dimanche 11 mai 2014

♥ ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ ♥ 1

ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՔՆՔՈՅՇ ՄԱՅՐԻԿ

Նայում եմ ճերմկած արծաթ մազերուդ,
Իմ երկրային Աստուած, իմ անուշ մայրիկ,
Ինչքան եմ քեզ տանջել ու թողել անքուն,
Ա՜խ ինչքա՛ն գիշերներ լացել ես թաքուն...
Ա՜խ կարծես դեռ երէկ էր
Դեռ մանուկ էի, քո գրկում,
Երգում ես ինձ համար,
Որոր ես ասում:
Իմ հարազատ քնքոյշ մայրիկ,
Քեզ հետ եմ քո գրկում կրկին
Ինձ փայփայիր ու դիր ծնկիդ անուշ:
Թող որ լինեմ մանուկ կրկին,
Իմ հարազատ սուրբ մօր գրկին,
Ու մանկապէս քնեմ անխռով, անուշ:
Առանձ քեզ աշխարհը փուչ է ինձ համար,
Ապրիր ինձ հետ յաւերժ, իմ քնքոյշ մայրիկ.
Չեմ լքիր քեզ երբեք, կը լինեմ կողքիդ,
Ջերմակ է քո հոգին անուշ իմ մայրիկ:
Իմ հարազատ քնքոյշ մայրիկ,
Քեզ հետ եմ քո գրկում կրկին

Ինձ փայփայիր ու դիր ծնկիդ անուշ:
Թող որ լինեմ մանուկ կրկին,
Իմ հարազատ սուրբ մօր գրկին,
Ու մանկապէս քնեմ անխռով, անուշ:


ՄԱՅՐ
 Ծաղիկ մանկութեան շա՜տ յիշատակներ 
Որ դեռ եռում էք իմ մատաղ կրծքում,
 Եւ յաճախ այնքան խաղաղ րոպէներ 
Ինձ պարգեւում էք կեանքի փոթորկում, 
Որ երբեմն այնպէս խուռըն երամով
 Հանդէս էք բերում ուրախ անցեալից 
Գողտրիկ պատկերներ,- եւ վատ թռիչքով 
Միտքըս անջատում տխուր ներկայից,- 
Ո՛վ գիտէ, գուցէ՛ ժամանակն իւր հետ 
Ձեզ մի օր տանէ՜, աւերէ՜, անհետ...

Բայց այն օրերը, այն նուիրական,
Յիշատակները մանկական կեանքիս,
 

Երբ մօրս գրկում առատ, անսահման
 Սէր էր վայելում անարատ հոգիս, 
Այն օրերն օ՜, մայր, որպէս սրբութիւն, 
Անջինջ կը պահուին սրտիս խորանում 
Անջինջ կը պահուին ե՛ւ քո սուրբ անուն 
Իմ վառ շրթունքին, իմ ջերմ երգերում, 
Եւ ինձ կեանք տուող քո սէրը, մայր իմ՛ 
Սրտիս հետ միայն կը մտնի շիրիմ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐԵԱՆ
                               ՉԱՐԴ ՏԱՆԵՄ
(Մանուկ յուշերից)

Իմ նանը, բալէ՛ք, մի շա՛տ լաւ կին էր, 
Ժամ ու պատարագ նա շատ կը սիրէր. 
Թէ՛ արթնանալուց, թէ՛ քուն մտնելուց 
Ինձ համար նա միշտ աղօթքներ կ՛անէր:

Ու թէ պատահէր՝ հիւանդանայի 
Կամ անակնկալ փորձանքի գայի՝
 Նա գորովալից հոգատարութեամբ, 
Կրծքին փարելով, միշտ կը հարցնէր.

«Ասա՛, բալիկս, ի՞նչդ կը ցաւի, 
Ասա՛, դէ՛, նանը քո չարըդ տանի»: 
Իմ խեղճ նանիկը իր ամբողջ կեանքում 
«Չարըս էր տանում», չէի հասկանում:

Ա՜խ, իմ մայրիկը, սիրուն մանուկներ, 
Այնքա՜ն բարի էր, այնքա՜ն անձնուէր, 
Որ վերջը, իրաւ, իմ «չարըս տարաւ»... 
Սիրած բալիկին որբ, մենակ թողաւ...

                                        ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ



ՍԱԹԷ ՀԱՄՐԻՉԸ
Զաւէինս*
*Լեւոն Զաւէն Սիւրմէլեան
Կը պատմէր մայրս այսպէս.
«Երբ դեռ ԵԱԼԸն կ՛ապրէինք...
-«Մայր, բընաւ չեմ յիշեր ես»-
«Դուն ո՞ւր էիր, դեռ երկինք...
«Օր մը եղբայրըդ երէց
«Հօրըդ համրիչը սաթէ
«Խաղալով ծովը ձըգեց...
«Ան որ ունիս՝ ճիշդ ադ է:
«Ծովը խորունկ էր այնտեղ.
«Վեց գրկաչափ կ՛ըսէին.
«Եւ էր հոսանքը ուժեղ
«Առջեւը հոն մեր տունին:
«Բերինք սուզակ մը հրեայ՝
«Որ պահանջեց շիշ մը ձէթ.
«Ձէթը թափեց ծովուն վրայ,
«Եղաւ անոր տակ անհետ:
«Ջուրն հայելւոյ պէս յստակ,
«Խաղաղ դարձեր էր յանկարծ.
«Կը լողար մարդն անոր տակ՝
«Մէջքէն չուանով մը կապուած:
«Երեք անգամ ան այդպէս
«Իջաւ, ելաւ վերըստին.
«Եւ երրորդին, ի՞նչ տեսնես,
«Համրիչը մէջն էր ձեռքին...»:
...Մա՛յր իմ, ես ի՞նչ ընեմ որ
Խաղաղի ծովը հոգւոյս,
Յստակ տեսնեմ խորն անոր
Եւ կարենամ անկէ դուրս
Բերել  ամբողջ իմ անցեալ,
Կորուսեալ գանձըս մաքուր...
Մա՛յր իմ, մայրի՛կ սիրեցեալ,
Խաղաղեցնող ձէթն ինձ տուր...
1924 Փարիզ
ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ԽՈՒՆԿ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ
 
Շիթ մ՛արցունքով՝ կաթիլ մը խունկ
Սրբանօթին մէջ կը ցանէ
Մայրս՝ որ կ՛անցնի անտես գոնէ,
Եւ երջանիկ կը դնէ ունկ

Անդրաշխարհէն եկող ձայնին:
Աչքերուն՝ որ զինք կը դիտեն
Կիրակմուտքի խունկին ատեն՝
Ձեռքն անընդհատ կու տայ խա՜չն հին:

Եւ ամէնուն կու տայ բաժին՝
Ծուխէն ծաղիկ մը ծափելի:
Ու ցայգամուտն է հայելի՝
Ուր կը ցոլայ բոցն աշխոյժին՝

Լուսահոգի զուարթուններուն՝
Զորս արբեցուց այս իրիկուն
Շաբաթօրեայ խունկն ու արցունք:
Մայրս ալեւոր չոքեր է ծո՜ւնկ...

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ


ՄԱՅՐ
Այս նուիրակա՜ն սրբազա՜ն տօնին,
Որպէս Ովսա՜ննա, սրտաբո՛ւխ, սիրո՛վ,
Եկել եմ ահա, ես էլ իմ հերթին
Ասելու միայն մի բա՜ռ հոգեթով:

Մի բառ՝ մեղմանո՜ւշ եւ իմաստալի,
Խորո՜ւնկ խորհրդով լինելիութեան,
Համազօր՝ ինքնին էութեան կեանքի
Եւ թաքնաթաքուր համա՜յն բնութեան:

Մի բառ, որ սակայն հնչելու համար,
Արտաբերելու հմայքն իր անհուն,
Պէտք է վերստի՜ն մի պահ մանկանալ,
Ապա թոթովել՝ մա՜յր իմ, սիրասուն.

Մա՜յր գորովագո՛ւթ, անսահմա՜ն բարի,
Եւ խանդաղատա՜նք եւ կաթոգի՜ն սէր,
Կեանքս այս սիրավառ, որ դեռ կ՛երկարի՜,
Քո Աստուածային շո՜ւնչն է պարգեւել.-
Մա՛յր իմ կարեվէ՜ր:

ՈՍՏԱՆԻԿ
 ԿԱՐՕՏԻ ՆԱՄԱԿ
 
Կը գրէ մայրըս.- «Ո՜վ իմ որդեակս պանդուխտ,
Դեռ մինչեւ ե՞րբ պիտ՛ անծանօթ լուսնի տակ
Օրերդ անցնին դեռ մինչեւ ե՞րբ հէգ գլուխդ
Ես չսեղմեմ լանջքիս տակ:

Հերի՛ք օտար սանդուխներէ ելլեն վեր
Ոտքերդ՝ որ օր մ՛ափերուս մէջ տաքցուցի,
Հերի՛ք ալ սիրտդ՝ ուր իմ ծիծերս եմ պարպեր,
Դատարկ սըրտէս դուրս հիւծի:

Ջահրակին տակ թերեւս աշխատ յոգներ են.
Կ՛հիւսեմ պատանքս ալ ծամերովս ըսպիտակ.
Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ՛աչքերս ու փակեն
Թող հոգիս ա՛լ իրենց տակ:

Դըրանս առջեւ կը նստիմ միշտ տխրալիր,
Լուր կ՛ուզեմ վրադ ամէն կռունկէ, որ կ՛անցնի,
Այն ճիւղըն ուռի զոր քու ձեռքով տընկեցիր,
Վըրաս կ՛ընէ հովանի:

Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ.
Կու գան կ՛անցնին գիւղին քաջերը համակ.
Մշակը կ՛անցնի, կ՛անցնի կովարծը վըսեմ.-
Կը մնամ լուսնին մինա՜կ:

Աւերակ տան մէջ անտերունչ եմ թողուած.
Մեր շիրիմիս, միշտ օճախիս ծարաւի.-
Կրիայի մը պէս՝ որուն աղիքն իր կոտրած
Պատեանին դեռ կը կըցուի:

Եկո՛ւր, որդեա՛կ, հայրենի տունըդ շէնցո՛ւր:-
Դուռն են կոտրեր, մառաններն ողջ դատարկեր:
Կը մտնեն ներս լուսամուտէն ջարդուփշուր
Գարնան ամբողջ ծիծառներ:

Այն բազմաթիւ հօտէն, գոմին մէջ, եղո՜ւկ,
Մընացեր է խոյ մը միայն քաջարի՝
Որուն մայրն օր մ՛ - յիշէ՛, որդեա՜կ -  դեռ գառնուկ,
Կերաւ ափիդ մէջ գարի:

Թեփով բրընձի եւ առուոյտով պատուական
Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.
Տօսախ սանտրով կը սանտրեմ բուրդն աղուական.-
Ան զոհ մըն է թանկագին:


Դարձիդ՝ պճնած վարդերով գլուխն իր համակ՝
Պիտի մորթեմ կեանքիդ համար ծաղկատի.
Իր արեան մէջ պիտի լուամ, քա՜ղցր որդեակ,
Ոտքերդ յոգնած պանդուխտի»-:

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
 -Մ Ա Յ Ր
(Շիրակի աւանդավէպ)
Անտառներում՝ աշնան թափուր,
Երբ թաց խաւարն է իջնում,
Երբ դաշտերուն մերկ ու տխուր,
Ցուրտ քամին է շառաչում,-
Ամէն անգամ ըզգում եմ նոր
Զրոյցն այս խեղճ պառաւ մօր:
Եւ խորհում եմ՝ թէ արդեօք ո՞ւր,
Մեզնից մօտիկ կամ հեռուն,
Որ անտէրունչ խեղճին հիմա
Չարի ձեռքն է հարուածում...

Չգիտեմ՝ ե՛րբ, եւ ո՛ր շէնում
Իրեն որդու, հարսի քով
Մի խեղճ պառաւ մայր էր կենում,
Ծանըր ականջ, կոյր աչքով:

Ոտ ու ձեռից ընկած, անճար,
Հաց չտային, չէր ուզում,
Եւ օրն ամբողջ նրանց համար
Աղօթքներ էր մրմնջում:

-Օ՜ֆ,- ասում էր հարսն ամէն օր,
Մէրըդ բեռ է իմ վըրայ,
Բանըս թողած՝ օրը բոլոր
Փէշն եմ բռնել ես նըրա:
Աչքը՝ անկուշտ, ինչքան որ տամ,
Միշտ անէծքը բերանին,
Նստել է մեր շնչի վրան
Տար, կորցրու՝ ազատուիմ...

-Ա՛յ կին, ի՞նչ չար բան կը խօսաս,
Մարդ էլ ծնող մօրն էսպէս...
Կը բարկանայ Աստուած վրաս,
Մեղա՜յ Աստծու, մեղա՜յ քեզ:
Բայց ամէն օր հարսն անողորմ
Ամուսնու սիրտն էր կրծում,
Եւ խստաբար պահանջում էր
Իր չար կամքին գոհացում:
Ու մի օր էլ ճըչաց, լացեց,
Պոկեց մազերը գլխից,
Վրայ պրծաւ, դուռը բացեց,
Թէ մօրըդ տար իմ տնից.
Թէ ոչ՝ հիմի դուրս կը թռնի
Ու կը ձէնէ աշխարհում,
Թէ մարդն իրեն օր չի տալի,
Թէ ուրիշին է սիրում:

Թշուառ մարդն էր. ճարը կտրած,
Վերցըրեց մօրը պառաւ,
Անգութ հարսի աչքի առաջ
Պարկը դրեց, ուսն առաւ:
Գլուխը կոր՝ ճամբայ ընկաւ,
Միտքը՝ մռայլ ու մոլոր,
Սեւ ամպերից գիշերն իջաւ,
Ճամբան՝ մթին ու մոլոր:

Ուշ գիշերին հասաւ անտառ,
Խոր ծմակում, ծառի տակ,
Պարկը ձըգեց- մօրը անճար
Ձըգեց անտէր ու մենակ:
Աշնան քամին էր հեծկլտում,
Գայլն էր տալիս կալանչին.
Ոտքը փոխեց, որ դառնար տուն,
Մօր ձայնն հասաւ ականջին.-
-Երթաս բարով, Աստուած քեզ հետ,
Ոտքըդ քարի թող չը գայ.
Տըղա՜ս, վերցրու պարկը քեզ հետ,
Պարկը տանը պէտք կը գայ:

Մայրը սպասեց մի հատիկ որդուն,
Ու օրեր անցան, որդին չեկաւ տուն.
Լալով, ողբալով ընկաւ սար ու քար,
Որդուն կը փնտռէր, որ, աւա՜ղ, չը կար:

Եւ մի առաւօտ գտաւ իր որդուն,
Նազիկ հարսի հետ՝ մէկ-մէկու գրկին.
Սուրբ նշխարները համբուրեց լացով,
Ու նրանց գրկած՝ աւանդեց հոգին:

Արդար արիւնը չի կորչի ի զուր.-
Աստծու հրայքով՝ մօր, հարսի, տղի
արիւն-արցունքէն հազար ակն-աղբիւր
Բխեցին նման լուսեղէն աստղի:

Եւ գետին թափուած պուտերն արիւնի
Անուշ հոտերով ծաղիկներ դառան.
Անուշ հոտերով հազարան գոյնի,
Աղբերաց-արիւն, շուշան անթառամ:

Աղբիւրներն ալմաստ ու անապական՝
Բլբուլի ձայնով օրօր ասացին,
Ծաղիկներն անբիծ ու անմահական
ծածկեցին անզարդ քուն մտածներին:
Այն սեւ օրուանէ բիւրակն են կոչուել
Գմբէթ սարերը բիւր-աղբիւրներով.
Այն սեւ օրուանէն սարերն են զուգուել
Զոհուած արիւնի վառ ծաղիկներով:

Ու այդ ակները հայոց սարերէն
Իջել են, կու գան ու կ՛իջնեն էլի՝
Հիւսուելով իրար՝ մէկտեղ դառել են
Մեր Մայր-Արաքսը՝ հազար սիրելի:

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

                       ՄԱՅՐԻԿԻՍ


Անհայրենիք և անտուն, առանց սիրոյ, հաւատքի,
Կորսնցուցած ամէն գանձ, ես շառաւիղ անժառանգ,
Իբրեւ վերջին սուրբ անուն, վերջին բարիք կենդանի
Մայր իմ, միայն քեզ ունիմ այս աշխարհի լոյսին տակ...

Բայց դուն մեր տունն ես ամբողջ, մեր անցեալին չափ անհուն,
Դուն անսպառ գանձարան եւ մշտազանգ աւետիս,
Դուն անծանօթ լուսաղբիւր մեր կենսառոյգ դարերուն,
Որուն հատնում հորդաբուխ եղաւ աճումը կեանքիս:

Մարդիկ բացին սիրտն իրենց իմ խնդութեան ու փառքին,
Անոնք իմ մէջ և ինձմով սիրեցին կեանքը միայն,
Բոլո՜րը զիս լքեցին նեղ օրերու մէջ մթին,
Մնացիր դուն իմ վերեւ միշտ անձնուրաց պահապան:

Երբ մազերուս ընդմէջէն և ճակատէս տենդավառ
Կ՛անցնին մատներդ բուժիչ արևանուշ շոյանքով՝
Ես կը խորհիմ արցունքով հայ որբերուն անհամար,
Որ չտեսան չունեցան հարազատ մայր ու գորով...

Մա՜յր իմ, դողդոջ ու փխրուն, դարձած վաղուց փլատակ,
Որքա՜ն հզօր ես դուն դեռ եւ անխորտակ դուն ամրոց,
Երբ որ զաւկիդ համար խեղճ, մինչեւ այսօր շարունակ
Կը պարզես կուրծքդ վահան սուր ու տէգին դեմ մարդոց:

Իսկ ես, զաւակդ անարժան, փոխարէն ի՞նչ տուի քեզ,
Միայն կսկիծ, տառապանք եւ հոգեմաշ դառնութիւն,
Երգն ու ծիծաղը սրտիս ուրիշներուն տարի ես,
Մռայլ ամպերը ճակտիս անգթօրէն բերի տուն...

Եւ եթէ դեռ յաղթական կ՛անցնիմ մարդոց աշխարհէն
Քու աղօթքներդ ու հոգիդ կը պահեն զիս հանապազ...
Բայց ո՞ր նետին տակ արդեօք կ՛իյնայ երազն իմ անգին,
Երբ, մա՞յր իմ, օր մը դուն զիս ձգես ընդմիշտ հեռանաս...

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

ՄԱՅՐԱԿԱՆ ԽՕՍՔԵՐԻՑ
Սիլվա Կապուտիկեան

Իջա՛ր, իջա՛ր իմ գրկից ու ոտք դրիր դու հողին,
Որդի՛ս, վարդո՜վ թող բացուի ճամբէդ ամէն մի քայլին:

Աշխա՜րհ մտիր, աշխարհին դարձիր արեւ-արեգակ,
Թէկուզ հեռւում ցրտահար՝ մայրդ մնայ շուքի տակ:

Թնդա՛ անունդ ամենուր, թէկուզ փառքիդ փայլի մէջ
Վայելքներից արբեցած՝ մոռանաս մօրը քո խեղճ...

Սակայն, որդի՛ս, աշխարհում ոտքդ առնի թէ քարի,
Թէ փորձութեան ամպերից բախտիդ աստղը խաւարի,

Թէ սիրուդ գանձը խլած՝ մութ աչքերը խաբեն քեզ,
Թէ ընկերոջդ դաւելով դու մոլորե՜ս քո ճամբէն,

Թէ թափառես աշխարհում լուռ մոռացուած բոլորից,
Մօրդ յիշիր, ե՛տ արի, արի իմ գի՛րկը նորից...

1944

 ՄՕՐՍ ՎԻՇՏԸ
Անդրանիկ Թէրզեան

Իրիկունը եկաւ այսօր մի քիչ յոգնած,
Եկաւ յոգնած, աչքերի մէջ թախիծն իմ մօր,
Բարդիները շշնջացին իրար կամաց,
Բարդիները շշնջացին խորհրդաւոր:

Մայրս նստած իր նոյն տեղում՝ աչքերով թաց
Դեռ նայում է թերթի տխուր այս նկարին
Ընկել է մի կորեացի մայր անշնչացած,
Կողքին փոքրիկ իր երեխան՝ արցունքն աչքին:

Մայրս տեսնում է թերթի նո՛յն նկարի մէջ
Իր ջահել մօրն՝ ընկած գաղթի ճամբի վրայ.
Ինքը մանուկ, ինքը անզո՜ր այս մանկան պէս
Մօ՛րն է կանչում, համբուրում է, որ արթնանայ...

Երկու մա՛հ կայ այս իրիկուն մի մօր դիմաց,
Երկու պատկեր, երկու շիրի՜մ կայ ահաւոր,
Նոյն աչքերով եւ նոյն սրտով լացակումած
Թախծում է մայրս այդ երկուսի համար այսօր:

Կոպերիս տակ սեղմած մօրս վիշտը անհուն՝
Ես գրում եմ այս ե՜րգը խաղաղութեան,
Իմ տողերի միջից հիմա ինձ են նայում
 ՄԱՅՐՍ
Վահագն Դաւթեան


Մա՜յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու,
Որի սրտով աշխարհի բոլոր հողմերը անցան,
Որ դու էիր հերարձակ ու արցունքոտ, ու տրտում
Նստել աւեր Անիի բեկորներին սրբազան:

Մա՜յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու,
Այդքան փխրուն ու ամուր, այդքան տանջուած ու արդար,
Խորհրդաւոր մեր ոգին, մեր արեան ձայնն էիր դու,
Որի գաղտնիքը, աւաղ, անզօր եղայ ես կարդալ:

Մա՜յր իմ, նոր եմ հասկանում, որ Հայաստանն էիր դու,
Որի առջեւ երկիւղած կարկամել եմ ու լռել,
Եւ սիրոյ խօսքն իմ չասուած, խոստովանանքն իմ տրտում
Արթնանում է գիշերով ու մղկտում ինքնիրեն...

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Սարգիս Խարազեան

Շնորհակալ եմ, մայրիկ, քեզանից,
Որ ինձ այսպիսի սիրտ ես նուիրել...
Չեմ ուզում կեանքում ունենալ ոչինչ,
Ոչ էլ օտարի գանձերը տիրել:

Հաւատս ջինջ է ու խնդումս ծով,
Թախիծս երգով փարւում է հողին,
Բաւարարւում եմ միշտ էլ եղածով
Եւ օրհնում կեանքից բարիք քամողին:

Շնորհակալ եմ, մա՛յր իմ քնքշանուն,
Որ ինձ չես ծնել կեղծելու համար...
Ես իմ ճամբան եմ յաճախ մոռանում,
Բայց մարդկանց ցոյց եմ տալիս ճանապարհ:

Բարութիւն ունի իմ գիշերը լուռ,
Նստած խորհում եմ հազար ու մի բան...
Ուզում եմ մարդիկ ժպտան ամենուր,
Որ խաղաղ լինի գալիք ճամբան:

Այնպէս սիրտ ես նուիրել դու ինձ,
Որ ես քէն չունեմ, ապրում եմ անչար...
Շնորհակալ եմ, մա՛յր իմ, քեզանից
Քո այսքա՜ն, այսքա՜ն տուածի համար: