dimanche 4 juin 2017

♥ Հայկական անձնանուններ եւ իրենց իմաստները ♥


ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐՈՒ  ՑԱՆԿ
 Պատրաստեց՝ Արտաշէս Տէր Խաչատուրեան

Սոյն ցանկը կը ծառայէ երկու նպատակի.

 1-Պատրաստ անուանացանկ մը այն ծնողներուն՝ որոնք կ՛անճրկին երբ նորածինի մը հայկական անուն դնել կը ցանկան: 
2-Զուտ հայկական կամ ժամանակի ընթացքին հայացած անունները ծնողներուն մատուցանելով՝ արգելք ըլլալ օտար անձնանուններու գործածութեան (ներմուծուած են կարգ մը նորամուտ անձնանուններ՝ որոնք իրենց կազմութեամբ եւ հնչիւնով գեղեցիկ նկատուած են):
 
Գեղեցիկ հայկական իգական անձնանուններ եւ իրենց իմաստները

1) Ագապի = սէր:
2) Ագնէս = մաքուր, պարկեշտ, սուրբ:
3) Ազատուհի = ազատ բառով եւ ուհի մասնիկով կազմուած անուն:
4) Ազգանոյշ = ազգ եւ անոյշ բառերով կազմուած անուն:
5) Ազնիւ = համեստ:
6) Ալիծ = ազնիւ ուրախ:
7) Ալիս = տե՛ս Ալիծ:
8) Աղաւնի = համանուն թռչունը:
8-2) Այծեմնիկ =այծեամ
9) Այտա =  ունի Ռուսական ծագում:
10) Անահիտ = 1. անարատ, անբիծ 2. Անահիտ չաստուածուհին:
11) Անայիս = կրնայ Անահիտ անունի աղաւաղեալ ձեւերէն ըլլալ:
12) Անգինէ = ծագումը անյայտ:
13) Անթառամ = չթառամող:
14) Անժէլ = հրեշտակ:
15) Անի = Անի քաղաքին անունով կազմուած անուն:
16) Աննա = շնորհ, գթութիւն:
17) Անոյշ = 1. անմահ 2. քաղցր:
18) Աշխէն = իշխանուհի:
19) Աստղիկ = պզտիկ աստղ:
20) Ատրինէ = Ատրիական ծովէն կամ քաղաքէն:
21) Արաքսի = Հայաստանի գէտերէն:
22) Արեգնազան = արեւ եւ նազանք բառերով կազմուած անուն:
23) Արմենուհի = Հայկուհի:
24) Արմիկ = Արմինէի կրճատուած ձեւ:
25) Արմինէ = Արմէն անունէն շինուած անուն:
26) Արշալոյս = արեւածագ:
27) Արշակուհի = տե՛ս Արշակ:
28) Արուս = հարս:
29) Արուսեակ = լուսաստղ:
30) Արսինէ = Արսէն անունէն շինուած անուն:
31) Արտա = ծագումը անյայտ:
32) Արտեմիս = Յոյն չաստուածուհի. կը նշանակէ առողջ:
33) Արփինէ = արեւ, արեգակ:

 Աղբիւրակ-ակ
Ալվարդ- կարմիր վարդ
Արծուիկ-փոքր արծիւ
Արևալոյս- արեւի շող
Ազգանոյշ-ազգ և անոյշ բառերէ կազմուած
 34) Բերկրուհի = բերկրանք բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
35) Բերսաբէ = երդումի աղջիկ:
36) Բրաբիոն = յաղթութեան մրցանակ:

Գարուն- յայտնի եղանակը
  37) Գայիանէ = Լատինական ծագումով անուն:
38) Գեղանոյշ = գեղ եւ անոյշ բառերով շինուած անուն:
39) Գեղուհի = գեղեցկուհի:
40) Գոհար(իկ) = թանկագին քար:
41) Դեղձանիկ = դեղձանիկ  թռչունը:
42) Դշխոյ = թագուհի:
43) Եղիս(աբեթ) = Աստուած է անոր երդումը:
44) Եսթեր = աստղ մը, բարի բախտ:
45) Երանիկ = երջանիկ:
46) Երանուհի = երջանկուհի: Կրճատեալ ձեւն է Երան:
47) Եւա = 1. կեանք 2. իգական սեռ:
48) Եւգինէ = բարեծնունդ, ազնուատոհմ, ազնուական: Օտար ձեւն Էօժէնի:
49) Եպրաքսի = բարեբախտութիւն, բարի վարմունք:

Եռանդուհի-եռանդ բառէն ուհի մասիկով կազմուած է
  50) Եւփիմէ = բարի բախտ բերող խօսք, գովեստ:
Զարդար- զարդ, զարդեղէն
  51) Զապէլ = Եղիսաբեթ անունին կրճատեալ ձեւերէն:
52) Զարուհի = զար (ոսկի) բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
53) Զեփիւռ = թեթեւ հով:
54) Զմրուխտ = թանկագին քար մը:
55) Զուարթ = ուրախ:
56) Էլիզ = Եւրոպական անուն. տե՛ս Եղիսաբեթ
56-2) Էմմա =ճարտար, կենսունակ
57) Էօժէնի = տե՛ս Եւգինէ:
58) Ըղձանոյշ =իղձ եւ անոյշ բառերով կազմուած անուն:
59) Թագուհի = թագաւորի կին:
60) Թալին = Թալին տեղանունէն շինուած անուն:
61) Թամար(ա) = արմաւենի:
62) Թերեզ = կոտոշէ ականջներ կրող՝, ունեցող:

Թուխիկ- թուխ բառով եւ իկ մասնիկով կազմուած է
  63) Ժանէթ = Աստուծոյ շնորհքը:
64) Ժիւլիէթ = փետրալի, մօրուսաւոր:

Իշխանուհի- թագուհի, իշխանին կողակիցըԻմաստուհի - իմաստուն կին
  65) Իսկուհի = իսկական տիրուհի:
66) Իւղաբեր = իւղ բերող:

Լևոնթին - Լևոնին իգականըԼորիկ- կաքաւներու ընտանիքին պատկանող փոքրիկ, չվող թռչունԼուսանուշ- լոյս և անուշ բառերէն կազմուած
  67) Լենա = տե՛ս Հեղինէ:
68) Լիզա = կրնայ յառաջացած ըլլալ Ֆրանսական Լուիզա անունէն՝ որ կը նշանակէ հռչակաւոր պատերազմիկուհի: Կամ՛ Էլիզապէթ անունին կրճատեալ ձեւերէն է:
69) Լիլի = կրնայ օտար lily (շուշան) բառէն յառաջացած անուն ըլլալ:
70) Լիտի(ա) = Լիտիա երկրի բնակիչ:
71) Լիւսի(ա) = մայրամուտին ծնած:
72) Լուսաբեր = լոյս բերող:
73) Լուսածին = լոյսի ծնունդ:
74) Լուսարփի = լոյս եւ արփի բառերէն շինուած անուն:
75) Լուսիկ = լուսին անունին փաղաքշական ձեւը:
76) Լուսին = լուսին բառէն:
77) Լուսնթագ = լուսնթագ մոլորակին անունէն:
78) Խաթուն = ազնուական տիկին:
79) Խնկաբեր = խունկ բերող (ինչպէս կայ Իւղաբեր):
80) Խոսրովիդուխտ = Խոսրով անունով եւ դուխտ (դուստր) բառով շինուած անուն:

Ծաղկանոյշ- ծաղիկ եւ անոյշ բառերով կազմուածԾիածան- բազմագոյն, աղեղնաձեւ երկնակամարի գոտի
  81) Ծաղիկ = ծաղիկ:
82) Ծաղկանոյշ = ծաղիկ եւ անոյշ բառերով շինուած անուն:
83) Ծովակ = պզտիկ ծով:
84) Ծովիկ = պզտիկ ծով:
85) Ծովինար = փայլակ:
86) Կատար = գագաթ: Կրնայ նաեւ Կատարինէ անուան կրճատեալ ձեւը ըլլալ:
87) Կատարինէ = մաքուր:
88) Կարինէ = Գայիանէ անունէն՝ հնչումի փոփոխութեամբ: Պատահական նմանութիւն ունի Կարին քաղաքի անունին հետ
89) Կիւլիզար = ոսկեվարդ:
90) Կիւլվարդ = ոսկեվարդ:
91) Կրէյս = շնորհիկ անուան անգլիական ձեւը:

Հայկաշէն- հայկական քաղաք
  92) Հազարվարդ = հազարվարդ:
93) Համեստուհի = համեստ բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
94) Հայկանոյշ = Հայկ անունով եւ անոյշ բառով շինուած անուն:
95) Հայկուհի = Հայկ անունով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
96) Հեղինէ = 1. գեղեցիկ կողով՝ զորա զարդարելով կը նուիրէին Արտեմիս չաստուածուհիին 2. Լոյս:
97) Հերա = տե՝ս Հերանոյշ:
98) Հերանոյշ = հեր եւ անոյշ բառերով շինուած անուն:
99) Հերմինէ = կապ ունի Հերմէս չաստուծոյ հետ:
100) Հնազանդ = հլու, խոնարհ:
101) Հուրի(կ) = երկնային, սեւաչեայ գեղեցկուհի:
102) Հռիփսիմէ = ընկեցեալ:
103) Հրանոյշ = կրակ եւ անոյշ բառերով շինուած անուն:
104) Ձուիկ = պզտիկ ձու, հաւկիթ:

Մայրանուշ- մայր եւ անուշ բառերէն կազմուածՄագթաղինէ- ֆրանսերէն Magdelaine, MadeleineՄաննիկ- ֆրանսերէն MoniqueՄարիժան-ֆրանսերէն Marie-Jeanne
  105) Մաթիլտ = քաջ պատերազմիկուհի:
106) Մակի = մարգրիտի կրճատեալ ձեւերէն:
107) Մանիշակ = Մանուշակ = ծանօթ ծաղիկի անունը:
108) Մաննիկ = ծագումը անյայտ:
109) Մարալ = եղնիկ:
110) Մարգ(ա)րիտ = թանկագին քար:
111) Մարկ = տե՝ս Մարգ(ա)րիտ:
112) Մարթա = տիրուհի:
113) Մարի(ամ) = 1. լուսաւորեալ 2. պարկեշտ, համեստ կին. 3. աղախին:
114) Մարիցա = տե՝ս Մարի:
115) Մատլէն = Մագթաղենիի Ֆրանսական ձեւ:
116) Մաքրուհի = մաքուր բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
117) Մելինէ = հացի (ծառ):
118) Յասմիկ = ծանօթ ծաղիկը:

Նանէ-Քաղդէական դիցուհի, Արամազդի աղջիկը AthénaՆարգէս-համանուն ծաղիկըՆարինէ- Պարսկական ծագում ունիՆարդուհի- նարդոս, (անուշահոտ իւղ մը)- բառէն ձեւափոխուածՆուշիկ-փոքր նուշՆունէ-Կովկասեան ծագում ունի
  119) Նազելի = ծեքծեքուն, սիրուն:
120) Նազենիկ = տե՝ս Նազելի:
121) Նազիկ = տե՝ս Նազելի:
21-2) Նայատ = ըստ Յունական դիցաբանութեան՝ հոսուն ջուրերու չաստուածուհին, գետերու յաւերժահարսը
122) Նայիրա = Հայաստանի հին անուններէն:
123) Նելլի = տե՝ս Հեղինէ:
124) Նեկտար = հիւթ, հոյզ:
125) Նոյեմզար = Նոյ նահապետի կնոջ անունը:
126) Նոյեմի = իմ քաղցրութիւնս:
127) Նորա = Լէոնորա, Էլիանոր, անուններուն կրճատեալ ձեւը: Կը նշանակէ լոյս:
128) Նուարդ = 1. ընծայ, պարգեւ. 2. նորաբաց՝ նորածիլ վարդ:
129) Նուէր = ընծայ:
130) Նունուֆար = ծանօթ ծաղիկը:
131) Նուրիցա = լուսաւոր, լուսեղէն:

 Շայիկ, Շահինիկ- Շահանին իգականըՇամիրամ- Պարսկական ծագում ունի Sémiramis
131-2) Շաղիկ =Շաղոսկի անուան փաղաքշական ձևը
132) Շահանդուխտ = թագաւորներու դուստր:
133) Շաքէ = ծագումը անյայտ:
134) Շնորհիկ = շնորհ բառէն:
135) Շողեր = շող բառի յոգնակին:
136) Շողիկ = պզտիկ շող:
137) Շուշան(իկ) = ծանօթ ծաղիկը:
138) Շուշիկ = Շուշանիկի կրճատեալ ձեւերէն:
139) Ոսկեհատ = ոսկի եւ հատ բառերով շինուած անուն:
140) Ոսկի = ոսկի բառէն:
141) Ովսաննա = օրհներգութիւն:
142) Պայծառ = լուսաւոր, փայլուն:
143) Պեթթի = կրնայ Էլիզապէթ անուան կրճատեալ ձեւերէն ըլլալ:
144) Պերթա = փայլուն:
145) Պերճանոյշ = պերճի դուստրը:
146) Պերճուհի = փառաւորուհի:
147) Պէաթրիս = երջանկացնող:
148) Ռեբեկա = հանգոյց, կապ: (Եբրայերէն):
149) Ռեհան = ծանօթ բոյսը:
150) Ռիթա = Մարկարիթա (Մարգրիտ) օտար անունին կրճատուած եւ գգուական ձեւն է: Կը նշանակէ թանկագին քար:
151) Ռոզ(ին) = տե՛ս Վարդուհի:

Սիմա- Հռիփսիմէին կրճատուած ձեւըՍիրազարդ- սէր եւ զարդ բառերով կազմուած էՍիրոյշ- քաղցր սէրՍիրուհի- սիրեցեալ
  152) Սաթենիկ = սաթ (թանկագին քար) բառով եւ ենիկ մասնիկով կազմուած անուն:
153) Սալբի = նոճի:
153-2) Սանդուխտ =սան եւ դուխտ (դուստր) բառերէն կազմուած անուն
154) Սառա = իշխանուհի, թագուհի:
155) Սեդա = տիրուհի:
156) Սեզա = ծագումը անյայտ:
157) Սեսիլ = կոյր:
158) Սիլվա = անտառաբնակ:
159) Սիրան(ոյշ) = սէր եւ անոյշ բառերով շինուած:
160) Սիրարփի = սիրոյ արեգակ:
161) Սիրուն = գեղեցիկ, անուշիկ:
162) Սիրվարդ = սիրոյ վարդ:
163) Սիւզան, Սիւզի = շուշան:
164) Սոնա = բարձրահասակ 2. էգ բադ
165) Սոնիա = տե՝ս Սոնա:
166) Սոֆի(ա) = իմաստութիւն:
167) Սրբուհի = Սուրբ կին կամ աղջիկ:
168) Սօս, Սօսի = ծանօթ ծառը:

Վանոյշ- Վան քաղաքին անունով եւ ուշ մասնիկով կազմուած էՎարդահեր-վարդ եւ հեր բառերով կազմուած էՎարդենի- վարդի թուփ
  169) Վալանթին = ուժեղ, զօրաւոր:
170) Վանուհի = վան բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
171) Վարդանոյշ = Վարդան անունէն եւ անոյշ բառէն շինուած անուն:
172) Վարդիթեռ = վարդի թերթ:
173) Վարդուհի = վարդի թերթ:
174) Վարդուհի = վարդ բառով եւ ուհի մասնիկով շինուած անուն:
175) Վարսենիկ = լաւ մազերով:
176) Վեհանոյշ = վեհ եւ անոյշ բառէն շինուած անուն:
177) Վերա = ծագումը անյայտ:
178) Վերգինէ = կոյս, աղջիկ:
179) Վերժին = տե՛ս Վերգինէ:
180) Վիքթորիա = յաղթութիւն:
181) Վրէժուհի = վրէժ բառով եւ ուհի մասնիկով կազմուած անուն:
182) Տալիթա = աղջիկ (Եբրայերէն)
183) Տիանա = չաստուածուհի: (Անաիտ)
184) Տիգրանուհի = Տիգրան անունով ուհի մասնիկով կազմուած անուն:
185) Տիրուհի = տէր բառով ուհի մասնիկով կազմուած անուն:
186) Ցօղիկ = ցօղ բառէն յառաջացած անուն:

 Փառուհի-փառաւորՓայլիկ-ճառագայթՓաթիլ-ձիւնահատ
186-2) Փայլածուն = ծանօթ մոլորակը
187) Փայլուն = լուսաւոր, լուսացող:
188) Փառանձեմ = կրնայ Պարսկական ծագում ունենալ:
189) Փերուզ = երկնագոյն թանկագին քար մը:
190) Քլարա = փայլուն:
191) Քնար(իկ) = լարաւոր նուագարան մը:
192) Քրիստինէ = Քրիստոսի պատկանող:
193) Օֆելիա = օձ:
194) Ֆլորա = ծաղիկներ:
195) Ֆիմի = տե՛ս Եւփիմէ 
 Ֆիլօմէն-Լատիներէն ծագում ունի

 
Գեղեցիկ հայկական արական անձնանուններ եւ իրենց իմաստները:

1) Աբգար = կաղ:
2) Աբէլ = 1. սուգ 2. հօտի առաջնորդ 3. ունայնասիրութիւն:
3) Աբիսողոմ = խաղաղութեան հայր:
4) Աբրահամ = ժողովուրդի կամ բազմութեան հայր:
5) Ադամ = հող, երկիր:
6) Ազատ = ոչ-ստրուկ, անկախ:
7) Ազնաւուր = հսկայ, վիթխարի մարդ, դիւցազն:
8) Աթանաս = անմահ:
9) Ալիշան = ծագումը անյայտ:
10) Ալեքս = Աղեքսանդրի կրճատուած ձեւերէն:
11) Ալեքսան = տես Աղեքսանդր:
12) Ալպեր = ազնուօրէն փայլուն:
13) Ահարոն = լեռնաբնակ:
14) Աղաթօն = լաւ, բարի:
15) Աղան = ազնուական, իշխան:
16) Աղասի = իր աղան:
17) Աղեքսանդր – մարդոց պաշտպան՝ օգնական:
18) Անանիա = աստուածաշնորհ:
19) Անդրանիկ = մեծ, երէց, աւագ, առաջին:
20) Անդրէաս = առնական:
21) Անուշաւան = 1. անմահ հոգի 2. քաղցր գիւղ:
22) Անտոն = աշխարհի հայր:
23) Անտրէ = առնական, առնացի:
24) Աշոտ = ծագումը անյայտ:
25) Առաքել = ղրկել, ուղարկել:
26) Ասատուր = աստուածատուր անունին կրճատուած ձեւերէն:
27) Ասպետ = ձիաւոր իշխան:
28) Աստուածատուր = Աստուծոյ տուածը:
29) Ատոմ = ծագումը անյայտ:
30) Ատրուշան = հեթանոսական բագին:
31) Արա = դիցաբանական անուն:
32) Արամ = 1. Արամէ թագաւորի անունին կրճատեալ ձեւը, 2. հանգիստ:
33) Արամայիս = քաղցր, մեղմ, քաղցրաբարոյ:
34) Արարատ = լերան անուն:
35) Արեւիկ = արեգակ, արփի:
36) Արթիւր = բարձր, ազնիւ:
37) Արթուն = ոչ-քնացած:
38) Արիստակէս = 1. մեռեալներու յարութիւն: 2. գերագոյն իշխան:
39) Արծիւ = ծանօթ թռչնազգին:
40) Արման = փափաք, կարօտ:
41) Արմենակ = Հայոց նահապետներէն:
42) Արմէն = 1. Արմենակ անունին կրճատուած ձեւը: 2. Հայ:
43) Արշակ = 1. արջուկ: 2. արու:
44) Արշամ = արջի ոյժ ունեցող:
45) Արշաւիր = այր մարդ, տղամարդ:
46) Արսէն = այր, տղամարդ:
47) Արտակ =  փաղաքշական ձեւ
Արտաւազդ, Արտաւան անուններուն :
48) Արտաշէս = արդարութեան իշխող:
49) Արտաւազդ = որուն արդարութիւնը հաստատուն է:
50) Արփիար = հաւանաբար արփի եւ այր բառերով շինուած անուն:
51) Աւագ = երէց, անդրանիկ, մեծ:
52) Աւետիք, Աւետիս = բարի լուր:
53) Բաբգէն = հայրիկ:

Անաստաս = հին Յունարէն- յարութիւն
Արամազդ = Իրանեան Ահուրամազդա չաստուածն է որ կը համապատասխանէ Զեւսին: Բոլոր բերքերու եւ պտուղներու չաստուածը կը համարուի:
Արեգ = արեգակ, արեւ. Արեգնազի արական ձեւը
Արևշատ = երկար կեանք
Արիս = Արիստագէսի կրճատուածը
Արդաւան = պատուաւոր 54) Բագ(ա)րատ = Միհր չաստուծոյ ստեղծածը կամ տուածը:
55) Բակուր = Աստուածորդի:
56) Բարթողիմէոս = Աստուծոյ որդի կամ եղբօրորդի:
57) Բարունակ = Ճիւղ, ոստ:
58) Բարսեղ = թագաւոր:
59) Բիւզանդ = Բիւզանդիոն (Պոլիս) քաղաքի անունէն շինուած անուն:

Բիւրակ = հազարաւոր ակ
  60-1) Բենիամին = 1. աջ ձեռքի զաւակ՝ (այսինքն բախտաւոր) 2. Տան կրտսեր զաւակը:
60-2-) Բօլ- Պօղոս անուան եւրոպական ձեւը
61) Գաբրիէլ = Աստուծոյ մարդ, Աստուծոյ հերոս:
62) Գագիկ = Ասորիական ծագում ունի:
63) Գալուստ = հոգեգալուստ բառին կրճատուած ձեւը:
64) Գամեր = լուսին:
65) Գառնիկ = գառն (ոչխարի ձագ) բառի փաղաքշական ձեւը:
66) Գասպար = արեւելեան ծագում ունի:
67) Գարեգին = ծագումը անյայտ:
68) Գեղամ = կրնայ Գեղամայ ծով տեղանունէն շինուած անուն ըլլալ:
69) Գերասիմ = պատուաւոր, յարգելի:
70) Գէորգ = երկրագործ, հողագործ:
71) Գիսակ = վարս, ծամ, մազ:
72) Գիւտ = գտնուած բան:
73) Գնէլ = գնուած:
74) Գուրգէն = գայլի պէս քաջ:
75) Գրիգոր = արթուն, պահակ:
76) Դանիէլ = Աստուած դատաւորս է:
77) Դաւիթ = սիրելի, սիրեցեալ:
78) Դերենիկ = վանքի որդի, ուխտի զաւակ:
78-2) Դրաստամատ- ան որ ուղիղ քալուածքով եկաւ
79) Եդուարդ = լաւ պահակ:
80) Եզեկիէլ = Աստուած պիտի զօրացնէ:
81) Եզնիկ = պզտիկ եզ:
82) Եղիա = Եհովան է Աստուածս:
83) Եղիազար = Աստուած օգնական է:
84) Եղիշէ = Աստուած Տէր է:
85) Ենովք = նուիրեալ:
86) Եսայի = Տիրոջ փրկութիւն:
87) Երանոս = խաղաղարար, խաղաղասէր:
88) Երեմիա = 1. Աստուած դրաւ հիմը 2. լքեալ:
89) Երկաթ = ծանօթ մետաղը:
90) Երուանդ = արագընթաց:
91) Եփրեմ = պտղաւէտ, փարթամ:
92) Զատիկ = Յարութիւն:
93) Զարեհ = Իրանական ծագում ունի:
94) Զարմայր = զարմանալի այր:
95) Զաւէն = օգնող, օգնական:
96) Զաքար (իա) = Տիրոջ յիշատակը:
97) Զգօն = խելացի, իմաստուն:
98) Զօհրապ = կարմրափայլ:
99) Էմմանուէլ = Աստուած մեզի հետ է: Կրճատ ձեւերէն է Մանուէլը:
100) Էտկար = Գեղարդ:
101) Ընծայ = պարգեւ:
102) Թագւոր = թագաւոր:
103) Թադէոս = իմաստուն:
104) Թաթուլ = թաթ (անասուններու առջեւի ոտքը) բառին փաղաքշական ձեւը:
105) Թովմաս = բուն նշանակութիւնն է երկուորեակ. սակայն յետագային նշանակած է նաեւ թերահաւատ՝ Թովմաս առաքեալի պատճառով:
106) Թորգոմ = Աստուածասէր:
107) Թորոս = Աստուածասէր: Թէոդորոս անունին կրճատեալ ձեւն է:
108) Ժագ = Յակոբ անունին Ֆրանսական ձեւը:
109) Ժան = Յովհաննէս անունին Ֆրանսական ձեւն է:
110) ժիրայր = ժիր տղամարդ:
111) Ժորժ = Գէորգ անունին Ֆրանսական ձեւն է:
112) Իգնատիոս = հրեղէն, լուսաւոր:
113) Իշխան = իշխող, ազնուական:
114) Իսահակ = տե՛ս Սահակ:
115) Լեւոն = առիւծ:
116) Լիպարիտ = ծագումը անյայտ:
117) Լութֆի(կ) = Լուդովիկոս անուան Գերմանական ձեւն է: Կը նշանակէ հռչակաւոր պատերազմիկ:
118) Լուտեր = Հրչակաւոր պատերազմիկ:
119) Խադ = Թուր, սուր:
120) Խաժակ = Կապուտաչեայ:
121) Խաչատուր = Խաչի տուածը:
122) Խաչեր = Խաչ բառի յոգնակին կամ խաչերես անունին կրճատումը:
122-2) Խաչերես- խաչ եւ երես բառերէն կազմուած անուն:
123) Խաչիկ = պզտիկ խաչ, կամ՛ Խաչատուր անունին փաղաքչական ձեւը:
124) Խոսրով = բարեհամբաւ, հռչակաւոր, անուանի:
125) Խորէն = արեւիկ:
126) Ծատուր = Աստուածատուր անուան կրճատուած ձեւերէն:
127) Ծերօն = ծեր բառէն յառաջացած անուն:
128) Կայծակ = փայլակ:
129) Կարապետ = թագաւորին առջեւէն գացող եւ ճամբայ բացող առաջնորդ, կարաւանի պետը: Կրճատուած ձեւերէն է Կարօ:
130) Կարէն = Իրանական ծագում ունի:
131) Կարպիս = Կարապետ անունին կրճատուած ձեւերէն:
132) Կիրակոս = տէրունի, տէրունական:
133) Կիւրեղ = տիրաբար, իշխանաբար:
134) Կոմիտաս = երկար մազերով, մազոտ:
135) Կոմս = իշխան:
136) Կոստանդին = դիմացկուն, հաստատուն, ամուր:
137) Կորիւն = առիւծի ձագ, հերոս:

Կիւլպէնկ = վարդէ խալ
  138) Համազասպ = ան որ խումբով ձիեր ունի:
139) Համբարձում = Քրիստոսի համբարձման ակնարկութեամբ ստեղծուած անուն:
140) Հայկազ(ուն) = Հայկի սերունդէն:
141) Հայկ(ակ) = հսկայ:
142) Հայրապետ = կաթողիկոս, վանահայր:
143) Հանրի-Հենրի
= տուն կառավարող
144) Հմայեակ = օրհնեալ:
145) Հրայր = կրակէ մարդ:
146) Հրանդ = կրակ:
147) Հրաչ(եայ) = կրակէ աչք ունեցող:
148) Ղազար(ոս) =  Յունարէն «Աստուած իմ օգնականս է»: Եղիազար անունին կրճատուած ձեւն է:
149) Ղարիպ = 1. պանդուխտ 2. զարմանալի, տարօրինակ:
150) Ղեւոնդ = Լեւոն անունն է:
151) Ղուկաս = Յարութիւն:
152) Ճանիկ = հաւանաբար նշանակէ հոգեակ:
153) Ճոն = Յովհաննէս անունին անգլիական ձեւը կամ դերձակ:
153-2) Մակար = երջանիկ, բախտաւոր
154) Մամբրէ =1. յստակութիւն 2. պարարտ:
155) Մամիկոն = Չինական ծագում ունի:
156) Մանասէ = մոռացուցիչ:
157) Մանկասար = մանուկներու գլուխը՛ ուսուցիչ:
158) Մանուէլ = Էմմանուէլի կրճատեալ ձեւը: Կը նշանակէ «Աստուած մեզի հետ է»:
159) Մանուկ = պզտիկ երախայ կամ զինուոր:
160) Մասիս = Արարատ լեռը:
161) Մատթէոս =  ձիրք:
162) Մարգար(է) = գուշակող:
163) Մարզպետ = կուսակալ, մարզպան:
164) Մարկոս = 1. վտիտ, հիւծուած 2. Հրատ մոլորակի ծնունդ:
165) Մարտիկ = մարտիկ:
166) Մարտիրոս = վկայ, նահատակ:
167) Մելիք = իշխան, թագաւոր:
168) Մելքիսեթեկ = արդարութեան թագաւոր:
169) Մելքոն = լոյսի թագաւոր:
170) Մեսիա = օծեալ:
171) Մեսրոպ = բերկրեալ:
172) Միհրան = արեգակ, սէր, բարեկամութիւն:
173) Միհրդատ = Միհր չաստուծոյ ստեղծածը:
174) Մինաս = Պարսկական ծագում-լուսին:
175) Միսակ, Միսաք = Բաբելոն:
176) Միրաք = իշխանիկ:
177) Միքայել = ո՞վ է Աստուծոյ պէս:
178) Մլեհ = սիրուն, գեղեցիկ:
179) Մխիթար = սփոփանք, մխիթարանք:
180) Մկրտիչ = մկրտող, կնքող:
181) Մհեր = արեգակ:
182) Մովսէս = ջուրէն փրկուած կամ հանուած բայց շատ հաւանաբար եգիպտական անուն մը
183) Մուշեղ = Հաթեան ծագում ունի:
184) Մուրատ = փափաք, ցանկութիւն:

Մեղրիկ = մեղրի կաթիլ
Մեծատուր = վեհութիւն 185) Յաբեթ =  1. ընդարձակում, 2.գեղեցկութիւն:
186) Յակոբ = 1. կրունկէն բռնող, 2. Խաբող:
187) Յարութ (իւն) = Զատիկ:
188) Յովակիմ = Աստուած յարեաւ:
189) Յովան = տե՛ս Յովհաննես:
189-2) Յովէլ = Աստուծոյ սիրելի
190) Յովհաննէս = աստուածաշնորհ
191) Յովնան = աղաւնի:
192) Յովսէփ = թող աւելցնէ (պզտիկներ):
193) Յուսիկ = յոյս բառով եւ իկ մասնիկով շինուած անուն:
194) Նազար = նայուածք, հայեացք:
195) Նազարէթ = Պաղեստինի քաղաքներէն մէկուն անունը:
196) Նահապէտ = նախահայր:
197) Նայիրի = Հայաստանի տրուած հին անուններէն շինուած անուն:
198) Ներսէս = Ներսէհ անունէն յառաջացած անուն:
198-2) Նժդեհ =պանդուխտ
199) Նիկոլ = տե՛ս Նիկողայոս:
200) Նիկողայոս = ժողովրդայաղթ:
201) Նշան = նշան:
202) Նորայր = նոր մարդ:
203) Նուպար = 1. առաջին պտուղ 2. երեք տարեկան էգ գոմէշ

Նարեկ = Վան քաղաքի վանքը 
(պատմական Հայաստան)
Նաւասարդ = ամանոր
Նորվան = Հայասանի վանքերէն մին
Նուրհան = Պարսկական ծագում ունեցող անուն 204) Շահան = կրճատեալ ձեւ Շահանշահ անուան որ կը նշանակէ արքայից արքայ:
205) Շահէ = ծագումը անորոշ:
206) Շահէն = խոշոր եւ սպիտակ բազէ:
207) Շահնուր = ծագումը անյայտ:
208) Շանթ = կայծակ:
209) Շաւարշ = ան որ սեւ՝  արու ձիեր կը պահէ:
210) Շմաւոն = լսող, հնազանդող: Ասկէ յառաջացած է Սիմոն անունը:
211) Շնորհք = շնորհ:

Շիրակ = Հայաստանի գաւառներէն մին
Շիրազ = Պարսկական ծագում -առիւծ 212) Ոսկան = ոսկի բառէն:
213) Ոսկեբերան = ճարտասան:
214) Ոստանիկ = ազնուական, ազատ քաղաքէ:
215) Պաղտասար = արեւելեան ծագում ունի:
216) Պատրիկ = իշխանական աստիճան:
217) Պարգեւ = ընծայ:
218) Պարէտ = վերակացու, հսկող:
219) Պարոյր = շրջան, պտոյտ:

Պարթեւ = հսկայ, զօրաւոր
  220) Պեռնար = արջի պէս քաջ:
221) Պետիկ = Պետրոս անունին կրճատեալ եւ գգուական ձեւը:
222) Պետրոս = քար, վէմ:
223) Պերճ = փառաւոր:
224) Պսակ = տե՛ս պսակ բառը:
225) Պօղոս = փոքր, փոքրիկ, սակաւիկ:
225-2) Ռաֆայէլ =Աստուծոյ բժշկութիւն
226) Ռաֆֆի = 1. բարձրացնող 2. վրան ցոլացող փայլակ. կամ պերճ՝ մեծափառ անձ:
227) Ռեթէոս = աստուածանուէր:
228) Ռոպէր = հռչակաւոր, անուանի:
229) Ռոստոմ = ուժգին գետ կամ հեղեղ:
230) Ռուբէն = Տե՛ս որդի (կոչական)
231) Սահակ = 1.ծիծաղ կամ ուրախութիւն 2. խնդումերես
232) Սամուէլ = Աստուած լսեց:
233) Սամսոն = արեւ, արեգակ:
234) Սասուն = գաւառի անուն:
235) Սարգիս = ծիածան:
236) Սարհատ = սահման, սահմանագլուխ:
237) Սեդրակ, Սեդրաք = բաբելական ծագում ունի:
238) Սեպուհ =
Պարսկական ծագումով - սպայ
  239) Սերճ = տե՛ս Սարգիս:
240) Սերովբէ = հրեշտակներու դաս մը:
241) Սեւակ = սեւ աչք:
242) Սեւան = Սեւանայ ծովուն անունէն յառաջացած անուն:
243) Սիմոն = տե՛ս Շմաւոն:
244) Սիոն = 1. Պաղեստինի լեռներէն, 2. Երուսաղէմ:
245) Սիսակ = ծագումը անյայտ:
246) Սիրական = աիրելի:
247) Սիրաք = Եբրայական ծագում ունի:
248) Սմբատ =
Արաբական ծագում - առիւծ
  249) Սոկրատ = անվթար զօրութիւն:
250) Սողոմոն = 1. կատարեալ 2. խաղարարար:
251) Սուրէն = ուժեղ, զօրաւոր:
252) Սուքիաս = հանդարտ, խաղաղ:
253) Ստեփան(նոս) = պսակ:
254) Սրապի(ոն) = ունի յունական ծագում:
255) Վազգէն = գորտ:
256) Վահագ(ն) = յաղթական:
257) Վահան = տե՛ս Վահագն, 2. մկունդ, ասպար
258) Վահանիկ, Վահիկ = տե՛ս Վահան:
259) Վահէ =լաւագոյն:
260)
Վահրամ = Պարսկական ծագում-անձրեւ:
261) Վահրիճ = բարեհոս, լաւ հոսող:
262) Վաղարշ(ակ) = Իրանական անուն:
263) Վաղինակ =
Պարսկական ծագում ունի:
264) Վանական = վանքի միաբան:
264-2) Վանիկ=թերեւս Յովհանիկ անունին կրճատուած ձեւը. Վան քաղաքի անունէն յառաջացած կրնայ ըլլալ նաեւ
265) Վաչէ = ձագուկ:
265-2) Վարազդատ =վարազ կենդանիին անունէն շինուած անուն
266) Վարդ = ծանօթ ծաղիկը:
267) Վարդան = Իրանական ծագում ունի:
268) Վարդավառ = ծանօթ տօնէն շինուած անուն:
269) Վարդգէս = վարդագոյն մազեր ունեցող, ոսկեհեր:
270) Վարուժ(ան) = տատրակ  թռչունին արուն:
271) Վիգէն = յաղթական:
272) Վռամ = տե՛ս Վահագն:
273) Վռամշապուհ = Վռամ եւ Շապուհ անուններէն շինուած անուն:
274) Վրէժ = ոխ, ոխակալութիւն:
275) Վրթանէս = ծագումը անյայտ:
276) Տաթեւ = Տաթեւ վանքի անունով շինուած անուն:
277)
Տաճատ = Պարսկական ծագում- ընծայ, նուէր, պարգեւ :
278) Տատուր = Աստուածատուր անունէն ձեւափոխուած :
279) Տարօն = համանուն գաւառէն առնուած:
280) Տաքէս = ծագումը անյայտ:
281) Տիգրան = Իրանական անուն:
282) Տիրայր = Տիրոջ մարդ:
283) Տիրան = Տիր չաստուծոյ անունով կազմուած անուն:
284) Տրդատ = Տիր չաստուծոյ տուածը:
285) Տօնապետ = տօնակատարութեան մը կամ խնճոյքի մը պատասխանատու:
286) Տօնիկ = պզտիկ տօն կամ տօնական բառին կրճատուած ձեւը
287) Րաֆֆի = տե՛ս Ռաֆֆի:
288) Ցաւակ = թերեւս ցաւող աչք իմաստով:
288-2) Ցոլակ =յառաջացած է ցոլ, ցոլալ բառերէն
289) Փայլակ = կայծակ:
290) Փանոս = փայլուն, մաքրափայլ:
291) Փառէն = փառք բառէն յաոաջացած:
291-2) Փարամազ =կուսակալ
292) Փիլիպպոս = ձիասէր:
293) Քաջայր = քաջ մարդ:
294) Քերոբ = տե՛ս Քերովբէ:
295) Քերովբէ = հրեշտակ:
296) Քրիստափոր = Քրիստոսաբեր, Քրիստոսակիր:
297) Օգսէն = Յունական ծագում ունի:
298) Օննիկ = հաւանաբար Յովհաննէս անունէն յառաջացած է
299) Օշին = ծոթրին, ուրց, անուշահոտ բոյս մը:
300)ֆիրուզ-Յաղթող, յաղթական
301)Ֆրանսուա-Ազատ

jeudi 11 mai 2017

♥ ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ ♥ 3

ՄԱՅՐԵՐՈՒ ՏՕՆ
Մայրերու օրը ամենամեծ տօնն է, զոր մարդիկ երբեք ստեղծած ըլլան, իրենց երախտագիտական եւ գնահատական զգացումները լաւագոյն կերպով արտայայտելու այն նիւթական, բարոյական եւ ֆիզիքական անպատմելի զոհողութիւններուն հանդէպ, զորս մայրեր անսակարկ կը կատարեն:
Մայրը կեանքին ծնունդ տուող կեանքն իսկ է: Կեանքի յաւերժականութիւնն է, մարդկային շղթայի յարատեւման ամրակուռ խարիսխն է, ստեղծագործական ակնաղբիւր եւ սերունդներու մեծ ծառին հրամայական աւիշն է:

Աշխարհ եկած մայրութեամբ, աշխարհին հետ մեր առաջին ծանօթացումի մէջ մեր աչքերուն կախուած գտանք զոյգ մը գորովայորդ ակնարկներ, զոյգ մը բեղուն ժպիտներ, որոնք մեզի ապահովութիւն, վստահութիւն ներշնչեցին, որոնք մեր սրտէն խլեցին հարազատ կանչը, մայրութեան տիտղոսը: Ու այդ կանչը մեծցաւ, իմաստաւորուեցաւ, բեղմնաւորուեցաւ՝ դարձաւ արուեստի զանազան արտայայտութիւններ:

Անծանօթ աշխարհին մէջ, սարսափահար, կեանքին կապուիլ սկսանք, կեանքը ճանչնալ սկսանք, մարդոց ժպտիլ ու մարդոց հետ մարդանալ սկսանք շնորհիւ այն մեծ կապին, որ հանդիսացաւ մեր մայրը:
 ՄՕՐ ԴԵՐԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԸՆԴՄԷՋԷՆ

Մեծ ազգեր ծնունդ եղած են լաւ մայրերու: Պատմութիւնը մեզի ծանօթ ժամանակաշրջանէն սկսեալ կը յիշուի Մայրերու տիրապետութեամբ, այսինքն՝ Մայրապետութեամբ: Որովհետեւ հին ատեն մայրերն էին իրենց ընտանիքի պետերը: 

Նախապատմական շրջանին, երբ տակաւին մարդիկ թափառաշրջիկ էին, հողագործութեան գաղափարը չունէին եւ կը կերակրուէին որսի միսով, այր մարդիկ շարունակ պարտաւոր էին անցնիլ զանազան շրջաններ, երբեմն անոնք տուն չէին վերադառնար եւ առանձինն կը թողէին իրենց կիները իրենց զաւակներուն հետ: 

Բնականաբար այս պայմաններուն մէջ, երբեմն անծնօթ մի քանի պատահական ամուսիններ ունենալով հանդերձ զաւակները կը պատկանէին իրենց մօր, կը կրէին անոր անունը: Սակայն, երբ հողագործութիւնը այր մարդիկը կապեց իրենց հայրենիքին, անոնք տան տէրը մնացին: Աւելի ուշ, երբ ազգութիւններ կազմուեցան, ցեղային զանազան ինքնուրույն մշակոյթներ սկսան ծաղկիլ, այս անգամ մայրը հանդիսացաւ իր ընտանիքին եւ զաւկին կարեւորագոյն նեցուկն ու դաստիարակը:

Իսկ հայկական իրականութեան մէջ միշտ բարձր եղած է մօրը վստահուած պարտականութիւնը, ընտանիքի տնտեսական, կրթական թէ բարոյական հեղինակութեան տեսակէտէն:

ՄՕՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Պատմութիւնը մեզի կը խօսի հսկայ կայսրութիւններու եւ մեծ քաղաքակրթութիւններու մասին: Մեծ քաղաքագէտներ, մեծ իմաստասէրներ ու մեծ մտածողներ իրենց տաղանդը ի սպաս դրած են կայսրութիւններու եւ քաղաքակրթութիւններու կերտման, բայց ինչո՞ւ անոնց հաստատած սկզբունքները չկարողացան տոկալ ժամանակի փոփոխութիւններուն, ինչո՞ւ տկարացան անոնց հզօր բանակները, դաւերով եւ խարդաւանքներով փուլ եկան կայսրութիւնները, աղօտեցան ու բարբարոսացան քաղաքակրթութիւններ, ինչո՞ւ... պարզ այն պատճառով, որ մայրերը դադրեցան իրենց մայրական պարտականութիւնները կատարելէ եւ սկսան իբրեւ կին ապրիլ առաւելաբար քան իբրեւ մայր, իրենց ժամանակը վատնելով մեծ մասամբ շուայտ եւ ցոփ կեանքի անհատնում վայելքներու մէջ:
Բանակները անհրաժեշտ են, քաղաքակրթութիւնները նոյնքան անհրաժեշտ են երկրի մը տնտեսական միջոգներուն հետ, տուեալ ժողովուրդին ապահովութիւն եւ բարգաւաճում շնորհելու, սակայն, այդ բոլորը անզօր են եթէ հաւասարակշռուած չեն այդ ազգի մայրերու բարոյական զօրութեամբ եւ նուիրումի, ծառայասիրութեան պատրաստակամութեամբ:
  
 ԱՅԼԱՍԵՐԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ

Այսօր, դժգոհ են սերունդները, դժգոհ են եւ կը դիմեն այլասերման ամէն տեսակ միջոցի: Կը բողոքեն բրտութեամբ եւ յարձակողականութեամբ աշխարհը կը փորձեն կրակի տալ:Տագնապի մէջ է համայն մարդկութիւնը. կը ճարճատին, կը սնանկանան դարաւոր արժէքներն ու ընկերային չափանիշները: Արագընթաց փոփոխութիւններու գլանին տակ կը հարթուին սկզբունքները, իսկ անոնց տեղ հաստատուած նորեր իրենց կարգին նորարարութեան այլ ալիքներուն կուլ կ՛երթան: Կը բողոքեն հասնող սերունդները, կը պայքարին նորերը հիներուն դէմ, նիզակ կե ճօճեն: Սերունդները իրարու անհաշտ թշնամիներ դարձած են:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ, կը պոռթկայ երիտասարդութիւնը: Ինչո՞ւ մարդկութիւնը այլասերման կը դիմէ, ինչո՞ւ ընկերութիւնները կը քայքայուին հետզհետէ:Որովհետեւ խանգարուած է ընտանեկան երջանկութիւնը, որովհետեւ ընտանեկան մթնոլորտը կորսնցուցած է իր երբեմնի անդորրն ու սրբութիւնը:Իսկ երբ հարց կու տանք, թէ ինչպէ՞ս ընկերային այս ախտը մուտք գործեց եւ քանդեց ընտանիքը, պատճառը չենք կրնար ուրիշ տեղ որոնել, եթէ ոչ մայրերուն մօտ:
Որովհետեւ մայրերը լքեցին իրենց ընտանիքները, մայրերը հեռացան իրենց շունչով ու ներկայութեամբ քաղցրացուցած իրենց օջախներէն եւ իրենց բացակայութեամբ ստեղծուած պարապը կարելի չեղաւ լեցնել:
 ԻՍԿԱԿԱՆ ՄԱՅՐՈՒԹԻՒՆ

Փառաբանութիւննրու կողքին, մայրական անբացատրելի զոհողութիւններու մասին խօսելով հանդերձ, անհրաժեշտ կը գտնենք շեշտելու, որ այսօր, քաղաքակրթութեան համար մայրութիւնը լոկ ֆիզիքական չէ, անձնազոհութեան ու նուիրումի զանազան պերճախօս օրինակներ կարելի է վերցնել նաեւ կենդանական աշխարհէն: Ինչ որ մեզ կը բաժնէ կենդանիներէն, ատիկա մեր ընկերային մայրութիւնն է, մեր հոգեբանական, դաստիարչական եւ ընկերային անմիջական առաքելութիւնը: Իսկական մայրութիւնը մեծագոյն դաստիարչական աշխատանքն է: 

Դաստիարակութիւնը տունէն կը սկսի, մայրն է առաջին իտէալ դաստիարակը իր զաւկին: Մայրն է, որ առաջին անգամ աշխարհի վրայ ամենէն կարեւոր ու էական բաները կը փոխանցէ իր մանկան, մայրերն են, որ կը գծեն անոնց ապագայ անհատականութեան ծրագիրը, զանոնք կը ներշնչեն զանազան ուղղութեամբ եւ անոնց մէջ կ՛ուռճացնեն ձգտումներ, զիրենք նախաձեռնութիւններու կամ պատասխանատուութիւններու մղելով: Ուրեմն մի զարմանաք, եթէ կարգ մը զաւակներ գահավիժին, իսկ ուրիշներ բարձունքներ նուաճեն:Անհրաժեշտ է մօր մը զարգացումը առողջ սերունդներու գիտակից եւ առարկայական պատրաստութեան համար, սակայն զարգացումը միակ բաւարար ազդակը չէ լաւ մայրութեան մը համար, ակնարկ մը եթէ նետենք մեր իսկ անմիջական շրջապատի վրայ, պիտի տեսնենք յաճախ համեստ ընտանիքներէն բարձունքներ հասած տղաք, կամ ոչ մէկ տեղ հասած զաւակներ մեծահարուստ կամ ուսեալ ընտանիքներէն:Տանք Ձեզի կենդանի կեանքէն առնուած օրինակ մը:


 Կախաղանի չուանին մօտ աւազակին վերջին իղձը արտայայտելու առիթը կուտան: Վայրկեան մը լուռ մտածելէ ետք, երիտասարդը կը խնդրէ կախուելէ առաջ տեսնել ու համբուրել իր մայրը: Կը կատարեն աւազակ զաւկին ցանկութիւնը եւ լալահառաչ մայրը կը նետուի իր զաւկին բաց թեւերուն մէջ: Զաւակը կը խնդրէ իր մօրմէն, որ դուրս հանէ լեզուն եւ մեռնելէ առաջ անգամ մը համբուրէ զայն. եւ երբ մայրը կը կատարէ փափաքը իր որդուն, այս վերջինը կատաղանքով մը կը նետուի, կը խածնէ եւ կը պոկէ զայն զարմանքի մատնելով բոլոր ներկաները: Երբ հարց կուտան աւազակին, իր այս վայրագ արարքին պատճառը, այն նոյն կատաղանքով մը կը բացատրէ հեկեկանքին մէջ խեղդուած ձայնով:

-Եթէ դուք զիս այսօր կախաղանին վրայ կը տեսնէք, ատոր միակ պատճառը մօրս լեզուն էր: Այդ լեզուն էր, որ առաջին գողութիւններուս մէջ քաջալերեց զիս: Պաշտպանեց զիս եւ վէճ ունեցաւ դրացիներուն հետ, երբ առաջին անգամ հաւ մը գողցայ, նոյնքան բուռն կերպով պաշտպանեց, երբ մեծցան գողօնները եւ դարձայ դրամատան կողոպտիչը: Ոչ մէկ յանդիմանութիւն, ոչ մէկ դիտողութիւն:Սիրելի մայրեր, այս եւ բազմաթիւ այլ օրինակներ կարելի է թուել մեր առօրեայ փորձառական աշխարհէն, ինչպէս եւ գրականութենէն, ապացուցանելու համար այն անհրաժեշտ դաստիարակութիւնը, որ կը ծանրանայ մայրերու ուսերուն:

 ՄԱՅՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Ամէն ժողովուրդի գրականութիւնն ու արուեստները հարուստ են բարձրորակ ստեղծագործութիւններով, ուր այնքան գեղեցկօրէն կը փայլի մայրական տիպարը, իր զանազան երեսներով: Հայ գրականութիւնը եւս, յատկապէս իր բանաստեղծութեամբ գեղեցիկ եւ յուզական իրաւ ապրումներ նուիրած է հայ մօր: Հայրենի բանաստեղծութեան վարպետ՝ Աւետիք Իսահակեանի քերթողական վաստակի ամենէն յուզիչ քերթուածները կը  բացայայտեն մայրական անհուն սէրը: «Պանդուխտ Որդին», մօր բնազդական սիրոյ մասին կը վկայէ, իսկ «Մօր մը Սիրտը» վէպը մօր անհուն սիրոյն կը հակադրէ որդիական ապերախտութիւնը: Աւելի խոր եւ հիմնաւոր են այն բազմաթիւ քերթուածները, որոնք Յ. Շիրազի կողմէ նուիրուած մօր, զայն այնքան հոգեգրաւ եւ անհրաժեշտ կը դարձնեն: 

Յ.Շիրազ, այն քիչ հայ թէ օտար գրողներէն է, որոնք մայրական սիրոյ հետ եւ ուժգին արտայայտութեամբ մը կը դրսեւորեն նաեւ որդիական սէրը հանդէպ մօր, կը  շեշտէ ան այն կարեւորութիւնը, բոլոր այն առաքելութիւնները, զորս մայր մը միայն կրնայ կատարել: Հայ արձակի մէջ  մայրական սիրոյ կողքին որդիական ապերախտութեան յուզիչ դրուագ մըն է Վահէ Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս» պատմուածքը:
 ՄԱՅՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Եթէ կարդանք աշխարհի ճակատագրի մէջ իրենց հեղինակութեամբ բաժին ունեցած մարդոց կեանքը, այնտեղ անպայման պիտի հանդիպինք խոստովանութիւններու, որոնց մէջ յիշուած է մայրական առաքելութեան կատարած նախախնամական դերը: Այսպէս, Մեծն Աղեքսանդր Մակեդոնացիին սէրը հանդէպ իր մօր, ծանօթ է պատմութեան ինչպէս եւ ծանօթ է կարգ մը բռնապետ մարդոց ընթացքի բացատրութիւնը մայրական խնամքէ զրկուած ըլլալու իրողութեամբ:

Մեր պատմութեան մէջ օրհնեալ եւ բարեյիշատակ համբաւով մը կը ներկայանան հայ մայրերը եւ ասիկա սկսեալ մեր պատմութեան ամենէն վճռական հանգրուանին: Հայոց Աշխարհի փափկասուն տիկինները, հայ մայրերը, իրենց հայրենիքի եւ սուրբ գաղափարի համար այնքան վճռական եւ օրինակելի կեցուածք ունեցան, մինչեւ իսկ ուրանալով իրենց զաւակները: Ահաւասիկ ճշմարիտ դաստիարակութեան գործնական ապացոյց:Նուարդը պարտուած հայ կինն էր, որուն բարոյական զօրութիւնը սնուցեց դարեր շարունակ իր ժողովուրդը, մինչ յաղթական եւ կայսրութեան մը գլուխ նստած վաւաշոտ Շամիրամ կորսուեցաւ, իրեն հետ պատմութեան տանելով իր ժողովուրդը:

 Անցէք ժամանակագրական կարգով մեր պատմութեան բոլոր հանգրուաններէն եւ պիտի հանդիպինք հայ մօր մը, որ իր մայրական սիրոյ հետ իր զաւկին փոխանցած է այն վառ սէրը, որ անհրաժեշտ է սերունդ մը իր ազգային արժէքներուն եւ ազգութեան կապելու:

Ճէնկիզ Խան, որուն մօր շատ քիչ անգամ բարոյական ուժը նկատի առնուած էր, զարմանալով հայկական կեանքին տոկուն եւ յարատեւութեան վրայ եւ ըմբռնած անոր գաղտնիքը, հայկական քաղաքները քանդումէ զերծ կացուցանելու համար կը պնդէր միայն 50 աղջիկ, 50 հայ աղջիկ կաշառ վերցնել, թաթարներուն մէջ ընտանեկան սրբութիւն մտցնելու առաջադրութեամբ:

Հայ մայրերուն բացառիկ առաքինութիւնները երեւան եկան մանաւանդ Եղեռնի օրերուն, երբ զարնուած, հալածուած ու կոտորուած, իր պատիւով ամէն տեսակ աշխատանք կատարել յանձն առաւ մայրը պահելու համար իր ազգային արժանապատուութիւնը եւ այդ հաւատքով պահեց իր խնամքին յանձնուած զաւակները:
 ՄԱՅՐԱԿԱՆ ՍԷՐ

Հոգեբանները կը փորձեն վերլուծել զանազան սէրեր եւ անոնց տարողութեան բացատրութիւններ կուտան: Այսօրուայ ձգտումները շեշտը կը դնեն ֆիզիքական սիրոյ վրայ: Ճիշդ ըլլալով հանդերձ առոյգ եւ անսպառ ֆիզիքականի տէր անհատին համար սեռային իրականութեան գոյութիւնը սակայն անիկա իր յարատեւութեամբ չի կրնար նմանիլ եւ հաւասարիլ մայրական սիրոյ, որ այնքան անսակարկ է, այնքան անխարդախ է, անշահախնդիր: 

Միւս ամէն սէր ժամանակաւոր է, սակայն ոչ մէկ պարագայի տակ մայր մը իր սիրոյ մէջ տկարանալ գիտէ, իր նուիրումին մէջ թեթեւանալ գիտէ: Ասիկա գլխաւորաբար անոր համար, որ հոգեկանին եւ զգացականին կը միանայ ֆիզիքականը: Որովհետեւ իրաւունք ունի Ֆրէօյտ, երբ կ՛ըսէ թէ կինը ամէն բանէ առաջ գոհացում կը փնտռէ, սակայն, նոյնքան իրաւունք ունի իր աշակերտը, երբ կ՛աւելցնէ թէ կինը իր իսկական դերը կը կատարէ եւ իր իրաւ լինելութեան մէջ կը գտնուի այն ատեն միայն, երբ մայր կը դառնայ, որովհետեւ իր զաւակը իր մարմնին, իր հոգեկանին մէկ շարունակութիւնն է, որ յարատեւութիւնն ու երկարաձգտումն է, իր առարկայական գոյութիւնն ու պատկերն է:

Մայրական անսակարկ սիրով կը բացատրուի նաեւ հարս-կէսուր վէճը: Արդարեւ, իր զաւկին կապուած, զայն տարիներով իրը նկատած մայրը չի կրնար հաշտուիլ զայն իրմէ խլուած տեսնելու իրականութեան հետ:
 ՄԱՅՐԵՐ ԳԱՂԱՓԱՐԱՓԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ

Չեն մեռնիր այն ժողովուրդները, որոնց մայրերը գաղափարապաշտութիւն ունին, որոնց մայրերը սիրել գիտեն իրենց զաւակները եւ զանոնք հայրենասիրական, մարդկային ուղիին մէջ դնել գիտեն: Մանաւանդ սիրոյ հետ անոնց կարգապահութիւն ներշնչել գիտեն, զանոնք մեթոտներու վարժեցնել գիտեն:

Այսօր մենք մեր մայրերէն կը պահանջենք գաղափարապաշտութիւն. անցեալին նման տէր կանգնին հոգեւոր եւ մտաւոր արժէքներուն: Այս գաղափարաբանութիւնը՝ մայրերը այսօր կը տանի այլ ծայրայեղութիւններու: Անոնք մոռցած իրենց մայրական առաջնահերթ պարտաւորութիւնները, մուտք կը գործեն ընկերային գործունէութեան այլազան կալուածներէն ներս: Դէմ չենք այս բոլորին, դէմ չենք կանացի աշխատանքին, բայց բուռն կերպով կ՛ընդդիմանանք այդ աշխատանքին, եթէ ատոր պատճառով մայրեր պիտի թերանան իրենց պարտականութեանց մէջ: 

Այս պարագային այս աշխատանքը կը դադրի քաղաքակրթութեան ընծայուած բարիք մը հանդիսանալէ: Քաղաքակրթութեան անուրանալի բարիք մըն է, երբ մայրեր ամէն բանէ առաջ իրենց մայրական պարտականութիւնը կատարեն եւ հեռու մնան ամբոխավարական լոզունգներէն:
  
Հաւասարութիւն...համաձայն ենք քաղաքացիական գետնի վրայ այրերու եւ կիներու նոյն իրաւունքներու տուուչութեան, բայց բառին ո՞ր իմաստով այս երկու սեռերուն միջեւ հաւասարութեան մասին կը խօսուի: Ինչպէ՞ս կարելի է հոգեբանախօսական տարբեր կազմութիւններ ունեցող իգական եւ արական սեռի ներկայացուցիչներու միջեւ բացարձակ հաւասարութիւն փնտռել: Կարելի է մտածել, այր ու կին ամբողջութիւն մը կազմելու մասին, լծակից ըլլալու մասին, բայց բոլորովին անհեթեթ է հաւասարութեան առասպելը: Բազմաթիւ մարզերու մէջ կարելի է հաւանաբար հաւասարութեան մասին խօսիլ, բայց ո՞վ կրնայ ձեզմէ խլել մայրութեան մենաշնորհը, որուն մէջ դուք բնազդական օժտուածութիւն մը ունիք: Աւելի ճիշդ պիտի ըլլայ խօսիլ աշխատանքի բաժանումներու, պատասխանատուութիւններու բաժանումի մասին:
 ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

Մայրութիւնը պէտք չունի մասնագիտացած տիկիններու, բայց պէտք ունի մայրերու, հարազատ, նուիրուող, զարգացած, իր զաւակը սիրող մայրերու:Դուք պէտք է յաջողիք երիտասարդութեան խանդավառութիւնը ուղեդրել, դուք պէտք է յաջողիք առաջքը առնել այս խօլ ու քանդիչ արշաւին, որուն մէջ կը տուայտի մարդկութիւնը: Դուք էք աղը մարդկութեան, դուք էք մշակները մեր հոգիներուն, առանց ձեր սիրոյ կը ցամաքի, կը վայրենանայ աշխարհը, առանց ձեր դաստիարակութեան, ձեր սիրոյ կ՛որբանան սերունդները:

Տարին ամէն օր, սակայն անգամ մը այսպէս պաշտօնական եւ հանդիսաւոր մենք կը յայտարարենք, որ եթէ երէկ բանաստեղծներ զիրար կը գերազանցէին երգելու համար ձեր անգին զոհողութիւնները, ձեր անսակարկ, ձեր մոմանման հալումն ու մաշումը, այսօր հոգեբաններ ու ընկերաբաններ միացած դաստիարականներու կը խնդրեն ձեզմէ, որ միայն ու միայն մայրութեամբ ծառայէք մարդկութեան, փրկէք մարդկութիւնը: Այս հաւատքով է, որ պիտի շարունակենք մեր ապերախտ զաւկի շրթներուն մէջ պահելու ձեր մայրական մեղրածոր անունը եւ կրկնելու յաւերժօրէն:Փա՜ռք, հազար փառք մայրերուն:


 ՄԱՅՐԻԿԻՍ

Հին օրերու քաղցր խօսք մը՝ բարեկամի մը պէս կ՛անցնի քովէս ու կը յուզէ զիս այս գիշեր:
Հին օրերու ձայն մը խիղճիս կը հպի. մօրս ժպիտն է, մօրս ժպիտը որ կ՛արթննայ իմ մէջս:
Ա՜հ, մայրս հիւանդ ,մայրս նիհար, լքուած կին:
Պատմութիւն մը կը շրջի ականջիս մօտը, անորոշ աղու շեշտերով:
Մայրիկիս ձայնն է որ կը յիշեցնէ այնքան անուշ օրերգ մը թախծոտ:
Օ՜հ, հին բարի երգ, սո՜ւրբ առասպել, ո՞ւրկէ եկար այս գիշեր՝ մօրս ժպիտին հետ:
Ո՜րքան ապրեցայ, Աստուած իմ, մոռցած եմ իր դէմքը տմոյն:
Երանի՜, ո՜վ մայր, դեռ պզտիկ, դեռ անմեղ՝ տանէին հոգիս հովերուն հետ,
ու մեղրամոմի հիւսքերով պատէիր թաթերս մանրիկ:
Հիմա մեղրամոմի թևեր կը խեղդեն զիս ամէն օր, ու հոգիս կը փռուի մութ խորշերու,
խոնաւ լորձնոտ գետիններու վրայ, կատաղի վիրաւոր սողունի մը պէս:
Երանի՜, ո՜վ մայր, դեռ պզտիկ, դեռ անմեղ, ձորին ոգիները հովերուն հետ վազցնէին իմ հոգիս,
ու քու արցունքներուդ մէջ ու քու արցունքներուդ տակ տանէին զիս:
Հիմա արցունքները մեղքի՝ բիւրեղ կ՛ըլլան սուր ու այստերս կը խոցոտեն:
Հիմա համբոյրները հրաշէն երկաթներու պէս դէմքս կը մրկեն, ու սիրտս, տե՛ս, աւերակ:
Օ՜ մայր, համբոյրիդ տակ, արցունքիդ տակ, դեռ պզտիկ, դեռ անմեղ՝ պիտի ուզէի ննջել ու մեռնի՜լ...:

ՏԻԳՐԱՆ ՉԷՕԿԻՒՐԵԱՆ
անվերադարձ մտաւորականներէն...







mercredi 26 avril 2017

ԺԱԳ Ս.ՅԱԿՈԲԵԱՆ ♥ ԾԻԱԾԱՆ ☺ ՅՈ՛ՅՍ


ԺԱԳ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ
ԾԻԱԾԱՆ
ՅՈ՛ՅՍ

Ա.
Պիտի յուսա՛մ:
Գլխուս վերեւ՝ մութ ու ցուրտ ամպերու պատանք մը կը գերեզմանէ երկինքը:
Ոտքերուս տակ՝ ճամբան եղիճներու եւ խիճերու տափաստան մըն է:
Հեռուն կամ մօտը ո՛չ մէկ ճդագի կայծոռիկ չի կայծկլտար:
Եւ վերը՝ ո՛չ մէկ աստղ չի վառեր իր ադամանդին ժպիտը:
Ես կը յուսա՜մ սակայն:

Բ.
Արեւ չկայ վրաս՝ որ քայլերս լուսաւորէր:
Ծաղիկներ չկան շուրջս՝ որ ուղիս զուարթացնեն:
Ամայաստա՜ն ափէ ափ, ծայրէ ծայր, առանց նո՛յնիսկ ծառի մը կանաչօրէն յուսադրիչ հրաւէրին:
Ի՜նչ փոյթս, որ հեղձուցիչ մշուշը Անստոյգին կը պարառէ միտքս, եւ ուժերուս դիմաց կը պարըսպանայ պողպատեղէն Անկարելին:
Պիտի չվախնա՜մ:
Պիտի չընկճուիմ:
Պիտի չիյնամ:
Որո՛վհետեւ:
Նե՛րսս, անպեղելի խորութեանցս մէջ, անմատչելի անդունդներուս մէջ ունիմ բա՛ն մը, որ կրակներուն ամէնէն բոցավառն է, որ ապրումներուն ամէնէն յաղթականն է:
Օ՜, կանաչներուն ամէնէն կանաչն է ան:

Գ.
Յոյսս ինքնին յաղթանակ է, մթամած երկինքներուն դէմ, տատասկոտ ճամբաներուն դէմ, Անկարելիի եւ Անստոյգի հազար խուժաններուն դէմ:
Որովհետեւ գիտեմ, թէ Ա՛ն, որ յոյսին աստուածատիպ մարմնացումն է,
Ան, վաղ կամ ուշ-բայց շուտո՜վ, պիտի պայծառացնէ երկինքը իր արշալոյսով ու փառքով, վերեւս.
Եւ փուշերը շուշանի պիտի հրաշափոխէ քայլերուս առջեւ.
Եւ հառաչելու պէս այս շնչելը, կաղալու պէս այս քալելը, մեռնելու պէս այս ապրիլը պիտի դարձնէ ե՛րգ ու պար ու թռի՛չք...

Դ.
Եւ ես, այս յոյսով երջանի՜կ եմ.
Իրմով պայծառակերպուած երկնքին պէս:
Ես արփաւո՜ր եմ՝
Իրմով ջահաւորուած ճամբուն պէս:
Ես գեղեցի՜կ եմ՝
Իր աղուորցուցած բաներուն պէս:
Ողջ էութիւնս հիմա յոյսին յաղթական զանգակներով ղօղանջուն զանգակատու՜ն մըն է.
Ու թէեւ շուրջս մո՛ւթ, առջեւս մո՛ւթ, ես կը քալեմ լոյսի մէջէն:
Թէեւ շուրջս ձմե՛ռ, առջեւս ձմե՛ռ, ես կը քալեմ գարունի մէջէն:
Ես ինքս դարձած գարնան կանաչ ճիւղ, դարձած այգի ճառագա՛յթի՝ այն երկնածին յոյսով որ ծաղկեցուցած եւ բռնկեցուցած է սիրտս:

Ե.
Եւ հիմա, յոյսի ե՛րգ մը ունիմ հազա՛ր հազա՜ր բջիջներուս մէջ:
Յոյսի երգով մը հարուստ եմ այս անյոյս մութին եւ այս անյոյս ցուրտին եւ այս անյոյս մահաստանին մէջ, որ կը կոչուի աշխարհ:
Ե՛րգ մը, աւելի՛ բարձր ու յաղթական՝ քան բամբ ձայնը հողին, որ լախտի պէս կ՛իյնայ նաւաբեկեալ դագաղին վրայ:
Յոյսի ե՛րգ մը ունիմ, ո՛վ աներգ աշխարհ, արեւի պէս պայծա՛ռ, մայիսի պէս ծաղկո՛ւն:
Ե՛րգ մը, որ, արեւի շողին պէս ու գարնան շունչին պէս, թռչունները դուրս կը քաշէ իրենց ձմեռնային թմբիրէն ու ձիւնածաղիկ խորշերէն:
Որովհետեւ՝ ան ե՛րգ է յարութեան...
Յոյսս կ՛երգէ ինչպէս կ՛երգէ մշակը՝ ի տես յուռթի հունձքի խոստումին, որ ոսկի ոսկի կը հեղեղէ սերմնալից ակօսներն ի վար:
Սպասման անճամբորդ քարափներուն վրայ յոյսս կ՛երգէ միշտ. բարի գալուստի թաշկինակը ճօճուն ձեռքին, ի տես ձիւնափէշ նաւուն. որ կը փալփլի ու կը ծեքծեքի հորիզոնին:

Զ.
Յոյսիս երգին առջեւ՝ մշուշները կը չքանան եւ մութերը կը պայծառանան:
Գիշերներս ա՛լ գիշեր չեն մնար յոյսիս արեւուն տակ:
Ձմեռներս ա՛լ ձմեռ չեն յոյսիս մայիսին մէջ:
Յոյսս քուն չունի. նո՛յնիսկ երբ գիշերը կը կնքէ ամէն արտեւանունք իր խաւարով, իր կապարով:
Յոյսս չի՛ մսիր, նո՛յնիսկ երբ ձմեռը իր պաղ թեւերով կը գրկէ ամէն բան իբրեւ պատանք:
Ընդհակառա՜կը:
Յոյսս իր ճերմակ ճրագը կը ծագեցնէ անո՛նց, որ գիշերուան սարսափը կ՛ապրին, որպէս թէ գերեզմանին մէջ:
Եւ իր ծիծղուն կրակը կը վառէ անո՜նց, որ ձմրան սարսուռով կը ծիւրին, ի խոհ իրենց վրայ գոցուելիք դագաղներուն:
Յոյսի նետը կը պատռէ կապար երկինքը եւ կը ճախրէ անկէ հեռու, անկէ անդին:
Սահման չի ճանչնար իր թեւը:
Գերեզմանը յոյսիս համար չէ՜...
Ընդհակառա՜կը, յոյսս՝ իր ցնծութեան ծնծղայով կը ծածկէ ամէն արցունք, ամէն հառաչ, ամէն ողբ:
Յոյսս բարեւ ու արեւ ունի բոլոր մոկոտ ու որբ երազներուն եւ իղձերուն:

Է.
Սիրոյ երգը ուրախ չէ միշտ:
Հաւատքի երգը միշտ խնդուն չէ:
Բայց յոյսի երգը մի՛շտ ալ ցնծալից է Զատիկի առաւօտեան պէս ու Ծաղկազարդի ծափերուն եւ ճիւղերուն պէս:
Որովհետեւ՝ եթէ սէրը երջանիկ կը դարձնէ կեանքը.
Եթէ հաւատքը կը լուսաւորէ զայն.
Ապա յոյսը, օ՜, յոյսը կը  գեղեցկացնէ՜ կեանքը:
Կը գեղեցկացնէ զայն, իր ծիծղուն ծիածանը կախելով ու կամարելով նո՛յնիսկ ամէնէն մութ եւ ցուրտ ամպերուն վրայ, ամէնէն մռայլ ու անփայլ սիրտերուն վրայ:
Ու ես, թէեւ փուշերու եւ մութերու մէջ կանգնած, ինչպէ՞ս, այս աստուածահիւս ծիածանին տակ ինչպէ՞ս սիրտս չպահեմ երգո՜ւն՝ ձիւներուն մէջտե՛ղ ալ իր շարականը գլգլացող թռչնիկին պէս:
Այս ծիածանին տակ, ինչպէ՞ս ճակատս չպահեմ պայծա՛ռ՝ ձմրան մէջ ալ իր կանաչը եւ մայիսը ծածանող ծառին նման:
Եւ ինչպէ՞ս, սիրահարի մը տրոփումով եւ թրթռումով՝ ինչպէ՞ս չսպասեմ Անոր. որ անպայման պիտի գայ ծիրանիով ու ծիածանի գոյներով, ծիածանի գոյներուն մէջէն, հրաշակերպելու այս տգեղցած աշխարհը, այս դժբախտացած կեանքը:
Եւ հարսի մը սուրբ անհամբերութեամբը, կեանքիս բոլոր համբոյրներովն ու վարդերովն ու ծափերովը՝ կը պատրաստուիմ ա՛րդէն դիմաւորելու զԱյն-Փեսան:
Որուն անունը, օ՜, անունը ոտնաձայնն է յաւիտենութեան, տրոփն է երկինքին ու միակ շունչն է սրտիս:
Եւ յո՛յսս աւետաբեր:

ԺԱԳ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ