samedi 26 avril 2025

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից,

Լուսանկարում Ռուբեն Սևակի կինն է՝ Յաննի Ապելը, երեխաների ՝ Շամիրամի ու Լևոնի հետ։

 ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից, որն արվել է Փարիզի AYP FM ռադիոյում, 2008 թ. ապրիլի 25-ին, երբ Շամիրամը 92 տարեկան էր: Նա իր մահկանացուն կնքեց 102 տարեկանում:
Երբ հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր.
-Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է:

Շամիրամի խոսքը՝ թարգմանաբար.

«Մի օր մայրս լսեց, որ Կոմիտասը ծանր հիվանդ է, թեև երբեմն նրան Փարիզի հայկական մայր եկեղեցի էին բերում, երբ մի քիչ լավ էր զգում: Բնականաբար մայրս ուզեց տեսնել նրան (ասել էին, որ Կոմիտասը այսինչ կիրակի, այսինչ ժամին եկեղեցի է գալու):
Գնացինք նրան տեսնելու: Հանդիպումը եկեղեցու գրասենյակում էր:
-Հա՛յր Կոմիտաս, ահավասիկ Ռուբենի զավակները, Ռուբեն Սևակի զավակները, որոնց Դուք մկրտեցիք:
Երբեք չեմ մոռանա այդ պահը, քանի որ շատ տպավորիչ էր: Ես 10 տարեկան էի:
Կոմիտասը նայեց մեզ, շուրթերը դողացին, բայց ոչ մի բառ չարտասանեց, միայն արցունքներ հոսեցին դեմքին:
Անչափ հուզիչ էր...
Չգիտեմ, հասկացավ, թե ոչ, բայց ոչինչ չխոսեց, ո՛չ մի բառ: Նա իսկապես հիվանդ էր, չկարողացավ խոսել: Ոչ մայրիկիս բան ասաց, ոչ՝ մեզ: Մայրս փորձեց խոսեցնել նրան, բայց իզուր...
Այս պատմությունը շատ է ճնշում ինձ, մինչև հոգուս խորքը: Դրա մեջ մեր անցյալն է...
Մենք բոլորս, թեև ապրում ենք, բայց զոհեր ենք, սգի մեջ ենք: Անհնարին է դուրս գալ այս վիճակից....
Քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, մենք այս վիճակից դուրս գալ չենք կարող»:

Շամիրամ Սևակ