dimanche 11 mai 2025

🌹♥️ՄԵԾՄԱՅՐԻԿԸ 🌹♥️

Ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը: Դուրսը գարնային անձրևը կը հոսեր լիատարափ. դուրսը գաղջությունն ու մութը ծովացեր էին: Հերաձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա:
Ծերուհին լուսակալի վրա դրավ ճրագը ու գնաց պատուհանին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին:
Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շաղեր սալարկին սպիտակ քամակին վրա, և հետո չարաճճի ձեռքի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին:
Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամ` մերթ` կայծակներու քրքում և օձագիծ խաղերեն լուսավառած: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված:
Անձրևի հոսքերը կը վերսկսեին խաղալ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ: Ու կը վերադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա. և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերուհիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն: Եվ երկնային ջուրը հմայական ձեռքի մը պես` լուսեղեն տեսլիլ մը կ’առկախեր հանկարծ խավարին մեջ. քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոռնուհիին: Եվ ի±նչ տեսիլ կրնար թելադրել իրեն գիշերային այս մենությունը, եթե ոչ անորը: Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր...
Տեսիլքը` վայրկենական` ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսը լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը. ու ծերուհին հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով: Երբեմն կը ցնցվեր թեթևակի. կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը` հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կ’ընկղմվեին մութին մեջ...
Աշտանակին մոմը սպառելու մոտ էր. սենյակին լույսը հետզհետե կ’անոսրա-նար, քանի մը նշույլներ տակավին կ’ոգևորեին: Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածությանց քունեն. որքա¯ն ատեն մնացված կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև. ո՜վ գիտե:
–Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև մը...
Վաղը սու՜րբ, սու՜րբ օր մը տայիր...
Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կ’ըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշանական փրփուրովը կը ծաղկեր իր շուրթերուն վրա...
–Հիսո՜ւս Քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամայր, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ...
Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հոգին թեթևցեր, այսքան տարիե ի վեր ուրիշ ի՞նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին:
Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամպարը վառեց ու սեղանին առջև նստավ. դեմքեն կը զգացվեր գոհունակությունը, իր դեմքեն` որ գրեթե կը ճառագայթեր այլևս: Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին. մեռած աղջկանը պատկե՜րն էր: Կաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, աչքերը` թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ` առույգ ու տխրագին բոցով: Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ:
Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը. նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դառնորեն կը ժպտեր, ցավագին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ’ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գիշեր: Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը կը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն...
Այս գիշերվան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չէր, պատկերը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրությունը չէր մինակ այս անգամ: Այս անգամ լուսանկարը բոլորովին կ’անձնանար կարծես, մազերը ոսկի-շագանակագույն շողեր կ’առնեին, աչքերը` մեղույշ, վառվռուն կենդանություններ, արյունը վարդագույն կը մշշանար այտերուն ու ձեռքերուն վրա, շնորհալի ամբողջը կը նորաստեղծվեր: Որովհետև այս գիշեր մանավանդ, պատկերը իր զավակը չէր միայն, այլ և թոռնուհին` Արփինե՜ն, ա՜հ, Արփինե՜ն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին հեռավոր մեկ խորշին մեջ, իր սրտին մոտավոր մեկ անկյունին ծոցը: Արփինեն, իրեն համար, իր աղջկանը ցո՛լքը մինակ կրնար ըլլալ, նույն վարսերով, նույն շարժուձևով, նու՛յն հոգիով:
Աղջկանը մահեն վերջ, թոռնիկին առաջին մանկութենեն ասդին, այլ ևս տեսած չէր զայն, չէ՛ին թողուր որ տեսնե: Արփինեին հայրը, որ կնոջ մահեն վերջ հեռավոր արվարձան մը փոխադրված` անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը, որ իր թոռնիկը ողջագուրել գացեր էր` աղապատանքով լեցուն, ու գլխիկո՜ր ետ դարձեր էր` կարոտով ու կսկիծով զեղուն. այդ օրեն ի վեր ահա տասներկու տարի է, որ զայն վերստին տեսած չէր: Ահա՛ տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքով կ’ելլեր գյուղին զառիվերեն, թոռնիկին տան դուռը կը բաղխեր, ու... կը ճամբվե՜ր, չեխով ու լուտանքո՜վ կը ճամբվեր. ամեն անգամ սպառնալիքը խիստ ու վճռական եղավ: Հույսը չկտրեց նորեն, չդադրեցուց իր այցելությունները, իր ուխտագնացությունները. ա՜լ դուռը չէր զարներ. տունին շուրջը կը դեգերեր, իր հույսը դիպվածն էր մինակ, հեռուեն թերևս կարենար տեսնել սիրելի դեմքը, մազերուն մեկ գիսա՜կը գոնե:
Տարիներով այսպես պարապ գնաց եկավ մեծմայրիկը. Արփինեն մեծցեր ու դպրոց կ’երթար. անգամ մը ելավ նույն իսկ դպրոց գնաց. Օրիորդին տերտս հասկցնեմ, հելպեթ կը թողու...: Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ. շատ իսկ էր հայտարարությունը. ներս չառին զինքը. տնտես ախպարը բաներ մը մրթմրթաց, չըլլար, չի կա՛, ըսավ. վարժուհին վերի պատուհանը նստած` իր ակնոցին տակեն անտարբեր կը դիտեր ծեր կնոջ հուսահատ վերադարձը... Ծերուհին անգամ մըն ալ հուսախաբ կ’ըլլար, որովհետև ամեն ինչ նախագուշակված ու պատվիրված էր արդեն...
Բայց սերը հուսահատիլ գիտե՞. տարիները անցեր էին, թոռնիկն ալ մեծցած կ’լլար հարկավ, չճանչցվելու աստիճան մեծցած. ծերուհին չէր հուսահատեր սակայն. գեթ հեռուեն անոր դեմքը ընդնշմարե՛ր. հավատքի պես կըզգար թե պիտի ճանչնար զայն:
Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր վերելքը, թոռնիկին դրացուհիներեն մեկը հետաքրքրված ներս առեր էր զինքը ու տերտը հասկցե՜ր: Եվ արդեն շատոնց ծերունի կինը ուշադրության առարկա եղեր էր. ո՞վ էր այդ սևավոր կինը` որ կանոնավորապես կու գար կը դեգերե այդ կողմերը. իրարու մեջ փսփսացեր, հետաքրքրվեր, հասկցեր էին վերջապես դրացուհիները. Արփինեին մեծմայրի՜կն է եղեր. և անոնցմե մեկուն սիրտը չէր դիմացեր այս անգամ, ներս կանչեր էր մեծմայրիկը, սփոփեր ու Արփինեն տեսնելու ժամադրություն մը խոստացեր էր. օհ, ի՜նչ ուրախություն, վերջապես պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզի՜ն. հոգ չէ թե հեռուեն մինակ, դրացի տան պատուհանեն` որուն դիմաց կայնած կ’երևակայեր արդեն իր սիրական սրտահատորը:
–Ո՜ւյ, Աստըծու խնտաք հեմեն, հիմա խենթանամ պըտոր...
Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր:
Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մըն ալ համբուրեց, լամպարը մարեց ու քնացավ ծերուհին, երջանիկ քնացավ:
Առտվան դեմ անձրևները դադրեր էին, անամպ ու միափայլ կապույտին վրա արևը վիժակի մը պես կը նշուլարձակեր. առտվան սյուքը` գարնային ծաղիկներու բուրումով խնկավետ` հեշտագին կը զովանար:
Ծերուհին, որ բաց պատուհանին առջև հագված, պատրաստ նստեր էր և արևածագին կըսպսեր անհամբեր` վերջապես գոհունակ ու լայն շունչ մը առավ. ուրեմն ահա պիտի երջանկանա՜ր:
Դողով ու նախազգացումով լեցուն` խաչ հանեց ու ճամբա ինկավ. շոգենավե-րուն հեռավոր սույլին հետ կը փութացներ, տենդոտ ու անգիտակից գրեթե:
Ղալաթիա հասեր էր. առաջին մտածումը եղավ մոմ մը վառել Ամեափրկիչին. ահա՜ մոտեցեր էր իր սիրական գաղափարին իրականացման, մոմ մը չվառե±ր:
Աղոթքը ըրավ, ժամեն դուրս ելավ, շոգենավ կա՞ր: Ճիշտ ժամանակին կը հասներ, տոմսակը առավ, ներս նետվեցավ. նույն պահուն վերջին սույլը կ’արձակվեր, ու շոգենավը մեկնած էր արդեն:
Առտվան հաճելի արև մը կ’ողողեր խցիկը, ուր ծերուհին նստած էր` մինա՜կ` իր երջանիկ ակնկալության ու խռովքին հետ: Վոսփորը ոսկիով զանակված կապույտ ու երկարաձիգ շալի մը պես կը վետվետեր. նոր կտրված ձմերուկի հեշտավետ բույր մը կ’արտածորեր ծովը. շոգենավը կ’երթար թևաբախ` ծիրկաթինին ձյունաթույր ուրախությունը ձգած իր ետևեն:
–Յուսկյուտա՜ր...
Առտվան ցանցառ ուղևորներուն մեջ ծերուհին առաջինը եղավ դուրս ցատկող:
Վերելքը վայկենական երևցավ իրեն, բան մը չտեսավ ճամբուն վրա, բան մը չլսեց: Առաջին բանը որ զինքը հափշտակութենեն արթնցուց` ձայնը եղավ զանգակին, որուն կոճակին կը հպեր իր դողդոջուն ձեռքը:
Ճիշդ ժամանակին հասեր էր. Արփինեն արդեն դիմացի պատուհանեն կը խոսակցեր բարի դրացուհիին աղջկան հետ:
Պետք եղավ որ քիչ մը սպասի ծերուհին, շունչ մը առնե, սուրճ մը խմե, հետո ըսին որ կրնա պատուհանին առջև նստիլ ու սպասել, չուզեցին հանկարծակիի բերել:
Բայց իր հոգիեն կը լսեր արդեն թե Արփինեն արդեն հոն էր. կթոտելով ու շնչահատ` ելավ վերի հարկը պատուհանին առջև. արևը լիաշող կը ծավալեր, և անոր շլացքին մեջեն ծերուհին ընդնշմարեց սակայն իր հոգիին երազը. ա՜յնքան ատեն իրականությունը երազ մը մինակ երևցած էր իրեն. ուրեմն Արփինեն էր անիկա, իր սրտահատոր թոռնուհին` Արփինեն...
–Ո՜ւյ, արևուդ կշտանամ, լուսերու պես աղջիկ, թպխի մարն է, պոյըդ, պոսըդ սիրեմ... ֆուլիա մազերդ սիրեմ, հոգիդ սիրեմ, զավա՛կս, ձագու՛կս... պոյդ պոսդ սիրեմ... ֆուլիա մազե՜րդ սիրեմ... լուսերո՜ւ պես աղջիկ, լուսերու՛ պես աղջիկ...
Օ՜հ, շա՛տ էր այսքան ուրախություն հեք սրտի մը համար, որ այնքան ծարավ, ծարավ` հանկարծորեն կը լենար և կը զեղուր:

Միսաք Մեծարենց

 


lundi 5 mai 2025

Յովհաննէս Շիրազ եւ Սիլվա Կապուտիկեան

 

Սիրոյ եւ Բաժանումի մը Պատմութիւնը

Մեր գրականութեան երկու տաղանդներու՝ Յովհաննէս Շիրազի եւ Սիլվա Կապուտիկեանի ամուսնութիւնը եղած է կարճատեւ: Այդ կարճ երջանկութեան պտուղն էր Արամազդ Կարապետեանը, բոլորիս ծանօթ՝ քանդակագործ Արա Շիրազը (1941-2014): Բաժանումէն ետք, Սիլվա Կապուտիկեան իր հետ տարած է Արան:
Սիրով, ընտանեկան կեանքով, զաւակով եւ բաժանման ցաւով շաղախուած այս հանգրուանը իր արձագանգը գտած է երկու բանաստեղծներու տողերուն մէջ:
Շիրազ, որ առաւելաբար հայրենիքի, Արարատի, հօր եւ մօր նուիրուած բանաստեղծութիւններով ծանօթ է, Նոր Տարուան օրերուն գրած է.
«Նոր տարուայ գիշեր է... Բալիկս չկայ,
Թւում է՝ բալիկս ուր որ է կը գայ.
....
Միայն ես ու ես եմ բալիկի կարօտ
Միայն քեզ ու քեզ եմ, բալիկ իմ, կարօտ:
...
Ա՜խ, հասիր, առանց քեզ նոր տարի չունեմ,
Առանց քեզ իմ տանն էլ անբոյն թռչուն եմ»:
Աւելի ուշագրաւ է « Իմ Բալիկին» վերնագրով բանաստեղծութիւնը, որու առաջին տունն է.
«Սրտիս ծաղկած մի փունջ ես դու, իմ բալիկ,
Ուր էլ գնաս՝ իմ շունչն ես դու, իմ բալիկ,
Բաժան սրտեր իրար կապող սիրոյ պէս՝
Սիրուց հզօր կամուրջ ես դու, իմ բալիկ»:
Յաջորդ տողերուն մէջ խոստովանութիւն կայ.
«Ի՞նչ թաքցնեմ, լաց եմ լինում առանց քեզ,
Կերած հացս կուլ չի գնում առանց քեզ,
Ուրախ կեանքից ետ եմ մնում առանց քեզ,
Հասիր. Միթէ՞ անուրջ ես դու, իմ բալիկ:
Եւ ահա, Արայիկին յղած իր մաղթանքը.
«Արայիկը,
Իմ բալիկը,
Իմ ծով սրտի
Ջինջ ալիքը,
Թող միշտ խաղայ,
Թող շողշողայ,
Սիրտս՝ նրա խաղալիքը...»
Շիրազ միայն իր որդին չէ կարօտցած: Նոյն տարիներուն գրուած այս տողերուն մասին ի՞նչ կ՛ըսէք.
«Կնոջ սիրտը մի բաժակ է բիւրեղեայ,
Փշրտեցի ու չեմ կարող կպցնել,
Եւ այն օրից, աւա՜ղ, էլ չի կարող նա
Համբոյրներիս գինին սրտանց վերցնել»:
Եւ, ահա, իրենց սիրոյ եւ բաժանումի պատմութիւնը, Շիրազի տողերով.
«Դու դեռ երէկ չկայիր, ու ես շուշան ու վարդեր,
Ու ես մեխակ ու վարդեր էի բերում մայրիկիդ,
Եւ համբոյրով աղերսում, որ քեզ աշխարհ նա բերէր,
Որպէս անհուն իմ սիրոյ ծովից հանած մարգարիտ:
Ու...քեզ աշխարհ բերեցինք, ու ես շուշան ու վարդեր,
Ու ես մեխակ ու վարդեր էի բերում օրոցքիդ,-
Սակայն երբ դու ոտք ելար, մայրդ մարեց երգը մեր,
Առաւ քեզ գիրկն ու փախաւ՝ լացս թողած աչքերիդ,
Ու ես դարձայ մի ցօղուն՝ ծաղիկն ու սիրտը պոկած,-
Ո՞ր սատանան, իմ բալիկ, խելքից հանեց մայրիկիդ,
Որ քեզ խլեց իմ գրկից, ու դու դեռ ինձ մոռացած՝
Ա՜խ իմ փոքրիկ արեգակ, սիրտս մութն ես թողնում դեռ...
Հիմա ո՞վ է մայրիկիդ բերում երազ ու վարդեր...»:
1940-50ականներուն հրատարակուած գիրքեր կը կարդայի, ուր երկու բանաստեղծներու գործերու ընդմէջէն, մտքիս մէջ այս պատկերը գծուեցաւ:
Յովհաննէս Շիրազ երկրորդ անգամ ամուսնացաւ եւ 7 զաւակներ ունեցաւ:
Սիլվա Կապուտիկեանը շարունակեց ստեղծագործական իր ուղին:
Ցաւէն եւ կարօտէն անդին, կեանքը շարունակուեցաւ:
 Ի մի բերաւ՝
 
Մ.Մերտխանեան
Արա և Սիփան Շիրազի հետ՝

«Եղսոն» Գևորգ Չաուշի կինը

Ներկայիս Թուրքիայում գտնվող Այնթափի նահանգի տներից մեկում հայտնաբերվել է հայդուկապետ Գեւորգ Չաուշի այրու՝ Հեղինեի (Եղսո) բնօրինակ լուսանկարը:
Գեւորգ Չաուշի այրու լուսանկարը հայտնաբերվել է 2005 թվականին, Այնթափում տների վերանորոգմամբ զբաղվող վարպետի կողմից:
Իրենից բացիկ ներկայացնող լուսանկարի վրայի հայերեն գրածը չեն հասկացել եւ երբ Այնթափ են ժամանել հայ ուխտավորներ, ովքեր թարգմանել են բացիկի վրայի գրությունը, որտեղ նշվել է, որ այն հանգուցյալ հերոս Գեւորգ Չաուշի տիկին այրի Հեղինեն է: Նշված է եղել նաեւ «տիար Հովհաննես եւ տիկին Փիրանեան, 21 հուլիս, 1910 ՀՅԴ, Այնթապ» գրությունը: Գրության մի մասն անընթեռնելի է եղել:
Եղսոն Գևորգ Չաուշի կինն էր նրանք պսակադրվում են անտառում և ունենում են որդի սակայն Չաուշը զոհվում է անհավասար մարտում :


 

 

samedi 26 avril 2025

Կաթողիկոսին (Գևորգ Ե) Եվ Թումանյան, ամենայն Հայոց բանաստեղծը

 Ցեղասպանությունից հետո
Էջմիածնի վանքի բակում հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…

Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):
Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:
Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:

Գրողը նրան պատասխանել է.

-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ:


 

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից,

Լուսանկարում Ռուբեն Սևակի կինն է՝ Յաննի Ապելը, երեխաների ՝ Շամիրամի ու Լևոնի հետ։

 ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից, որն արվել է Փարիզի AYP FM ռադիոյում, 2008 թ. ապրիլի 25-ին, երբ Շամիրամը 92 տարեկան էր: Նա իր մահկանացուն կնքեց 102 տարեկանում:
Երբ հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր.
-Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է:

Շամիրամի խոսքը՝ թարգմանաբար.

«Մի օր մայրս լսեց, որ Կոմիտասը ծանր հիվանդ է, թեև երբեմն նրան Փարիզի հայկական մայր եկեղեցի էին բերում, երբ մի քիչ լավ էր զգում: Բնականաբար մայրս ուզեց տեսնել նրան (ասել էին, որ Կոմիտասը այսինչ կիրակի, այսինչ ժամին եկեղեցի է գալու):
Գնացինք նրան տեսնելու: Հանդիպումը եկեղեցու գրասենյակում էր:
-Հա՛յր Կոմիտաս, ահավասիկ Ռուբենի զավակները, Ռուբեն Սևակի զավակները, որոնց Դուք մկրտեցիք:
Երբեք չեմ մոռանա այդ պահը, քանի որ շատ տպավորիչ էր: Ես 10 տարեկան էի:
Կոմիտասը նայեց մեզ, շուրթերը դողացին, բայց ոչ մի բառ չարտասանեց, միայն արցունքներ հոսեցին դեմքին:
Անչափ հուզիչ էր...
Չգիտեմ, հասկացավ, թե ոչ, բայց ոչինչ չխոսեց, ո՛չ մի բառ: Նա իսկապես հիվանդ էր, չկարողացավ խոսել: Ոչ մայրիկիս բան ասաց, ոչ՝ մեզ: Մայրս փորձեց խոսեցնել նրան, բայց իզուր...
Այս պատմությունը շատ է ճնշում ինձ, մինչև հոգուս խորքը: Դրա մեջ մեր անցյալն է...
Մենք բոլորս, թեև ապրում ենք, բայց զոհեր ենք, սգի մեջ ենք: Անհնարին է դուրս գալ այս վիճակից....
Քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, մենք այս վիճակից դուրս գալ չենք կարող»:

Շամիրամ Սևակ


 

Հայոց Ցեղասպանության զոհերից էր նաև երիտասարդ գրող, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակը:


 

Լուսանկարում Ռուբեն Սևակի կինն է՝ Յաննի Ապելը, երեխաների ՝ Շամիրամի ու Լևոնի հետ։

Սևակի կնոջը երկու երեխաների հետ հաջողվել է փախչել Շվեյցարիա՝ Գերմանիայի դեսպանի օգնությամբ: Շամիրամն այդ ժամանակ մեկ տարեկան է եղել, իսկ Լևոնը՝ երեք: Յաննին մեղադրում է իր հայրենակիցներին Ցեղասպանության ժամանակ Թուրքիային հանցակից լինելու գործում: Հրաժարվում է Գերմանիայի քաղաքացիությունից և 1918 թվականին ստանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երեխաների հետ երբեք գերմաներեն չի խոսում և այլևս չի այցելում Գերմանիա:

Նա երկար ժամանակ թաքցնում է երեխաներից Ռուբեն Սևակի մահվան պատճառը՝ փորձելով խնայել և նրանց մեջ չսերմանել զոհի և որբի հոգեբանությունը:


 

Դանիել Վարուժան

 Դանիել Վարուժանի ձերբակալման հաջորդ օրը դպրոցում, որտեղ նա դասավանդում էր, սահմռկեցուցիչ լռություն էր։ Ուսուցիչները լուռ նստած էին ուսուցչանոցում, աշակերտները՝ դասարաններում։ Ուսուցչանոց է մտնում թուրքերենի ուսուցիչ Թովմաս էֆենդին՝ մի հայ դարձուկ, որ երբեք հայերեն չէր խոսում:
Տալիս է զանգը և պահանջում, որ դասի գնան։ Ուսուցիչները վերցնում են մատյաններն ու գնում։ Մնում է մի մատյան։ Դա այն դասարանի մատյանն էր, ուր պետք է գնար Վարուժանը․․․
Թովմաս էֆենդին վերցնում է մատյանը ու գնում Վարուժանի դասարանը․․․
Երբ ներս է մտնում, նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
Աշակերտները քարացած, գլուխները կախ մնում են տեղերում նստած՝ կարծելով, թե հայերենի տեղ թուրքերեն են անցնելու․․․
Հանկարծ, բոլորի համար անսպասելի Թովմաս էֆենդին մաքուր, գեղեցիկ հայերենով ասում է․
- Բարև՛ ձեզ, սիրելի՛ աշակերտներ։
Աշակերտները ոտքի են թռչում ու պատասխանում բարևին։
- Ո՞րն է ձեր դասը։
- Ֆրիկը, - պատասխանում են աշակերտները։
- Հայ գրականության դասը շարունակվում է, - ասում է Թովմաս էֆենդին և հրաշալի դաս է անց կացնում Ֆրիկի ստեղծագործությունների մասին։
Հաջորդ օրը Թովմաս էֆենդուն ձերբակալում են։

1915 թվականի օգոստոսի 25-ը 31-ամյա Վարուժանի երկրային կյանքի վերջին օրն էր:


 

Հայ որբերի գորգը


 
Հայ որբերի գորգը..

Գործվել է հայ որբերի կողմից, որոնք ամերիկյան, "Մերձավոր արեւելքի հիմնադրամի" (Near East Relief) հովանավորությամբ գտնվում էին Լիբանանի Ղազիր քաղաքի որբանոցում։ Աշխատանքը տեւել է 18 ամիս։ 1925 թ ուղարկվել է ԱՄՆ որպես նվեր ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)` ի նշան երախտագիտության։ Այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը։
Նախագահ Քուլիջը, նվերից շոյված, Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ֆինլիին հասցեագրած իր նամակում գրում է.
"Ես ստացա Լիբանանի երեխաների գործած գորգը։ Այս գորգը նրանց երախտագիտությունն է այն օգնության համար, որ մենք կարողացանք ցուցաբերել այդ երկրին։ Ես այն ընդունում եմ՝ ի նշան նրանց բարի կամքի Միացյալ Նահանգների ժողովրդի հանդեպ, որ մեծապես օժանդակել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան հիմնադրամ աշխատանքներին։ Խնդրում եմ՝ այդ որբերին փոխանցեք իմ և մեր հայրենակիցների խորին շնորհակալությունը։ Մենք մեծահոգությամբ ենք ընդունում սիրով արված այս աշխատանքը։ Գորգն իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը և երկրի վրա բարի կամքի խորհրդանիշը կլինի։
Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ վերցրեց։ 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը։ 2014 թվականի նոյեմբերին գորգը հանրությանը ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Թուրքական լոբինգի միջամտությամբ գորգի հանրային ցուցադրությունը մի քանի անգամ խափանվել է։


 

160-ամյա «Վահանագորգը», որի կենտրոնում պատկերված է վահան։

Ցեղասպանության տարիներին անհետացել ու ոչնչացվել են բազմաթիվ հայկական գորգեր, սակայն որոշ եզակի օրինակներ հրաշքով պահպանվել են։

Դրանցից է 160-ամյա «Վահանագորգը», որի կենտրոնում պատկերված է վահան։ Ցավոտ ու միևնույն ժամանակ հուզիչ պատմություն ունի այս գորգը. ցեղասպանության ժամանակ մայրը այն երկու մասի է բաժանում ու տալիս իր աղջիկներին՝ հույսով, որ եթե բաժանվեն, գորգի կեսերը կօգնեն գտնել միմյանց։

Աղջիկներից մեկը տեղափոխվում է Նյու Յորք, մյուսը՝ Լիբանան։ Տասնամյակներ անց՝ 50 տարի հետո, գորգի երկու կեսերի շնորհիվ քույրերը վերամիավորվում են Նյու Յորքում։

Այսօր գորգը պահվում և ցուցադրվում է «Մեգերյան Կարպետ» ընկերության հին գորգերի թանգարանում։

 

vendredi 25 avril 2025

1915-ին թուրքերի կողմից Մուշում ողջակիզված երեխաներ։

Լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտի հետ: Լուսանկարն արվել է «Կանանց առաքելության աշխատողներ» սկանդինավյան կազմակերպության անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի կողմից: Մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Բոդիլ Բյոռնն աշխատել է Մուշի և Մեզրեի որբանոցներում:

1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզվեց թուրքական բանակի կողմից. հազարավոր հայեր ողջակիզվեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը և իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյոռնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում` մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվեցին Բոդիլ Բյոռնի հիշողության մեջ:

1916 թվականին, կրկին վերադառնալով Մուշ, Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարյանի հետ քաղաքի փողոցներից և լքված տներից հավաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում և ապաստան է տալիս նրանց` փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացավ անել իր որբանոցի սաների պարագայում:

«Իմ որբերին կորցնելուց հետո ես հոգեպես շատ տանջվեցի, սակայն ծանր հուսահատությունն ինձ չընկճեց, որպեսզի անմիջապես հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ և հետաքրքրվել՝ գուցե իմ որբերից մի քանիսին կենդանի գտնեի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)

Բոդիլ Բյոռն
նորվեգացի միսիոներուհի
Հայոց ցեղասպանության ականատես

Լուսանկարի աղբյուրը՝ Նորվեգիայի թագավորական արխիվի հավաքածու


 

dimanche 16 février 2025

🙏ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ🌹


 
ԱՂՕԹՔ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ


🙏
Տէր զօրութիւնների եւ թագաւոր փառքի Յիսուս Քրիստոս, Դու երկնային զօրքերիդ զօրավար կարգեցիր սուրբ Միքայէլ հրեշտակապետին եւ նրա պատուով ճոխացրիր Քո սուրբ եկեղեցին՝ զօրավար եւ յաղթող նահատակ կարգելով սուրբ Սարգսին՝ խաչիդ զօրութեամբ բագինները կործանողին եւ մեհեանները քանդողին։ Նա առաքեալների նման աճեցրեց Քեզ պաշտողների թիւը, աղօթելով Քեզ՝ որպէս շնորհ ստացաւ իր որդու՝ սուրբ Մարտիրոսի ազատութիւնը եւ փոշի դարձնելով ցրեց ամբարիշտների չաստուածներին՝ միայն Քեզ արժանի համարելով երկրպագութեան։ Իր որդի սուրբ Մարտիրոսին՝ Աստուածութեանդ վկային, իբրեւ առաջընթաց արուսեակ՝ աղաւնու պէս թռցրեց երկինք եւ իր գլուխը նուիրաբերեց Քեզ՝ երկնաւորների ու երկրաւորների Գլխիդ՝ Քո կողմից պսակուելով անթառամ պսակով։

Արդ, Քո յաղթող վկայի եւ նրա հետ նահատակուածների յիշատակի տօնախմբութեան օրը անսասանութիւն տուր Քո եկեղեցուն, Տէր, եւ մեր Սուրբ հաւատին՝ պայծառութիւն, եւ Քո հանդէպ սիրով առաջնորդելով՝ մաս տուր մեզ Քո սրբերի բաժնից երկնքում. ամէն:
 
 🌹

🌹🙏🌹ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ🌹🙏🌹

Փետրվարի 13-ի երեկոյան սկսում են նշել հայկական ամենախորհրդավոր տոներից մեկը' Տեառնընդառաջ Տրդեզը.

Հնում այն կապված է եղել արևի պաշտամունքի հետ. համարվում էր, որ տոնից հետո ձմեռը նահանջում է։ Ձմեռը փախուստի դիմելու համար կրակներ էին վառում, ինչ երկիրը տաքացնելու և հալացնելու համար, ճոխ տոնակատարություններ անում, թռնում կրակի վրայով' «չարը խափանելու նպատակով։ Հատկանշական է, որ նման տոնակատարություններն պահպանվել են հնդեվրոպական շատ ժողովուրդների մոտ։

Քրիստոնեական օրակարգում տոնը զուգորդվեց Քրիստոսի ի Տաճարն Գալստյան հիշատակումով։ Եւ ինչպես Տերն է գալիս ի տաճար, այնպես էլ լույսն է գալիս ի մարդկություն։

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին (փետրվարի 13-ին) կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

 

 Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։

Ծնվել է Գամիրքի (Կապադովկիա) Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թվականին, սպանվել է 363 թվականին Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։ Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հույն էր։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։ Նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։

Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինձ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։

Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերի մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում)։ Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ։ Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է։ Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։
 

Տեառնընդառաջի տոնին սեղաններին միշտ եղել է հալվան։ Հալվան կամ հրուշակը և՛ տոնական է, և՛ առօրեական։ Նախկինում հալվայով դիմավորում էին փեսացուին և խնամիներին, այն նվեր էին ուղարկում հարսնացուի տուն։

Բաղադրիչներ՝
յուղ 1/4 բաժակ
ալյուր 1 բաժակ
շաքարավազ 1/2 բաժակ
դարչին, մեխակ, հիլ (ըստ ցանկության)
չամիչ, ընկույզ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը՝
Բովել ալյուրը մարմանդ կրակով, մինչև թեթևակի մգանա։ Ավելացնել յուղը և անընդհատ խառնել, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան։ Կրակն անջատել, խառնել շաքարավազը։ Լցնել տափակ ամանի մեջ, հարթեցնել մակերեսը, կտրատել, թողնել սառչի։
Պահքի օրերին պատրաստել ձեթով։ Ըստ ցանկության դեռ տաք վիճակում ավելացնել չամիչ և ընկույզ։ Ավելացնել նաև համեմունքներ, ինչպես օրինակ, դարչին, մեխակ, հիլ։ Կարելի է յուղը քչացնել և վերջում խառնել նաև թահին (քունջութի յուղ)։



 Սուրբ ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Նախատոնակը փետրվարի
13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնաըդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Երբ Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար է տանում, Սիմեոն անունով մի ծերունի ճանաչում և ընդառաջ է գալիս Հիսուսին: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տիրոջն ընդառաջ:
 
ՏՐՆԴԵԶ
(կատակ տողեր)

Տրնդեզ, տրնդեզ,
Բերենք վառենք խոտի դեզ,
Հարսն ու փեսան թող թռչեն,
Աստծո կամոք օրհնվեն։

Կեցցե՛, ապրի՛ մեր փեսան,
Մենք բոլորս հո տեսա՛նք,
Կնոջն իր գիրկը առավ,
Հո՛պ արեց` թափով թռավ։

Ծափահարենք մեր զույգին,
Քաջալերենք փեսային,
Ինչ խոչընոտ էլ լինի,
Հերոսաբար կհարթի։

Տրնդեզ, տրնդեզ,
Այրեցինք մի ամբողջ դեզ,
Դե սիրելի ջահելներ,
Բարով վայելեք սերը ձեր։

Դե շուտ աղանձն էլ բերեք,
Մեր զույգի գլխին ցանենք,
Կրակն էլ ջրով մարենք,
Գնանք խնջույքն սկսենք