vendredi 25 novembre 2011

ԲԵԹՂԵՀԷՄԻ ԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԻԿԸ

Նե՛րս մտիր այրը - հովիւ ու գառներ.
Գառների մսուր - անշուք խանձարուր.
Ահա մանկիկը անմեղ ու անբիծ
Ժպտում է պայծառ - սէր է մեզ շնչում.
Ահա՛ լալիս է - այդ նրա սիրտն է,
Որ կեանքի շէմքից, մանուկ օրերից,
Մարդկանց վշտերի համար ճմլըւում
Մարդկանց մեղքերին ներումն աղերսում:

Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով

Խոնարհուի՛ր, ընկե՛ր, համբուրի՛ր նրան .-
Նա քեզ կը ներէ, նա քեզ յոյս կը տայ
Եւ դո՛ւ զօրացած կըրի՛ր քո խաչը.-
Է՛լ շղթայ չկայ,
Է՛լ արիւն չըկայ:

«Աւետիք Իսահակեան»
ԹՈՂ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Թող այս նոր տարին, լինի բարեբեր,
Թող խաղաղութիւն լինի աշխարհի,
Թող ապրի մարդը, կամքով աներեր,
Ու մայրը գտնէ, իր կորած որդուն:

Թող խաղաղ լինի աշխարհն ամբողջ,
Թող խաղաղւեն սիրտերը խռով,
Թող վէրքերի տեղ միշտ զուարթ լինեն,
Ուրախութիւնը տիրի ամէն տեղ:

Թող նոր կեանքի հետ մարդն ալ նորոգուի,
Թող վիշտն ու ցաւը իսպառ մոռանայ,
Թող կեանքը լինի վարդագոյն երազ,
Առօրեան չքնաղ տեսիլք դառնայ:

Թող որ բոլորը ապրին երջանիկ,
Թող սէրն անսահման տարածուի փութով,
Թող որ կարկաչեն առուակները ժիր,
Երգեն, ծիծաղեն, սրտերը տխուր:

«Ներսէս Ա. Մեսրոպեան»
ՆՈՐ ՏԱՐԻ

Եկաւ դարձեալ Նոր Տարին,
Հին յուշերը թո՛ղ ապրին,
Այսօր ճամբայ մը նորէն,
Կը բացուի յոյս օրերէն...

Քեզ կ՛ողջունենք մենք դարձեալ,
Լոյս ու մոմով հանդերձեալ,
Երազներու փէշերէն,
Պիտի վազենք հեւալէն...

Անթիւ օրերն օրերէն,
Խաբկանքով մեզ կ՛օրօրեն,
Մինջեւ վերջին նոր տարին,
Ու մոմն ու լոյս պիտ՛մարին...

Պահենք լոյսը հոգիին,
Վառենք ջահը մեր մտքին,
Անցնող եկող նոր տարին,
Կը պարգեւէ մեզ բարին:

«Վահրամ Ծուլիկեան»
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,

Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր...
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ

Շնորհավորել քո կաղանդ։
... Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,

Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության...

«Հովհաննես Թումանյան»