mardi 24 mai 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐ 28 ՄԱՅԻՍ 1918- ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՅԱՂԹԱՆԱԿ


ՄԱՅԻՍԵԱՆ ԱՐՇԱԼՈՅՍԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...

ԴՈՒ երկնամերձ իմ հայրենիք. դու հինաւուրց ի՛մ Հայաստան...
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան.
Դո՛ւ ալեւոր տեսիլների ստեղծագործ ի՛մ Հայաստան.
Եւ նոր խօսքի աւետաբեր, հազարավէրք իմ Հայաստան:

Սաղաւարտներ դրած կանգնած քու լեռներդ կուռ երկաթի,
Արօրներդ արիւնազանգ՝ արդարութեան ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ՝ նուիրական նաւասարդի.
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի. իմ Հայաստան:

Քու գետերդ՝ տէգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող.
Քաղաքներիդ մոխիրներին ծլած վարդերն արիւն- բուրող.
Շարականներդ՝ հոգեբուխ, շինականիդ երգը լացող.
Հին սէրերի, նոր կարօտի ոսկի բամբիռ, իմ Հայաստան:

Դստրիկներդ քո փափկասուն՝ անապատի գայլերի կեր.
Որբուկներդ՝ մերկ ու ծարաւ, սովալլուկ մահի ընկեր.
Բախտիդ վրայ ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խօսքեր.
Նոր յոյսերի, նոր երգերի երազաբոյր իմ Հայաստան:

Բարեկամներից վաճառուած, անիրաւուած իմ հայրենիք.
Ոսոխներիդ կրունկի տակ աւերակուած որբ հայրենիք.
Սարսափներով, եղեռներով յաւերժացած հին հայրենիք,
Արիւնիդ մէջ սուրբ իրաւունք. հոգիդ արեւ, իմ Հայաստան:

Կռունկներդ համբաւ տանող պանդուխտներիդ աշխարհալած,
Նահատակուած տաճարներիդ գմբեթները երկնասլաց.
Մագաղաթներդ արիւնաներկ՝ ձայն հեծութեան հառաչանաց.
Հնուց ուխտի վկայարան, աւանդատուն, իմ Հայաստան:

Ծիրանաւոր քաջ-Մասիսդ՝ սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներդ ճակատագրի ճամբաների սուրբ օրհնաբան.
Նոյ նահապետ աստուածատես՝ ածուներիդ վեհ այգեպան.
Մանուկներիդ ու կոյսերիդ արեան հնձան, իմ Հայաստան:

Արդարախօս ու մեծասքանչ քո հին լեզուով օրհներգուած.
Լուսաւորչի լոյս կանթեղով երկինքներդ լուսերանգուած.
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
ՀՐԱՇԱՓԱՌ քո ՅԱՐՈՒԹԵԱՄԲ՝ նորամանուկ իմ ՀԱՅԱՍՏԱՆ:

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ


ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ