mardi 28 décembre 2021

🎄🎅ԳՈՒՐԳԷՆ ՁՄԵՌ ՊԱՊԸ🎅🎄

🎅 Գուրգէն Ձմեռ Պապը🎅

-Մամ, իսկ այս տարի Ձմեռ պապիկը հաստատ կը գայ, թէ՞ անցեալ տարուայ պէս «չի հասցնի» գալ:
-Այս տարի հաստատ կը գայ Վազգէն ջան: Մի՛ մտածիր: Նամակ է գրել ու ասել, որ շատ նուէրներ է բերելու քեզ:
-Մամա…իսկ Ձմեռ պապիկը նուէրներից բացի երազանքներ չի՞ իրականացնում:
-Դէ այդ մասին լաւ կը լինի իրենից էլ հարցնես:
Արդէն քանի տարի էր, ինչ Գուրգէնը Ձմեռ Պապիկ էր աշխատում: Յատկապէս երբ տօներն էին առջեւում Գուրգէնը ծարնաբեռնուած էր աշխատում, բայց փոխարէնը ինչ հաճելի էր երեխաներին ուրախացնելը:
Կնոջ մահից յետոյ մնացել էր մեն մենակ այս մեծ աշխարհում ու մտքով անգամ չէր անցնում կրկին ամուսնանալ: Երեխաներ չուներ, բայց միայն տեսնել էր պէտք, թէ ոնց է երջանկացնում այլոց երեխաների: Գուրգէնը նայում էր երեխաների հետ արուած լուսնկարներն ու անհոգ ժպտում:
Նա տունը երբեք չէր տաքացնում…մէկ է իր տունը երբեք չի ջերմանայ...տան ջերմութիւնը երեխան է:
Հեռախօսը զանգեց: Փոքրիկ Վազգէնի մայրն էր: Պայմանաւորուեցին, թէ Ձմեռ Պապը երբ է այցելելու:
Լոյսեր, փայլեր, փուչիկներ, տօնածառ, խաղալիքներ, Ձմեռ Պապ ու շատ-շատ քաղցրաւէնիք: Էլ ի՞նչ է պէտք փոքրիկներին ամանորեայ հրաշքի համար…
Ձմեռ Պապը եկաւ իր հետ բերելով նուէրներ ու անսահման ուրախութիւն փոքրիկի համար: Փոքրիկ Վազգէնը եւ Գուրգէն Ձմեռ Պապիկն այնքան հաւանեցին միմիանց, որ ամբողջ գիշեր խաղում էին:
-Ձմեռ պապ, իսկ դու երազանքներ իրականացնում ես, հա՞:
-Փորձում եմ իրականացնել փոքրիկս, իսկ դու ինչի՞ մասին ես երազում:
-Ձմեռ պապ, ես հայրիկ չունեմ, բայց շա՜տ եմ ուզում հայրիկ ունենալ, դարձի՛ր իմ հայրիկը, լա՞ւ, միայն իմը…,-խնդրում էր փոքրիկը:
Մէկ տարի անց Վազգէնը Նոր Տարին դիմաւորում էր Գուրգէն պապայի հետ:

ՄՇԵՑԻ