jeudi 12 mars 2009

ԻՄ ԿԵԱՆՔԸ


ԻՄ ԿԵԱՆՔԸ

Անփոյթ ապրեցի ես կեանքս բոլոր'
Մանուկի նման ու թագուհու պէս.
Գուցէ նրանից որ թոյլ եմ իրօք,
Գուցէ նրանից որ ուժեղ եմ ես:

Հեշտ հաւատացի, հաւատացրին ինձ
Ու երբ խաբուեցի, անէծքի տեղակ
Ինքս թաքցրի աչքս նրանից
Որ հայեացքի մէջ չկարդամ մեղայ:

Չ'որոնեցի յամառ ոչ մէկին,
Եւ անհոգ եղայ գտածիս հանդէպ,
Երբեք չհաշուեց իմ հպարտ հոգին
Իր կորուստները անթիւ ու անտես:

Թէ փակել էր պէտք, ես դուռը բացի,
Թէ պահել էր պէտք, ասացի «գնա»,
Թէ կանչել էր պէտք, լռեցի խոնարհ,
Թէ արցունք էր պէտք, ես ծիծաղեցի:

Գուցէ նրանից որ թոյլ եմ իրօք,
Գուցէ նրանից որ ուժեղ եմ ես...
Անփոյթ ապրեցի իմ կեանքս բոլոր
Մանուկի նման ու թագուհու պէս...

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ