dimanche 16 octobre 2011

ԿՏԿԱ- ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ



Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է միշտ տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավությունը միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա դու կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան: