jeudi 5 novembre 2015

Մարիամ Մաթոսեան ♫ Ալմաստը շողում է


Գուսան Շահեն
Ալմաստը շողում է գլխիդ շալի վրա,
Թուխ մազերդ փռվել են երեսիդ խալի վրա,
Երկու սիրուն աղավնի՝ կըրծքիդ կամարի վրա
Թառել են դրախտ ծոցըդ, փակ կրծքիդ շալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Իմ յարը հերոս է մեր գյուղի արտերի մեջ 
(երգում՝ կոլխոզի արտերի մեջ),
Մեկ անթառամ ծաղիկ է բուրավետ վարդերի մեջ,
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ,
Կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Վարդ երեսըդ գարուն է, խալերըդ՝ երամ - երամ,
Կռունկի պես իջան իմ քնարի լարի վրա:

Երգի առաջին տողերից իմանում ենք, որ աղջկա գլխին շալ է գցված, որի վրա շողում է ալմաստը, իսկ թուխ մազերը փռվել են երեսի խալի վրա: Այնուհետև աղջկա կրծքերը համեմատում է զույգ աղավնու հետ. Երկու սիրուն աղավնի, կրծքիդ կամարի վրա թառել են դրախտ ծոցդ:
Մյուս քառատողում ասում է, որ իր յարը հերոս է գյուղի արտերի մեջ: Ի դեպ, այն տարբերակը, որ կատարում է կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսեանը, «մեր գյուղի արտեր»-ի փոխարեն ունի «կոլխոզի արտեր» բառերը: Մարիամը իր բոլոր կատարած երգերը սովորել է իր գաղթական տատից, ով գուցե ինչ-որ կապ է ունեցել Խորհրդային Հայաստանի հետ, կամ այստեղի հյայերից է լսել երգը, և այս ռուսական բառը գուցե այդպես է փոխանցվել արևմտահայ երգչուհուն:
Ինչևէ, այս խոսքով գուսան Շահենը գովերգում է աշխատասիրությունը, ինչով իր սիրած աղջիկն աչքի է ընկել իրենց գյուղում: Ապա երգում է, որ մեկ անթառամ ծաղիկ է՝ բուրավետ վարդերի մեջ: Այսինքն իր յարն առանձնանում է գյուղի մյուս աղջիկների մեջ, նաև ինչպես անթառամ ծաղիկը՝ բուրավետ վարդերի մեջ: Չէ՞ որ վարդը շուտով կթառամի, իր բույրն ու գեղեցկությունը կկորցնի, իսկ անթառամ ծաղիկը, որ պարզ, դաշտերում աճող ծաղիկ է, չի կորցնում իր գեղեցկությունը և ավելի հարազատ է երգչին իր պարզությամբ, քան փարթամ վարդերը:
Հաջորդ տողերում տղան, կարծես խելքամաղ լինելով, ահա թե ինչպես է նկարագրում աղջկան.
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ, կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Կարելի է ենթադրել, որ նա աղջկան տեսել է վաղ առավոտյան, քանի որ այդ ժամանակ է շաղ, ցող լինում, և այն խտանալով աղջկա հերարձակ գլխին, երեսի խալի վրա փռված մազերի մեջ, դրանց ծայրերից կաթում է աղջկա կրքծի սև խալի վրա:
Վերջին տողերում տղան երգում է, որ իր այս երգը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղջկա գեղեցիկ արտաքինի, հմայքի ու գրավչության պատկերը, որն ասես իր աչքերով մտնելով իր էության մեջ, առատորեն դուրս է հորդում իր քնարի լարերից՝ կռունկի երամի պես:

mercredi 4 novembre 2015

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ

1943 ին, Գերմանական Նացի Կեդրոնական բանտի մը փշաթել ցանկապատին ետեւ, ցնցոտիներ հագած հրեայ պատանի մը կը ճեմեր յուսահատ: Յանկարծ ան հեռուէն քալող գեղջուհի մը նշմարեց: Ակամայ անոնց աչքերը իրարու հանդիպեցան: Տղան համաձակութեամբ հարցուց. «Բան մը ունի՞ս ուտելու»:
Աղջիկը զգուշութեամբ գրպանէն խնձոր մը հանեց եւ նետեց: Անօթի տղուն սիրտը ուրախութեամբ խայտաց, երբ փայլուն կարմիր խնձ
որը օդին մէջէն ձեռքին մէջ ինկաւ, սնունդ եւ յոյս բերելով իրեն հետ:
«Վաղը նորէն եկուր», ըսաւ ու աղջիկը ժպտեցաւ:

Յաջորդ օրը, նոյն ժամուն, ան եկաւ եւ դարձեալ խնձոր մը նետեց: Այս գաղտնի ժամադրութիւնը շարունակուեցաւ եօթը ամիսներ, որոնց ընթացքին այս աղջիկը դարձաւ բանտարկեալին աչքին լոյսը եւ հոգիին յոյսը, որուն պատճառով կրցաւ տոկալ բանտի տառապանքին եւ առանձնութեան:

Օր մը, բանտարկեալ պատանին լսեց թէ պիտի տեղափոխուէին այդ վայրէն: Ան կոտրած սրտով գոյժը հաղորդեց պատանուհիին, որուն սիրուն աչքերը տխրեցան: Յաջորդ օրը, բանտարկեալները ուրիշ վայր մը փոխադրեցին: Այս որբ պատանին յաճախ կու լար ցաւատանջ մղձաւանջներ ունենալով:

Անոր միակ մխիթարութիւնը գեղջուհի աղջկան աչքերն էին ու իրենց գաղտնի հանդիպումներուն յիշատակը, որ սրտին խորքը պահած էր: Վերջապէս պատերազմը դադրեցաւ եւ Ռուսական բանակը ազատագրեց այս բանտարկեալները:

Տարիները անցան ու այս հրեայ երիտասարդը Նիւ Եորք գաղթեց: Օր մը ծանօթացաւ գաղթական օրիորդի մը, որուն հետ ճաշարան մը երթալու ատեն, աղջիկը հարցուց թէ ինք ու՞ր էր պատերազմի ժամանակ: Երիտասարդը ըսաւ թէ Գերմանական Կեդրոնական բանտի մը մէջ էր այդ ահռելի շրջանին: «Իսկ դու՞ն» հարցուց աղջկան: «Ես ու ընտանիքս խնայուեցանք հալածանքէ եւ Գերմանական ագարակի մը մէջ աշխատեցանք»: Յանկարծ աղջկան աչքերը սառեցան եւ ան յիշողութեան փոշոտած էջերը դարձնելով ըսաւ. «Մեր պարտէզին մօտ Գերմանական բանտ մը կար, ուր պատանի բանտարկեալի մը հանդիպեցայ: Թէեւ գրեթէ չէինք խօսիր, բայց ակնյայտ էր որ զիրար կը սիրէինք անմեղութեամբ: Ես ամէն օր խնձոր մը կը նետէի անոր: Բայց օր մը ան փոխադրուեցաւ: Կը խորհիմ որ մեռաւ, բայց անոր յիշատակը կը պահեմ սրտիս խորքը:»

«Այդ տղան ցնցոտինե՞ր հագած էր: Եւ օր մը քեզի ըսա՞ւ որ այլեւս մի՛ գար, որովհետեւ պիտի փոխադրուէին:» «Այս բոլորը ու՞րկէ գիտես», հարցուց օրիորդը զարմացած: Տղուն սիրտը պիտի պայթեր կարծես՝ մինչ ապշած աղջկան ձեռքը բռնեց եւ ինքզինք հաւաքելով ըսաւ. «Զիս կերակրեցիր, երբ անօթի էի եւ յուսադարեցիր՝ երբ անյոյս էի: Դուն էիր որ իմ կեանքս ազատեցիր: Աստուած մեզ դարձեալ միաւորեց: Այս անգամ ազատ ենք: Բանտի փշաթելերը մեզ չե՛ն բաժներ եւ չեմ ուզեր երբեք զատուիլ քեզմէ: Կուզե՞ս հետս ամուսնանալ...» Առանց վարանումի՝ օրիորդը ըսաւ «Այո՛ կ՛ուզեմ:»

«Ան որ Աստուած միաւորեց, մարդ թող չզատէ:»
«Հաւատք, յոյս, սէր. այս երեքը: Ու ասոնց մեծագոյնը սէրն է:»

  Աղբիւր «Օրհնաբեր Նռնենին»

jeudi 29 octobre 2015

Արա Գևորգյան-ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ



ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ


Մեր դեմ շատ են ելել վայրի հողմեր,
Երկինքը մեր՝ պատել սև-մութ ամպեր,
Տեսել ենք մեր ճամփին դավ ու զրկանք,
Ցավ ու կորուստ, արցունք, հազար փորձանք:

Բայց ելել ենք վեր
Անկման խոր վիհերից,
Նոր ուժ ենք միշտ առել
Անպարտ մեր լեռներից :
Ու հայոց ոգին
Չի՛ պարտվել երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Ոսոխն անգութ՝ ծարավ հայի արյան,
Կարմիր ներկեց հողը մեր նաիրյան.
Մահը՝ պարզած արնոտ թևերը իր,
Շուրջը փռեց ավեր, մուր ու մոխիր:

Եվ ուզում էին
Ջնջել մեզ հիմնովին,
Փորձում ընդմիշտ հատել
Հայ արմատը հին:
Բայց հայոց ոգին
Չի պարտվել երբեք,
Աշխարհում մենք կրկին
Կա՛նք ու կլինե՛նք:

Պահեց հայը իր մեծ երազը վառ
Հոգում՝ արթուն իր սուրբ հավատն անմար,
Ցավի միջից ելանք՝ վերածնված,

Լացին՝ ժպիտ, վշտին ծիծաղ խառնած:
Ու քայլում ենք՝ լի
Լույսով նոր գալիքի,
Դեռ պիտի ճամփաներ
Անցնենք մենք վերելքի.
Պիտի հիշեցնենք
Ասկյարին գազան,
Որ վա՛ռ է ջահը մեր,
Մեր երթն՝ անվախճա՛ն:

Ու հայոց ոգին
Չի՛ պարտվի երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Լևոն Բլբուլյան

mercredi 21 octobre 2015

ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ «ՍԻՊԻԼ»

ԱՆՑՆԵԼՈՒ ՄՕՏ
 
Լոյսի փունջ մը, շող շիւղերու կուռ հիւսկէն,
Հորիզոնէն վար հուր և բոց կը թափէ.
Լերան ծայրը ցոլքեր մութը կը պըրկեն
Ցանցի մը մէջ լայն վերտերով սատափէ:

Քունէն զարթած կ՛երգէ մարին վարուժան
Ոստերն ի վար կախուած բոյնին մէջ տամուկ,
Դաշտերուն մէջ հոյլ հոյլ գառներ կը խըժան
Շաղով օծուած մարմանդներուն մէջ ճամուկ:

Շամբերուն հոծ շուքին տակէն դողդոջուն՝
Դէպի ծովուն ափերն ի վար աւազէ,
Ուր փրփուրին կը նշմարես վախկոտ չուն,
Լուսածիծաղ առուն վէտ վէտ կը վազէ:

Ոչ հմայքէն առուին տենդոտ կարկաջին,
Շողին ցօղին լոյս ծիծաղէն արծաթի,
Ոչ ալ այգուն ջերմ համբոյրէն առաջին
Մեր սրտին մէջ վարդ անուրջ մը կը ծաթի:

Մենք չենք սիրեր կեանքն յորդաշունչ, կենդանի.
Անցնելու մօտ իրերն ըզմեզ կը կարթեն.
Ու կը ցաւինք, երբ բախտն հեռու կը տանի
Ինչ որ երէկ արհամարհած ենք արդէն:

Մենք կը սիրենք, երբ արևը ծիրանի՝
Հսղած, հատած մոմի նման ոգեվար՝
Ալիքներուն գոգն իյնալով շիջանի
Սողոսկելով խարակներէն զառ ի վար:

Ծաղիկները, զոր կը թողունք որ ցամքին
Թօնուտ օդին, ցուրտ արևին տակ աշնան,
Ծառաներու յանձնած կոպիտ խընամքին,
Թոռմելու մօտ՝ կարծես յանկարծ կ՛անուշնան:

Սըրուակները, որոնց բոյրը կը հատնի,
Ալ աւելի մեզ սիրելի կը դառնան,
Ինչպէս դեղնած սիրոյ թղթիկ մը գաղտնի,
Զոր կը պահենք գուրգուրանքով անսահման:

Եւ մեր սէրը ոսկեփետուր թռչուն բիլ,
Զոր անսըւաղ կը լքանենք շատ հեղ մենք,
Երբ թև կ՛առնէ, կ՛ուզէ մեզմէ խուսափիլ,
Դողդըղալով մեր հոգւոյն մէջ կը սեղմենք:

Մըրմունջները որոնք հեռուն կը մարին,
Կոչնակները, հաչիւնն անգամ շուներուն,
Գորշ ամպերն իսկ փակած կապոյտ կամարին,
Մեկնելու մօտ՝ հըմայք մ՛ունին օրօրուն: 

Յուզմունքներն ալ կը վրդո՛վեն մեր հոգին
Եթէ չըլլան երազի պէս թևաւոր.
Եւ կեանքն արդեօք կ՛ըլլա՞յ այնքան թանկագին,
Ա՜յնքան անուշ, երբ չըսպառնայ մահն անոր:

 
 ՈՐԴԻԱԿԱՆ ՍԷՐ

Մի՛ թողուք զիս, յուշե՛ր քաղցրիկ,
Տարէ՛ք, տարէ՛ք մօտ օրրանիս,
Ուր խոնարհած կին գեղեցիկ,
Սրտի մեղրով դիեցնէ զիս:


Մայրիկս է ան, հոգի՛ բարի,
Էա՛կ վըսեմ, քա՛ղցր արարած,
Թէպէտ տըկար, բայց սիրտն արի,
Ժըպտի փոխէ արցունք ու լաց:


Օրրանիս քով իր երգն անուշ,
Զըւարթ շեշտերն աղու ձայնին,
Իր անձնըւէր խնամքներ քնքուշ,
Զիս կը յուզեն բոլորովին:


Գորովանքի իր դերին մէջ,
Հայրիկս միայն է իր ընկեր.
Նոյն սիրտն ունի, նոյն սէրն անշէջ,
Լաւ կ՛ըմբռնէ ամէն պարտքեր:


Հուժկու ձեռքով, ո՜վ հայր, դու միշտ,
Բանաս ակօս աշխատութեան,
Քուկիններուդ օրեր անվիշտ,
Կ՛ընծայես դու մինչ յաւիտեան:


Բի՜ւր օրհնութիւն, մաղթանք այնքան,
Հոգւոյս խորէն կ՛ուղղեմ յաւէտ,
Ձեզ, ո՜վ ծնողք իմ սիրական,
Մաղթեմ ձեզ կեանք երանաւէտ:


Փոխան խնամքին ձեր անձնուրաց,
Ձեզ նըւիրեմ սէր անսահման,
Թող ձեզ խնայէ բախտն իր հարուած
Քաղցրի՛կ ծընողք իմ աննըման:

 
 ԱՐՑՈՒՆՔՆԵՐ
 
Արցունքներ կան, շիթ շիթ, տրտում, մելամաղձոտ,
Որոնք կու լան, կաթկըթելով այտին վրայ.
Ամէն կաթիլ՝ հեծկլտանք մը, կոծ մ՛է թախծոտ.
Իր ցօղին մէջ տառապանք մը կը թըրթըռայ:

Արցունքներ կան, պայծառ ու ջինջ և անխըռով
Որ արեւու նշոյլներով կը փողփողեն.
Ծիածանին անձրևի պէս հանդարտ ու զով:
Երբոր տեղան, օդը բոյր մը կ՛առնէ հողէն:

Լուռ, անշըշուկ խորհրդաւոր արցունքներ կան.
Որ կը բխին հոգւոյն խորէն սիրոյ կարօտ.
Անոնք ցաւեր մեզ կը պատմեն երկայն, երկայն.
Թաղուած սէրեր, զոր կընքած է սուգին նարօտ:

Արցունքներ կան որոնք քըրքիչ ինձ կը թըւին,
Միշտ գոռացող ամպին նըման փոթորկայոյզ,
Որ փայլակներ թօթափելով ծովին, հովին,
Մշուշի պէս կը տարտղնին կեդրոնախոյս:

Արցունք մ՛ալ կայ որ միշտ կ՛այրէ, բայց չի կաթիր,
Հեղուկ բոց մը, բուռն, ըսպառիչ ահեղ կրակ,
Ցամքած արցունք, որ չի հատնիր՝ մինչև մոխիր
Կըտրին աչքերն, հոգին դառնայ կոյտ մ՛աւերակ:

Ո՜վ արցունքներ ամէնքնիդ ալ ես կը ճանչնամ,
Թէև դժբախտ իմ օրերուս յուշերն ըլլաք.
Ջերմ յուզմունքով ըզձեզ կ՛օրհնեմ ես յարաժամ,
Ձեզմով կը զգամ սըրտիս ապրիլն ես շարունակ:



ՄԻ՛ ԸՍԷՔ

Մի՛ ըսէք ինձ թէ բարութիւնն է կեղծիք,
Թէ ժըպիտը կնճիռ մըն է սնգուրուած,
Թէ ոչինչ կայ ազնիւ, ոչինչ գեղեցիկ,
Թէ պատրանք են սէրը, ծաղիկն ու քերթուած:


Մի՛ ըսէք ինձ թոյն է բուրումը գարնան.
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին.
Թէ լուսագեղ ցօղերն ամպրոպ կը դառնան.
Եզերքն է լոկ մեղրը՝ կեանքի բաժակին:


Ո՜հ, մի՛ ըսէք շրթունքները կը ստեն,
Երբ զեղուն հըրայրքներ, գութ ու գորով.
Թէ յոյզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սրտէն.
Թէ կայծեր են անոնք մտքի մ’անխըռով:


Ո՜հ, մի՛ ըսէք նայուածքները բոցավառ
Չոր քարեր են, սուտակ, զմրուխտ կամ ոբալ,
Որոնք օծուած սուտի փայլովը բուրվառ՝
Գիտեն տրտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:


Ո՜հ, մի՛ըսէք թէ ձայները կը խաբեն
Իրենց անկեղծ հնչիւններովը ծալ ծալ.
Մի՛ ըսթափէք սիրտս իր անուշ տագնապէն.
Թողէ'ք ինծի երազներովս պանծալ:


Մի՛ ըսէք ինձ թէ մարդիկ չեն անձնըւէր,
Թէ շահերով ըստոր լեցուն է աշխարհ,
Եւ ուխտերը, երդումները օդնի վեր
Կը փարատին, ինչպէս թերթեր հողմավար:


Մի՛ մի՛ ըսէք խաւար է ծայրը կեանքին.
Անմահութեան յոյսն աղուոր տենդ մ’է փարթամ,
Թէ հող, մոխիր պիտի դառնայ մեր հոգին...:
Ո՜հ, թողէ՛ք ցընորքներուս հաւատամ:


«ՍԻՊԻԼ» 
ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ