jeudi 29 octobre 2015

Արա Գևորգյան-ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ



ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ


Մեր դեմ շատ են ելել վայրի հողմեր,
Երկինքը մեր՝ պատել սև-մութ ամպեր,
Տեսել ենք մեր ճամփին դավ ու զրկանք,
Ցավ ու կորուստ, արցունք, հազար փորձանք:

Բայց ելել ենք վեր
Անկման խոր վիհերից,
Նոր ուժ ենք միշտ առել
Անպարտ մեր լեռներից :
Ու հայոց ոգին
Չի՛ պարտվել երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Ոսոխն անգութ՝ ծարավ հայի արյան,
Կարմիր ներկեց հողը մեր նաիրյան.
Մահը՝ պարզած արնոտ թևերը իր,
Շուրջը փռեց ավեր, մուր ու մոխիր:

Եվ ուզում էին
Ջնջել մեզ հիմնովին,
Փորձում ընդմիշտ հատել
Հայ արմատը հին:
Բայց հայոց ոգին
Չի պարտվել երբեք,
Աշխարհում մենք կրկին
Կա՛նք ու կլինե՛նք:

Պահեց հայը իր մեծ երազը վառ
Հոգում՝ արթուն իր սուրբ հավատն անմար,
Ցավի միջից ելանք՝ վերածնված,

Լացին՝ ժպիտ, վշտին ծիծաղ խառնած:
Ու քայլում ենք՝ լի
Լույսով նոր գալիքի,
Դեռ պիտի ճամփաներ
Անցնենք մենք վերելքի.
Պիտի հիշեցնենք
Ասկյարին գազան,
Որ վա՛ռ է ջահը մեր,
Մեր երթն՝ անվախճա՛ն:

Ու հայոց ոգին
Չի՛ պարտվի երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Լևոն Բլբուլյան