Թող այն լինի կամ Մնաց
Կամ էլ՝ Ականյան:
Խոստանում եմ, որ հետո՝
Մեծանամ մի քիչ,
Ազգանունս կարևոր
Ձեզ կասեմ լրիվ:
Հեքիաթ երեխաների համար
Գյուղի ամենավերջին տանը ապրում էր մի բազմանդամ ընտանիք. հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք ունեին ամեն տեսակի մրգատու ծառերով ու թփերով լի մեծ այգի, որտեղ աշխատում էին, ստեղծում առատ բերք ու բարիք և ապրում այդ վաստակով: Կարծեք ամեն ինչ լավ էր, բայց չգիտես ինչո՞ւ, անհաշտ էին ու անհարգալից: Միմյանց անվանում էին տարբեր կենդանիների անվանումներով. հայրիկը մայրիկին անվանում էր <<կով>>, իսկ մայրիկը նրան՝ <<ոչխար>>, եղբայրներն ու քույրերը միմյանց անվանում էին աղվես, ջորի, կատու, ավանակ, մողես, ուղտ, դոդոշ, օձ, գոմեշ և այլն: Հաճախ բղավում էին ու միմյանց քաշքշում: Այդպիսի մի օր հանկարծ ուժեղ զնգոց լսվեց, ապակի կոտրվեց հատակին ու փշուրները ցաք ու ցիր եղան: Բոլորը լռեցին, հետո զարմանքով տեսան, որ պատուհանների ու դռների ապակիները անվնաս իրենց տեղում են: Այդ դեպքում ի՞նչ ապակի կոտրվեց հատակին ու ցրիվ եկավ:
-Այդ ես եմ, ձեր նախապապը,- լսվեց դիմացի պատից:
Բոլորը միանգամից նայեցին դիմացի պատին, որի վրա անհիշելի ժամանակներից ամրացված էր ընտանիքի նախապապի լուսանկարը՝ ապակեպատ շրջանակի մեջ առնված: Հենց այդ ապակին էր վայր ընկել ու փշրվել: Լուսանկարի պապը հիմա չէր ժպտում, ինչպես միշտ, այլ խոժոռ ու դժկամ նայում էր ընտանիքի անդամներին:
-Դուք ինձ հոգնեցրիք, անտանելի է ձեզ լսելը: Աստված ձեզ ստեղծել է մարդ, ոչ թե անասուն և պատվիրել է, որ ներեք ու սիրեք միմյանց: Ես նրա անունից ասում եմ. դուք որպես պատիժ կդառնաք կենդանիներ և ուղիղ մեկ տարի կապրեք այդ կենդանիների պես: Եթե ձեզ դուր կգա ձեր այդպիսի վիճակը, այդպես էլ կշարունակեք ապրել, եթե ոչ՝ կգաք ու կխոստանաք, որ այլևս…
Պապի խոսքը դեռ չավարտված՝ տունը դղրդաց ու միանգամից մթնեց, անթափանց խավարը պատեց ու հետո քիչ-քիչ անցավ: Նորից լուսավորված տան մեջ իրար էին նայում մայրիկ կովը, հայրիկ ոչխարը, եղբայրներ գոմեշը, ավանակը, ուղտը, քույրեր ջորին, կատուն և դոդոշը: Այդ ամենը շատ հանկարծակի կատարվեց: Կենդանիները փորձեցին ինչ-որ բան ասել պապի լուսանկարին, սակայն կովի ու գոմեշի բառաչը, ոչխարի մայունը, ջորու և ավանակի զռզռոցը, կատվի մլավոցը, ուղտի փնթփնթոցը և դոդոշի կռկռոցը անհասկանալի աղմուկ առաջացրին: Հետո նրանք արտասվելով գլխահակ դուրս եկան տանից և մտան այգի՝ կերակրվելու: Քիչ անց եկավ հարևանը, որը գող էր ու ագահ, և տեսնելով, որ տանը ոչ ոք չկա՝ մտավ այգի ու կենդանիներին ճիպոտով ծեծելով քշեց տարավ, լցրեց իր գոմի մեջ ու դուռը կողպեց: Ծլկեցին միայն կատուն և փոքրիկ դոդոշը, թաքնվեցին թփերի տակ ու տագնապով լցվեցին: Նրանք լավ էին ճանաչում այդ հարևանին և համոզված էին, որ նա հենց հաջորդ օրը կմորթի գողացած կենդանիներին ու միսը կտանի շուկա վաճառելու: Կատվի ու դոդոշի սիրտը ճմլվում էր հարազատներին այդպես կորցնելու մտքից և որոշեցին ինչ գնով էլ լինի՝ փրկել նրանց: Երբ օրը մթնեց և բոլորը քնեցին՝ նրանք մոտեցան գող հարևանի գոմի դռանը և սկսեցին կրծել փականը, որը, բարաբախտաբար, մի փայտե ձող էր: Խեղճ կատուն ու դոդոշը ողջ գիշեր կրծում էին ու կրծում և դեռ լույսը չբացված՝ փականը բացվեց: Բոլոր կենդանիները դուրս եկան գոմից, փախան անտառ ու գտնելով մի խուլ քարանձավ՝ թաքնվեցին: Այդտեղից նրանք միայն գիշերներն էին դուրս գալիս. կովը, գոմեշը, ոչխարը, ջորին, ուղտը և ավանակը խոտ էին արածում, կատուն մկներ էր որսում, իսկ դոդոշը՝ որդեր ու միջատներ, մոտակա առվակից էլ ջուր էին խմում: Օրերն անցնում էին: Նրանք օր-օրի ավելի ու ավելի էին կարոտում իրենց տանն ու այգուն, ցորեն հացին ու պանրին, համեղ գաթաներին ու ճաշերին, իրենց փափուկ ու մաքուր անկողիններին, սիրուն շորերին ու կոշիկներին: Կարոտից նույնիսկ հիվանդանում էին, տառապում ու տանջվում: Ամենից զգայուն կատուն ամեն երեկո նստում էր քարանձավի մուտքի մոտ ու լալագին երգում էր իր հորինած երգը.
Ա՜խ, իմ սիրելի գյուղ, ա՜խ իմ սիրելի տուն,
Իմ սիրելի այգի բերք-բարիքով լեցուն,
Երբ կանցնեն օրերն այս դառն ու տխուր,
Որ վերադառնանք ձեր գիրկը տաքուկ:
Այս դժվար օրին էլ չենք դիմանոււմ,
Մարդկային կյանքին շատ ենք կարոտում,
Օ՜, պատժվել ենք մեր սխալ վարքից
Ու վտարվել ենք անուշ դրախտից:
-Ի՜նչ բախտավոր են մարդիկ, օ՜, ինչ երջանիկ են նրանք,- ամեն օր բազմաթիվ անգամներ երանությամբ ասում էին միմյանց ու ողբում,- ա՜խ, ինչպե՞ս մենք չէինք հասկանում: Վա՜յ մեզ, վա՜յ մեզ…: Ե՞րբ կանցնի մեկ տարին ու նորից մարդ կդառնանք: Մենք արդեն կապրենք սիրով ու համերաշխ: Ոչի՛նչ, ոչի՛նչ այս աշխարհում չի կարող արժենալ մարդկային կյանքի մի փշուրին անգամ: Մարդ լինելը ամենամեծ երջանկությունն է, որ կա:
Այդպես անցավ շոգ ամառը, անցավ զով աշունը, սկսվեցին ձմռան ցրտերը և դրանց հետևանքով՝ կենդանիների էլ ավելի թշվառ օրերը: Նրանք հիվանդանում էին, հազում էին ու փռշտում, շնչահեղձ լինում, սրթսրթում, դողդողում: Առողջները իրենց մարմնով տաքացնում էին հիվանդին, սիրում ու գուրգուրում: Հիշում էին գյուղի հոգատար ու հմայիչ բժշկուհուն…: Շա՜տ, շա՜տ դժբախտ էին, անօգնական ու ողորմելի:
Վերջապես եկավ այն ցանկալի օրը, երբ լրանում էր կենդանիների դժբախտության մեկ տարին: Գիշերով, որպեսզի գող հարևանը իրենց չտեսնի, եկան տուն և ի՞նչ տեսան…: Տունը ամբողջովին թալանված էր, պոկել ու տարել էին անգամ դռներն ու լուսամուտները: Սարսափելի էր մտածելն անգամ, որ պապի լուսանկարն էլ տեղում չի լինի և այդ դեպքում իրենք չէին կարող մարդկային կերպարանք ստանալ…: Օ՜, միայն թե ո՛չ դա…: Նրանք մեծ տագնապով տուն մտան և առաջինը, որ ուզում էին տեսնել՝ պապի լուսանկարը, տեղում էր: Լուսինը բաց պատուհանից լուսավորել էր սենյակի դիմացի պատը և պարզ երևում էր, որ պապը նախկին տարիների պես ժպտում էր բարի ու սիրելի ժպիտով: Կենդանիները երջանկությունից սկսեցին արտասվել ու խնդրել պապից, որ իրենց մարդկային կյանք վերադարձնի: Եվ չնայած կովն ու գոմեշը բառաչում էին, ոչխարը՝ մայում, ջորին և ավանակը զռզռում, կատուն մլավում, ուղտը փնթփնթում և դոդոշը կռկռոմ՝ պապը ամեն ինչ հասկացավ, ավելի լայն ժպտաց ու… տունը դղրդաց և միանգամից լուսավորվեց: Լույսն այնքան պայծառ էր, որ կենդանիները չդիմանալով՝ փակեցին աչքերը և երբ բացեցին՝ միմյանց տեսան այնպիսին, ինչպիսին որ մեկ տարի առաջ էին հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք գրկախառնվեցին, համբուրվեցին և ուրախությունից սկսեցին թռչկոտել ու պարել: Հետո տեսան, որ տունը շատ արագ լցվեց գեղեցիկ կահույքով ու գորգերով, կենտրոնում սեղանի վրա շարվեցին համեղ ու բազմազան ուտելիքներ, դռներն ու լուսամուտները նորից իրենց տեղում էին:
- Սիրելիս,- մայրիկը սկսեց այդպես դիմել հայրիկին ու զավակներին:
- Անուշս,- հայրիկը սկսեց այդպես դիմել մայրիկին ու զավակներին:
- Իմ լավ ախպերիկ,- այդպես էին դիմում քույրերը իրենց եղբայրներին:
- Սիրունս,- այդպես էին դիմում եղբայրները իրենց քույրերին:
Եվ այսպես, ամեն օր ընտանիքի բոլոր անդամները միմյանց դիմում էին շատ հարգալից ու սիրալիր խոսքերով: Նախկին օրերի պես ցերեկները աշխատում էին իրենց այգում, ստեղծում բերք ու բարիք, իսկ երեկոյան վայելում էին ընտանեկան կյանքի խաղաղությունն ու ջերմությունը: Դիմացի պատի վրա անհիշելի ժամանակներից ամրացված լուսանկարից նախապապը բարեհոգաբար ժպտում էր նրանց :
Հեքիաթ կրտսեր տարիքի երեխաների համար
Խնձորների ընտանիքում ապրում էին Խնձոր տատիկը, Խնձոր պապիկը, Խնձոր մայրիկը, Խնձոր հայրիկը և նրանց երկու երեխաները՝ սիրունիկ աղջիկ Քաղցրիկը ու խելացի տղա Թթվաշիկը: Մի անգամ Խնձոր պապիկը հիվանդացավ: Նա իրեն շատ թույլ էր զգում, ոչ ուտում էր, ոչ՝ խմում, ոչ՝ խոսում: Նրան այցելում էին հարևաններն ու ազգականները՝ տիկին Սալորը, մորաքույր Դեղձը, քեռի Տանձը, նույնիսկ թիթիզ Ծիրանն ու բազմազավակ Խաղողը: Հայրիկը հրավիրեց շատ հայտնի բժիշկ Գոլդենին: Բժիշկը եկավ, չափեց պապիկի ճնշումը, նայեց կոկորդը, լսեց սրտի աշխատանքը և թղթի վրա գրեց. <<ազնվամորու հյութ – չորս կաթիլ, օրական երեք անգամ, տաս օր>>:
-Իսկ դուք չէի՞ք ասի, թե որտեղի՞ց գտնենք ազնվամորու հյութը, հարգելի պարոն բժիշկ Գոլդեն- հարցրեց Խնձոր հայրիկը:
-Այ, տեսեք, ձեր տան դիմացի սարի հակառակ կողմում անտառ կա, այդ անտառի վերջում ազնվամորու թփեր կան, դրանց ճյուղերի վրա՝ պտուղներ, այդ պտուղները շատ հյութալի են ու օգտակար- պատասխանեց բժիշկն ու հեռացավ:
Խնձոր հայրիկը հաշվեց, որ ազնվամորու թփերին հասնելու համար պետք է քայլել երեք ժամից ոչ պակաս, մի այդքան ժամանակ էլ կպահանջվի վերադառնալու համար: Սակայն նա աշխատանքի պետք է գնար և չէր կարող այդ օրը բացակայել: Օրն ուրբաթ էր: Եվ Խնձոր մայրիկն ու Խնձոր տատիկը որոշեցին, որ հայրիկը կիրակի օրը առավոտյան կգնա անտառ ու կբերի ազնվամորու բուժիչ պտուղները: Այս ամենը լսում էին Քաղցրիկն ու Թթվաշիկը: Նրանք շատ էին սիրում պապիկին ու տխրել էին նրա հիվանդանալու պատճառով: Շտապում էին, որ պապիկը ժամ առաջ լավանա: Կիրակի օրը նրանց թվում էր շատ ուշ ու չէին համբերում: Եվ սկսեցին մտածել, որ իրենք էլ կարող են գնալ անտառ ու, մինչև հայրիկի ու մայրիկի վերադարձը, բերել ազնվամորու պտուղներ: Այդ միտքը նրանց շատ դուր եկավ: Հաջորդ օրը, առավոտյան, երբ հայրիկն ու մայրիկը գնացին աշխատանքի, տատիկն էլ՝ խոհանոց, Թթվաշիկն ու Քաղցրիկը դուրս եկան տանից: Բակում նրանց հանդիպեց տիկին Բելֆլորը, որը խոշոր, ամրակազմ ու հաճելիորեն դեղնագույն խնձոր էր:
-Այս ու՞ր եք գնում, խելոք բալիկներ,- հարցրեց նա՝ սիրալիր ժպիտը դեմքին:
-Պապիկը հիվանդ է: Բժիշկը պապիկի համար ազնվամորու պտուղների հյութ է նշանակել: Դիմացի սարի հակառակ կողմում անտառ կա, այդ անտառի վերջում ազնվամորու թփեր կան, դրանց ճյուղերի վրա՝ պտուղներ: Գնում ենք բերելու,- պատասխանեց Թթվաշիկը:
-Մենք շատ ենք ուզում, որ պապիկը շուտ լավանա,- ավելացրեց Քաղցրիկը:
-Դե, եթե այդպես է՝ ես էլ կգամ ձեզ հետ, որովհետև չի կարելի, որ փոքրիկ երեխաները առանց մեծերի հեռանան իրենց բակից,- ասաց տիկին Բելֆլորը:
Այս ամենը լսում էին բակի ծառի ճյուղին նստած երկու ճնճղուկները՝ խելացի ու անվախ Ծլվլն ու Ճլվլը: Նրանք իսկույն իջան ծառի ճյուղից, մոտեցան խնձորներին, բարեկիրթ ձևով բարևելուց հետո ասացին.
-Մենք ամեն ինչ լսեցինք: Թույլ տվեք ուղեկցել ձեզ, սիրելի խնձորներ, չէ՞ որ ճանապարհին ամեն տեսակ որդեր ու ճիճուներ են թաքնված: Նրանք խնձոր ուտել շատ են սիրում: Կկպչեն ձեր սիրուն ու համեղ երեսներին, կմտնեն ձեր փորիկի մեջ, կկծմծեն ու կցավեցնեն: Մենք դա թույլ չենք տա:
-Օ՜, դուք անչափ բարի եք,- հիացած բացականչեց տիկին Բելֆլորը,- եկեք, եկեք միասին գնանք:
Նրանք ճանապարհ ընկան: Երեք խնձորները կողք-կողքի շատ գեղեցիկ էին. կենտրոնում՝ արևագույն տիկին Բելֆլորն էր, աջ կողմում՝ կանաչ Թթվաշիկը, ձախ կողմում՝ կարմիր Քաղցրիկը: Ճանապարհին խոտերի և թփերի մեջ թաքնված որդերն ու ճիճուները դեռ հեռվից զգալով խնձորների անուշ բույրը՝ ուրախացած դուրս եկան, որ կծեն-կծմծեն մոտեցող խնձորներին, սակայն տեսնելով Ծլվլին ու Ճլվլին՝ սարսափահար, իրար հրմշտելով ետ փախան, թաքնվեցին ու սսկվեցին:
Այսպես, երբ օրը կեսօր դարձավ, մեր ճամփորդները տեղ հասան: Այդտեղ ազնվամորու թփեր շատ կային, բայց միայն մեկ պտուղ գտնվեց: Ծլվլն ու Ճլվլը ստուգեցին բոլոր թփեըը, շուռ ու մուռ տվեցին բոլոր ճյուղերը, սակայն՝ իզուր: Քաղցրիկն ու Թթվաշիկը հուսահատությունից սկսեցին լաց լինել, որովհետև այդ մեկ պտուղը ընդամենը չորս կաթիլ հյութ կտար և դա միայն մեկ օր կբավականացներ, բայց բժիշկը հանձնարարել էր տաս օրվա համար: Տիկին Բելֆլորը, Ծլվլն ու Ճլվլն էլ էին շատ տխրել: Մեկ էլ ազնվամորու պտուղը սկսեց խոսել.
-Իմ անունը Մալինա է: Ես կախարդական եմ և կարող եմ ամեն օր հյութ տալ: Բայց պետք է Թթվաշիկն ու Քաղցրիկը հիմա պատասխանեն իմ հետևյալ հարցերին. ի՞նչ է անում Խնձոր պապիկը, երբ որ չեք լսում դուք նրան, աղմկում եք, վիճում միմյանց հետ:
-Նա տխրում է, հոնքերը կախվում են աչքերի վրա ու դեմքը շրջում է մեզանից,- գլխահակ պատասխանեց Թթվաշիկը:
-Իսկ ի՞նչ է անում Խնձոր պապիկը, երբ որ դուք ձեզ խելոք եք պահում, լավ եք սովորում ձեր դասերը, օգնում եք մայրիկին տնային գործերում,- իր երկրորդ հարցը տվեց Մալինան:
-Նա սիրում, գուրգուրում է մեզ, գրկում ու համբուրում է մեր այտերը,- ոգևորված պատասխանեց Քաղցրիկը:
-Ահա, հենց դա էլ մեզ կօգնի: Հիմա դուք ինձանով կշփեք ձեր այտերը ու կվերադառնաք տուն: Ամեն անգամ, երբ պապիկը կհամբուրի ձեր այտերը՝ յուրաքանչյուր այտից մեկ կաթիլ հյութ կստանա: Այսպիսով, ամեն օր երեք անգամ ձեր այտերը համբուրելով՝ նա կստանա չորս կաթիլ ազնվամորու հյութ և տաս օրվա ընթացքում կլավանա: Եվ որպեսզի պապիկը ցանկանա ձեզ օրական երեք անգամ գրկել ու համբուրել՝ դուք ի՞նչ պետք է անեք,- կրկին հարցրեց Մալինան:
-Ա՜, հասկանալի է,- միաժամանակ բացականչեցին Թթվաշիկն ու Քաղցրիկը,- միշտ պետք է մեզ խելացի պահենք, լավ սովորենք, օգնենք մայրիկին տնային գործերում, միմյանց հետ չվիճենք, չաղմկենք:
-Աստված իմ, այս ի՜նչ խելացի երեխաներ են,- հիացմունքով բացականչեց տիկին Բելֆլորը: Ուրախացան նաև ճնճղուկները. Ծլվլը ծլվլաց, Ճլվլը ճլվլաց:
-Դե մոտեցեք ինձ, որպեսզի իմ հյութով շփեմ ձեր այտերը,- ասաց Մալինան, հետո զգուշացրեց, որ ոչ ոք չպետք է իմանա այս ամենի մասին՝ նույնիսկ Խնձոր պապիկն ու տատիկը, հայրիկն ու մայրիկը,- բայց իմացեք, որ եթե դուք ձեզ խելացի չպահեք՝ իմ կախարդանքը կմարի ու ձեր այտերի վրա այլևս բուժիչ կաթիլներ չեն առաջանա:
Թթվաշիկն ու Քաղցրիկը մոտեցան բարի Մալինային, իրենց այտերը շփեցին նրան, հետո շնորհակալություն հայտնելով՝ ճանապարհ ընկան դեպի տուն: Ճանապարհին դարձյալ խոտերի և թփերի մեջ թաքնված որդերն ու ճիճուները դուրս եկան, որ կծեն-կծմծեն մոտեցող խնձորներին, սակայն տեսնելով Ծլվլին ու Ճլվլին՝ կրկին սարսափահար, իրար հրմշտելով ետ փախան, թաքնվեցին ու սսկվեցին:
Բակում Թթվաշիկն ու Քաղցրիկը շնորհակալություն հայտնեցին ու հրաժեշտ տվեցին նաև տիկին Բելֆլորին, Ծլվլին ու Ճլվլին և մտան տուն: Հայրիկն ու մայրիկը դեռ աշխատանքից չէին վերադարձել: Խնձոր տատիկը անհանգստացած հարցրեց.
-Այս ու՞ր էիք կորել, ամբողջ օրը սպասել եմ, թե ե՞րբ տուն կգաք ու կճաշեք: Պապիկն արդեն կարոտել է ձեզ: Գնացեք նրա մոտ, թող ձեզ տեսնի, հետո լվացվեք ու եկեք ճաշելու:
Խնձոր պապիկը, իրոք, կարոտել էր թոռնիկներին: Գրկեց, գուրգուրեց ու համբուրելով նրանց այտերը՝ ուրախացած ասաց.
-Այսօր ի՜նչ համեղ են իմ բալիկների այտերը: Միանգամից գլխացավս անցավ, կարծես սկսում եմ լավանալ: Հիմա կիջնեմ մահճակալից ու ձեզ հետ կգամ խոհանոց ու միասին կճաշենք:
Հաջորդ օրը կիրակին էր ու Խնձոր հայրիկը պատրաստվում էր գնալ անտառ՝ ազնվամորու պտուղներ բերելու, սակայն Խնձոր պապիկը թույլ չտվեց՝ ասելով.
-Ես արդեն լավ եմ, ամեն անգամ համբուրելով Թթվաշիկի ու Քաղցրիկի այտերը՝ ավելի եմ լավանում: Իզուր մի գնա անտառ:
Անցել էր արդեն տաս օր: Խնձոր պապիկը լրիվ ապաքինվել էր, նույնիսկ շուկա ու խանութներ էր գնում տատիկի պատվիրած մթերքները գնելու համար, խնամում էր այգին ու բանջարանոցը: Եվ երբ հոգնած վերադառնում էր տուն, գրկում, համբուրում էր թոռնիկների այտերը, հետո ինքն իրեն ցածրաձայն ասում.
-Հոգնածությունս անցավ:
Ծանուցում – գոլդենը և բելֆլորը խնձորի տեսակներ են:
2013 թ. փետրվար
ՄԻՋԱՏՆԵՐԻ ՏՈՆԸ
Հեքիաթ
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց այգում
բնակվող բոլոր միջատներն ունեին նույն գույնը. բոլորը գորշագույն էին ու
միանման: Նրանց միմյանցից տարբերելը շատ դժվար էր: Միջատներն իրենք էլ
դժգոհ էին իրենց կյանքից, քանի որ այդ գորշ գույնից ու միանմանությունից
հոգնել էին, ձանձրացել, կորցրել հետաքրքրությունը միմյանց նկատմամբ: Ու մի
օր որոշեցին փոխել իրենց հագուստի ձևերն ու գույները: Յուրաքանչյուր միջատ
ինքը պետք է ստեղծեր իր հագուսի ձևն ու գույնը և դրանով ներկայանար: Եվ
որպեսզի անկարգ ու անկանոն չլիներ այդ ամենը՝ պայմանավորվեցին, որ լինի
ներկայացման մեկ միասնական օր և այդ օրվա անունը դրեցին Տոնօր: Տոնօրը պետք
է լիներ ուղիղ մեկ շաբաթ հետո և մրցանակ պետք է տրվեր ամենագեղեցիկ
հագուստ ունեցող միջատին: Բոլորն սկսեցին պատրաստվել Տոնօրվա հանդեսին:
Թրթուները իրենց մարմինը պատեցին տարբեր գույների ծաղիկների ծաղկափոշով:
Երկարավուն բզեզները բարձրացան ծառերի վրա և խնդրեցին, որ ծառերի տերևները
իրենց մեջքի վրա գեղեցիկ զոլեր նկարեն, իսկ կլորավուն բզեզները գնացին ալ
կարմիր կակաչների մոտ, նրանց թերթիկներից թիկնոցներ կարեցին, դրանք
զարդարեցին փոքրիկ սև պուտիկներով ու հագան: Տեսնելով, որ թիկնոցները շատ
գեղեցիկ են ստացվել և այդ թիկնոցներով իրենք ամենահետաքրքիր բզեզներն են
լինելու՝ ուրախությունից բացականչեցին.
-Մենք բոլորից կզանազանվենք, ոչ ոք մեզ նման չի լինի: Մենք զատիկներ ենք:
Այդ ընթացքում թիթեռնիկները թռան գնացին երկու բլուրների միջև բնակվող
ծիածանի մոտ և խնդրեցին, որ ծիածանը իր գույնզգույն մետաքսե ժապավեններից
թևիկներ պատրաստի ու հագցնի իրենց: Եվ քանի որ ծիածանը շատ բարի էր՝
կատարեց թիթեռնիկների ցանկությունը: Նա բոլորի համար պատրաստեց բազմագույն
թևիկներ, դրանց վրա նկարեց անկրկնելի նախշեր, հագցրեց ու ճանապարհեց դեպի
այգի:
Սակայն ալարկոտ սարդերը և տզզան ճանճերը ոչինչ չարեցին ու մնացին գորշ ու տգեղ:
Երբ Տոնօրվա հանդեսը սկսվեց՝ զարմանքից ու հիացմունքից ծափահարեցին
այգու ծառերի ու թփերի տերևները, այգու բոլոր ծաղիկներն ու խոտաբույսերը:
Գեղեցիկ էին փափկամարմին բազմագույն թրթուռները, գեղեցիկ էին սև պուտավոր
ալ կարմիր թիկնոցներով զատիկները, բայց ամենից հմայիչն ու գեղեցիկը
թիթեռնիկներն էին: Օ՜, նրանց զարդանախշերով շխարշե թևիկները հիացրեցին
բոլորին: Հենց թիթեռնիկներն էլ արժանացան մրցանակի: Ալարկոտ սարդերն ու
տզզան ճանճերը նախանձեցին, չարացան ու մրթմրթալով հեռացան:
Այդ
օրվանից անցել են շատ ու շատ տարիներ: Սակայն փակամազ գույնզգույն
թրթուռները, զոլավոր ու պուտավոր բզեզները, գեղեցկության մրցույթի
հաղթողներ թիթեռները մինչև օրս շարունակում են կրել Տոնօրվա հանդեսի
հագուստները և ամեն տարի նշում են այդ հանդեսի օրը որպես միջատների
վերածննդի օր:
2013 թ.
ԹԱՐՍԻԿ ՆԵՐՍԻԿԸ
Հեքիաթ կրտսեր տարիքի երեխաների համար
Երբ նա ծնվեց՝ անունը դրեցին Ներսես: Բայց քանի դեռ փոքր էր՝ ասում
էին Ներսիկ: Բոլորը նրան շատ էին սիրում: Տատիկը երգ էր հորինել և քնքշորեն
երգում էր նրան օրորելիս.
Իմ Ներսիկը սիրելի
Թող օր-օրի մեծանա,
Լինի անվախ, քաջարի:
Անուշ քունը թող շուտ գա,
Նրան իր գիրկը առնի՝
Բարի երազ պարգևի:
Ես էլ գնամ խոհանոց,
Հագնեմ մաքուր մի գոգնոց,
Գաթա թխեմ խորիզով,
Իմ Ներսիկի ուզածով:
Ներսիկը օր-օրի մեծանում, շատ գեղեցիկ ու խելացի տղա էր
դառնում: Երբ իջնում էր բակ՝ խաղալու, նրան սիրով ու հարգանքով էին
շրջապատում ոչ միայն հասակակից երեխաները, այլ նաև փիսոն, որի անունը Մլավ
էր, նախշազարդ թևիկներով թիթեռը՝ անունը Թռթռ, աշխույժ ճնճղուկներ Ծլվլը,
Ճլվլը, Լալիկը, Փայլունը և մյուսները: Նա բոլորին զբաղեցնում էր ուրախ ու
հետաքրքիր խաղերով, նրան լսում էին, կատարում հանձնարարություններն ու
պահանջները: Եվ այսպես, նա սովորեց, որ ամեն ինչում որոշողն ինքն է ու
ինքը: Արդեն հինգ տարեկան էր, երբ ընտանիքում բոլորը նկատեցին, որ Ներսիկը
իրենց հանձնարարություններն ու պահանջները չի կատարում և երբ պնդում էին
կամ զայրանում՝ նա հակառակն էր անում: Օրինակ, մայրիկն ասում էր.
-Ներսի՛կ, գնա՛ լվացվիր:
Ներսիկը չէր գնում, անգամ, եթե մայրիկը պնդում էր, զայրանում:
Հայրիկն էլ էր պահանջում: Բայց՝ անօգուտ: Իսկ երբ նրան ասում էին. չգնա՛ս,
չլվացվե՛ս՝ նա անմիջապես գնում էր լվացվելու: Կամ՝ պապիկն ասում էր.
-Ներսի՛կ, դարակից ակնոցներս բե՛ր:
Ներսիկը պապիկի ակնոցները չէր բերում: Պապիկը ստիպված ասում էր.
<<Ակնոցներս դարակում է, բայց չբերե՛ս>>: Ներսիկը գնում,
բերում էր ակնոցները և տալիս պապիկին: Տատիկը անուշաբույր գաթաներ էր
թխում, շարում էր ափսեի մեջ, դնում սեղանին ու ասում.
-Ներսի՛կ, արի գաթա կե՛ր:
Սակայն Ներսիկը տեղից չէր շարժվում, չնայած շա՜տ էր ցանկանում
գաթա ուտել և անթարթ նայում էր գաթայով լի ափսեին: Հետո տատիկն ասում էր.
-Ներսի՛կ, սեղանին չմոտենա՛ս, գաթա չուտե՛ս:
Ներսիկը նույն պահին մոտենում էր սեղանին, վերցնում գաթան և սկսում ախորժակով ուտել:
Օրերն անցնում էին, դառնում՝ շաբաթներ, շաբաթներն անցնում էին,
դառնում՝ ամիսներ, սակայն Ներսիկը մնում էր նույնը: Պապիկն ու տատիկը,
հայրկն ու մայրիկը, հորաքույրն ու մորաքույրը, քեռին ու նույնիսկ քեռակինը
ամեն անգամ օրորում էին գլուխներն ու զարմանում. <<էս ի՜նչ թարս
երեխա է դարձել մեր Ներսիկը>>: Եվ նրան արդեն կանչում էին ոչ թե
Ներսիկ, այլ Թարսիկ անունով: Բայց բոլորն էլ հույս ունեին, որ Թարսիկ
Ներսիկը մեծանալով՝ վերջ կտա իր այդ հակառակվելու սովորությանը: Նույնիսկ
փիսո Մլավը, որին Ներսիկը հաճախ էր տուն բերում ու կերակրում, նկատել էր
այդ ամենն ու մի օր ասաց.
-Ախր քեզ բոլորն էլ շատ են սիրում: Ինչո՞ւ ես այդպես վարվում նրանց հետ:
-Ի՞նչ եմ անում, որ…,- կմկմաց Ներսիկը:
-Թարսվում ես, ինչ ասում են՝ դու հակառակն ես անում: Դրանով դու
հոգնեցնում ես քո հարազատներին, նրանք տխրում են քո պահվածքի պատճառով: Եթե
ձեր ընտանիքում հյուրեր լինեն ու դու նրանց ներկայությամբ այդպես
հակառակվես՝ շատ ամոթալի կլինի: Հյուրերը իրենց մտքում հաստատ կասեն.
<<Այս ի՜նչ անդաստիարակ երեխա է>>: Քեզ դու՞ր է գալիս, որ քեզ
ասում են Թարսիկ Ներսիկ:
Ներսիկը գլխիկոր լսում էր: Հետո ասաց.
-Դու ճիշտ ես, սիրելի Մլավ: Բայց ես էլ չգիտեմ, թե ինչո՞ւ եմ
այդպես վարվում: Մի քանի անգամ որոշել եմ, որ էլ այդպես չանեմ, բայց հենց
ինձ ինչ-որ բան են ասում՝ անմիջապես թարսվում եմ: Հենց երեկ թարսվելու
պատճառով մայրիկն ու հայրիկը այնքան զայրացան, որ նույնիսկ ուզում էին
պատժել, սակայն տատիկը թույլ չտվեց՝ ասելով. երեխա է՝ չի հասկանում,
կմեծանա՝ էլ չի անի: Գուցե տատիկը ճիշտ է: Բայց դու ճնճղուկներին ու Թռթռին
չասես այս ամենի մասին, նրանք ինձ վրա կծիծաղեն. ամոթ է:
-Իհարկե, չեմ ասի,- խոստացավ Մլավը ու պահեց իր խոստումը:
Էլի անցան շատ օրեր, շաբաթներ ու ամիսներ: Թարսիկ Ներսիկը
դարձավ վեց տարեկան և սեպտեմբերի 1-ին դպրոց գնաց: Օրը շատ տոնական էր:
Հայրիկն ու մայրիկը աշխատանքի չգնացին: Այդտեղ էին նաև տատիկն ու պապիկը,
իսկ քիչ հեռվում՝ դպրոցի բակի շուրջ գտնվող ծառերի վրայից իրեն էին նայում
Մլավը, Թռթռը, ճնճղուկները: Ուրախ երաժշտություն էր հնչում, ողջյունի
ելույթներ ու ծափահարություններ: Ներսիկը նույնպես շատ ուրախ էր՝ նա միշտ
էլ երանությամբ էր սպասել այս օրվան: Մայրիկը նրան կանգնեցրեց առաջին
դասարանցիների շարքում և մի կողմ գնաց: Հետո հնչեց դպրոցի զանգը և տիկին
Ամարյանը առաջին դասարանցիներին ներս տարավ: Դասարանում նա երեխաներին
ցույց տվեց յուրաքանչյուրի նստարանը և հանձնարարեց նստել: Բոլորը նստեցին՝
բացի Ներսիկից: Բայց նա անմիջապես հիշեց, որ տանը հայրիկն ու մայրիկը,
տատիկն ու պապիկը, նույնիսկ Մլավը շատ էին խնդրել, որ դպրոցում չթարսվի, որ
այդ թարսվելու պատճառով դասընկերները կծիծաղեն, տիկին Ամարյանը կզայրանա
ու գուցե ավելի վատ հետևանքներ կլինեն: Այդ պահին կողքին նստած աղջիկը
անուշիկ ձայնով ասաց.
-Ինչո՞ւ չես նստում:
Ներսիկը նայեց նրան: Աղջիկը նույնքան անուշիկ աչքերով ժպտում էր ու քնքշորեն ասաց.
-Լավ է, չէ՞, որ կողք-կողքի պետք է նստենք:
Ներսիկը նույնպես ժպտաց ու անմիջապես նստեց: Նրա տրամադրությունը
շատ բարձր էր: Դասերից հետո ինքնուրյուն գնաց տուն, դե, որոհետև իրենց
շենքը գտնվում էր հենց դպրոցի կողքին և ինքն էր մայրիկին առաջարկել, որ
իզուր չգա ու դպրոցի մուտքի մոտ իրեն չսպասի: Հաջորդ օրը նույնպես ուրախ էր
անցնում: Նա արդեն մտերմացել էր իր կողքին նստող անուշիկ ձայնով ու
նույնքան անուշիկ աչքերով աղջկա՝ Հասմիկի հետ: Սակայն վերջին ժամին այդ
ուրախությունը փուլ եկավ: Նորից այդ անտանելի թարսվելը…:
-Ես քանոն չեմ բերել: Քո քանունը տուր՝ տետրիս մեջ լուսանցք գծեմ,- նրան դիմեց Հասմիկը:
Ներսիկը լուռ էր: Հասմիկին թվաց, որ Ներսիկը չի լսել ու կրկնեց.
-Ես քանոն չեմ բերել: Քո քանունը տուր՝ տետրիս մեջ լուսանցք գծեմ:
Ներսիկը դարձյալ լուռ էր: Հասմիկը վիրավորվեց ու ոտքի կանգնելով ասաց.
-Քո քանոնը ինձ պետք չէ, չտա՛ս: Ես…
Ներսիկը անմիջապես քանոնը նրան պարզեց.
-Ահա, ահա, վերցրու՛:
Այդ օրը Ներսիկը շատ տխրեց ու մի կերպ էր զսպում լացը: Այդ
մասին նա միայն Մլավին խոստովանեց: Մլավն էլ տխրեց: Բայց դա դեռ ոչինչ:
Ավելի վատ բան կատարվեց հաջորդ օրը և դարձյալ վերջին ժամին: Ֆիզկուլտուրայի
դաս էր: Տիկին Ամարյանը երեխաներին տարավ ֆիզկուլտուրայի դահլիճ: Այնտեղ
սովորեցին մի քանի վարժություններ կատարել, հետո զվարճալի խաղով դասն
ավարտվեց:
-Երեխանե՛ր, գնացե՛ք դասարան, վերցրե՛ք
պայուսակները և տուն գնացե՛ք,-հանձնարարեց տիկին Ամարյանը և նկատելով
Ներսիկին, չգիտես ինչո՞ւ, ասաց,-արագացրու՛, Ներսիկ, գնա՛ դասարան:
Տիկին Ամարյանը առաջինը դուրս եկավ դահլիճից, նրա հետևից՝ ուրախ
աղմուկ-աղաղակով բոլոր երեխաները, բացի Ներսիկից: Նա թարսվել էր ու մնաց
տեղում կանգնած: Հետո հոգնեց ու նստեց հատակին, իսկ թե ինչպես քնեց՝ ինքն
էլ չիմացավ: Այդ ընթացքում ահա թե ինչեր կատարվեցին: Տանը պապիկն ու
տատիկը, նայելով ժամացույցին, սկսեցին անհանգստանալ Ներսիկի ուշանալու
համար: Նրանք իջան բակ և սկսեցին որոնել նրան, շրջեցին դպրոցի շուրջբոլորը,
հարց ու փորձ արեցին անցորդներին, բայց ոչ-ոք չէր տեսել նրան: Տաստիկը լաց
էր լինում: Պապիկը զանգեց Ներսիկի հայրիկին ու մայրիկին և ասաց, որ շուտ
տուն գան, քանի որ Ներսիկը կորել է: Մլավն էլ էր անհանգիստ: Նա կանչեց
Թռթռին ու ընկեր ճնճղուկներին, միասին որոշեցին փնտրել ու գտնել Ներսիկին:
Մլավը տեղյակ էր, որ վերջին դասը ֆիզկուլտուրայի դասն էր ու մտքով անցնում
էր, որ Ներսիկը գուցե դարձյալ թարսվել է ու մնացել դպրոցի ներսում,
հավանաբար՝ ֆիզկուլտուրայի դահլիճում: Պետք էր գնալ ու այնտեղ որոնել: Եվ
նա ստիպված Թռթռին ու ճնճղուկներին պատմեց Ներսիկի թարսվելու գաղտնիքը:
Նրանք գիտեին դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի պատուհանների տեղը ու միասին
շտապեցին այնտեղ: Հակառակի պես, բոլոր պատուհանների ապակիները ներկված էին
ու անթափանց, ներս նայելը անհնար էր: Բայց լուսամուտի ներքևի անկյունում,
ապակու և շրջանակի միջև մի փոքրիկ ճեղք կար, այնքան փոքր, ոչ Մլավը և ոչ էլ
ճնճղուկները չէին կարողանում այդ ճեղքից ներս նայել: Թռթռի մոտ դա
ստացվեց, ու նա տեսնելով դահլիճի հատակին քնած Ներսիկին՝ ուրախությամբ
թռթռացրեց թևիկները.
-Նա այնտեղ է, նա այնտեղ է, ես տեսնու՜մ եմ նրան:
Մլավն սկսեց ճանկերով ճանկռտել, իսկ ճնճղուկները կտուցներով
թխթխկացնել ապակիները, սակայն Ներսիկը խորն էր քնած ու ոչինչ չէր լսում:
Մլավը, ճնճղուկներն ու Թռթռը գնացին դպրոցի մուտքի մոտ՝ դռնից ներս մտնելու
համար, սակայն այն փակ էր: Ճանկռտեցին ու թխթխկացրին դռան ապակիների վրա:
Ներսից դռնապանը դուրս եկավ ու այնպես զայրացավ, որ մեր Ներսիկի փրկիչները
վախից հեռու փախան: Հետո հանկարծ Ծլվլը բացականչեց.
-Ես մի
հնար գտա. եկե՛ք վերադառնանք դահլիճի պատուհանի մոտ, թող Թռթռը ապակու
ճեղքից ներս մտնի ու Ներսիկին արթնացնի: Ներսիկը դահլիճից դուրս կգա ու
պահակին կխնդրի, որ դուռը բացի:
Թռթռը այդպես էլ արեց: Նա
ապակու ճեղքից դահլիճ մտավ, մոտեցավ Ներսիկին, ձայն տվեց, քայլեց դեմքի
վրայով, սակայն՝ իզուր. Ներսիկը չէր արթնանում: Բայց երբ Թռթռը մտավ նրա
քթի մեջ ու թաթիկներով խտուտ տվեց ՝ այնպես ուժգին փռշտաց, որ խեղճ Թռթռը
մի քանի մետր հեռու թռավ, դիպավ դիմացի պատին, գլուխը պտտվեց, վայր ընկավ
ու քիչ էր մնում ոտիկները կոտրեր: Ներսիկը արթնացավ: Թարսությունը անցել
էր: Քիչ-քիչ սկսեց հասկանալ, թե ինչ է կատարվել, Թռթռի հետ դուրս եկավ
դահլիճից, գնաց դասարան, վերցրեց պայուսակը, մոտեցավ դռնապանին ու խնդրեց,
որ բացի դուռը: Դռնապանը զարմացավ.
-Դու այս որտեղի՞ց
հայտնվեցիր,- հետո ավելացրեց,- երևում է, որ անկարգ տղա ես: Բա ու՞ր են քո
ծնողները, քեզ ո՞վ պետք է տուն տանի, ես հենց հիմա տնօրենին կհայտնեմ, որ
քո ծնողներին կանչի ու մի լավ շշպռի:
Ներսիկը ամոթից ու վիրավորանքից սկսեց լաց լինել:
-Մի՛ ասեք տնօրենին, խնդրու՜մ եմ, էլ այսպիսի բան չեմ անի: Մեր
տունը դպրոցի կողքին է: Հիմա ես ինքս կգնամ տուն: Խնդրու՜մ եմ, շուտ բացեք
դուռը՝ գնամ տուն: Հիմա, երևի, պապիկն ու տատիկը ինձ են փնտրում:
Դռնապանի զայրութը մեղմացավ ու նա դուռը բացեց: Մլավն ու ճնճղուկները
սպասում էին Ներսիկին: Նրանք ուրախ էին: Սակայն ուրախ չէր Ներսիկը: Նրան
դեռ ոչ-ոք չէր ասել, որ ինքը անկարգ տղա է: Դեռ նոր-նոր է դպրոց գնում,
բայց ահա, տնօրենը կկանչի իր ծնողներին, ու ինչպես դռնապանն ասաց. մի լավ
կշշպռի…: Օ՜, ինչ ամոթ է: Ու այս ամենը այդ անիծյալ թարսվելու պատճառով:
Իսկ տանը կատարյալ խառնաշփոթ էր: Երբ ներս մտավ՝ տատիկը ծնկներին խփելով
լաց էր լինում, մայրիկին հարևանները սրտի կաթիլներ էին խմեցնում, հայրիկը
ուզում էր զանգել ոստիկանություն, որովհետև բոլորը կարծում էին, որ
Ներսիկին օտար մարդիկ են գողացել…: Մի խոսքով, շատ տագնապալի վիճակ էր:
Դրսում, բակի նստարանի մոտ Մլավը, Թռթռն ու ճնճղուկները
քննարկում էին Ներսիկի հետ կատարվածը: Նրանք շատ էին ուզում, որ Ներսիկը
չթարսվի, բայց չգիտես՝ ե՞րբ, որտե՞ղ դա կկատարվի ու ինչո՞վ կվերջանա: Մլավն
ասում էր, որ Ներսիկն էլ չի ուզում թարսվել, բայց թե այդ թարսվելը ինչպես է
կպել նրան ու պոկ չի գալիս՝ դժվար է հասկանալը: Պետք էր մի հնար գտնել:
Մտածեցին, մտածեցին ու մեկ էլ Թռթռը թափահարեց նախշազարդ թևերն ու
բացականչեց.
-Ես գտա՜: Ա՜խ, ինչպե՞ս մինչև հիմա մտքովս չէր
անցել: Մի ընկերուհի ունեմ, անունը՝ Սմբուլ, ապրում է կանաչ սարալանջում:
Նա բարի հրաշագործ է: Ես կգնամ նրա մոտ և կխնդրեմ, որ Ներսիկի միջից հանի
այդ թարսվելը,- ասաց ու թռավ գնաց բարի հրաշագործ Սմբուլի մոտ: Սմբուլը
լսեց Թռթռին ու խոստացավ օգնել: Նա իր թավշամազ գլուխը շրջեց աջ, հետո՝
ձախ, հետո կանգնեց ձիգ և երկնքին նայելով շշնջաց.
Թարսիկ- մարսիկ հեռու գնա՛,
Ալիլո՜ւ, բալիլո՜ւ, ալիլո՜ւ, բալիլո՜ւ,
Թո՛ղ Ներսիկը հանգիստ մնա,
Ալիլո՜ւ, բալիլո՜ւ, ալիլո՜ւ, բալիլո՜ւ:
Նույն խոսքերը երեք անգամ կրկնելուց հետո նորից թավշամազ
գլուխը շրջեց աջ, հետո՝ ձախ, կանգնեց ձիգ և ուղիղ Թռթռին նայելով շշնջաց.
Ալիլու - բալիլու, Ներսիկն էլ չի թարսվելու,
Ալալեք – բալբալեք, նրան Թարսիկ էլ չասե՛ք:
Այդ օրվանից Ներսիկը այլևս չէր թարսվում:
2013 թ. մարտ
ՈՍԿԵԾԱՄԻԿ ԱՂՋԻԿԸ
Կար-չկար մի զզվելի ճիճու կար` անունը Փուֆ-փուֆ: Նրա վրայից անտանելի վատ հոտ էր փչում, ատամները փտած էին, կնճիթները` ծուռտիկ-մուռտիկ, փնթի, անճոռնի: Նա ուներ շատ ու շատ ընկերներ և ընկերուհիներ, բոլորն էլ Փուֆ-փուֆի նման զզվելի, անճոռնի ու գարշահոտ: Այդ ճիճուները ճանճերի նման ամեն օր ու ամեն տեղ բազմանում էին, ուտում ու փչացնում ինչ պատահի` ծաղիկների թերթիկները, ծառերի տերևները, բակերի աղբն ու փոշին: Նրանց հոտից բոլորի սիրտը խառնում էր: Ճնճղուկները զայրացան ու ժողով հրավիրեցին, որպեսզի որոշեն, թե ինչպես ոչնչացնեն այդ գարշելի ճիճուներին: Փուֆ-փուֆը, Ֆու-ֆուն, Ախկ-ախկը գաղտնի լսում էին ճնճղուկների զայրացած խոսքերը:
-Այս ճիճուների վերջը պետք է տալ, ամբողջ օդը աղտոտում են իրենց անտանելի հոտով, կրծում ու ոչնչացնում են բակի սիրուն ծաղիկներն ու խոտերը,- խստորեն ասաց անվախ ճնճղուկ Ծլվլը:
-Այո', մենք դրանց վերջը պետք է տանք, բավակա'ն է, էլ համբերություն չմնաց,- գոչեցին Ծլվլի ընկերները` Փայլունը, Ճլվլը և մյուսները,- այդ անպիտան ճիճուները ոչ մի օգտակար բան չեն անում, հակառակը` վնասակար են ու ձրիակեր: Եկե'ք բոլոր ճնճղուկներով միանանք ու միանգամից ոչնչացներք այդ վնասակար Փուֆ-փուֆին, Ֆու-ֆուին, Ախկ-ախկին և մյուս բոլոր ճիճուներին:
Երբ Փուֆ-փուֆը լսեց այդ ամենը, զայրացավ ու սկսեց աջ ու ձախ թքոտել և ավելի զզվելի հոտ արձակել: Նա հաղորդագրություն ուղարկեց բոլոր ճիճուներին, շտապ կանչեց իր մոտ ու հայտնեց ճնճղուկներից լսածների մասին: Ճիճուները վախից սկսեցին լաց լինել ու ողբալ:
-Ձայններդ կտր'եք, վախկոտնե'ր,-բարկացավ Փուֆ-փուֆը,- դուք հենց հիմա տեղափոխվե'ք շենքերի մուտքերից ներս, մտե'ք վերելակների մեջ ու թաքնվեք: Ճնճղուկները էլ ձեզ չեն գտնի:
Այդպես էլ արեցին: Բայց մի քանի ժամից օրը մթնեց ու ցրտեց: Բացի այդ, ճիճուները սկսեցին սովածանալ ու ծարավել: Նրանք աննկատ մտան բնակարաններ, թաքնվեցին հատակի ու պատերի ճեղքերի մեջ: Փուֆ-փուֆը մտավ վերելակի դիմացի բնակարանը, որտեղ ապրում էր մի ոսկեծամիկ աղջիկ: Ճիճուն թաքնվեց դռան բռնակի տակ և սպասեց, մինչև ընտանիքը քնի: Գիշերը, երբ ընտանիքը քնած էր, Փուֆ-փուֆը դուրս եկավ թաքնված տեղից և սկսեց ուտելիք փնտրել: Նա լիզեց հատակը, պատերը, մտավ աղբամանի մեջ, սակայն մայրիկն ու տատիկը այնպես էին մաքրող լուծույթով մաքրել հատակն ու պատերը, որ լիզելու համար անգամ ոչինչ չկար, բացի տհաճ համ ունեցող լուծույթի մասնիկներից:
Հաջորդ օրը բոլոր ճիճուները գաղտնի հավաքվեցին նկուղում և պատմեցին, թե ինչպես են անցկացրել գիշերը: Պարզվեց, որ բոլորն էլ նույն վիճակում են գտնվել: Նրանք էլ գազազած էին, սոված, այնպես, ինչպես Փուֆ-փուֆը:
-Դու ամենահնարամիտ ճիճուն ես, Փուֆ-փուֆ, ասա', ինպե՞ս ապրենք, դրսում ճնճղուկներն են մեզ փնտրում, որ ոչնչացնեն, բնակարաններում էլ` մայրիկներն ու տատիկները: Նրանք իսկույն մեզ կգտնեն հենց մեր հոտից,- ասաց Ախկ-ախկը:
-Իմ հավատարիմ ընկերներ և ընկերուհիներ, միայն մի միջոց կա,- սկսեց հանդիսավոր խոսել Փուֆ-փուֆը,- եթե մենք այդպես վարվենք` կփրկվենք և ճնճղուկներից և թե այդ անհոգի մայրիկներից ու տատիկներից:
-Դե շուտ ասա', մի ձգձգիր` սովից սատկու՜մ ենք, ասա', ի՞նչ պետք է անենք,- անհամբերությամբ ասաց Ֆու-ֆուն:
-Մենք պետք է գաղտնի գնանք անտառի կախարդի մոտ և խնդրենք, որ մեզ փոքրացնի, այնքան փոքրացնի, որ ոչ-ոք չկարողանա մեզ տեսնել,- շարունակեց Փուֆ-փուֆը,- հետո անտառից կգանք, կմտնենք բնակարաններ, կտեղավորվենք երեխաների եղունգների տակ ու կսպասենք, որ երբ նրանք ինչ-որ ուտելիք տանեն բերան` եղունգի տակից տեղափոխվենք բերանի մեջ, այնտեղից էլ ուտելիքի հետ իջնենք փորիկի մեջ: Իսկ փորիկի մեջ միշտ էլ տաք է ու ամեն տեսակի համեղ ուտելիքներ, հյութեր կան: Ա՜խ, ես պատկերացնում եմ, թե որքա՜ն լավ կապրենք այնտեղ, շատ ձվեր կդնենք, ձագեր կունենանք:
-Ուռա՜…,- ուրախացած բացականչեցին բոլոր ճիճուները,- եկե'ք հենց հիմա գնանք անտառի կախարդի մոտ:
Այդպես էլ արեցին: Անտառի կախարդը ճիճուներին այնքան էր փոքրացրել, որ փոշեհատիկից էլ փոքր էին ու ոչ-ոք չէր կարող նրանց տեսնել. ոչ ճնճղուկները և ոչ էլ մայրիկներն ու տատիկները: Անտառի կախարդի մոտից վերադառնալուց հետո նորից հավաքվեցին նկուղում:
-Իմ հավատարիմ ընկերներ և ընկերուհիներ, դուք պետք է իմանաք մի շատ կարևոր բան,- դարձյալ սկսեց հանդիսավոր խոսել Փուֆ-փուֆը,- դուք պետք է…
-Էլ ոչինչ լսել չենք ուզում, մենք շատ ենք սոված, գնանք բնակարաններ ու կերակրվենք,- սկսեցին բղավել ճիճուները,- չէ՞ որ հիմա էլ ոչ-ոք չի կարող մեզ տեսնել:
-Սպաս'եք, ես դեռ չեմ վերջացրել ասելիքս,- բարկացավ Փուֆ-փուֆը,- դուք պետք է հեռու մնաք այն երեխաներից, որոնք ուտելուց առաջ օճառով լվանում են իրենց ձեռքերը: Օճառը ճիճուների համար շատ թունավոր է և վտանգավոր: Դուք հաստատ կսատկեք ու չեք հասցնի մտնել այդ երեխայի բերանը: Պետք է ուշադիր լինեք և տեսնեք, թե ո°ր երեխան ուտելուց առաջ ձեռքերը չի լվանում` նրա եղունգի տակ թաքնվեք: Բայց ամենալավը այն կլինի, որ այդ երեխան եղունգները կրծող լինի: Այդ դեպքում ավելի շուտ կգնաք նրա փորիկի մեջ: Այ թե բախտներս կբերի: Նրանք իրենց եղունգները թաքուն են կրծում մինչև որևէ ուտելիք ուտելը: Էլ դուք չեք սպասի, թե նա ե°րբ որևէ բան կուտի: Ես այսօվանից կորոնեմ ու կգտնեմ եղունգներ կրծող երեխայի ու ինձ համար ամեն ինչ լավ կլինի: Դե, եկե'ք միմյանց հրաժեշտ տանք: Մենք այլևս իրար չենք հանդիպելու, քանի որ բնակվելու ենք փնթի և եղունգ կրծող երեխաների փորիկներում:
-Օ՜, ինչքան խելոքն ես, Փուֆ-փուֆ: Առանց քեզ մենք ի°նչ էինք անելու,- հիացած բացականչեցին Ախկ-ախկը, Ֆու-ֆուն և մյուսները, զզվելի հոտեր արձակեցին, աջ ու ձախ թքոտեցին և ցրվեցին:
Փուֆ-փուֆը մտավ վերելակի դիմացի նույն բնակարանը, որտեղ ապրում էր ոսկեծամիկ աղջիկը: Նախորդ օրը նա տեսել էր, որ այդ ոսկեծամիկ աղջիկը ծնողներից թաքուն կրծում է իր եղունգները: Հիմա նա տանը չէր: <<Այ, լավ է, որ տանը չէ: Ես հիմա կտեղավորվեմ բռնակի վրա: Ուր որ է` նա կգա ու հենց որ գա` պետք է բռնի դռան բռնակից ու ներսից ծածկի: Այդ պահին ես կմտնեմ նրա եղունգի տակ ու երբ նա սկսի եղուգները կրծել` ես կանցնեմ նրա ատամի ճեղքի մեջ, հետո կնստեմ լեզվի վրա ու սահուն կիջնեմ նրա փորիկի մեջ և այնտեղ կապրեմ ուրախ ու ապահով >>,- մտածեց Փուֆ-փուֆը և ճիշտ այդպես էլ արեց:
Ոսկեծամիկ աղջիկը, դպրոցից տուն գալով, փոխեց հագուստները և քանի դեռ մայրիկն ու տատիկը խոհանոցում էին ու իրեն չէին տեսնում` սկսեց կրծել եղունգները: Հետո առանց ձեռքերը լվանալու գնաց խոհանոց` ճաշելու: Մայրիկը ստիպեց, որ նախ օճառով մաքուր լվանա ձեռքերը, հետո մոտենա ճաշի սեղանին:
-Մի՞թե կարելի է ամեն օր նույն բանը ասել: Մի' մոռացիր, որ չի կարելի առանց ձեռքերը լվանալու`ճաշել,- բարկացավ տատիկը և սկսեց բացատրել, թե որքան վտանգավոր է չլվացված ձեռքերով սնվելը:
Բայց արդեն Փուֆ-փուֆ զզվելի ճիճուն տեղավորվել էր ոսկեծամիկ աղջիկա փորիկում, ուտում էր ու հրճվանքով թքում շուրջը, աղտոտում էր և գարշահոտութուն արձակում, փտած ատամներով կրծմրծում էր փորիկի ներսի պատերը:
Մի քանի ժամ անց` աղջիկը սրտախառնուք զգաց, գլուխը պտտվում էր, փորիկը` ցավում: Նա սկսեց լաց լինել: Այդ ամենը քիչ էր` քույրիկը իրենից հեռու փախավ ու ծամածռեց դեմքը.
-Այս ի՞նչ տհաճ հոտ է փչում քո վրայից, անտանելի ՜ է:
Հետո մայրիկը բժիշկ հրավիրեց: Բժիշկը հենց սկզբում ստուգեց ձեռքերի եղունգները և խիստ տոնով հարցրեց.
-Դու կրծու՞մ ես եղունգներդ:
Ոսկեծամիկ աղջիկը միայն լաց էր լինում և բժշկի հարցին չպատասխանեց: Բայց առանց իր պատասխանի էլ` բժիշկը ամեն ինչ հասկացել էր:
-Այս երեխայի փորիկում ճիճու կա: Ճիճուն ներսից կրծում է ու ցավեցնում : Ճիճվի թուքը թունավոր է. գլխապտույտ ու սրտախառնոց է առաջացնում: Ես հիմա դեղորայք կնշանակեմ, որ խմի: Այդ դեղից ճիճուները սատկում են: Բայց եթե երեխան էլի կրծի եղունգները` ապա ուրիշ ճիճուներ էլ կանցնեն փորիկի մեջ ու կկրկնվի նույնը: Ավելի վատ բան էլ կլինի. ատամներն ու եղունգներն էլ կփչանան, կփտեն ու կթափվեն: Նրա ընկերուհիները կունենան գեղեցիկ եղունգներ, դրանք կներկեն սիրուն գույներով ու կուրախանան, իսկ ինքը եղունգ չի ունենա և բոլորը նրա վրա կծիծաղեն: Ատամներն էլ կփտեն ու կթափվեն ու նա չի կարողանա համեղ ուտելիքներ ուտել: Բայց ամենից վատն այն է, որ այս բալիկը այլևս չի մեծանա, քանի որ այն ամենը, որ աճելու ու մեծանալու համար ինքը կուտի և կխմի` ճիճուները իրենք կուտեն ու կխմեն, կբազմանան: Այ, դիմացի բարձրահարկ շենքում մի աղջիկ է ապրում, որը այնքան է կրծել իր եղունգները, որ դրանք փտել ու թափվել են: Բոլորը նրա վրա ծիծաղում են, անունը դրել են Անեղունգ և իսկական անունով չեն կանչում: Նա չի մեծանում և մնացել է գաջաջ: Անեղունգի հետ բակում ոչ ոք չի խաղում: Հիմա ձեր բալիկը իմ նշանակած դեղը թող խմի, բայց այլևս չպետք է եղունգները կրծի:
Փուֆ-փուֆն էլ էր լսում բժշկի ասածները: Նա սաստիկ վախեցավ այն բանից, որ բժիշկը դեղորայք նշանակեց և երբ աղջիկը խմի այդ դեղը` ինքը անպայման կսատկի: Քիչ մտածելով` որոշեց թաքնվել ու մի ամբողջ օր ոչինչ չուտել: Ճիճուն աջ սողաց, ձախ սողաց, գտավ մի խուլ փոսիկ, մի կերպ խծկվեց այդ փոսիկի մեջ ու մի ամբողջ օր քնեց ու ոչինչ չկերավ: Արթնանալուց հետո, հասկանալով, որ արդեն դեղորայքը հալվել ու դուրս է եկել աղջկա փորիկից` հանգիստ շունչ քաշեց և սկսեց նորից ուտել ու խմել այն ամենը, ինչ ուտում ու խմում էր աղջիկը: Հետո ճիճուն սկսեց տխրել, քանի որ մենակ էր և չկար մեկը, որի հետ զրուցեր, խաղար, երգեր ու պարեր: Մտածեց, մտածեց ու որոշեց ձու դնել ու ձագեր ունենալ: Այդպես էլ արեց: Մի քանի օր անց հարյուր մեկ հատ ձու դրեց, դրանցից դուրս եկան հարյուր մեկ հատ փոքրիկ որդեր ու ճիճուներ: Դրանք անկարգ ու ագահ էին, շարունակ հրմշտում, քաշքշում, հարվածում էին իրար, կծում ու թքում:
-Ձեզ կարգին պահե'ք,- սաստեց Փուֆ-փուֆը,- սա ձեր տունն է, մի' կծեք պատերը, թե չէ դրանք կսկսեն ցավել, աղջիկը կսկսի լաց լինել, նրա մայրիկը նորից բժշկին կկանչի և նորից դեղորայք կտան, աղջիկը կխմի ու, վա՜յ մեզ, մենք բոլորս էլ կսատկենք:
Սակայն այդ տգետ որդերն ու ճիճուները չլսեցին Փուֆ-փուֆին, շարունակեցին իրենց անկարգությունները կատարել, կծում-կծմծում էին աղջկա փորիկի ներսի պատերը: Աղջիկը փորիկի ցավերից գալարվում ու լաց էր լինում, հետո սկսեց ջերմությունը բարձրանալ, բերանը չորանում էր, ատամները կրճտում էին, սիրտը խառնում էր…: Չնայած դեռ գիշեր էր, հայրիկը զանգեց բժշկին: Բժիշկը եկավ ու որոշեց, որ շտապ պետք է հիվանդանոց տանել ու …վիրահատել, քանի որ փորիկում այնքան շատ որդեր ու ճիճուներ կան, որ դրանք հեռացնելու համար պետք է փորիկի վրա ճեղք բացել: Հայրիկն ու մայրիկը իրենց ոսկեծամիկ աղջկան շատ էին սիրում ու շատ տխրեցին, սկսեցին լաց լինել ու այդպես լաց լինելով էլ իրենց բալիկին տարան հիվանդանոց: Լսելով այդ մասին` պապիկներն ու տատիկները, հորաքույրն ու մորաքույրը, քեռին ու հորեղբայրը նույնպես եկան հիվանդանոց: Նրանք էլ էին ոսկեծամիկ աղջկան շատ սիրում ու հիմա նրանք էլ էին լաց լինում:
Բժիշկը և բուժքույրը կտրեցին աղջկա փորիկը, շատ չարչարվեցին, մինչև այնտեղից հանեցին բոլոր ճիճուներին ու որդերին, լցրեցին թունավոր ջրով լիքը բաժակի մեջ: Դրանք բոլորն էլ տեղնուտեղը սատկեցին: Հետո բժիշկն ու բուժքույրը կարեցին փորիկը, վիրակապեցին, ամոքիչ դեղեր տվեցին, սրսկեցին ու գնացին: Երբ ցավերը սկսեցին մեղմանալ, ոսկեծամիկ աղջիկը դադարեց ճչալ ու լաց լինել, մտքում երդվեց, որ այլևս ոչ մի դեպքում չպետք է կրծի եղունգները, դրսից տուն գալուց հետո և ճաշելուց առաջ պետք է ձեռքերը օճառով մաքուր լվանա: Մինչև օրս նա այդպես էլ անում է:
01.02.2013 թ.
Ա Ղ Ջ Ի Կ Ն Ե Ր Ը
Հեքիաթ կրտսեր տարիքի աղջիկների համար
Ընտանիքը
գնեց նոր տուն և տեղափոխվեց այնտեղ ապրելու: Շատ գեղեցիկ, ընդարձակ ու
հարմարավետ բնակարան էր: Հայրիկն ու մայրիկը սկսեցին կահավորել: Վերջապես
Մերին ու Անին ունեցան իրենց սենյակը` առանձին մահճակալներով, գրասեղանով,
հագուստեղենի դարակներով: Պատին, հարմար տեղում, ամրացվեց հեռուստացույցը:
Սակայն ինչ-որ բան կարծես պակասում էր, շատ կարևոր բան: Ի՞նչ…:
Վարագու՜յրը:
- Մայրի'կ, իսկ վարագույր ե՞րբ կլինի,- հարցրեց Անին: - Շուտով,- պատասխանեց մայրիկը,- վաղը կգնամ խանութ և կգնեմ:
-
Մայրի'կ, մայրի'կ, մեզ էլ քեզ հետ կտանե՞ս խանութ,- խնդրեց Մերին,- քանի
որ մեր սենյակի համար պետք է վարագույր գնես` մենք ուզում ենք, որ այն մեզ
դուր գա և մեր ցանկությամբ լինի:
Մայրիկը երեխաների հետ խանութներ գնալ
չէր սիրում, սակայն Անին ու Մերին այնպես էին խնդրում, որ նա համաձանվեց:
Հաջորդ օրը, փոքրիկ Դավիթին թողնելով տատիկի մոտ, նրանք գնացին
վարագույրների խանութ: Օ՜, դա սովորական խանութ չէր, այլ ծիածանի բոլոր
գույներով զարդարուն հրաշալի շղարշների աշխարհ: Փայլուն ու վառ գույներով
ամպիկների նման ծփծփում էին ամեն ձևի ու չափի վարագույրներն ու ծածկոցները:
Մայրիկի հետ անցնում էին դրանց անվերջ շարքերով ու կարծես վերջ չկար:
Անկրկնելի, գրավիչ, նրբահյուս նախշազարդերն ու ժանյակները կախարդել էին
քույրերին: Վարագույրները մեկը մեկից սիրուն էին ու ցանկալի: Նրանք չէին
կարողանում ընտրություն կատարել: Բայց ի վերջո քույրերը կանգ առան մի
վարագույրի մոտ: Դա շատ նուրբ բաց երկնագույն շղարշից էր պատրաստված:
Վարագույրի վրա հավասար շարքով նկարված էին չորս գեղեցիկ, ոսկեգույն
մազերով, սիրունիկ հագ ու կապով աղջիկներ: Քույրերին տեսնելով` նրանք
թարթեցին իրենց խելացի աչքերը, ժպտացին ու մեղմանուշ շշնջացին.
- Մեզ ընտրե'ք, խնդրու՜մ ենք, մեզ տարեք ձեր տուն, մենք կդառնանք ձեր ընկերուհիները:
Մերին
ու Անին միանգամից որոշեցին, որ պետք է ընտրեն հենց այդ վարագույրը,
համոզեցին մայրիկին ու տուն վերադարձան վարագույրի փաթեթով: Հայրիկի
օգնությամբ վարագույրը գրավեց իր տեղը: Վարագույրի ներքևի ծայրին մի փոքրիկ
թղթիկ էր կապած, վրան օտար տառերով ինչ-որ կարճ տողեր ու պատկերներ:
Պատկերների շարքում միայն մեկն էր ծանոթ: Այն նման էր արդուկի, վրան` երկու
խաչված գծեր: Մայրիկը պոկեց այդ թղթիկը ու դուրս գալով սենյակից` իր հետ
տարավ ու նետեց աղբամանը: Երբ սենյակում միայն Մերին ու Անին մնացին`
վարագույրի աղջիկները տագնապած դիմեցին նրանց.
- Շու'տ, շուտ ետ բերե'ք մեր պիտակը և պահե'ք դարակում:
- Պիտակը ի՞նչ է, - հարցրեց Մերին:
-
Պիտակը մեր վրայի այն փոքրիկ թղթիկն է, որ մայրիկը նետեց աղբարկղ: Դրա վրա
գրված է, թե ինչպե՞ս պետք է լվանալ այս վարագույրը, ի՞նչ տաքության ջրով,
ինչպիսի՞ լվացքի փոշիով, ինչպե՞ս պետք է չորացնել և ամենակարևորը` որ չի
կարելի արդուկել: Պիտակի վրա արդուկի նկար կա, վրան` երկու խաչված գծեր: Դա
նշանակում է, որ չի կարելի արդուկել:
- Բայց իմ մայրիկը ամեն ինչ արդուկում է, ինչո՞ւ այս վարագույրը չպետք է արդուկի: Ախր ճմրթված վարագույրը շատ տգեղ կլինի:
-
Հիմա դուք գնացեք ու աղբարկղից բերեք պիտակը, դրեք դարակում, հետո ես ձեզ
կասեմ, թե ինչո՞ւ ենք այսքան վախեցած,- ասաց կապույտ շրջազգեստով աղջիկը:
Անին
իսկույն գնաց, աղբամանից վերցրեց պիտակը, ետ բերեց, Մերիի հետ մեկ անգամ
էլ ուշադիր նայեցին պիտակի վրայի պատկերները և դրեցին դարակում: Կապույտ
շրջազգեստով աղջիկն ասաց.
- Մենք ձեր անունները արդեն գիտենք, իսկ դուք
մերը` ոչ: Իմ անունը Փիրուզիկ է, իմ կողքի աղջկանը` Նազիկ, Նազիկից հետո`
Անուշը, վերջինը` Մանուշն է: Մենք նույն տարիքի ենք: Մենք այնպես ենք
ստեղծված, որ միայն ձեզ հետ խոսենք: Ընտանիքի մյուս անդամները, հյուրերը
մեզ չեն կարող լսել: Սա մեր ու ձեր գաղտնիքն է և ոչ-ոք չպետք է իմանա: Մեզ
ստեղծել է շատ շնորհալի նկարչուհի մորաքույր Աննան: Նա մեզ նկարեց ու
կպցրեց այս նուրբ վարագույրին, պիտակի վրա գրեց այն խորհուրդները, որ
մայրիկները պետք է կատարեն, որպեսզի վարագույրը երկար տարիներ պահպանի իր
գեղեցիկ տեսքը: Իսկ եթե որևէ մայրիկ ուշադիր չկարդա պիտակի վրա գրվածը ու
լվանալուց հետո արդուկի` մենք կայրվենք ու կմեռնենք: Մենք շատ ենք ուզում
երկար ապրել, հատկապես, որ արդեն ձեր նման անուշիկ ու խելացի ընկերուհիներ
ունենք:
- Ո'չ, ո'չ, դուք չե'ք մեռնի, մենք չենք թողնի, որ մայրիկը ձեզ
արդուկի,- վախեցած խոստացան քույրերը: Նրանք շատ ուրախ ու երջանիկ էին իրեց
սենյակում այսքան սիրուն ու հետաքրքիր վարագույր ունենալու համար:
-
Արդեն ուշ է, մենք էլ ենք հոգնել, դուք էլ,- ասաց Նազիկը,- սենյակը կարգի
բերե'ք, դասավորեք ձեր գրքերն ու տետրերը, մատիտներն ու գրիչները, լվացվեք
ու մտեք անկողին: Մենք մի քիչ էլ կզրուցենք ու կքնենք:
Այդպես էլ
արեցին: Հաջորդ օրը Անին ու Մերին գնացին դպրոց, հետո եկան ու գնացին պարի
խմբակի պարապմունքների: Այդ ընթացքում մի անճոռնի սարդ դուրս եկավ
պատուհանագոգի ճեղքից, մոտեցավ վարագույրին ու սկսեց վեր բարձրանալ դեպի
աղջիկները: Սարդը ոչ միայն անճոռնի էր, այլև` փնթի, նրա ոտքերն ու
բեղիկները փոշոտ էին:
- Մենք քեզանից զզվում ենք, կորի'ր այստեղից, - զայրացավ Մանուշը,- մի' կեղտոտիր վարագույրը:
-
Պահ-պահ-պա'հ, մի սրանց տեսե՜ք: Զուգվել, զարդարվել եք ու ձեզ եք
ցուցադրում,- ծամածռվեց սարդը,- ի՜նչ էլ սիրուն կոշիկներ եք հագել…: Իսկ
ինչո՞ւ ես էլ չունեմ: Հապա ձեր սպիտակ գուլպաները՜…:
Սարդը առաջ էր
շարժվում: Մոտեցավ աղջիկների ոտքերին ու սկսեց ետ ու առաջ պտտվել: Նրա
բերանից բարակ, թափանցիկ ու կպչուն թել էր երկարում: Աղջիկների մաքուր
կոշիկներն ու գուլպաները փոշոտվեցին, իսկ ոտքերը փաթափվեցին թելով: Քանի որ
թելը կպչուն էր, աղջիկները որքան էլ չարչարվեցին` չկարողացան ոտքերն
ազատել այդ զզվելի թելից: Սարդը, տեսնելով, որ աղջիկները հուսահատությունից
լաց են լինում` հեռացավ իր զազրելի արարքից գոհ և ուրախ. <<Տեղն է
դրանց: Ինձ այս տան մեջ հենց տեսնում` քշում ու հալածում են, իսկ սրանց
խանութից բերել ու առոք-փառոք հատկացրել են սենյակի ամենատաք,
ամենալուսավոր մասը>>: Նա գնաց ու թաքնվեց պատուհանագոգի այն ճեղքի
մեջ, որտեղից դուրս էր եկել:
Երեկոյան, երբ Մերին ու Անին մտան իրենց
սենյակ` իսկույն նկատեցին, որ վարագույրի աղջիկները տխուր են: Տեսնելով
քույրերին` նրանք սկսեցին լաց լինել ու հեծկլտալով պատմեցին զզվելի սարդի
մասին.
-Նա կպչուն թելերով կապկպել է մեր ոտքերը.
Ոչ շարժվել ենք, ոչ՝ երգել ու պարել...
Ի՜նչ դաժան, անհոգի ու վատն է այդ սարդը,
Խնդրու՜մ ենք, որ նրան դուք պատժեք:
Շուտ արե'ք, կտրտեք նրա զզվելի թելերը,
Ազատե'ք, ազատե'ք մեր հոգնած ոտքերը:
- Իսկ ո՞ւր է, որտե՞ղ է թաքնվել այդ անկարգ սարդը, - զայրացավ Անին:
Փիրուզիկն
ու Նազիկը, Անուշն ու Մանուշը ցույց տվեցին պատուհանագոգի այն ճեղքը,
որտեղ թաքնվել էր սարդը: Սա լսում էր աղջիկների խոսքերը և հրճվում էր իր
կատարած դաժանության համար: Սակայն նրա ուրախությունը երկար չտևեց: Մերին
բերեց զգեստների նուրբ խոզանակը, դրանով հեռացրեց աղջիկների ոտքերին
փաթաթված թելերը: Այնուհետև քարշ տալով բերեց փոշեկուլը, դրա խողովակի
ծայրը դրեց ճեղքի վրա ու միացրեց փոշեկուլի ամենահզոր կոճակը: Փոշեկուլը
սուլեց ու այնքան ուժեղ քաշեց ճեղքում կուչ եկած սարդին, որ սրա շունչը
կտրվեց ու մի ակնթարթում հայտնվեց փոշեկուլի ամեն տեսակ աղբով լցված փորի
մեջ: Քիչ անց խեղդվեց ու սատկեց:
Վարագույրի աղջիկներն այս անգամ էլ ուրախությունից արտասվեցին: Իջան հատակին ու սկսեցին ծափ տալ, երգել ու պարել:
Այսպես
ուրախ ու երջանիկ օրերով անցան շատ ամիսներ: Մոտենում էին ամանորի տոները:
Մայրիկը սկսեց մաքրել ու փայլեցնել բնակարանի դռներն ու պատուհանները,
իջեցրեց բոլոր վարագույները և սկսեց հերթով դրանք լվանալ, արդուկել և կախել
իրենց տեղերում: Երբ հերթը հասավ աղջիկների վարագույրին` լվացքի մեքենայից
մայրիկը դուրս հանելով` պատրաստվում էր արդուկել: Փիրուզիկն ու Նազիկը,
Անուշն ու Մանուշը լվացքի մեքենայի պտույտների հետևանքով թմրել, քնել էին
ու ձայն չէին հանում: Լավ էր, որ հենց այդ պահին Մերին ու Անին դպրոցից
տուն եկան ու սարսափով տեսան, որ մայրիկը արդեն վարագույրը փռել է սեղանին
ու տաք արդուկը ուր որ է կսկսի իր գործը…
- Մայրիկ, մեր վարագույրը չի
կարելի արդուկել, հանկարծ չարդուկե'ս,- ճչաց Անին, իսկ Մերին անմիջապես
վերցրեց վարագույրը ու արագ տարավ իրենց սենյակ:
- Ինչպե՞ս թէ`
չարդուկեմ,- զարմացավ մայրիկը, հետո բարկանալով` պահանջեց,- իսկույն ետ
բերե'ք: Այդպես ճմրթված չի կարելի կախել պատուհանից:
Այս աղմուկից վարագույրի աղջիկներն արթնացան ու հասկանալով, թե ինչ է կատարվում` սարսափելի վախեցան: Փիրուզիկը հազիվ լսելի շշնջաց.
- Մերի, հիշի'ր պիտակի մասին, որտե՞ղ է պիտակը, իսկույն ցույց տուր մայրիկին:
-
Ա՜խ, իսկապես, ես բոլորովին մոռացել էի պիտակի մասին,- բացականչեց Մերին:
Նա դարակից վերցրեց պիտակը և տվեց մայրիկին,- ահա, մայրիկ, այստեղ նշված է,
որ այս վարագույրը չի կարելի արդուկել: Ուղղակի պետք է խոնավ վիճակում
կախել իր տեղում ու վերջ` կչորանա հարթ ու գեղեցիկ:
Մայրիկը ուշադիր
նայեց պիտակի վրա նշված պատկերներին, հետո կարդաց խորհուրդները և իմացավ,
որ Մերին ճիշտ է ասում: Նա հոսանքից անջատեց ու մի կողմ դրեց արդուկը: Այդ
ժամանակ հայրիկն էլ տուն եկավ և օգնեց մայրիկին, որ խոնավ վարագույրը կախվի
իր տեղում` երեխաների սենյակի պատուհանից: Վարագույրը լվացվելուց հետո
ավելի էր պայծառացել: Հաճելի բույրով ու տոնական տրամադրությամբ լցվեց
սենյակը: Իսկ վարագույրի աղջիկներն իրենց գեղեցկությամբ ու փայլով ուղղակի
հիացնում էին Մերիին ու Անիին: Նրանք բոլորից գաղտնի ուրախ-ուրախ զրուցում
էին: Հետո Մերին ու Անին սկսեցին մտածել, որ իրենց զգեստները բոլորովին էլ
գեղեցիկ չեն, գեղեցիկը վարագույրի աղջիկների զգեստներն են: Ու սկսեցին
երազել, որ իրենք էլ ունենան այդպիսի զգեստներ: Բայց որտեղ՞ից, ախր ոչ մի
խանութում այդպիսի զգեստներ չկան…
Հաջորդ օրերին Մերին ու Անին հերթով
դարակներից հանում էին իրենց բոլոր զգեսները, նայում էին աջից, ձախից,
սակայն դրանք բոլորն էլ կարծես անշուք էին ու անդուր: Ոչ մի ցանկություն
չկար հագնելու այդ զգեստները: Օր-օրի նրանք սրտնեղում էին, տխրում: Մի օր
էլ հուսահատությունից սկսեցին լաց լինել.
-Մենք ձեր զգեստներից ենք
ուզու՜մ,- լաց լինելով դիմեցին վարագույրի աղջիկներին,- որտե՞ղ է ապրում
ձեր ասած Աննա մորաքույրը, գնանք խնդրենք` մեզ համար էլ այդպիսի սիրուն
շորիկներ կարի:
- Օ՜, նա մեզանից շատ հեռու է ապրում: Նրա մոտ գնալու
համար դուք պետք է անցնեք քառասուն սարերից ու անտառներից այն կողմ,- սկսեց
պատմել Անուշը,- այնտեղ ցրտաշունչ ձմեռներ են լինում, շա՜տ-շա՜տ ձյուն է
տեղում, այնքան շատ, որ փայլփլուն ձյունով են ծածկվում բոլոր շենքերը,
փողոցներն ու մայթերը, ծառերն ու թփերը: Ամենուրեք մաքուր է այնպես, ինչպես
այս վարագույրը: Իսկ գարնանը հալվում է ամբողջ ձյունը, արագ կանաչում են
ծառերն ու թփերը, ամռանը գույնզգույն ծաղիկներով են զարդարվում
ծառուղիները, այգիներն ու պարտեզները: Իսկ աշնանը ծառերն ու թփերը հագնում
են դեղին, կարմիր, նարնջագույն վառվռուն զգեստներ…: Ա՜խ, դա մի սքանչելի,
երանելի ու շատ ցանկալի երկիր է: Ահա այդ գեղեցիկ պատկերներից է Աննա
մորաքույրը ստեղծում իր նկարները, դրանք դաջում է փխրուն մետաքսե կտորների
վրա, իսկ հետո դրանցից կարվում են վարագույրներ, ծածկոցներ, շորիկներ:
Մերին ու Անին լսելով Անուշի պատմածը` միասին բացականչեցին.
- Մենք կգնա՜նք, մենք կգնա՜նք նրա մոտ ու կխնդրենք, որ ճիշտ ձեր զգեստներից մեզ համար էլ պատրաստի:
-
Ես ձեզ խորհուրդ չեմ տա դա անել,- ասաց Նազիկը,- նախ այն պատճառով, որ
դուք երեխաներ եք և չեք կարող գնալ ու գտնել Աննա մորաքրոջը, արդեն Անուշն
ասաց, որ նա շատ հեռու երկրում է ապրում, հետո էլ…
- Մենք կհամոզենք
մայրիկին, որ ինքը մեզ տանի, շատ կխնդրենք, լաց կլինենք: Մեր ուզածին
հասնելու համար մենք միշտ այդպես ենք վարվում,- Նազիկին ընդհատեցին Անին ու
Մերին:
- Այ, դա մեզ դուր չի գալիս,- իր խոսքը շարունակեց Նազիկը: -
Շատ վատ է, որ որևէ մեկը, լինի երեխա թե՝ մեծահասակ, միշտ ցանկանում է
ունենալ ուրիշների ունեցած հագուստից, կոշիկներից, խաղալիքներից, տետրերից
ու մատիտ-գրիչներից, մոռանալով, որ ինքն էլ ունի այդ ամենից, միայն թե այլ
գույներով կամ այլ ձևերով: Աշխարհում հազար տեսակ զգեստներ կան, մի՞թե այդ
ամենից դուք պետք է ունենաք: Ձեր դարակներում լիքը սիրուն զգեստներ կան,
ի՞նչ է. մենք էլ լաց լինենք ու դրանցից ուզե՞նք…: Ո'չ, այդպես չի' կարելի:
Ձեր մայրիկը ձեզ համար գնել է այնքան հագուստ, ինչքան պետք է, որ դուք ամեն
օր կոկիկ ու մաքուր հագնվեք: Հետո էլ` մենք չենք սիրում այն երեխաներին,
որոնք իրենց ուզածին հասնելու համար լաց են լինում, զայրացնում ու
համբերությունից հանում են ծնողներին: Դուք միշտ մտածե'ք, որ ինչ դուք
ունեք` լավ է ու հարմար և ձեր ունեցածն էլ ուրիշներին է դուր գալիս:
- Ճիշտ է ասում Նազիկը,- բարի ժպիտով ասացին Փիրուզիկը, Անուշն ու Մանուշը:
Մերին
ու Անին լուռ լսում էին: Նրանք էլ, կարծես, հասկացան, որ վարագույրի
աղջիկները շատ խելացի են ու բարի խորհուրդներ են տալիս, մի քիչ ամաչեցին ու
որոշեցին, որ այլևս ուրիշների ունեցածին աչք չեն դնի: Այդպես էլ արեցին:
2012 թ. դեկտեմբեր
Մի անգամ տատիկը որոշեց պապիկի հետ գնալ մայրաքաղաքում ապրող թոռնիկների մոտ, որոնց անչափ կարոտել էր: Նա մտածում էր այնպիսի նվերներ տանի, որ թոռնիկների համար շատ հաճելի լինի և իրենց մեծ քաղաքի ոչ մի խանութում տեսած չլինեն: Մտածեց, մտածեց ու որոշեց... Թե ի՞նչ որոշեց` չեք էլ կարող կռահել: Նա որոշեց թոռնիկների անուններով գաթաներ թխել ու անցավ գործի: Կապեց վարդագույն նախշերով գոգնոցը, սեղանին դրեց խմորի պատրաստման սպիտակ ու փայլուն թասը, դրա մեջ լցրեց մածուն, հարած ձու, շաքարավազ, կարագ, ինչ որ սպիտակ փոշի, խառնեց ու սկսեց ալյուրով շաղախել, բռունցքներով սեղմել, տրորել: Ստացվեց մեծ գնդակի չափ խմոր: Նա այդ խմորից պատրաստեց երեք գնդեր` մեկը մեծ, մյուսը միջին և երրորդը փոքր, դրանք շարեց կողք-կողքի, ծածկեց մաքուր սրբիչով ու ինքն իրեն ասաց.
-Թող գնդերը մի քիչ հանգստանան, հետո կպատրաստեմ գաթաներն ու կթխեմ:
Բայց ինքն էր հոգնել: Կիսանստած տեղավորվեց բազմոցին, գլուխը հենեց բարձին ու չիմացավ, թե ինչպես` քնեց: Երբ արթնացավ` զարմանքից աչքերը կլորացան. սեղանին, մաքուր սփռոցի վրա շարված էին երեք փայլուն ու կիսակլոր գաթաներ` մեկը մեծ, որի վրա գրված էր <<Մերի>>, մեկը միջին չափի, որի վրա գրված էր <<Անի>> և մյուսը փոքր` վրան գրված <<Դավիթ>>: Գաթաների եզրերը գեղեցիկ զարդանախշերով էին: Դրանք դեռ տաք էին և բուրում էին անչափ հաճելի ու ախորժալի բույրով: Ուրախությունից տատիկը ծափ տվեց: Նա համոզված էր, որ թոռնիկները նույնպես շատ կուրախանան:
-Նրանք այդպիսի սիրուն ու համեղ գաթաներ ոչ մի տեղ չեն տեսել և ոչ մի անգամ չեն կերել,- մտածեց տատիկը,-այ, հիմա ես դրանք կդասավորեմ զամբյուղի մեջ ու կտանեմ իմ անուշիկ թոռնիկներին, նրանք կուտեն ու շատ կուրախանան:
Հանկարծ մեծ գաթան ուղիղ կանգնեց սփռոցի վրա ու երգեցիկ ձայնով ասաց.
Տատի'կ, տատի'կ սիրելի,
Ես գաթան եմ Մերիի,
Բայց ես ունեմ մի պայման.
Թե որ նա միշտ ինձ լսի,
Խորհուրդներս կատարի,
Ամեն անգամ ուտելիս
Վերջին փշուրս թողնի`
Այդ փշուրից շատ արագ
Նորից գաթա կդառնամ:
Կկրկնվեմ ես արագ,
Մերին լինի միշտ ուրախ:
Այդ պահին միջնեկ գաթան էլ կանգնեց ու նա էլ երգեցիկ ձայնով ասաց.
Տատ'իկ, տատի'կ սիրելի,
Ես գաթան եմ Անիի,
Նրա համար էլ ունեմ,
Նույն պայմանը Մերիի.
Թե Անին միշտ ինձ լսի,
Խորհուրդներս կատարի,
Ամեն անգամ ուտելիս
Վերջին փշուրս թողնի`
Այդ փշուրից շատ արագ
Նորից գաթա կդառնամ,
Կկրկնվեմ ես արագ`
Անին լինի միշտ ուրախ:
Հենց որ միջնեկ գաթան լռեց` փոքր գաթան էլ կանգնեց ու թոթոլ-մոթոլ ասաց.
Դավիթը դեռ փոքրիկ է,
Անուշ-մեղուշ բալիկ է,
Նա թող մի քիչ մեծանա,
Որ խորհուրդս հասկանա,
Թող մայրիկը միշտ հիշի,
Վերջին փշուրս թողնի`
Այդ փշուրից շատ արագ
Նորից գաթա կդառնամ,
Կկրկնվեմ ես էլի,
Որ Դավիթը միշտ ուտի:
-Այդ ի՞նչ խորհուրդներ են, որ Մերին ու Անին պետք է կատարեն: Ախր կարող է դժվար բաներ ասեք ու նրանք չկարողանան դրանցից գլուխ հանել,- անհանգստացած ասաց տատիկը:
-Չէ', ոչ մի դժվար բան չկա: Դրանք այն ամենն են, որ պետք է կատարի Մերիի տարիքի ամեն մի աղջիկ,- ասաց մեծ գաթան ու ավելացրեց.- Նա արդեն յոթ տարեկան է և կարող է կատարել իմ խորհուրդները: Իսկ ես նրան այնպիսի խորհուրդներ կտամ, որ գիտեմ. կկարաղանա կատարել:
-Իմ խորհուրների մեջ էլ ոչ մի դժվար բան չկա: Դրանք այն ամենն են, որ պետք է կատարի Անիի տարքի ամեն մի աղջիկ,- ասաց միջնեկ գաթան ու ավելացրեց.- Նա արդեն վեց տարեկան է և կարող է կատարել իմ խորհուրդները: Իսկ ես նրան այնպիսի խորհուրդներ կտամ, որ գիտեմ. կկարաղանա կատարել:
-Ես Դավիթին հիմա ոչ մի խորհուրդ չեմ տա,- ասաց փոքր գաթան,- նա թող մեծանա ու դառնա հինգ տարեկան, հետո ես նրան խորհուրդներս կասեմ: Հիմա նրա փոխարեն մայրիկը թող ամեն անգամ ինձանից մի փշուր թողնի ափսեի մեջ ու ես նորից գաթա կդառնամ, որ Դավիթը միշտ թարմ ու համեղ գաթա ուտի:
-Դե լավ, համաձայն եմ,- ասաց տատիկը,- հիմա ասեք` իմանամ, թե ի՞նչ խորհուրդներ եք ասելու Մերիին ու Անիին:
-Ո'չ, ո'չ, տատիկ,- խորամանկորեն ժպտացին մեծ ու միջնեկ գաթաները,- հիմա չենք ասի: Դու մեզ տար քո թոռնիկների մոտ: Մենք նրանց կասենք մեր պայմանի մասին, եթե նրանք համաձայն լինեն մեր պայմանին` մենք թույլ կտանք, որ իրենք ուտեն մեզ, իսկ եթե համաձայն չլինեն` մենք կդառնանք փայտի պես ամուր ու անհամ և նրանք չեն կարողանա ուտել:
Տատիկը սկսեց մտածել: Նա գիտեր, որ Մերին կկատարեր իր գաթայի պայմանը: Իսկ Անիի համար կասկածում էր, որովհետև Անին մեկ-մեկ չէր լսում մայրիկին, կարող էր չլսել նաև իր գաթային: Այդ դեպքում Մերին անուշ-անուշ գաթա կուտեր, իսկ Անին չէր կարողանա փայտի պես ամուր ու անհամ գաթան ուտել: Այդ մտքից տատիկը շատ անհանգստացավ ու որոշեց զանգել ու Անիի հետ խոսել: Հենց որ Անին լսեց իր գաթայի պայմանի մասին` անմիջապես ասաց.
-Տատիկ ջան, տատիկ, ես արդեն շատ խելոք եմ, լսում եմ մայրիկին ու հայրիկին, Մերիին էլ եմ լսում, չէ՞ որ նա իմ մեծ քույրիկն է: Դու իմ կողմից իմ գաթային ասա, որ համաձայն եմ իր պայմանին: Ինչ էլ որ նա ինձ խորհուրդ տա` ես կկատարեմ, ազնիվ խոսք: Ախր ես գաթա շա՜տ եմ սիրում և ուզում եմ, որ իմ գաթան լինի փափուկ ու համեղ:
-Սիրելի գաթանե'ր, Մերին ու Անին համաձայն են ձեր պայմանին- հեռախոսը անջատելով ասաց տատիկը,- Եկե'ք հանգստանանք, որովհետև վաղը երկար ճանապրհ ունենք գնալու:
Գաթաները պառկեցին սփռոցին, լռեցին և, հավանաբար, քնեցին:
Հաջորդ օրն առավոտյան արագընթաց մեքենա նստելով` տատիկն ու պապիկը ուղևորվեցին դեպի մեծ քաղաք: Տատիկը զամբյուղում դասավորել էր գաթաներին ու ծածկել մաքուր սրբիչով: Գաթաները լուռ էին, սակայն նրանց անուշ բուրմունքը տարածվել էր մեքենայի մեջ: Երեք ժամ անց` նրանք թոռնիկների մոտ էին: Թոռիկներն էլ իրենց էին շատ կարոտել: Եվ երբ պապիկն ու տատիկը թոռնիկների հետ գկախառնվեցին, համբուրվեցին և հանգստացան` լսվեց գաթաների ձայնը.
Տատի'կ, տատ'իկ սիրելի,
Մեզ զամբյուղից շուտ հան'ի,
Արդեն հոգնել եք այստեղ,
Օ՜ֆ, մեր տեղը շատ է նեղ:
- Ահա և եկավ ձեր խորհուրդները լսելու պահը,- ասաց տատիկը գաթաներին և նրանց մեկիկ-մեկիկ դրեց թոռնիկների ափսեների մեջ:
Մեծ գաթան կանգնեց ափսեի մեջ ու ժպտերես ասաց.
- Բարև Մերի, Անի և Դավիթ: Այս ինչքա՜ն գեղեցիկ եք:
- Բարև Մերի, Անի և Դավիթ,- իրենց ափսեների մեջ կանգնելով` ասացին միջնեկ ու փոքր գաթանրը: - Իսկապես, դուք շա՜տ գեղեցիկ եք ու սիրելի:
- Բարև, բարև, անուշիկ գաթաներ- ասացին Մերին, Անին ու Դավիթը,- դուք էլ եք շատ գեղեցիկ: Ձեր դուրեկան բուրմունքին էլ չեք դիմանում և ուզում ենք ամիջապես ուտել ձեզ: Շուտ ասե՛ք ձեր խորհուրդները:
- Սիրելի տատիկ ու մայրիկ, Դավիթին հիմա ոչ մի խորհուրդ չեմ տա,- ասաց փոքր գաթան,- նա թող մեծանա ու դառնա հինգ տարեկան, հետո ես նրան խորհուրդներս կասեմ: Հիմա նա կարող է ինձ ուտել, միայն թե վերջում ինձանից մի փշուր կթողնեք ափսեի մեջ, ես նորից գաթա կդառնամ, որ Դավիթը միշտ թարմ ու համեղ գաթա ուտի:
Երբ Դավիթը սկսեց իր փափուկ և համեղ գաթան ուտել` Մերին ու Անին ավելի անհամբեր դարձան ու սկսեցին գաթաներին համոզել, որ շուտ ասեն իրենց խորհուրդները: Եվ միջնեկ գաթան քաղցրածոր ձայնով սկսեց երգել.
Անին պետք է հայրիկին
Ու մայրիկին միշտ լսի,
Անին պետք է պապիկին
Ու տատիկին միշտ լսի,
Նրանց հանձնարարությունը
Իսկույն կատարի
Եվ հետո գա ու ասի.
Հայրիկ, մայրիկ, պապիկ, տատիկ,
Ձեր հանձնարարությունը
Արդեն կատարեցի:
Եվ երբ հայրիկն ու մայրիկը,
Պապիկն ու տատիկը
Կասեն. ապրի' մեր բալան.
Անին կուտի իր գաթան:
Անին պետք է միշտ հիշի,
Որ հատակին կա փոշի,
Հողաթափեր միշտ հագնի:
Հետո դիմեց Անիին.-
Դու, իմ սիրելի Անի,
Հագուստներդ մի' խառնիր,
Դասավորի'ր դարակդ,
Մաքուր պահի'ր ձեռքերդ:
Մերիի հետ մի' վիճիր,
Քեզնից մեծ է, դո'ւ զիջիր,
Էլ մի գոռա, մի ճչա,
Որ միշտ ուտես դու գաթա:
-Այսքան խորհուրդներս եթե կատարես` ես միշտ քո գաթան կլինեմ, համձա՞յն ես,- երգելը վերջացնելով հարցրեց Անիին միջնեկ գաթան:
-Այո՛, այո՛,- ուրախ թռչկոտելով ասաց Անին,- հիմա կարո՞ղ եմ քեզ ուտել:
-Այո, կարող ես: Միայն թե չմոռամաս, որ վերջին փշուրը պետք է թողնես ափսեի մեջ:
Անին սկսեց մեծ ախորժակով ուտել իր գաթան: Այդ ժամանակ ափսեի մեջ կանգնեց Մերիի գաթան ու ավելի քաղցրածոր ձայնով սկսեց երգել.
Մերի, խելոք ու քնքուշ,
Շատ սիրուն ես ու անուշ,
Օգնականն ես մայրիկի,
Պահապանն ես Դավիթի:
Սակայն հիմա ինձ լսի'ր,
Ինչ խորհուրդ տամ` կատարի'ր.
Չի կարելի մեծերի
Ասածները անտեսել,
Կամ մոռանալ, չհիշել,
Հետաձգել, դժգոհել:
Պետք է լինես ուշադիր,
Փոքրերի հետ սիրալիր,
Լաց չլինես նեղացկոտ,
Չնչին բանից ավելորդ,
Թե չէ կասեն` ա'յ լացկան,
Հերիք լինես նվնվան:
Անիի հետ մի' վիճիր,
Քեզնից փոքր է` համբերի'ր,
Մեծի նման միշտ ներիր,
Քո քույրիկն է` իմացի'ր:
Երբեք դրսում թե տանը`
Նրա վրա մի' գոռա:
Իսկ քո օրվա դասերը
Օր-ցերեկով դու արա:
Հանգիստ եղիր, ժպտերես,
Որ միշտ գաթա դու ուտես:
-Այսքան խորհուրդներս եթե կատարես` ես միշտ քո գաթան կլինեմ, համձա՞յն ես,- երգելը վերջացնելով հարցրեց Մերիին մեծ գաթան:
-Այո, իհարկե,- ուրախ թռչկոտելով ասաց Մերին ու հարցրեց,- հիմա կարո՞ղ եմ քեզ ուտել:
-Այո, կարող ես: Միայն թե չմոռամաս, որ վերջին փշուրը պետք է թողնես ափսեի մեջ:
Մերին նույնպես սկսեց մեծ ախորժակով ուտել իր գաթան:
Այսպես անցնում էին օրերը: Թոռնիկները ճշտորեն կատարում էին գաթաների խորհուրները և ամեն օր ուտում էին նրանց համեղ կտորները` չմոռանալով վերջին փշուրը թողնել ափսեի մեջ: Շատ ուրախ ու երջանիկ էին հայրիկն ու մայրիկը, տատիկն ու պապիկը:
Սակայն մի օր, ինչպես եղավ, ինչպես չեղավ, Մերին ու Անին սկսեցին վիճել, հետո սկսեցին իրար վրա գոռալ ու ճչալ, հետո միմյանց հրեցին ու քաշքշեցին: Մայրիկն ու հայրիկը զայրացան: Մայրիկը շատ տխրեց և գլխացավ ունեցավ, հայրիկը նույնպես գլխացավ ունեցավ: Պապիկի գլուխն էլ սկսեց ցավել: Իսկ տատիկը հուսահատված նստել էր պատշգամբում: Նա շատ էր վախենում, որ գաթաները այդ ամենը տեսնելով` դառնան փայտի պես ամուր ու անհամ: Այդպես էլ եղավ. Երբ Մերին ու Անին խաղաղվել էին` զգացին, որ սոված են, գնացին խոհանոց, վերցրեցին իրեց ափսեները, որոնց մեջ դրված էին գաթաները ու ցանկացան ուտել: Սակայն, ավա՜ղ, գաթաները ամեն ինչ տեսել և ամեն ինչ լսել էին ու դարձել փայտի նման ամուր ու անհամ: Քույրերը փորձեցին ատամներով կծել, չստացվեց, փորձեցին դանակով կտրտել, դարձյալ ոչինչ չստացվեց: Գաթաները լուռ էին և ոչինչ չէին ասում: Այդ ժամանակ Մերին ու Անին, հասկանալով կատարվածը, սկսեցին հոնգուր-հոնգուր լաց լինել: Արցունքներն այնպես առատորեն էին թափվում, որ շուտով ափսեները լցվեցին արցունքով ու սկսեցին թափվել սեղանին, այնտեղից էլ` հատակին: Փոքրիկ Դավիթը իր գաթան կերել ու կշտացել էր ու խղճահարությամբ նայում էր հեկեկացող քույրերին: Նա իր քույրիկներին շատ էր սիրում և ինքն էլ սկսեց լաց լինել: Սակայն Դավիթի արցունքները սովորական արցունքներ էին ու միայն մի փոքր թրջեցին նրա աչքերն ու այտերը: Գաթաները չէին ուզում, որ Դավիթը լաց լինի, պատրաստ էին ներել քույրիկներին, սակայն դեռ մտածում էին, սպասում էին, որ նրանք հասկանան իրենց սխալը և ներեղություն խնդրեն: Առաջինը Մերին որոշեց, որ պետք է ներողություն խնդրի իր գաթայից, քանի որ խախտել էր նրա պայմանը` չէր կատարել նրա խորհուրդները. վիճել էր Անիի հետ, գոռացել էր նրա վրա, հրել, զայրացրել հայրիկին ու մայրիկին, տատիկին ու պապիկին: Անին էլ սկսեց նույնը իր մասին մտածել. ինքն էլ էր խախտել գաթայի պայմանը` չէր կատարել նրա խորհուրդները. վիճել էր Մերիի հետ, գոռացել էր նրա վրա, հրել, զայրացրել հայրիկին ու մայրիկին, տատիկին ու պապիկին: Եվ հորդառատ արցունքների միջից նրանք սկսեցին հեկեկալով ներեղություն խնդրել գաթաներից.
-Էլ չենք անի, ազնիվ խոսք, սիրելի գաթաներ, սիրելի հայրիկ ու մայրիկ, սիրելի տատիկ ու պապիկ, ներեղություն ենք խնդրում, էլ չենք անի, էլ այդպիսի բան չենք անի...
- Ես էլ եմ խնդրում,- աչքերը թաթիկներով տրորելով կրկնում էր Դավիթը:
Հանկարծ Անիի ու Մերիի գաթաները կանգնեցին ափսեի մեջ ու երգեցին.
Դե լավ, դե լավ, ներում ենք,
Մենք Դավիթին սիրում ենք,
Չենք ուզում, որ նա տխրի,
Ձեր պատճառով լաց լինի:
Շատ ամոթ էր, ինչ տեսանք,
Մեր պայմանը մոռացաք,
Թե որ մեկ էլ կրկնվի,
Երբեք գաթա չեք ուտի:
Հետո գաթաները պառկեցին ափսեի վրա, սկսեցին փափկել ու անուշ բուրել: Մերիի ու Անիի արցունքները դադարեցին, լացը վերջացավ: Նրանք սրբիչներով մաքրեցին սեղանի վրա կուտակված արցունքները, հատակին թափված արցունքները հավաքեցին ու դույլերով տարան դադարկեցին լվացարանի մեջ, հատակի ջնջոցով մաքրեցին ու չորացրեցին հատակը, հետո լվացվեցին, սանրեցին գզգզված մազերը, հագան մաքուր զգեստներ ու սկսեցին ախորժակով ուտել փափուկ ու համեղ գաթաները: Նրանք էլ երբեք չխախտեցին գաթաների խորհուրդները:
Տատիկն ու պապիկը վերադարձան իրենց փոքրիկ քաղաքը և շարունակեցին ապրել ուրախ ու երջանիկ:
Հեքիաթ երեխաների համար
Գյուղի ամենավերջին տանը ապրում էր մի բազմանդամ ընտանիք. հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք ունեին ամեն տեսակի մրգատու ծառերով ու թփերով լի մեծ այգի, որտեղ աշխատում էին, ստեղծում առատ բերք ու բարիք և ապրում այդ վաստակով: Կարծեք ամեն ինչ լավ էր, բայց չգիտես ինչո՞ւ, անհաշտ էին ու անհարգալից: Միմյանց անվանում էին տարբեր կենդանիների անվանումներով. հայրիկը մայրիկին անվանում էր <<կով>>, իսկ մայրիկը նրան՝ <<ոչխար>>, եղբայրներն ու քույրերը միմյանց անվանում էին աղվես, ջորի, կատու, ավանակ, մողես, ուղտ, դոդոշ, օձ, գոմեշ և այլն: Հաճախ բղավում էին ու միմյանց քաշքշում: Այդպիսի մի օր հանկարծ ուժեղ զնգոց լսվեց, ապակի կոտրվեց հատակին ու փշուրները ցաք ու ցիր եղան: Բոլորը լռեցին, հետո զարմանքով տեսան, որ պատուհանների ու դռների ապակիները անվնաս իրենց տեղում են: Այդ դեպքում ի՞նչ ապակի կոտրվեց հատակին ու ցրիվ եկավ:
-Այդ ես եմ, ձեր նախապապը,- լսվեց դիմացի պատից:
Բոլորը միանգամից նայեցին դիմացի պատին, որի վրա անհիշելի ժամանակներից ամրացված էր ընտանիքի նախապապի լուսանկարը՝ ապակեպատ շրջանակի մեջ առնված: Հենց այդ ապակին էր վայր ընկել ու փշրվել: Լուսանկարի պապը հիմա չէր ժպտում, ինչպես միշտ, այլ խոժոռ ու դժկամ նայում էր ընտանիքի անդամներին:
-Դուք ինձ հոգնեցրիք, անտանելի է ձեզ լսելը: Աստված ձեզ ստեղծել է մարդ, ոչ թե անասուն և պատվիրել է, որ ներեք ու սիրեք միմյանց: Ես նրա անունից ասում եմ. դուք որպես պատիժ կդառնաք կենդանիներ և ուղիղ մեկ տարի կապրեք այդ կենդանիների պես: Եթե ձեզ դուր կգա ձեր այդպիսի վիճակը, այդպես էլ կշարունակեք ապրել, եթե ոչ՝ կգաք ու կխոստանաք, որ այլևս…
Պապի խոսքը դեռ չավարտված՝ տունը դղրդաց ու միանգամից մթնեց, անթափանց խավարը պատեց ու հետո քիչ-քիչ անցավ: Նորից լուսավորված տան մեջ իրար էին նայում մայրիկ կովը, հայրիկ ոչխարը, եղբայրներ գոմեշը, ավանակը, ուղտը, քույրեր ջորին, կատուն և դոդոշը: Այդ ամենը շատ հանկարծակի կատարվեց: Կենդանիները փորձեցին ինչ-որ բան ասել պապի լուսանկարին, սակայն կովի ու գոմեշի բառաչը, ոչխարի մայունը, ջորու և ավանակի զռզռոցը, կատվի մլավոցը, ուղտի փնթփնթոցը և դոդոշի կռկռոցը անհասկանալի աղմուկ առաջացրին: Հետո նրանք արտասվելով գլխահակ դուրս եկան տանից և մտան այգի՝ կերակրվելու: Քիչ անց եկավ հարևանը, որը գող էր ու ագահ, և տեսնելով, որ տանը ոչ ոք չկա՝ մտավ այգի ու կենդանիներին ճիպոտով ծեծելով քշեց տարավ, լցրեց իր գոմի մեջ ու դուռը կողպեց: Ծլկեցին միայն կատուն և փոքրիկ դոդոշը, թաքնվեցին թփերի տակ ու տագնապով լցվեցին: Նրանք լավ էին ճանաչում այդ հարևանին և համոզված էին, որ նա հենց հաջորդ օրը կմորթի գողացած կենդանիներին ու միսը կտանի շուկա վաճառելու: Կատվի ու դոդոշի սիրտը ճմլվում էր հարազատներին այդպես կորցնելու մտքից և որոշեցին ինչ գնով էլ լինի՝ փրկել նրանց: Երբ օրը մթնեց և բոլորը քնեցին՝ նրանք մոտեցան գող հարևանի գոմի դռանը և սկսեցին կրծել փականը, որը, բարաբախտաբար, մի փայտե ձող էր: Խեղճ կատուն ու դոդոշը ողջ գիշեր կրծում էին ու կրծում և դեռ լույսը չբացված՝ փականը բացվեց: Բոլոր կենդանիները դուրս եկան գոմից, փախան անտառ ու գտնելով մի խուլ քարանձավ՝ թաքնվեցին: Այդտեղից նրանք միայն գիշերներն էին դուրս գալիս. կովը, գոմեշը, ոչխարը, ջորին, ուղտը և ավանակը խոտ էին արածում, կատուն մկներ էր որսում, իսկ դոդոշը՝ որդեր ու միջատներ, մոտակա առվակից էլ ջուր էին խմում: Օրերն անցնում էին: Նրանք օր-օրի ավելի ու ավելի էին կարոտում իրենց տանն ու այգուն, ցորեն հացին ու պանրին, համեղ գաթաներին ու ճաշերին, իրենց փափուկ ու մաքուր անկողիններին, սիրուն շորերին ու կոշիկներին: Կարոտից նույնիսկ հիվանդանում էին, տառապում ու տանջվում: Ամենից զգայուն կատուն ամեն երեկո նստում էր քարանձավի մուտքի մոտ ու լալագին երգում էր իր հորինած երգը.
Ա՜խ, իմ սիրելի գյուղ, ա՜խ իմ սիրելի տուն,
Իմ սիրելի այգի բերք-բարիքով լեցուն,
Երբ կանցնեն օրերն այս դառն ու տխուր,
Որ վերադառնանք ձեր գիրկը տաքուկ:
Այս դժվար օրին էլ չենք դիմանոււմ,
Մարդկային կյանքին շատ ենք կարոտում,
Օ՜, պատժվել ենք մեր սխալ վարքից
Ու վտարվել ենք անուշ դրախտից:
-Ի՜նչ բախտավոր են մարդիկ, օ՜, ինչ երջանիկ են նրանք,- ամեն օր բազմաթիվ անգամներ երանությամբ ասում էին միմյանց ու ողբում,- ա՜խ, ինչպե՞ս մենք չէինք հասկանում: Վա՜յ մեզ, վա՜յ մեզ…: Ե՞րբ կանցնի մեկ տարին ու նորից մարդ կդառնանք: Մենք արդեն կապրենք սիրով ու համերաշխ: Ոչի՛նչ, ոչի՛նչ այս աշխարհում չի կարող արժենալ մարդկային կյանքի մի փշուրին անգամ: Մարդ լինելը ամենամեծ երջանկությունն է, որ կա:
Այդպես անցավ շոգ ամառը, անցավ զով աշունը, սկսվեցին ձմռան ցրտերը և դրանց հետևանքով՝ կենդանիների էլ ավելի թշվառ օրերը: Նրանք հիվանդանում էին, հազում էին ու փռշտում, շնչահեղձ լինում, սրթսրթում, դողդողում: Առողջները իրենց մարմնով տաքացնում էին հիվանդին, սիրում ու գուրգուրում: Հիշում էին գյուղի հոգատար ու հմայիչ բժշկուհուն…: Շա՜տ, շա՜տ դժբախտ էին, անօգնական ու ողորմելի:
Վերջապես եկավ այն ցանկալի օրը, երբ լրանում էր կենդանիների դժբախտության մեկ տարին: Գիշերով, որպեսզի գող հարևանը իրենց չտեսնի, եկան տուն և ի՞նչ տեսան…: Տունը ամբողջովին թալանված էր, պոկել ու տարել էին անգամ դռներն ու լուսամուտները: Սարսափելի էր մտածելն անգամ, որ պապի լուսանկարն էլ տեղում չի լինի և այդ դեպքում իրենք չէին կարող մարդկային կերպարանք ստանալ…: Օ՜, միայն թե ո՛չ դա…: Նրանք մեծ տագնապով տուն մտան և առաջինը, որ ուզում էին տեսնել՝ պապի լուսանկարը, տեղում էր: Լուսինը բաց պատուհանից լուսավորել էր սենյակի դիմացի պատը և պարզ երևում էր, որ պապը նախկին տարիների պես ժպտում էր բարի ու սիրելի ժպիտով: Կենդանիները երջանկությունից սկսեցին արտասվել ու խնդրել պապից, որ իրենց մարդկային կյանք վերադարձնի: Եվ չնայած կովն ու գոմեշը բառաչում էին, ոչխարը՝ մայում, ջորին և ավանակը զռզռում, կատուն մլավում, ուղտը փնթփնթում և դոդոշը կռկռոմ՝ պապը ամեն ինչ հասկացավ, ավելի լայն ժպտաց ու… տունը դղրդաց և միանգամից լուսավորվեց: Լույսն այնքան պայծառ էր, որ կենդանիները չդիմանալով՝ փակեցին աչքերը և երբ բացեցին՝ միմյանց տեսան այնպիսին, ինչպիսին որ մեկ տարի առաջ էին հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք գրկախառնվեցին, համբուրվեցին և ուրախությունից սկսեցին թռչկոտել ու պարել: Հետո տեսան, որ տունը շատ արագ լցվեց գեղեցիկ կահույքով ու գորգերով, կենտրոնում սեղանի վրա շարվեցին համեղ ու բազմազան ուտելիքներ, դռներն ու լուսամուտները նորից իրենց տեղում էին:
- Սիրելիս,- մայրիկը սկսեց այդպես դիմել հայրիկին ու զավակներին:
- Անուշս,- հայրիկը սկսեց այդպես դիմել մայրիկին ու զավակներին:
- Իմ լավ ախպերիկ,- այդպես էին դիմում քույրերը իրենց եղբայրներին:
- Սիրունս,- այդպես էին դիմում եղբայրները իրենց քույրերին:
Եվ այսպես, ամեն օր ընտանիքի բոլոր անդամները միմյանց դիմում էին շատ հարգալից ու սիրալիր խոսքերով: Նախկին օրերի պես ցերեկները աշխատում էին իրենց այգում, ստեղծում բերք ու բարիք, իսկ երեկոյան վայելում էին ընտանեկան կյանքի խաղաղությունն ու ջերմությունը: Դիմացի պատի վրա անհիշելի ժամանակներից ամրացված լուսանկարից նախապապը բարեհոգաբար ժպտում էր նրանց :