vendredi 25 novembre 2011

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ




ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ

Կաղանդ պապա,
Դուն որ ահա
Սա պերճագեղ վաճառատան շողշողուն
Ցուցափեղկին մէջ բազմած
Կը բաշխես լոյս, ոսկի ժպիտ ամէնուն,
Կը կանչես ներս գրկաբաց
Մեծ ու պզտիկ, մանչ ու աղջիկ հմայուն.
Կաղանդ պապա,
Դուն որ ահա՛
Շուրջդ շարած անհամար գանձ ու ընծայ,
Խաղալիքներ այլազան,
Արագասոյր եւ ինքնաթիռ մեքենայ,
Կապուտաչուի պուպրիկներ,
Գլխովդ աղուոր ձիւնահեր,
Կու տաս ողջոյն եւ խոստումներ օրհնաբեր,
Տե՛ս սա տղան քու դիմաց,
Զմայլահար, շփոթած,
Զոյգ ձեռքերն իր դրած փեղկին ապակի՝
Կարծես կ՚ուզէ հասնիլ քեզ,
Որ զինք գրկես
Եւ ինք քու մօտ գայ ծունկի...
Տե՛ս սա տղան անօթի,
Փողոցն ըրած իրեն տուն,
Ամբոխին մէջ, ամբոխին դէմ չարանենգ,
Իր թեւերովն ազազուն
Կեանքին համար ու հացին
Կը մաքառի առանձին։
Կաղանդ պապա,
– Օ՜ մեղա՛յ, –
Այս մանչուկին պիտի չերթաս դուն այցի,
Պիտի չտաս Ամանորի իր ընծան,
Ո՛չ օդանաւ եւ ոչ ձի.
Եւ ան այսպէս պիտի դիտէ քեզ միայն
Ցուցափեղկէն երազի...
Բայց կը ճանչնա՞ս գոնէ թշուառ այս տղան,
Ընկերներն իր փողոցի,
Որ կը տենչան սպիտակ շերտ մը հացի
Եւ սպիտակ ձեռքի շոյանք մը ջերմին՝
Իրենց տժգոյն, գորովազուրկ ճակատին...
Կաղանդ պապա,
Եղիր դուն քաջ մէկ րոպէ,
Դարձուր աչքերդ ու դիտէ
Վիշտն անսահման սա մանչուկի նայուածքին,
Մատներն այրող որ կը գրկեն ապակին
Ցուցափեղկիդ դիւթական
Եւ եթէ դուն կրնաս ժպտիլ տակաւին
Քու ժպիտով տօնական,
Ժպտէ մարդոց ու կեանքին...

«Մուշեղ Իշխան»

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՆՈՐԻ

Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն,
Եվ օրհնություն Ամանորի,
Ամանորի երջանկություն,
Եղբայրություն Ամանորի:

Խաղաղությո՜ւն հանդ ու դաշտին,
Սար ու ձորին` խաղաղությո՜ւն,
Սիրտը մաշող վերք ու վշտին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Հայրենիքիս չորս կողմերին
Վեր ու վարին` խաղաղությո՜ւն,
Խաղաղություն և հողմերին,
Հող-երկնքին խաղաղությո՜ւն:

Ճամփաներին, ճամփորդներին,
Մոտ ու հեռվին` խաղաղությո՜ւն,
Հայրենաբաղձ հոգիներին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Բարին մաղթենք անցնող տարուն,
Բարի մաղթենք գալուն նորի,
Սահմաններին լույս ու բարու
Խաղաղությո՜ւն Ամանորի:

«Հարություն Հովնաթան»

ԵՐՆԷԿ, ԹԷ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան:

Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:


Գամառ Քաթիպա «Ռ.Պատկանեան»