dimanche 23 juin 2019

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գիւղացի իրենց գիւղում
Խանութ սարքել, բան էր ծախում.
Օրուան մի օր, մօտիկ գիւղից,
Մահակն ուսին, շունն ետեւից
Ներս է մտնում մի զըռ չօպան.
- Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղր չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ:
- Ունե՛մ, ունե՛մ, չօպան ախպէր.
Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կ՛ուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ:
Էսպէս հանգիստ, էսպէս սիրով,
Մեղրից անոյշ, լաւ խօսքերով
Մեղր են քաշում. մին էլ յանկարծ
Մի կաթիլ մեղր ծորում է ցած:
- Տը՜զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի:
Ճանճի վրայ, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...
Բայց հենց կատուի ցատկելուն հետ
Հովուի շունը իսկոյն եւ եթ
Հաֆ է անում,
Վեր է կենում,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում:
- Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Այ սատկես դու, շան որդու շուն,
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մօտիկ բանը
Տուր թէ կը տաս շան ճակատին,
Շուռ է տալի կատուի կողքին:
- Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունս,
Իմ ապրո՜ւստս, տե՜ղս, տո՜ւնս...
Տունդ քանդուի, ա՛յ խանութպան,
Անխի՛ղճ, լիրբ, չա՛ր, ֆըլան-ֆստան,
Ո՞նց թէ դու իմ շանը զարկե՜ս,
Տէ՛, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շէմքին փռում:
- Սպանեցի՜ն... հա՜յ, օգնութի՜ւն...
Ու թաղից թաղ, ու տնից տուն
Ձէն է տալի մէկը միւսին.
- Հա՜յ, օգնութի՜ւն... սպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամբի վրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով-
Էլ հէրն ու մէր,
Քիր ու ախպէր,
Կին, երեխէք,
Ընկեր տըղէք,
Զոքանչ, աներ,
Քաւոր, սանհէր,
Ինչ իմանաս է՝լ ով է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թէ տալիս.
- Տօ՛, կոպիտ արջ, տօ՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կը լինի,
Դու առուտուր եկար անես,
Թէ՞ իմ շէմքում մարդ ըսպանես.
Մին ասում են - տասը զարկում
Աղցան անում, մէջտեղ ձգում,
Իր շան կողքին երկար ու մէկ:
- Տէ՛, ձեր մեռելն եկէք տարէք:
Ու էստեղից բօթը գնում,
Գընում մօտիկ գիւղն է հասնում.
- Հէ՜յ, օգնեցէ՜ք,
Մեռած հօ չէ՞ք,
Սպանեցին մեր գիւղացուն...
Ինչպէս շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էս ճանճի պէս
Ամբողջ գիւղով օրտու կապում,
«Բուհ» են անում, դուրս են թափւում՝
Ամէն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փէտով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոպիկ-
Դէպի տուշման գիւղը մօտիկ:
- Տօ, էսպէս էլ անիրաւ գի՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկիւղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հաւաքւում են՝ քաշում սըրի:
Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ատաթին...
Գնա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք...
- Հա՜յ, հո՜ւյ, առա՜ջ, տէ՛, ձեզ տեսնե՜մ...
Ու դուրս եկան իրարու դէմ:
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կրակեցին,
Ինչքան աւել կոտորեցին,
Էնքան աւել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջնջեցին իրար,
Կորան, գնացին
Գետնին հաւասար:
Դու մի ասիլ, մէկը մէկից
Էսքան մօտիկ, սահմանակից
Էս գիւղերը հարկ են տալի
Ամէն մինը մի արքայի:
Մի տէրութեան թագաւորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հրովարտակ.
- Յայտնի լինի մեր տէրութեան,
Զինուոր, բանուոր, ազնըւական
Ամէն շարքին
Ու աշխարհքին,
Ու անօրէն ու դաւաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քնած էինք սիրով,
Մեր սահմանը մտաւ զօռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զաւակներին:
Արդ, սըրահար ու հրակէզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եւ մենք ընդդէմ մեր իսկ կամքին,
Պատուէր տուինք մեր բանակին,
Թընդանօթով մեր աւերող
Ու Աստուծով մեծակարող,
Յանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի:
Միւսը նոյնպէս իրեն հերթին
Գըրեց զօրքին, ժողովուրդին.
Մարդկանց առաջ եւ Աստըծու,
Բողոքում ենք մեր դրացու
Վարմունքի դէմ ե՛ւ չար, ե՛ւ նենգ,
Որ ոտքելով ամէն օրէնք,
Բորբոքում է կռիւ ու վէճ
Հին հարեւան ազգերի մէջ,
Քանդում սիրոյ դաշտը կապած.
Արդ՝ ակամայ, մենք ըստիպուած,
Յանուն պատուի, արդարութեան,
Յանուն թափուած անմեղ արեան,
Յանուն ազատ մեր աշխարհքի,
Յանուն Աստծու եւ իր փառքի-
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրայ:
Ու սկսուեց կռիւն ահեղ.
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ,
Կըրակն ընկաւ շէն ու քաղաք,
Արիւն, աւեր, ճիչ, աղաղակ,
Ամէն կողմից սարսափ ու բօթ,
Ամէն կողմից մեռելի հոտ...
Ամառ, ձմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան.
Ու, կըռիւը չըդադարած,
Սովը եկաւ համատարած:
Սովը եկաւ, սովի հետ ցաւ,
Ծաղկած երկիրն ամայացաւ...
Իս մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թէ որտեղի՞ց արդեօք ծագեց
Էս ընդհանուր աղէտը մեծ:

Ամենայն Հայոց Բանաստեղծը
Յովհաննէս Թումանեան