vendredi 25 novembre 2011

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


ՏԱՐԵՄՈՒՏԻ ՕՐԸ
Ոչինչ չե՜մ ուզում այս տարեմուտից,
Ո՛չ գանձ, ո՛չ անուն, ո՛չ նոր բախտ ու սեր.
Հանե՜ր այս տանջող խռովքն իմ սրտից,
Ինձ նորից կյանքի հիացքո՜վ լցներ.
Դանդաղ նորոգվող իմ հին հավատիցծ
Երկու բեկո՜ր էլ իրար կպցներ...

«Սիլվա Կապուտիկյան»

Նոր տարվա հին սովորույթների իմաստը.

♥ Վսեմ տոնածառի իսկական կանաչ գույնը մնում է ամբողջ տարի: հիշեցնելով մարդկության հավիտենական հույսի մասին:

♥Աստղը երկնային խոստումի նշան էր վաղ անցյալում: Աստված խոստացել էր փրկչին աշխարհի համար, եվ աստղն այդ խոստումի իրականացման նշանն է:

♥Մոմը խորհրդանշում է խաչը, որ լույս է աշխարհի համար, եվ երբ մենք նայենք այդ մեծ լույսին, մենք կհիշենք Հիսուսին, ով լցրել է աշխարհը ողջ լույսով:

♥Ծաղկեպսակը խորհրդանշում է սիրո իրական բնույթը: Իսկական սերը երբեք չի դադարում, ինչպես Աստծո սերը, որ չունի ո՛չ սկիզբ, եւ ո՛չ վերջ:

♥Ձմեռ պապը խորհրդանշում է մեծահոգություն եվ բարություն, որը մենք զգում ենք ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում:

♥Փշարմավ բույսը նշանակում է անմահություն: Դա հուշում է այն փշեպսակի մասին, որը կրել է մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը:

♥Շաքարէ ձեռնափայտը նշանակում է հովվի ձեռնափայտը, որով նա հետ էր բերում մոլորված ոչխարներին:

♥Զանգակը՝ որուն զանգի զրնգոցի շնորհիվ կորած գառները գտնվեցին: Նա խորհրդանշում է առաջնորդություն ու վերադարձ:


ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

«ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ»

Ս.Ծնունդի պատրաստութիւնները կը սկսին ծնունդէն յիսուն օրեր առաջ. Յիսնակեաց պահքով: Առաջին, չորրորդ եւ հինգերորդ շաբաթները, պահքի շաբաթներ են, աշխարհականներու համար. Պահքին նպատակը Աստուածային ներկայութիւնը մեր մէջ հաստատելն է: Յիսնակի շրջանին, կիրակմուտքի եօթը օրերուն ընթացքին մէյմէկ ծիրանագոյն մոմեր կը վառուին «Խորհուրդ Մեծ եւ Սքանչելի» շարականին երգեցողութեամբ:

«Խորհուրդ մեծ եւ սքանչելի որ յայսմ աւուր յայտնեցաւ.

Հովիւք երգեն ընդ հրեշտակս տան աւետիս աշխարհի

Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի.

Որդիք մարդկան օրհնեցէք, զի վասն մեր մարմնացաւ:

Անբաւելին երկնի եւ երկրի ի խանձարուրս պատեցաւ.

Ոչ մեկնելով ի Հօրէ ի սուրբ այրին բազմացաւ:»


Յիսնակի շաբաթներու ընթացքին տօնածառ կը զարդարուի տուներուն մէջ, աղօթքներով եւ զԱստուած փառաբանող շարականներով: Տօնածառը որ ընդհանրապէս եղեւնի ծառն է, իր կանաչ գոյնով, խորհրդանիշն է մարդոց յաւիտենական յոյսին. Ծառին գագաթը զետեղուած աստղը երկնային խոստումն է, որ Աստուած խոստացած է Փրկչին՝ աշխարհի համար, իր այդ խոստումին իրականացման նշանն է. Մոմը որ կը վառի ծառին վրայ, կը խորհրդանշէ Խաչը, որ աշխարհին լոյսն է. Երբ կը նայինք այդ մեծ լոյսին կը յիշենք, Յիսուս Քրիստոսը, որ իջած է աշխարհ, իր լոյսով: Ծաղկեպսակը որ կը տեղաւորենք տօնածառին վրայ, կը խորհրդանշէ սիրոյ իսկական բնոյթը: Ճշմարիտ սէրը երբեք չի դադրիր, ինչպէս Աստուծոյ սէրը որ ո՛չ սկիզբ ունի ո՛չ ալ վերջ: Կաղանդ պապիկը խորհրդանիշն է մեծահոգութեան եւ բարութեան որ մենք կը զգանք ամբողջ դեկտեմբեր ամսուան ընթացքին: Փշարմաւի տերեւները խորհրդանիշն են անմահութեան. նման են այն փշեպսակին որ կրած է մեր Փրկիչը, կարմիր փշարմաւը Անոր արյան խորհրդանիշն է: Շաքարէ ձեռնափայտը որ կը զետեղենք տօնածառի ճիւղերուն վրայ, կը նշանակէ հովիւին ձեռնափայտը, որուն հետ ան ետ կը վերադարձնէ մոլորուած ոչխարները: Հրեշտակը որ կը զարդարէ տօնածառը, կը ներկայացնէ Աստուծոյ որդիին ծնունդը հայտարարող հրեշտակները որ երգեցին. «Փա՛ռք Աստուծոյ, աշխարհին խաղաղութիւն եւ բարիք մարդկանց»: Տօնածառին վրայի զանգակը նշանն է Աստուծոյ ուղեցոյցին ,եւ այն զանգակի ղօղանջին , որուն շնորհիւ կորսուած գառնուկները ետ եկան, . Ան կը խորհրդանշէ առաջնորդութիւնը ու վերադարձը: Յիշեցնելով մեզի թէ, բոլորս ալ Աստուծոյ համար թանկագին ենք:

Յիսնակի վերջին շաբաթը անուշապուր «քաղցրապուր» կը պատրաստուի, որուն աւանդական սովորութիւնը մեզի հասած է դարերէ առաջ: Մեր նախահայրերը երբ տակաւին բնական երեւոյթներու պատճառները չէին կրնար բացատրել, «ինչո՞ւ կ՛անձրեւէ, ինչպէ՞ս գետնէն ջուր կը բղխի, ինչպէ՞ս ծիլը կը ծաղկի, ծառը կը մեծնայ ու քաղցրահամ պտուղներ կուտայ...» հետեւաբար կը խորհէին թէ, այս բոլորին մէջ գերբնական մէյմէկ էակ կ՛ապրի, այսինքն ամէնուն մէջ աստուած մը գոյութիւն ունի: Այս աստուածները պաշտելու համար կուռքեր շինած էին եւ իրենց զոհաբերութեան մասնաւոր օրերուն այդ կուռքերուն զոհեր կը մատուցանէին. Անոնց շնորհակալութիւն յայտնելու համար: Այդ աստուածներէն մէկն էր Վանատուր կոչուածը, որ Ամանորի, պտղաբերութեան, եւ արդիւնաբերութեան աստուածն էր: Վանատուրի յատուկ զոհաբերութեան օրը կը զուգադիպէր տարուան առաջին ամսուան, Նաւասարդի առաջին օրուան. Նաւասարդը մեր այսօրուան օգոստոսին կը համապատասխանէ: Տօնի այդ օրը ժողովուրդը Բագաւան գիւղը կը հաւաքուէր, գետին եզերքը, դաշտին վրայ, վրաններ կը լարէին, անթիւ

ուխտաւորներ կուգային փառաբանելու, ծաղիկներ նուիրելու Ամանորի աստուածին որ իրենց առատ հունձք եւ բարիքներ պարգեւէ: Կը պարէին, իրարու վրայ ջուր կը սրսկէին, աղաւնիներ կը թռցնէին, փողեր կը հնչեցնէին ու որսի կ՛երթային: Ժողովուրդը այդ օրը հետը կը բերէր իր հունձքէն Վանատուրին համար զատած բաժինը, որմէ քուրմերուն ալ կը նուիրէին, իսկ իրենք, տեղւոյն վրայ, հողի այլազան բերքերէն անուշապուր կը պատրաստէին: Աւանդական այս սովորութիւնը յարգելու համար, մենք ալ նոր տարիի առթիւ կը պատրաստենք այս տօնական քաղցրեղէնը:

Ըստ աւանդութեան՝ անուշապուրը պատրաստելէ գիշեր մը առաջ, ցորենը կը խաշեն եւ սանը սենեակին մէջտեղը տեղաւորելով վրան մաքուր ճերմակ լաթով մը կը ծածկեն ու կափարիչը կը գոցեն. Յետոյ տան անդամներուն, յաջորդ օրուայ հագուելիք զգեստները զգուշութեամբ սանին վրայ կը դիզեն: Առաւօտուն, տունին երեցը, կանչելով բոլոր տան բնակիչները իր քով, կը բաժնէ իրենց հագուստները. Յետոյ խաչակնքելով՝ կը բանայ սանին կափարիչը եւ մէջէն քանի մը ցորենի հատիկ առնելով դրամապնակին մէջ կը տեղաւորէ. ճոխութեամբ ու բարգաւաճութեամբ դիմաւորելու եւ անցնելու համար նոր տարին:


Կաղանդի գիշերը, ժամը ճիշդ տասնըերկուքին, տան բոլոր լոյսերը կը վառեն եւ ծորակները կը բանան որպէսզի առատութիւն հոսի եւ լոյս տեղայ տունէն ներս: Նոր տարիին առաջին վայրկեաններուն տունին հայրը նուռ մը

կը պայթեցնէ դրան սեմին, որուն հատիկները նոյնպէս ճոխութիւն ու առատութիւն կը պարգեւէն ընտանիքին:


*«Հայկական աւանդութիւն մը կ՛ըսէ թէ, պահ մը դադար կայ անհետացող տարուան յետին պահուն եւ սկսող տարուան առաջին վայրկեաններուն միչեւ: Այդ դադարին ատեն երկինքի դուռները կը բացուին եւ առատութեան հեղեղ մը կը տեղայ մեր մոլորակին վրայ: Բոլոր աղերսանքները կ՛ընդունուին եւ եթէ մէկը սափորը տանի դնէ աղբիւրին տակ, ոսկիներով կը լեցուի»:


Ճրագալոյսի գիշերը, այսինքն 5 յունուարին, մայրամուտին, եօթը ծիրանագոյն մոմերը միասին կը վառին, ընտանիքը կը հաւաքուի տօնասեղանին շուրջ: Յաջորդ առաւօտ, եկեղեցի երթալով, Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան պատարագին կը մասնակցին. Քանի որ Յիսուս Քրիստոս ծնունդէն ճիշդ երեսուն տարի յետոյ, նոյն օրը մկրտուած է, Յորդանան գետը, Սուրբ Ծննդեան պատարագէն վերջ կը կատարուի ջրօրհնենքի արարողութիւնը: Ջուրը կ՛օրհնուի, սուրբ Խաչով, սուրբ Աւետարանով եւ սրբալոյս Միւռոնով. Յետոյ ժողովուրդին կը բաժնուի:

Սուրբ պատարագի ընթացքին եւ յաջորդ ութ օրերուն, ողջոյն կը փոխանակուի. Ըսելով՝

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ- Օրհնեալ է Ծնունդը Քրիստոի»:

«Մինաս Չերազ»


ԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ, ԳԱԼՈՒՍՏԴ ԲԱՐԻ

ՆՈՐ ՏԱՐԻ

Այս նոր տարուան սեմէն Հայր իմ
ներս անցնելու կը վարանիմ
Լի թերութեամբ անցեալն անցաւ
Զոր լոկ յիշելն սրտիս տայ ցաւ.
Ուստի, Հայր իմ, բռնէ ձեռքէս
Որ հետեւիմ ո՛ւր զիս ուղղես:

Ամէն բան գոց, ծածուկ, մթին
Եւ անծանօթ ինձ կը թուին
Արագ արագ կ՛անցնի ներկան
Սարսափ կ՛ազդէ մութ ապագան:
Հաստատ գիտնամ ո՛չ կեանք, ո՛չ մահ
Ո՛չ հրեշտակներ, ո՛չ չարին ահ:

Այս նոր տարուան սեմէն Հայր իմ
ներս անցնելու կը վարանիմ
Լի թերութեամբ անցեալն անցաւ
Զոր լոկ յիշելն սրտիս տայ ցաւ.
Ուստի, Հայր իմ, բռնէ ձեռքէս
Որ հետեւիմ ո՛ւր զիս ուղղես:
 

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜։
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց … այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն …
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց … այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ …
Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ։
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մեկմեկու հինում,
Կարծես թե հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդության,
Վասն մարդկային ոգու խենթության։
Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս։
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜։
Բայց … այնպե՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի …
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այնպե՛ս արի,
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածածին
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդության դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում …
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՜ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար,
Ամենքս, բա՜վ է, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր …


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ՆՈՐ ՏԱՐԻ Է ՆՈՐ ՏԱՐԻ

                               ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

«ՄԵՏԱՔԵ»
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՈՍՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ինչպես մի երգ` սիրված և հին, շշնջում եմ անգիր.
Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր,
Կանաչ մնաս եղևնուդ պես, ապրես կյանքով երկար
Եվ ինչքան Նոր տարի տեսնես դու նորանաս այնքան,
Ամեն տարի բացես սեղան և ամեն Նոր տարի
Սուրբ աղավնին խաղաղության քո թամադան լինի:

Ես ուզում եմ, իմ Հայաստա՛ն, հզորանաս այնքան,
Որ հույսերդ մի նոր լույս տան տիեզերքին,
Անգամ ու թե մի օր մի խիզախ մարդ գնա Մարսին այցի,
Ես կուզեի, որ խիզախն այդ լիներ հայաստանցի,
Փոխվես տեսքով դու այնպիսին, աճես այնպես շռայլ,
Որ հայրն ուրիշ աշխարհ տեսնի, որդին` ուրիշ աշխարհ:

Շատ ես տեսել վիշտ ու արյուն, էլ չտեսնես երբեք
Եվ ինչ իղձեր ունես կյանքում թող կատարվեն մեկ-մեկ,
Աչքս փառքի քո կատարին` շշնջում եմ անգիր.
Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր...

«ԱՐԱՄԱՅՍ ՍԱՀԱԿՅԱՆ»

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Պառաւցած է:- Ձիւն գիսակներ` ծոծրակին
Խոր ակռաները կը սքողեն, եւ բերանն
Ակռայ չըկայ. Միսերը չոր, ցըրտագին
Կը դողան:

Ան կը փախչի մերկ ծառերուն խորերէն.
Կըքած, մախաղ մ’ունի ուսին. իր աչքեր`
Աղօտ լոյսով, ձանձրոյթ, խոնջանք կը փայլին
Տարուբեր…

Միշ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան,
Մոխիր յոյսեր, անբախտներու վաղամեռ
Հառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեան
Երազներ:

Ժամանակի մ’հեղեղին մէջ, հէ՜ք պառաւ,
Պատրանքներովիր քամակն ալ ծըռածէ:
Կ’երթայ մեռնիլ հանգստութեան մէջ անձկաւ:
Անդարձ է…

Մըթընշաղին մէջ մարդիկներ, վայրապար,
Աբշօրէն լուռ կը նային անոր ետեւէն,
Եւ գոչելով թախանաձագին. Վայրկեա~ն մ’ալ.
Կաղաչեն:

Բայց ուղեւորնլերան ետեւ ալ լըռին
Կը կորսըւի. Եւ կը դառնան մարդիկներ
Նոր եռանդով մը կ’ընդգրկեն ՆորՏարին,
Անտարբեր…

«ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ»

ԽՈՍՔ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ

Ես ի՞նչ եմ ուզում որ բերես դու ինձ...
Ոչինչ... Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես,
ՈՒ քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը-
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
ՈՒ լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն.
Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
ՈՒ ես ամեն ինչ կունենամ կյանքում.

«ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ»
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
«ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ




ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ

Կաղանդ պապա,
Դուն որ ահա
Սա պերճագեղ վաճառատան շողշողուն
Ցուցափեղկին մէջ բազմած
Կը բաշխես լոյս, ոսկի ժպիտ ամէնուն,
Կը կանչես ներս գրկաբաց
Մեծ ու պզտիկ, մանչ ու աղջիկ հմայուն.
Կաղանդ պապա,
Դուն որ ահա՛
Շուրջդ շարած անհամար գանձ ու ընծայ,
Խաղալիքներ այլազան,
Արագասոյր եւ ինքնաթիռ մեքենայ,
Կապուտաչուի պուպրիկներ,
Գլխովդ աղուոր ձիւնահեր,
Կու տաս ողջոյն եւ խոստումներ օրհնաբեր,
Տե՛ս սա տղան քու դիմաց,
Զմայլահար, շփոթած,
Զոյգ ձեռքերն իր դրած փեղկին ապակի՝
Կարծես կ՚ուզէ հասնիլ քեզ,
Որ զինք գրկես
Եւ ինք քու մօտ գայ ծունկի...
Տե՛ս սա տղան անօթի,
Փողոցն ըրած իրեն տուն,
Ամբոխին մէջ, ամբոխին դէմ չարանենգ,
Իր թեւերովն ազազուն
Կեանքին համար ու հացին
Կը մաքառի առանձին։
Կաղանդ պապա,
– Օ՜ մեղա՛յ, –
Այս մանչուկին պիտի չերթաս դուն այցի,
Պիտի չտաս Ամանորի իր ընծան,
Ո՛չ օդանաւ եւ ոչ ձի.
Եւ ան այսպէս պիտի դիտէ քեզ միայն
Ցուցափեղկէն երազի...
Բայց կը ճանչնա՞ս գոնէ թշուառ այս տղան,
Ընկերներն իր փողոցի,
Որ կը տենչան սպիտակ շերտ մը հացի
Եւ սպիտակ ձեռքի շոյանք մը ջերմին՝
Իրենց տժգոյն, գորովազուրկ ճակատին...
Կաղանդ պապա,
Եղիր դուն քաջ մէկ րոպէ,
Դարձուր աչքերդ ու դիտէ
Վիշտն անսահման սա մանչուկի նայուածքին,
Մատներն այրող որ կը գրկեն ապակին
Ցուցափեղկիդ դիւթական
Եւ եթէ դուն կրնաս ժպտիլ տակաւին
Քու ժպիտով տօնական,
Ժպտէ մարդոց ու կեանքին...

«Մուշեղ Իշխան»

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՆՈՐԻ

Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն,
Եվ օրհնություն Ամանորի,
Ամանորի երջանկություն,
Եղբայրություն Ամանորի:

Խաղաղությո՜ւն հանդ ու դաշտին,
Սար ու ձորին` խաղաղությո՜ւն,
Սիրտը մաշող վերք ու վշտին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Հայրենիքիս չորս կողմերին
Վեր ու վարին` խաղաղությո՜ւն,
Խաղաղություն և հողմերին,
Հող-երկնքին խաղաղությո՜ւն:

Ճամփաներին, ճամփորդներին,
Մոտ ու հեռվին` խաղաղությո՜ւն,
Հայրենաբաղձ հոգիներին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Բարին մաղթենք անցնող տարուն,
Բարի մաղթենք գալուն նորի,
Սահմաններին լույս ու բարու
Խաղաղությո՜ւն Ամանորի:

«Հարություն Հովնաթան»

ԵՐՆԷԿ, ԹԷ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան:

Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:


Գամառ Քաթիպա «Ռ.Պատկանեան»

ԲԵԹՂԵՀԷՄԻ ԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԻԿԸ

Նե՛րս մտիր այրը - հովիւ ու գառներ.
Գառների մսուր - անշուք խանձարուր.
Ահա մանկիկը անմեղ ու անբիծ
Ժպտում է պայծառ - սէր է մեզ շնչում.
Ահա՛ լալիս է - այդ նրա սիրտն է,
Որ կեանքի շէմքից, մանուկ օրերից,
Մարդկանց վշտերի համար ճմլըւում
Մարդկանց մեղքերին ներումն աղերսում:

Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով

Խոնարհուի՛ր, ընկե՛ր, համբուրի՛ր նրան .-
Նա քեզ կը ներէ, նա քեզ յոյս կը տայ
Եւ դո՛ւ զօրացած կըրի՛ր քո խաչը.-
Է՛լ շղթայ չկայ,
Է՛լ արիւն չըկայ:

«Աւետիք Իսահակեան»
ԹՈՂ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Թող այս նոր տարին, լինի բարեբեր,
Թող խաղաղութիւն լինի աշխարհի,
Թող ապրի մարդը, կամքով աներեր,
Ու մայրը գտնէ, իր կորած որդուն:

Թող խաղաղ լինի աշխարհն ամբողջ,
Թող խաղաղւեն սիրտերը խռով,
Թող վէրքերի տեղ միշտ զուարթ լինեն,
Ուրախութիւնը տիրի ամէն տեղ:

Թող նոր կեանքի հետ մարդն ալ նորոգուի,
Թող վիշտն ու ցաւը իսպառ մոռանայ,
Թող կեանքը լինի վարդագոյն երազ,
Առօրեան չքնաղ տեսիլք դառնայ:

Թող որ բոլորը ապրին երջանիկ,
Թող սէրն անսահման տարածուի փութով,
Թող որ կարկաչեն առուակները ժիր,
Երգեն, ծիծաղեն, սրտերը տխուր:

«Ներսէս Ա. Մեսրոպեան»
ՆՈՐ ՏԱՐԻ

Եկաւ դարձեալ Նոր Տարին,
Հին յուշերը թո՛ղ ապրին,
Այսօր ճամբայ մը նորէն,
Կը բացուի յոյս օրերէն...

Քեզ կ՛ողջունենք մենք դարձեալ,
Լոյս ու մոմով հանդերձեալ,
Երազներու փէշերէն,
Պիտի վազենք հեւալէն...

Անթիւ օրերն օրերէն,
Խաբկանքով մեզ կ՛օրօրեն,
Մինջեւ վերջին նոր տարին,
Ու մոմն ու լոյս պիտ՛մարին...

Պահենք լոյսը հոգիին,
Վառենք ջահը մեր մտքին,
Անցնող եկող նոր տարին,
Կը պարգեւէ մեզ բարին:

«Վահրամ Ծուլիկեան»
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,

Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր...
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ

Շնորհավորել քո կաղանդ։
... Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,

Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության...

«Հովհաննես Թումանյան»