jeudi 5 novembre 2015

Մարիամ Մաթոսեան ♫ Ալմաստը շողում է


Գուսան Շահեն
Ալմաստը շողում է գլխիդ շալի վրա,
Թուխ մազերդ փռվել են երեսիդ խալի վրա,
Երկու սիրուն աղավնի՝ կըրծքիդ կամարի վրա
Թառել են դրախտ ծոցըդ, փակ կրծքիդ շալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Իմ յարը հերոս է մեր գյուղի արտերի մեջ 
(երգում՝ կոլխոզի արտերի մեջ),
Մեկ անթառամ ծաղիկ է բուրավետ վարդերի մեջ,
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ,
Կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Վարդ երեսըդ գարուն է, խալերըդ՝ երամ - երամ,
Կռունկի պես իջան իմ քնարի լարի վրա:

Երգի առաջին տողերից իմանում ենք, որ աղջկա գլխին շալ է գցված, որի վրա շողում է ալմաստը, իսկ թուխ մազերը փռվել են երեսի խալի վրա: Այնուհետև աղջկա կրծքերը համեմատում է զույգ աղավնու հետ. Երկու սիրուն աղավնի, կրծքիդ կամարի վրա թառել են դրախտ ծոցդ:
Մյուս քառատողում ասում է, որ իր յարը հերոս է գյուղի արտերի մեջ: Ի դեպ, այն տարբերակը, որ կատարում է կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսեանը, «մեր գյուղի արտեր»-ի փոխարեն ունի «կոլխոզի արտեր» բառերը: Մարիամը իր բոլոր կատարած երգերը սովորել է իր գաղթական տատից, ով գուցե ինչ-որ կապ է ունեցել Խորհրդային Հայաստանի հետ, կամ այստեղի հյայերից է լսել երգը, և այս ռուսական բառը գուցե այդպես է փոխանցվել արևմտահայ երգչուհուն:
Ինչևէ, այս խոսքով գուսան Շահենը գովերգում է աշխատասիրությունը, ինչով իր սիրած աղջիկն աչքի է ընկել իրենց գյուղում: Ապա երգում է, որ մեկ անթառամ ծաղիկ է՝ բուրավետ վարդերի մեջ: Այսինքն իր յարն առանձնանում է գյուղի մյուս աղջիկների մեջ, նաև ինչպես անթառամ ծաղիկը՝ բուրավետ վարդերի մեջ: Չէ՞ որ վարդը շուտով կթառամի, իր բույրն ու գեղեցկությունը կկորցնի, իսկ անթառամ ծաղիկը, որ պարզ, դաշտերում աճող ծաղիկ է, չի կորցնում իր գեղեցկությունը և ավելի հարազատ է երգչին իր պարզությամբ, քան փարթամ վարդերը:
Հաջորդ տողերում տղան, կարծես խելքամաղ լինելով, ահա թե ինչպես է նկարագրում աղջկան.
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ, կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Կարելի է ենթադրել, որ նա աղջկան տեսել է վաղ առավոտյան, քանի որ այդ ժամանակ է շաղ, ցող լինում, և այն խտանալով աղջկա հերարձակ գլխին, երեսի խալի վրա փռված մազերի մեջ, դրանց ծայրերից կաթում է աղջկա կրքծի սև խալի վրա:
Վերջին տողերում տղան երգում է, որ իր այս երգը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղջկա գեղեցիկ արտաքինի, հմայքի ու գրավչության պատկերը, որն ասես իր աչքերով մտնելով իր էության մեջ, առատորեն դուրս է հորդում իր քնարի լարերից՝ կռունկի երամի պես: