Դանիել Վարուժանի ձերբակալման հաջորդ օրը դպրոցում, որտեղ նա դասավանդում էր, սահմռկեցուցիչ լռություն էր։ Ուսուցիչները լուռ նստած էին ուսուցչանոցում, աշակերտները՝ դասարաններում։ Ուսուցչանոց է մտնում թուրքերենի ուսուցիչ Թովմաս էֆենդին՝ մի հայ դարձուկ, որ երբեք հայերեն չէր խոսում:
Տալիս է զանգը և պահանջում, որ դասի գնան։ Ուսուցիչները վերցնում են մատյաններն ու գնում։ Մնում է մի մատյան։ Դա այն դասարանի մատյանն էր, ուր պետք է գնար Վարուժանը․․․
Թովմաս էֆենդին վերցնում է մատյանը ու գնում Վարուժանի դասարանը․․․
Երբ ներս է մտնում, նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
Աշակերտները քարացած, գլուխները կախ մնում են տեղերում նստած՝ կարծելով, թե հայերենի տեղ թուրքերեն են անցնելու․․․
Հանկարծ, բոլորի համար անսպասելի Թովմաս էֆենդին մաքուր, գեղեցիկ հայերենով ասում է․
- Բարև՛ ձեզ, սիրելի՛ աշակերտներ։
Աշակերտները ոտքի են թռչում ու պատասխանում բարևին։
- Ո՞րն է ձեր դասը։
- Ֆրիկը, - պատասխանում են աշակերտները։
- Հայ գրականության դասը շարունակվում է, - ասում է Թովմաս էֆենդին և հրաշալի դաս է անց կացնում Ֆրիկի ստեղծագործությունների մասին։
Հաջորդ օրը Թովմաս էֆենդուն ձերբակալում են։
1915 թվականի օգոստոսի 25-ը 31-ամյա Վարուժանի երկրային կյանքի վերջին օրն էր:
samedi 26 avril 2025
Դանիել Վարուժան
Հայ որբերի գորգը
Հայ որբերի գորգը..
Գործվել է հայ որբերի կողմից, որոնք ամերիկյան, "Մերձավոր արեւելքի հիմնադրամի" (Near East Relief) հովանավորությամբ գտնվում էին Լիբանանի Ղազիր քաղաքի որբանոցում։ Աշխատանքը տեւել է 18 ամիս։ 1925 թ ուղարկվել է ԱՄՆ որպես նվեր ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)` ի նշան երախտագիտության։ Այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը։
Նախագահ Քուլիջը, նվերից շոյված, Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ֆինլիին հասցեագրած իր նամակում գրում է.
"Ես ստացա Լիբանանի երեխաների գործած գորգը։ Այս գորգը նրանց երախտագիտությունն է այն օգնության համար, որ մենք կարողացանք ցուցաբերել այդ երկրին։ Ես այն ընդունում եմ՝ ի նշան նրանց բարի կամքի Միացյալ Նահանգների ժողովրդի հանդեպ, որ մեծապես օժանդակել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան հիմնադրամ աշխատանքներին։ Խնդրում եմ՝ այդ որբերին փոխանցեք իմ և մեր հայրենակիցների խորին շնորհակալությունը։ Մենք մեծահոգությամբ ենք ընդունում սիրով արված այս աշխատանքը։ Գորգն իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը և երկրի վրա բարի կամքի խորհրդանիշը կլինի։
Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ վերցրեց։ 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը։ 2014 թվականի նոյեմբերին գորգը հանրությանը ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Թուրքական լոբինգի միջամտությամբ գորգի հանրային ցուցադրությունը մի քանի անգամ խափանվել է։
160-ամյա «Վահանագորգը», որի կենտրոնում պատկերված է վահան։
Դրանցից է 160-ամյա «Վահանագորգը», որի կենտրոնում պատկերված է վահան։ Ցավոտ ու միևնույն ժամանակ հուզիչ պատմություն ունի այս գորգը. ցեղասպանության ժամանակ մայրը այն երկու մասի է բաժանում ու տալիս իր աղջիկներին՝ հույսով, որ եթե բաժանվեն, գորգի կեսերը կօգնեն գտնել միմյանց։
Աղջիկներից մեկը տեղափոխվում է Նյու Յորք, մյուսը՝ Լիբանան։ Տասնամյակներ անց՝ 50 տարի հետո, գորգի երկու կեսերի շնորհիվ քույրերը վերամիավորվում են Նյու Յորքում։
Այսօր գորգը պահվում և ցուցադրվում է «Մեգերյան Կարպետ» ընկերության հին գորգերի թանգարանում։
vendredi 25 avril 2025
1915-ին թուրքերի կողմից Մուշում ողջակիզված երեխաներ։
1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզվեց թուրքական բանակի կողմից. հազարավոր հայեր ողջակիզվեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը և իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյոռնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում` մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվեցին Բոդիլ Բյոռնի հիշողության մեջ:
1916 թվականին, կրկին վերադառնալով Մուշ, Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարյանի հետ քաղաքի փողոցներից և լքված տներից հավաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում և ապաստան է տալիս նրանց` փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացավ անել իր որբանոցի սաների պարագայում:
«Իմ որբերին կորցնելուց հետո ես հոգեպես շատ տանջվեցի, սակայն ծանր հուսահատությունն ինձ չընկճեց, որպեսզի անմիջապես հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ և հետաքրքրվել՝ գուցե իմ որբերից մի քանիսին կենդանի գտնեի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)
Բոդիլ Բյոռն
նորվեգացի միսիոներուհի
Հայոց ցեղասպանության ականատես
Լուսանկարի աղբյուրը՝ Նորվեգիայի թագավորական արխիվի հավաքածու
dimanche 16 février 2025
🙏ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ🌹
ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ


Տէր զօրութիւնների եւ թագաւոր փառքի Յիսուս Քրիստոս, Դու երկնային զօրքերիդ զօրավար կարգեցիր սուրբ Միքայէլ հրեշտակապետին եւ նրա պատուով ճոխացրիր Քո սուրբ եկեղեցին՝ զօրավար եւ յաղթող նահատակ կարգելով սուրբ Սարգսին՝ խաչիդ զօրութեամբ բագինները կործանողին եւ մեհեանները քանդողին։ Նա առաքեալների նման աճեցրեց Քեզ պաշտողների թիւը, աղօթելով Քեզ՝ որպէս շնորհ ստացաւ իր որդու՝ սուրբ Մարտիրոսի ազատութիւնը եւ փոշի դարձնելով ցրեց ամբարիշտների չաստուածներին՝ միայն Քեզ արժանի համարելով երկրպագութեան։ Իր որդի սուրբ Մարտիրոսին՝ Աստուածութեանդ վկային, իբրեւ առաջընթաց արուսեակ՝ աղաւնու պէս թռցրեց երկինք եւ իր գլուխը նուիրաբերեց Քեզ՝ երկնաւորների ու երկրաւորների Գլխիդ՝ Քո կողմից պսակուելով անթառամ պսակով։
Արդ, Քո յաղթող վկայի եւ նրա հետ նահատակուածների յիշատակի տօնախմբութեան օրը անսասանութիւն տուր Քո եկեղեցուն, Տէր, եւ մեր Սուրբ հաւատին՝ պայծառութիւն, եւ Քո հանդէպ սիրով առաջնորդելով՝ մաս տուր մեզ Քո սրբերի բաժնից երկնքում. ամէն:

🌹🙏🌹ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ🌹🙏🌹
Հնում այն կապված է եղել արևի պաշտամունքի հետ. համարվում էր, որ տոնից հետո ձմեռը նահանջում է։ Ձմեռը փախուստի դիմելու համար կրակներ էին վառում, ինչ երկիրը տաքացնելու և հալացնելու համար, ճոխ տոնակատարություններ անում, թռնում կրակի վրայով' «չարը խափանելու նպատակով։ Հատկանշական է, որ նման տոնակատարություններն պահպանվել են հնդեվրոպական շատ ժողովուրդների մոտ։
Քրիստոնեական օրակարգում տոնը զուգորդվեց Քրիստոսի ի Տաճարն Գալստյան հիշատակումով։ Եւ ինչպես Տերն է գալիս ի տաճար, այնպես էլ լույսն է գալիս ի մարդկություն։
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Ղուկաս Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին (փետրվարի 13-ին) կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ծնվել է Գամիրքի (Կապադովկիա) Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թվականին, սպանվել է 363 թվականին Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։ Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հույն էր։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։
Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։ Նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։
Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինձ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։
Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերի մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում)։ Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ։ Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է։ Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։
Բաղադրիչներ՝
յուղ 1/4 բաժակ
ալյուր 1 բաժակ
շաքարավազ 1/2 բաժակ
դարչին, մեխակ, հիլ (ըստ ցանկության)
չամիչ, ընկույզ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը՝
Բովել ալյուրը մարմանդ կրակով, մինչև թեթևակի մգանա։ Ավելացնել յուղը և անընդհատ խառնել, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան։ Կրակն անջատել, խառնել շաքարավազը։ Լցնել տափակ ամանի մեջ, հարթեցնել մակերեսը, կտրատել, թողնել սառչի։
Պահքի օրերին պատրաստել ձեթով։ Ըստ ցանկության դեռ տաք վիճակում ավելացնել չամիչ և ընկույզ։ Ավելացնել նաև համեմունքներ, ինչպես օրինակ, դարչին, մեխակ, հիլ։ Կարելի է յուղը քչացնել և վերջում խառնել նաև թահին (քունջութի յուղ)։
13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնաըդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Երբ Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար է տանում, Սիմեոն անունով մի ծերունի ճանաչում և ընդառաջ է գալիս Հիսուսին: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տիրոջն ընդառաջ:
(կատակ տողեր)
Տրնդեզ, տրնդեզ,
Բերենք վառենք խոտի դեզ,
Հարսն ու փեսան թող թռչեն,
Աստծո կամոք օրհնվեն։
Կեցցե՛, ապրի՛ մեր փեսան,
Մենք բոլորս հո տեսա՛նք,
Կնոջն իր գիրկը առավ,
Հո՛պ արեց` թափով թռավ։
Ծափահարենք մեր զույգին,
Քաջալերենք փեսային,
Ինչ խոչընոտ էլ լինի,
Հերոսաբար կհարթի։
Տրնդեզ, տրնդեզ,
Այրեցինք մի ամբողջ դեզ,
Դե սիրելի ջահելներ,
Բարով վայելեք սերը ձեր։
Դե շուտ աղանձն էլ բերեք,
Մեր զույգի գլխին ցանենք,
Կրակն էլ ջրով մարենք,
Գնանք խնջույքն սկսենք

















