jeudi 16 février 2023

╬ ՏՕՆ Ս.ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ և 1036 ՎԿԱՅԻՑ ╬

 

Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ս. ՎԱՐԴԱՆԱՆՔ (V դ.)

Հայաստանում քրիստոնեության հաստատման առաջին իսկ տարիներից նրա դեմ խոյացան հեթանոսական կրոններով մոլորված ազգերը՝ հատկապես զրադաշտական Պարսկաստանը: 
Պարսկաստանը V դ. Հայաստանի վրա քաղաքական գերիշխանություն ուներ և ձգտում էր կիրառել այն՝ բռնի ուժով մեզ հավատափոխ անելու համար: Հայ ժողովուրդը պայքարի ելավ այդ ծրագրի դեմ և հաղթեց: Այդ հաղթական պայքարը գլխավորում էր ս. Վարդան Մամիկոնյանը: Ավելի քան 1000 քաջազուններից բաղկացած նրա զորագունդը կոչվում է Վարդանանք, որը 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում վճռական ճակատամարտ տվեց պարսից զորքի դեմ: Վերջինիս համեմատ Վարդանանք խիստ փոքրաթիվ էին, բայց նրանց ապավինությունը Աստծո վրա էր: Ճակատամարտից առաջ նրանք աղոթեցին ու հաղորդություն առան և բոլորն էլ պատրաստ էին նահատակության: Եվ այս խիստ անհավասար մարտում նրանք այնպիսի քաջություն ու զորություն ունեցան, որ նահատակվելով հանդերձ՝ կոտորեցին քանակով իրենց մի քանի անգամ գերակշռող պարսից զորքի մեծ մասը: Ավարայրի ճակատամարտը բեկումնային նշանակություն ունեցավ. այլևս անհնար էր ընկճել հավատափոխության դեմ ամենուր պայքարող ժողովրդին, որ ոգևորված Վարդանանց սխրանքով՝ գերադասում էր նրանց պես հանուն Քրիստոսի նահատակվել և արժանանալ սրբերի պսակին, քան կենդանի մնալ հավատն ուրանալու գնով: Արդյունքում պարսից արքան հրաժարվեց բռնի հավատափոխության իր ծրագրից, և Հայաստանում վերականգնվեց քրիստոնեական աստվածպաշտության ողջ կարգը: Սա քրիստոնեական հավատի հաղթանակն էր: 
Այս հաղթանակի և Վարդանանց նահատակության հիշատակը Հայ Եկեղեցին նշում է համանուն տոնով՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը: