samedi 11 octobre 2014

╬ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԸ ♥

 ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ 
խորիմաստ անունին տակ։ 
Օրուան տօնին ամբողջական անունն է.  
«Տօն մեր սուրբ թարգմանիչ վարդապետներու՝ Մեսրոպի (Մաշտոց), Եղիշէի, Մովսէս Քերթողի (Խորենացի), Դաիթ Անյաղթ Փիլիսոփայի Գրիգոր Նարեկացիի Ներսէս Կլայեցիի (Շնորհալի), Ներսէս Լամբրոնացիի եւ այլ սուրբ վարդապետներու»։

ՅԱՒԵՐԺԻ ՃԱՄԲՈՐԴԸ
«Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի յոգնութիւնից,
Որպէսզի դառնան հանճարեղութիւն» Պ.Սևակ
Այսպէս ծնուեց նա՝ «այր մի՝ Մաշտոց», որին վերապահուած էր ե՛ւ հոգևոր, ե՛ւ ֆիզիքական կործանումից փրկել մի ամբողջ ազգի, որը մեզ տուեց «արեան դէմ՝ թանաք, թրի դէմ՝ գրիչ և դարանի դէմ՝ Մատենադարան: Նա ծնուեց, որ ծնուենք, եղաւ որ լինենք և անմահացաւ, որ անմահանանք»:

Մեսրոպ Մաշտոցը հայոց պատմութեան յակինթն է, մեր գոյութեան,  լինէլութեան կերպը, հայ ժողովրդի ողնայարը: Նրա հոգեմտաւոր երկունքի, դեգերումների ու տեսիլների արդիւնքում ծնուեցին հրաշքին համազօր հայոց տառերը, որոնք դարձան մեր ժողովրդի կեանքը ոգեղէն արժէքներով կոփող անգնահատելի «դարբիններ» ու «զինուորներ»
Գրերի ստեղծմամբ Մաշտոցը լոյս տուեց: Նա դարձաւ սկիզբը մեր իրական ինքնութեան, մեր յիշողութեան, մեր գոյութեան, և  վառելով 36 մշտավառ կանթեղներ, լուսաւորեց ապագան՝ Հայաստանի խաւարող երկնքում կնքելով մեր յաւերժութեան արտօնագիրը՝ 
այբ, բեն, գիմը:
Մաշտոցը հաց տուեց: Մեր ոսկեղնիկ հայերէնը մեր հոգևոր հացն է, որը մինչ օրը փրկում է մեզ հոգու սովից, հոգու աղաւաղումից:
Շնորհիւ մեսրոպեան գրերի՝ աճեց ու մեծցաւ պատմական Ոսկեդարը, ձևաւորուեց եռամաս ամրոցը՝ եկեղեցի, պետութիւն, ժողովուրդ, որը դիմացաւ ժամանակի բոլոր դաժան հարուածներին: Այս ոսկի-միւռոնով մկրտւում են նորածին մանուկները և նրանց՝ եկեղեցին լցնող ճիչ-աղաղակի հետ ամէն անգամ բերկրանք է ապրում Մաշտոցի՝ երկնքից հսկող հոգին՝ միշտ վստահ որ նրանք անմահ են իրենով, որ ինքն անմահ է նրանցով՝ այժմ, միշտ և յաւիտեան:
Հայոց գրերը մեր ազգի գոյատևման գործում հզօր գործօն դարձան, դարձան մեր ժողովրդի միասնութիւնն ապահովող շաղախ՝ բռնած յաւերժի ճամբան:
Նրանք ստիպեցին օտարին ճանաչել հալածուած ժողովրդի անկոտրում ուժն ու բնաւորութիւնը:
Հայ մարդու դարաւոր ենթագիտակցութեան մէջ Մաշտոցը դրոշմուած է որպէս քաջութեան, արիութեան, սխրանքի, փրկութեան ու թռիչքի խորհրդանիշ:
Մաշտոցը հայի հոգում է և սրտում, նրա շուրթերին է մեր քաղցրահամ ու ոսկեղնիկ մայրենին, որն ազգովի պէտք է գործածենք, անաղարտ պահենք՝ չսեղմելով, չկրճատելով նրա սահմանները, ասել է, թէ մեր Հայրենիքի սահմանները: Իսկ այդ սահմանների պահպանման դարբնոցը դպրոցն է՝ հայ դպրոցը, ազգային դպրոցը, որն առաքելութիւն ունի հայոց բանակի հետ լինելու նորանկախ մեր պետութեան երաշխիքն ու գրաւականը:
Մայրենին մեր գոյապայքարն ամրացնող հզօրագոյն կռուանն է և պատուարը:
Այսօր էլ համաշխարհայնացման հիդրայի դիմաց, որին զոհ են գնում փոքր ազգեր ու լեզուներ, համահարթեցւում են մշակոյթներ, հայերէնն է, որ պէտք է դառնայ ինքնապաշտպանութեան զօրել վահան, որով կը շարունակուի ազգակերտումի ու հոգեկերտումի շքերթը, կը պահուի մեր ազգային որակն ու դիմագիծը:
Մենք պարտաւոր ենք մեր հոգեւոր ու մշակութային ժառանգութեան տէրը լինել և սրբօրէն կատարել Մաշտոցի պատուիրանը՝ «Աչքի լոյսի պէս պահենք մեր լեզուն, մաքրագործենք մեր եկեղեցիով ու մկրտութեամբ, վերանորոգ մեր հաւատով փոխանցենք դարերին, պահ տանք յաջորդ սերնդին», ասել է թէ պարտաւոր ենք պաշտամունքի հասնող սէր ու երկիւղածութիւն տածել թէ՛ Մաշտոցի, թէ՛ հայ լեզուի նկատմամբ:
Մայրենիին բոցն ու կրակը մեր սրտում անթեղած՝ պէտք է հզօրացնենք մեր Հայրենիքը, Հայ պահենք Սփիւռքը, դէպ յաւերժութիւն տանենք Հայ և Հայաստան սրբութիւնները, որ այսուհետ էլ հայերէն շնչեն, հայերէն ապրեն ու յարատեւեն հայոց դարերը Մաշտոցով սփռուած, Մաշտոցով վստահ և Մաշտոցի նման յաւերժ:
Մաշտոցեան ոգով թաթխուած մեր ողջ ժողովրդի երթն անկասելի է և անյաղթ...:
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Հ.Հ. Սփիւռքի Նախարար



 

Տօն Թարգմանչաց Վարդապետաց

«Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստն անեղին,
Հաստատելով յերկրի զգիր կենդանի»
(Շարական)
Հոգեկան անբացատրելի ուրախութեամբ առլցուն, ահա այսօր հեղ մը եւս կուգանք մեր հոգիի պաստառին վրայ ուրուագծել պայծառ դէմքերը եռամեծ եւ վաստակաշատ «Թարգմանչաց» վարդապետներուն, որոնք իրենց կեանքով եւ անմաշելի գործով պիտի մնան անմեռ՝ դարերու եւ ժողովուրդի մը հոգեմտաւոր կեանքի պատմութեան մէջ:

Հայ կեանքէն եւ մեր եկեղեցւոյ պատմութենէն ներս, Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Հայրապետ Գարեգին Ա. Կաթողիկոս Յովսէփեանցի կողմէ վաթսունամեակ մը եւ աւելի առաջ լոյս տեսած Հայրապետական Սրբատառ Կոնդակը, Հոկտեմբեր ամիսը կուգար հռչակել որպէս «Մշակոյթի ամիս», ի պանծացումն «Թարգմանիչ» հանճարեղ վարդապետներուն, որոնց անչափելի ու անմաշ վաստակը մեծագոյն գրաւականը կը հանդիսանայ հայ ժողովուրդի ինքնութեան եւ գոյատեւման:

Հոկտեմբեր: Տօ՛ն Թարգմանչաց: Տօ՛ն հայ մշակոյթի, հայ գիրի եւ դպրութեան:

Այս բոլորը իր մէջ խտացնող տօն է Թարգմանչաց տօնը. տօնը՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի եւ անոնց աշակերտած կրտսեր եւ երէց վարդապետներուն, որոնք մոմի պէս վառեցան՝ լուսաւորելու համար աշխարհն հայոց ու իրենց բոցավառումին մէջ սպառեցան, երբ արդէն լուսաւորած էին Հայ Միտքը, գեղակերտած՝ Հայ Գիրը, նորափետուր զարդարած՝ Հայ Խօսքը եւ հրաշակերտած՝ Հայ Լեզուն:

1600 եւ աւելի տարիներու ընդերքէն մեզի հասնող սրբազան շարականագրի սա տողերը կուգան գովքը հիւսելու այն նուիրեալներուն, որոնք ժամանակի մը մէջ ապրող բայց ժամանակէն դուրս խոյացող առաջնորդները հանդիսացան հայ ժողովուրդին եւ արարչագործները՝ հայ մշակոյթին.-
«Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստն Անեղին,
Հաստատելով յերկրի զգիր կենդանի»:
Արդարեւ, Հայ մշակոյթի յաղթանակի տօնն է Թարգմանչաց տօնը մեր ժողովուրդին եւ մեր եկեղեցւոյ համար, Մայր հայրենիքէն մինչեւ Սփիւռքի հեռաւոր անկիւնները:

Քաղաքական վերիվայրումներով բազմազան շրջան մըն էր 5րդ դարը: Դարը լուսաւորութեան դար էր: Դարը քրիստոնէութեան տարածման դար էր: Դարը մանաւանդ եկեղեցական մեծ Հայրերու յայտնութեան դար էր: Եւ արդարեւ դարու եւ ժամանակի հետ քայլ պահելու եւ մանաւանդ մեր ժողովուրդը կորուստէ փրկելու հոգեկան մղձաւանջն էր հիմնական պատճառը, որ ծնունդ կ՛առնէր հայոց այբուբենը, հայկական տառերը Հացեկացի մենակեաց՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւ հայրապետի եւ ժամանակի հովանաւոր արքային՝ Վռամշապուհ թագաւորի կողմէ, որոնք նոր շունչով ու նոր ոգիով երկնեցին Ոսկեդարը հայ գրականութեան ու նոր եռանդով տոգորեցին զաւակները Թորգոմական ազգին: Անոնց գլխաւոր գործը եղաւ Աստուածաշունչ մատեանը հայերէնի թարգմանել, որպէսզի զԱստուած հայերէն խօսի հայկայ զաւակներուն հետ, որպէսզի անոնք աստուածախօս այդ մատեանի ճամբով ճանչնան իմաստութիւնն ու խրատը եւ իմանան խօսքը հանճարներուն: Անոնք այնքան գեղեցկօրէն թարգմանեցին Աստուածաշունչը, որ եղաւ Թագուհին բոլոր թարգմանութեանց: Այնուհետեւ Հայաստան աշխարհը օժտեցին լոյսի կեդրոններով, դպրոցներով, որոնք ամրակուռ բերդերը հանդիսացան ազգապահպանման մեր պայգարին:

Թարգմանչաց անգնահատելի վաստակը ազգային դիմագիծ տուաւ հայ ժողովուրդին: Կասեցուց յունական եւ ասորական լեզուի եւ գրականութեան յառաջխաղացքը Հայաստանի մէջ, չէզոքացուց անոնց ազդեցութիւնը հայ եկեղեցիէն ու ժամանակակից սերունդներու հոգիներէն ներս: Կերտեց ու կաղապարեց Վարդանանց ու Վահանեանց սերունդներու հայրենաշունչ ոգին ու աստուածերկիւղ նկարագիրը՝ ծառանալու համար հայ հո-գիին ու հաւատքին սպառնացող վտանգներուն դէմ:

Թարգմանչաց վաստակը դարձաւ ներշնչարան ու լուսատու փարոս նոր սերունդներուն, որոնք անընդմիջաբար եկան անցնելու հայ դպրութեան դարպասներէն, իրենց հանճարի ցոլքով առաւել եւս ճոխացնելու հայոց մշակոյթը եւ բեղմնաւորելու նոր մտքեր ու հոգիներ ի սպաս հայ դպրութեան խորանին...

Մեծ տեսնողին՝ Մեսրոպ Մաշտոցի «Հայկազեան այբենարան»ը մեր բոլոր հարստութիւններուն առաջինն ու աւագագոյնն է: Լեզու ունէին բայց գիր չունէինք, այլ խօսքով դուռ ունէինք բայց բանալի չունէինք: Մեսրոպ Մաշտոց բանալի մը տուաւ մեզի իր 36 երկաթագրերով, անով կարենալ բանալու դպրութեան գոց դռները, իմաստութեան ամրափակ դարպասները:

Մեսրոպ Մաշտոց իր հրաշածին երկաթագրերով նուաճեց ոչ թէ դարերը, այլ ժամանակը...

Այսօր, Թարգմանչաց վարդապետաց տօնին առթած հպարտանքին եւ ցնծութեան քովն ի վեր, եկէ՛ք խո-նարհաբար ծունկի գանք մեծ Սուրբին ու հանճարեղ գիւտարարին յիշատակին առջեւ եւ ուխտենք հաւատարմօրէն ընթանալ անոնց գաղափարական ուղիէն, որպէսզի հայոց Մեծասքանչ լեզուն շարունակէ՛ տեւաբար հնչել հայ մատղաշ սերունդի շրթներուն վրայ, որպէսզի հայ գրականութիւնը շարունակէ՛ միշտ ծաղկուն մնալ մեր կեանքէն ներս, որպէսզի հայ մշակոյթը առաւե՛լ ճոխանայ ու բարգաւաճի նոր մշակներով ու նոր Մաշտոցներով:

Յաւէ՜տ օրհնեալ ըլլայ յիշատակը երիցս երանեալ Թարգմանչաց վարդապետաց:

Յաւէ՜տ օրհնեալ ըլլան մտքի եւ հոգիի մշակները հայ դպրութեան, որոնք պիտի գան նոր հերկ ու ցան կատարելու մշակոյթի անդաստանէն ներս, մեր ժողովուրդի յաւերժութեան ի խնդիր:
 
Վարագ Ա. քհնյ. Յովսէփեան






















 387թ. երկու հզոր պետություններ՝ Պարսկաստանը և Բյուզանդիան, Հայաստանը բաժանել էին երկու մասի: Նրանք ցանկանում էին վերացնել հայկական պետականությունը, կրոնափոխ անել մարդկանց: Դրված էր հայերի լինել-չլինելու հարցը: Միայն մեկ բան կարող էր հայ ժողովրդին փրկել կործանումից: Հարկավոր էր արագ ստեղծել հայոց լեզվի նշանագրերը, որպես Սուրբ Գիրքը քարոզվեր հայրերեն, իսկ հայ մանուկներն իրենց պատմությունը սովորեին մայրենի լեզվով:
Ստեղծված տագնապալի վիճակը խորապես մտահոգում էր Սահակ Պարթև հայրապետին և հայոց Վռամշապուհ արքային: Նրանք չգիտեին, թե ում կարող են վստահել հայերեն նշանագրերի ստեղծումը:
Այդ ժամանակ Տարոն գավառի Հացեկաց գյուղում ապրում էր Մեսրոպ անունով մի իմաստուն մարդ: Նա շատ խելացի էր, և շուտով կանչվեց թագավորական պալատ՝ արքունի գրագրությունը կատարելու: Սակայն Աստված նրան այլ առաքելության համար էր ընտրել, և Մեսրոպը, թողնելով աշխարհիկ կյանքը, ձեռնադրվեց հոգևորական: Նա ճգնում էր քարանձավներում, սնվում էր միայն խոտաբույսերով և սիրով դիմանում էր բոլոր տեսակի դժվարություններին, քաղցին, ծարավին, որովհետև պատրաստվում էր շատ մեծ և կարևոր գործունեության: Նրան ոչ մի վայրկյան հանգիստ չէր տալիս ժողովրդի վիճակը: Մեսրոպ վարդապետը հասկանում էր, որ միայն հայերեն նշանագրերը կարող են փրկության դուռ բացել հայերի համար: Եվ մի օր էլ, հերթական անքուն գիշերից հետո, եկավ Սահակ Պարթևի մոտ և հայտնեց իր մտատանջությունը: Բարեպաշտ Վռամշապուհ արքան շատ ուրախացավ, երբ իմացավ, որ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը ցանկանում են ձեռնամուխ լինել հայոց նշանագրերի ստեղծմանը: Նա քաջալերեց և խրախուսեց իմաստուն հոգևորականներին:
Մեծ ուսուցիչը հավաքեց մի խումբ աշակերտների և մեկնեց Միջագետք: Այնտեղ խորհրդակցեց հույն և ասորի բազմաթիվ եպիսկոպոսների հետ՝ հույսով, որ կօգնեն իրեն: Սակայն մարդկանցից հույսը կտրելով՝ Մաշտոցն իրեն հանձնեց Աստծուն:՝ Եվ ամենակարող Աստված լսեց նրա աղոթքը:
Մի օր էլ, երբ աղոթում էր և աղերսագին խնդրում Աստծուն օգնել իրեն, ոչ արթուն և ոչ էլ երազի մեջ՝ նրա աչքն երևաց մի ձեռք, որը քարերի վրա ինչ-որ տառերը հետքեր թողեց, ինչպես ձյան վրա: Մաշտոցն ուրախացած ելավ տեղից, վերցրեց մագաղաթը և վրան դրոշմեց աստվածատուր գրերը: Եվ կարդաց Այբ, Բեն, Գիմ...Դա իսկական հրաշք էր, նշանագրերը համապատասխանում էին հայերենի բոլոր հնչյուններին: Մաշտոցը դասավորեց և վերջնական տեսքի բերեց տառերը: Հետո կանչեց իր աշակերտներին, և երբ նրանք հավաքվեցին, առաջին գործը, որ արեցին, Սողոմոնի առակների թարգմանությունն էր: Շուտով հունարենից թարգմանվեց և աստվածատուր գրերով գրվեց առաջին նախադասությունը:
«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»:
Դա 406 թվականն էր:
Մեծ ցնծություն տիրեց Հայոց աշխարհում: Ժողովուրդը Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթեվի և նախարարների բազմության հետ դուրս եկավ Վաղարշապատ քաղաքից, շարժվեց դեպի Արաքս գետի ափը՝ ցնծության երգերով դիմավորելու Մաշտոցին և նրա աշակերտներին:
Բոլորի սրտերն ուրախությամբ լցվեցին, երբ Մեսրոպը ցույց տվեց նորաստեղծ հայկական տառերով թարգմանված տողերը: Դա իսկական ազգային տոն էր: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը ամենուր հիմնեցին հայալեզու դպրոցներ և սկսեցին կրթել հայ մանուկներին: Հայաստան աշխարհը ծաղկեց դրախտի նման:
Հետո եպիսկոպոսների և վարդապետների մի խմբի հետ Մաշտոցն ու Սահակ Պարթևը սկսեցին թարգմանել Աստվածաշունչը: Նրանք աշխատում էին գիշերուզօր: Եվ շատ շուտով ավարտվեց թարգմանությունը:
Բազմաթիւ բարեկարգություններ կատարվեցին Ս. Սահակի և Ս. Մաշտոցի ձեռքով: Նրանք կոչվեցին մեր ազգի մեծ Ուսուցիչներ, ովքեր իրենց աշակերտների՝ Եզնիկի, Կորյունի, Հովսեփի, Ղևոնդի և այլոց հետ հիմքը դրեցին հայոց լեզվով գրականության՝ թե՛ ինքնուրույն գործեր ստեղծելով, թե՛ կատարելով բազմաթիւ թարգմանություններ հունարենից և ասորերենից՝ առաջին հերթին թարգմանելով Սուրբ Գիրքը, ինչ պատճառով և կոչվեցին Թարգմանիչներ:

Պատկերազարդ Տոնացույց