dimanche 16 février 2025

🙏ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ🌹


 
ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ


🙏
Տէր զօրութիւնների եւ թագաւոր փառքի Յիսուս Քրիստոս, Դու երկնային զօրքերիդ զօրավար կարգեցիր սուրբ Միքայէլ հրեշտակապետին եւ նրա պատուով ճոխացրիր Քո սուրբ եկեղեցին՝ զօրավար եւ յաղթող նահատակ կարգելով սուրբ Սարգսին՝ խաչիդ զօրութեամբ բագինները կործանողին եւ մեհեանները քանդողին։ Նա առաքեալների նման աճեցրեց Քեզ պաշտողների թիւը, աղօթելով Քեզ՝ որպէս շնորհ ստացաւ իր որդու՝ սուրբ Մարտիրոսի ազատութիւնը եւ փոշի դարձնելով ցրեց ամբարիշտների չաստուածներին՝ միայն Քեզ արժանի համարելով երկրպագութեան։ Իր որդի սուրբ Մարտիրոսին՝ Աստուածութեանդ վկային, իբրեւ առաջընթաց արուսեակ՝ աղաւնու պէս թռցրեց երկինք եւ իր գլուխը նուիրաբերեց Քեզ՝ երկնաւորների ու երկրաւորների Գլխիդ՝ Քո կողմից պսակուելով անթառամ պսակով։

Արդ, Քո յաղթող վկայի եւ նրա հետ նահատակուածների յիշատակի տօնախմբութեան օրը անսասանութիւն տուր Քո եկեղեցուն, Տէր, եւ մեր Սուրբ հաւատին՝ պայծառութիւն, եւ Քո հանդէպ սիրով առաջնորդելով՝ մաս տուր մեզ Քո սրբերի բաժնից երկնքում. ամէն:
 
 🌹

🌹🙏🌹ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ🌹🙏🌹

Փետրվարի 13-ի երեկոյան սկսում են նշել հայկական ամենախորհրդավոր տոներից մեկը' Տեառնընդառաջ Տրդեզը.

Հնում այն կապված է եղել արևի պաշտամունքի հետ. համարվում էր, որ տոնից հետո ձմեռը նահանջում է։ Ձմեռը փախուստի դիմելու համար կրակներ էին վառում, ինչ երկիրը տաքացնելու և հալացնելու համար, ճոխ տոնակատարություններ անում, թռնում կրակի վրայով' «չարը խափանելու նպատակով։ Հատկանշական է, որ նման տոնակատարություններն պահպանվել են հնդեվրոպական շատ ժողովուրդների մոտ։

Քրիստոնեական օրակարգում տոնը զուգորդվեց Քրիստոսի ի Տաճարն Գալստյան հիշատակումով։ Եւ ինչպես Տերն է գալիս ի տաճար, այնպես էլ լույսն է գալիս ի մարդկություն։

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին (փետրվարի 13-ին) կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

 

 Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։

Ծնվել է Գամիրքի (Կապադովկիա) Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թվականին, սպանվել է 363 թվականին Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։ Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հույն էր։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։ Նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։

Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինձ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։

Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերի մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում)։ Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ։ Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է։ Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։
 

Տեառնընդառաջի տոնին սեղաններին միշտ եղել է հալվան։ Հալվան կամ հրուշակը և՛ տոնական է, և՛ առօրեական։ Նախկինում հալվայով դիմավորում էին փեսացուին և խնամիներին, այն նվեր էին ուղարկում հարսնացուի տուն։

Բաղադրիչներ՝
յուղ 1/4 բաժակ
ալյուր 1 բաժակ
շաքարավազ 1/2 բաժակ
դարչին, մեխակ, հիլ (ըստ ցանկության)
չամիչ, ընկույզ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը՝
Բովել ալյուրը մարմանդ կրակով, մինչև թեթևակի մգանա։ Ավելացնել յուղը և անընդհատ խառնել, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան։ Կրակն անջատել, խառնել շաքարավազը։ Լցնել տափակ ամանի մեջ, հարթեցնել մակերեսը, կտրատել, թողնել սառչի։
Պահքի օրերին պատրաստել ձեթով։ Ըստ ցանկության դեռ տաք վիճակում ավելացնել չամիչ և ընկույզ։ Ավելացնել նաև համեմունքներ, ինչպես օրինակ, դարչին, մեխակ, հիլ։ Կարելի է յուղը քչացնել և վերջում խառնել նաև թահին (քունջութի յուղ)։



 Սուրբ ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Նախատոնակը փետրվարի
13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնաըդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Երբ Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար է տանում, Սիմեոն անունով մի ծերունի ճանաչում և ընդառաջ է գալիս Հիսուսին: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տիրոջն ընդառաջ:
 
ՏՐՆԴԵԶ
(կատակ տողեր)

Տրնդեզ, տրնդեզ,
Բերենք վառենք խոտի դեզ,
Հարսն ու փեսան թող թռչեն,
Աստծո կամոք օրհնվեն։

Կեցցե՛, ապրի՛ մեր փեսան,
Մենք բոլորս հո տեսա՛նք,
Կնոջն իր գիրկը առավ,
Հո՛պ արեց` թափով թռավ։

Ծափահարենք մեր զույգին,
Քաջալերենք փեսային,
Ինչ խոչընոտ էլ լինի,
Հերոսաբար կհարթի։

Տրնդեզ, տրնդեզ,
Այրեցինք մի ամբողջ դեզ,
Դե սիրելի ջահելներ,
Բարով վայելեք սերը ձեր։

Դե շուտ աղանձն էլ բերեք,
Մեր զույգի գլխին ցանենք,
Կրակն էլ ջրով մարենք,
Գնանք խնջույքն սկսենք
 


 

lundi 5 août 2024

ՄԵՐ ԳԻՒՂԸ-ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

ՄԵՐ ԳԻՒՂԸ

Գիւղ ըսածս, իմ բնակած մեծ քաղաքէս՝ Նիւ Եորքէն հազիւ վեց-եօթը մղոն հեռու տեղ մըն է. ճամբորդութիւնն ալ տասը րոպէ մը կ՛առնէ: Պարագան տարբեր պիտի ըլլար, եթէ հին միջոցներով կատարէինք մեր ուղեւորութիւնը, այդ պարագային զանազան պատճառներով  յամեցումներն ալ մէջը հաշուելով, կէս օր մը ետքը պիտի հասնէինք տուն: Բայց այժմ տարբեր է դարը եւ տարբեր են փոխադրական միջոցները: Փեն Սթէյշընէն ճամբայ ելլող մեր կառաշարը միայ երկու կանգառ կեցած ու կայանին անունը պոռացող պաշտօնեան հազիւ ոտքը ներս դրած, դուռները կը գոցուին: Մեքենան, կեցած ըլլալուն համար զղջացողի աճապարանքով, ճամբայ կ՛ելլէ ու կը սկսի հեւիհեւ վազել: Երբեմն, երբ պատուհանէն դուրս նայիմ, ինծի կը թուի, թէ մենք կեցած ենք ու դաշտանկարն է, որ ետ ետ կը վազէ անհաւատալի արագութեամբ:
Պզտիկ քաղաքի մը պէս է մեր կառաշարը. ունի ճաշարան, ծխարան, պաղպաղակ ծախող, սանտուիչ հրամցնող, ճամբորդութեան տաղտուկը մոռնալու համար թուղթ խաղցող, եւայլն: Այս բոլորին հանդէպ մենք անտարբեր ու անմասնակից ենք, որովհետեւ մինչեւ մեր աչքը բանալ-գոցելը՝ կը հասնինք տեղ:

Այնքան շատ գացած-եկած եմ այդ ճամբէն, որ անոր ամէն մէկ թիզը գոց գիտեմ: Նախ կ՛անցնինք փապուղիէ մը, յետոյ կը մտնենք դաշտ մը, որ մութին յաջորդած ըլլալուն համար, լոյսով ողողուած ըլլալ կը թուի: Մարգարտածաղիկներ ու կաթնուկներ կ՛աճին հոն. իսկ աշնան աստղածաղիկները խաղաղ ծովու կապոյտով կ՛ողողեն զայն:
Հովը ալիք կը դնէ անոնց մէջ ու տարմահաւեր խումբով կ՛իջնեն վար որսի:

Կ՛անցնինք նաեւ կռնակէն կամուրջի մը, որուն կամարը հոսուն կամ կայուն ջուրի մը երկու ափերը չէ, որ կը կապէ իրարու, այլ անոր տակէն ինքնաշարժներու հեղեղն է, որ կը հոսի: Յետոյ մեր ետեւը կը ձգենք ելեկտրաբաշխ կայան մը, որուն բանջարանոցէն -ո՞ւրկէ ուր- գորշ այծ մը, գլուխը վեր ու մօրուքը վար, մեզի կը նայի: Երկաթուղագծէն քիչ հեռուն գտնուող միայարկ կոկիկ տուներուն առջեւ խաղացող տղաք, իրենց շուներով ու շուներն ալ իրենց պոչերով, ողջերթ կը մաղթեն մեզի:

Ի՜նչ օրհնեալ բան է մանկութիւնը, որ  քաղաքակրթութեան ստեղծած արուեստական անջրպետները չի ճանչնար, բարի է ու բարեկամ ամէնուն: Անիկա, Աստուծոյ պատկերին նման ստեղծուած մարդկութեան ամէնէն վաւերական ու անխարդախ օրինակն է:
Տարիներու ընթացքին, մտերմական կապ մը հաստատուած է մեր մեքենավարին ու այդ տղոց միջեւ: Երբ անոնց գունաւոր հագուստներուն պղտոր գիծերը երեւին դաշտին մէջ կամ ծառի մը շուքին, մեքենավարը ճչակին լարը կը քաշէ երեք անգամ ու շոգեշարժին կանչով կը լեցնէ դաշտը, այն ատեն մենք կը գիտնանք, թէ տղաքը մէկ գծի վրայ շարուած, թաթիկները շարժելով, երթաք բարով կ՛ըսեն մեզի:
Վերջապէս, դեղձի ու խնձորի ծառերով յորդող փոքր պարտէզներուն քովէն անցնելով կը հասնինք մեր կայարանն ու մեր գիւղը:

Գիւղ ըսածս ալ Աստուած գիւղ ընէ... Աւելի ագարակ է տեղը, քան թէ գիւղ: Դեռ երկու տարի առաջ, երբ խելքիս փչից եւ այդ շրջանին մէջ տան մը հող գնեցի, ամէն կողմէ ջուրեր կը հոսէին. ջուրերուն մէջ ու առուներու ափին գորտեր կը կռկռային եւ օր ցերեկով նապաստակներ կը վազվզէին հոս ու հոն: Մժեղնե՞րն ըսես... ամպերու պէս խիտ, թեւ կը բանային եւ եթէ զգոյշ չըլլայիր, արեւ- արեգակին կրնային քեզ ուտել:
Բայց մեր բարի բախտէն, շուտով ամէն բան փոխուեցաւ: Հոս ու հոն, թէեւ իրարմէ բաւական հեռու, բազմաթիւ տուներ շինուեցան, ջուրերուն հոսանքը զսպուեցաւ, գորտերն անհետացան ու մժեղներուն դէմ ձեռնարկուած պայքարը արդիւնաւորուեցաւ:

Կարգ մը ագարակապաններ, իրենց հողերուն համար առաջարկուած աղուոր գիներէն  հրապուրուած, զանոնք ծախեցին ու ելան-գացին չես գիտեր ուր: Միայն ագարակապան Պրաունը մնաց իր հողին կառչած ու շարունակեց մշակել զայն:
Պրաուն, երկայնահասակ, նիհար, փիլիսոփայ, զուարճախօս, չարքաշ, հովէն ու արեւէն այրած դէմքով ու գունաթափ մազերով մարդ մըն էր: Դէմքին վրայ երկու խորունկ ակօսներուն մէջէն կտուցի մը պէս դուրս կը նայէր իր սուր քիթը:

Թէեւ ամէն Կիրակի եկեղեցի երթալու սովորութիւն չունէր, բայց բարի էր ու աստուածավախ: Ամբողջացնելու համար իր ինքնութիւնը, ըսեմ, որ նաեւ ամուսնացած էր եւ ունէր չորս զաւակ: Չորսն ալ աղջիկ: Դժբախտութիւն մը իր պարագային, քանի որ անոնք չէին կրնար մանչու պէս աշխատիլ ագարակին մէջ: Մենք կ՛ըմբռնէինք իր ցաւը եւ կը մեղքնայինք իրեն:
Ան իր ագարակին արտադրութիւնները աժան, գրեթէ կէս գինով կը ծախէր մեզի: Իր տան դրան առջեւ կար լալկան ուռենի մը, լայն ու խիտ շուքով: Այդ շուքին տակ կը շարէր ան իր ապրանքները եւ անոնց քով դրուած խոշոր ու կլոր քարերուն վրայ գիները նշանակած կ՛երթար իր գործին:

Եղանակին համեմատ, հոն կարելի էր գտնել  լուբիա, լոլիկ, ելակ, ճակնդեղ, բողկ, սեխ, շոմին, կարոս, հաւկիթ: Ամէն մարդ ցուցադրուած  ապրանքներէն ուզածը կ՛առնէր ու փոխարժէքը հոն դրուած թասի մը մէջ կը ձգէր: Չեմ կարծեր, թէ ոեւէ մէկը երբեւիցէ գիտակցօրէն խաբած է զինք, կամ իր թասէն դրամ գողցած: Առանց վարանումի կրնամ ըսել, թէ ինք, գիւղին ամէնէն շատ սիրուած մարդերէն մէկն էր, ոչ միայն իր  աշխատասիրութեան համար, այլեւ աներեր հաւատարմութեամբ իր հողին կապուած ըլլալուն պատճառով:

Ինք կը պատմէր, թէ Կիրակի օր մը, երբ նոր քաղուած ու չորնալու համար դեռ արեւուն տակ ձգուած խարը տակնուվրայ կ՛ընէր, մեր  վերապատուելիին հիւր եկած պաշտօնակից մը, որ հին ֆորտով մօտակայ ճամբէն կ՛անցնէր, վրդովուած կեցուց կառքը, դուրս ելաւ, մօտեցաւ իրեն ու խիստ դէմքով մը ըսաւ.
-Եղբայր պատուական, չե՞ս գիտեր, թէ Արարիչը աշխարհը ստեղծեց վեց օրէն ու հանգչեցաւ եօթներորդ օրը...
-Այո, գիտեմ, տեղեակ եմ այդ պատմութեան, ըսի ես, բայց ան իր գործերը կրցած է վեց օրէն լրացնել, իսկ ես չկրցայ...
-Ատոր վրայ, պատուելին ի՞նչ ըսաւ, կը հարցնենք:
-Ի՞նչ պիտի ըսէր, մտաւ կառք եւ ելաւ գնաց:
Մր. Պրաուն մեր ամէնէն մօտիկ դրացին է: Մեր տունը հարիւր քայլի մը չափ հեռու է իր տունէն եւ այդ հեռաւորութիւնը անտառով ու խիտ  բուսականութեամբ է ծածկուած: Այնպէս որ երբ հովը փչէ, գիշերները մանաւանդ, մթնոլորտը կը լեցուի փսփսուքով, կարծես ոգիները կ՛անցնին իրենց ոտքի մատներուն ծայրերը կոխելով: Կինս կը վախնայ տունը մինակ մնալէ: Խելքս չի հասնիր թէ ներկայութեամբս քաջալերուելու համար ինչի՞ս կը  վստահի: Բարեբախտաբար, քաջութիւնս փորձի  ենթարկելու պատեհութիւնը դեռ չէ ներկայացած: Բայց վերջապէս գործը հասաւ հոն, որ վերջնագիր տուաւ:

-Կը վախնամ, լեղիս կը պատռի, ըսաւ լացակումած, կամ տունը կեցիր իրիկունները եւ կամ...
-Եւ կամ ի՞նչ...
Վստահելի մէկը գտիր, որ տունը չեղած օրերդ քովս կենայ:
-Կ՛ուզե՞ս, որ շուն մը գնեմ:
-Շունը ո՞վ պիտի նայի:
-Ես ու դուն: Երախաներն ալ կը խաղան հետը:
-Ես ու դո՞ւն: Երախաներն ալ կը խաղա՞ն հետը:
Այդ էր պատճառը, որ օր մը, Ռէքս անունով երեք ամսու շան լակոտ մը թեւիս տակ մտայ մեր տունէն ներս:
-Շուն կ՛ուզէիր, ահա քեզի ասլանի պէս շուն մը:
-Ասլանի պէս... գրաւի կուգամ, որ երբ երկինքը գոռայ, անիկա վախէն կուգայ փէշիս տակ պահուիլ..ատ ալ շո՞ւն ըսելով գներ ես:
-Շատ ճինս է... Դուն սպասէ, քանի մը ամիս ժամանակ տուր եւ տես, թէ ինչպէս կարգին շուն մը կ՛ըլլայ:

Յոյսերս իրականացան: Այդ պատմական օրէն հազիւ քանի մը ամիս անցած, Ռէքսին վրայ շան շնորհք եկաւ: Նախ փորը պզտիկցաւ -առաջ, վառարանի խողովակի մը պէս կէս-կլոր էր- ոտքերը երկնցան ու ականջները տնկուեցան. հաջե՞լն ըսես...
Ա՛լ կրնայի շաբաթը մէկ-երկու գիշեր ժողովներու երթալ, կամ ընկերներուս հետ ձեռք մը երկու թուղթ խաղալ:
Երբեմն տուն գալէ առաջ, կը հանդիպէի մեր մսագործին ու կէս փաունտ քաշուած կարմիր միս առած հետս կը բերէի տուն: Ռէքսը անկիւն մը տարած, դանդաղօրէն միսը կուտայի անոր.
-Ռէքս, եաւրուս, կեր, հալալ ըլլայ. գիտցիր, որ տէրդ ապերախտ մէկը չէ:

Ռէքս իրապէս լաւ շուն մը դուրս եկաւ: Երախաները որքան ալ չարչարեն զինք, բերանը բանալով «խըռ» մը չ՛ըներ, նոյնիսկ կը թոյլատրէ, որ քաշեն իր ականջները ու նստին կռնակին վրայ: Չէ՞ չզղջացի զինք գնելուս համար, բայց ունի նաեւ իր տարօրինակութիւնները. քիչ մը շուտ, շատ շուտ կը մտերմանայ մարդոց հետ եւ այդ պարագան երբեմն կը մտահոգէ մեզ:

Կինս կ՛ըսէ, որ «եթէ մեր տունը գող գալու ըլլայ, այդ սէրսէրին, փոխանակ վրան յարձակելու, պոչը շարժելով առջեւը կ՛իյնայ եւ գողին ձեռքէն բռնած կը տանի ցոյց տալու մեր դրամին պահուած տեղը»:


-Ամմա ըրիր, հա...Շունը ձեռք ունի՞, որ գողին ձեռքէն բռնէ... Յետոյ՝ եթէ վստահ ես իր վատութեան, պահուած դրամին տեղը փոխէ:

-Եթէ ձեռքէն ալ չբռնէ, գողին «բարի եկար» ըսելու ձեւով մը դէմ կը վազէ. առջեւը կ՛իյնայ ու կ՛առաջնորդէ հոն, ուր պէտք է:

-Անիրաւ ես: Ինքզինք պաշտպանելու համար լեզու չունենալէն կ՛օգտուիս ու կ՛ամբաստանես զինք:

-Եթէ ան լեզու չունի, դուն ունիս... քու ունեցած լեզուդ, անոր ալ, քեզի ալ, մեր բոլորին ալ կը բաւէ:

-Ռէքս երկու բան չի սիրեր, նամակատան ցրուիչ Մր. Պարպրիխն ու մեր տունէն յիսուն քայլ հեռուէն անցնող կառախումբը: Երբ անոր թաւալման աղմուկը հեռուէն լսէ, կը ձգէ ամէն գործ ու կատաղօրէն հաջելով կը վազէ դէպի երկաթուղագիծ: Չի գոցեր բերանը, մինչեւ որ իր սպառնալիքներով հեռացնէ վիշապը մեր սահմաններէն: Այն ատեն, պարտականութիւնը կատարողի գոհունակութեամբ կուգայ ետ ու կը պառկի շուքի մը տակ հանգչելու: Իսկ երբ ցրուիչին կապոյտ համազգեստը տեսնէ աչքին պոչով, կարմիր լաթ տեսած ցուլ կը դառնայ:

-Եթէ յաջողիմ զինք օր մը բռնել, ան զիս չխածած ես զինք պիտի խածնեմ. ըսաւ Մր. Պարպրիխ անգամ մը, բերած նամակներն ու թերթերը ինծի տալով, եէս սըր, կատակ չեմ ըներ...

Ես պիտի խածնեմ զինք...


Այն բոլոր իրիկունները, երբ կարելի է դուրս նստիլ ու երկնքի աստղերուն նայիլ, մէջ ընդ մէջ լեղի սուրճէն ումպ մը կուլ տալով կը նստինք դուրսը ու կը վայելենք երկինքէն իջնող մեղրը:

Ճպուռները փոխասացութիւն կ՛ընեն: Կայծոռիկները գիշերուան սեւ տախտակին վրայ գիծեր կը քաշեն: Աստղերը մեծ ու կապոյտ, վերէն կը նային մեր վրայ եւ սաղարթներուն մէջ հովը կը փսփսայ:

-Մայրս, որուն համար այրող ամէն երկնաքար ինկող աստղ մըն էր, կ՛ըսէր, թէ ամէն անգամ աստղ մը իյնալուն մէկը կը մեռնի:

-Այո, հիները շատ բանի կը հաւատային. ամէն մարդ խաչ մը ունէր երկնքի մէջ- ամէն մարդ աստղ մը ունէր երկնքի վրայ եւ ամէն մանուկ պահապան հրեշտակ մը:

-Երնէ՜կ անոնց...Անոնք հաւատք ունէին...

-Ես ալ ունիմ...Կը նայիմ հեռուէն մեզի շող տուող աստղերուն ու կ՛ուզեմ գիտնալ, թէ անոնցմէ քանի՞ հատը մոլորակներ են եւ այդ մոլորակներէն քանիի՞ն բնակիչները անդունդին եզերքը կեցած, մեզի պէս կը նային վար կամ վեր ու կը ջանան գուշակել, թէ արդեօք իրենցմէ դուրս տեղ մը կա՞յ կեանք ու քաղաքակրթութիւն...

-Ատանկ բաներու մասին մի խորհիր. ետքը, ունեցած քիչ մը խելքդ ալ վրայ կուտաս:

Երբ քունը ծանրանայ մեր կոպերուն վրայ, ներս կը մտնենք պառկելու: Գուրգուրանքով կը համբուրենք երեխաները եւ լաւ մը կը ծածկենք:

-Ապրէք, երեխէք, բայց մեզ պէս չապրէք...»:

***

Հիմա մեր շունը տասը տարու է: Լրջացած ու բաւական մըն ալ ծերացած: Ալ իր հին ոսոխին, կառաշարին ներկայութիւնն իսկ չի վրդովեր զինք. կը նայի մեր աչքերուն ու պոչը կը շարժէ: Յետոյ՝ աչքին մէկը բաց,  միւսը գոց կը քնանայ կէս մը եւ իր բաց աչքը կը յիշեցնէ սուրբի մը պատկերին առջեւ իւղը հատնելու վրայ եղող կանթեղին լոյսը:

Կարծեմ իր տեսողութիւնը պղտորիլ սկսած է: Ու ինծի կը թուի, թէ երբ քունին մէջ խնդայ, իր կանաչ օրերուն ըրած խենթութիւններուն վրայ է, որ կը խնդայ: Նոյնիսկ հաշտուած է նամակատան ցրուիչին հետ, որուն տարիքն ալ, իր տարիքին պէս ալ տեղ մը հասած է:

-Եթէ այսքան տարի, քանի՞ տարի եղաւ, տասը տարի մը եղա՞ւ, վրաս հաջելով էնէրժի սպառած չըլլայիր, հաւանաբար այսքան սպառած չէիր ըլլար, կ՛ըսէ ան, բերած նամակները ինծի տալու պահուն Ռէքսին հետ խօսելով, հաւանաբար այսքան լխկած չէիր ըլլար...ու կը խնդայ քթին տակէն:


Ոխ չկայ իր շեշտին մէջ, ոչ ալ վերջնական յաղթանակը տանողի մը ամբարտաւանութիւնը:

Իր ու Ռէքսին յարաբերութիւնները հին, անառակ աշակերտի եւ փիլիսոփայի ուսուցչի յարաբերութեան նման բան մըն են հիմա:

Մեր գիւղն ալ հիմա ծերացած է, աճած ու փոխուած: Ոչ ջուրի ձայն, ոչ ալ գորտի կռկռոց. մոլորած ու մենաւորիկ ճպուռ մը միայն գիշերին մէջ իր ժամացոյցը կը լարէ, այն ալ երբեմն: Մր. Պրաուն շատոնց մեռաւ ու թաղեցինք զինք: Իր աղջիկներէն երեքը ամուսնացան, մէկն ալ վանք մտաւ ու մայրապետ եղաւ:

Մր. Պրաուն սալորն ու դեղձը մեզի կշիռքով կուտար, հիմա այդ բաները, հաւկիթի պէս, համրանքով կը ծախեն: Ալ գիշերները դրան առջեւ չենք կրնար նստիլ, որպէսզի աստղերէն մեղր իջնէ մեր վրայ: Այսուհանդերձ, ես կը սիրեմ մեր գիւղը, որ ծերացած գեղուհիի մը նման թէեւ ժամանակէն աւերուած, բայց դեռ շատ բան կը պահէ իր երբեմնի հմայքէն:


ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ