ՀԱՅԵՐԷՆ
Գարուն ձմեռ ազգապահ ծաղիկներդ կը բուրեն,
Բայց մի գանգատ ունես դու, իմ Արարատ հայերէն,
Ազգակորոյս տագնապներս էլ ո՞ւմ յոյսով համբերեմ,
Ամէն լեզուով խօսում են, բայց չեն խօսում հայերէն.
Հայ պապերիս գերեզմանն անհանգիստ է հայրօրէն,
Հայեր, մենք որ չխօսենք, էլ ո՞վ խօսի հայերէն:
Դեռ են գլխիս պատգամել՝ պատգամում եմ ես նորէն՝
Հայեր, դուք որ չծնուէք, էլ ո՞վ ծնուի հայերէն,
Հայրդ հայ է, մայրդ հայ, սարերդ էլ հայ պապեր են,
Որդիս, դու որ չխօսիս էլ ո՞վ խօսի հայերէն:
Տես, արծուենի ազգերում հայն էլ ազգ է արծուօրէն,
Դուստրս, դու որ չճախրես, էլ ո՞վ ճախրի հայերէն.
Մի նայիր այն հայերին, որոնք հայի վատերն են,
Դուստրս, դու որ չպարես, էլ ո՞վ պարի հայերէն:
Դու հայ ծիլը Մաշտոցի, դու հայ հողին հայ ցորեն՝
Ձագս, դու որ չծլես, էլ ո՞վ ծլի հայերէն,
Քո հայ հողում թաղուես էլ՝ հայ կը ծաղկես դու նորէն,
Հարսս, դու որ չպտղես, էլ ո՞վ պտղի հայերէն:
Քեզ ի՞նչ լեզուով պապերիդ ոգիները համբուրեմ,
Թոռս, դու որ չթոթուես, ո՞վ թոթովի հայերէն.
Էլ ինչո՞վ ես դու Հայկի, Վահագնի զարմն յամրօրէն,
Զարմս, դու որ չկռուես, էլ ո՞վ կռուի հայերէն.
Քիչ կտրեցին հայ լեզուն եաթաղաններն անօրէն,
Գալիք, որ դու չխօսես, էլ ո՞վ խօսի հայերէն.
Ի՞նչպէս լռեմ անգանգատ՝ կանթեղներդ կը մարեմ,
Աստղերի մէջ դու լուսաստղ, իմ ազգապահ հայերէն:
Էլ քեզ ինչպէս տուն կանչէ քո Մասիսն էլ մայրօրէն,
Սփիւռք, դու որ չտոկաս, էլ ո՞վ տոկայ հայերէն,
Այլոց լեզուն ծով չէ քեզ, յոյս մի կապէ ձկնօրէն,
Հայ ազգ, դու որ հայ չապրես, էլ ո՞վ ապրի հայերէն:
Հայքն է օրոցքն հայութեան, Մասիսն ու Արազն հայերէն,
Ազգ իմ, մենք որ չպահենք, ո՞վ հայ պահէ մեզ նորէն,
Թէ կլանեն մայր լեզուս՝ էլ ինչի՞ս է կեանքը շէն,
Շիրազ, դու որ չերգես, էլ ո՞վ երգի հայերէն,
Արարատիս ճակատին այս պատգամս կը գրեմ,
Այն ազգինն եմ յաւիտեան, ով խօսում է հայերէն:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ