dimanche 28 février 2016

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ԱՐԵՒ, ԱՂՕԹՔ, ԽՈՒՆԿ ՈՒ ՆՇԽԱՐ

ՄԱՍԻՍՎԱԾ ԻՄ ՓԱՌՔ...

Իրօ՛ք, Աստուած էր հայրիկս լուսէ,
Որ մի ազգ դարձաւ ու ճակատագիր,
Որդուս անունով՝ շուրթիս միշտ խօսել,
Եղել է հոգուս մագաղաթ ու գիր...

Իմ Արարատն՝ իմ փառքն է եղել,
Տարել լեռներն ինձ հայոց վեհութեան,
Ինձ վեհ Աբուլից Արագածն հանել,
Բարձունքն է եղել համայն հայութեան...

Իմ սուրբ Յովհաննէս վանքն է միշտ եղել՝
ՅովհաննԷսներս բերելով իրար,
Ազգիս գանձերն է ափիս մեջ մաղել,
Նարեկայ վանքում ճգնել ինձ համար...

Ծնկած եմ գրչին՝ հանճարին շենշող,
Դեռ պարտք եմ ցաւին՝ զոհերիս հայոց,
Ափիս մեջ սեղմած՝ ես դեռ մի բուռ հող,
Նրա վրէժն եմ՝ Մասիս գնացող...

 ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ

ԲԱԼԼԱԴ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ

ԲԱԼԼԱԴ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ

Լեռ ու քարոտ Հայաստանում
Մի սար անունով մարդ էր ապրում.
Սարից շատեր ծնունդ առան:
Նահապետի անունը վեհ
Որդոց-որդի անմահ մնաց.
Սար անունից տոհմն այդ մեծ
Մինչև օրս էլ Սարյան գրվեց:

Սարյանների Սերգեյ որդուն
Ծնվեց արու մի հատ զավակ.
Մանկան անուն էր հարկավոր.
Շատ փնտրեցին
ՈՒ ընտրեցին
Մարտիրոս' զոհ անվանեցին,
Այդ էլ գուցե նրա համար,
Որ հույսերն են կտրած եղել,
Թե մանկանն այս սև դարում
Չի ունենա երկար խնդում...
Չխավարեց աստղը մանկան:

Մարտիրոսը երբ մեծացավ,
Տեսավ ազգի ամեն մի ցավ.
Այդ վերքերը նրա հոգում
Բարդվեցին ու լեռ դարձան:

ՈՒ պատանու հոգում զարթնեց
Նկարչական արվեստը մեծ,
Գետի նման
Հորձանք առան
Կտավները Uարյանական...

Մի տեղ գյուղ ու քաղաքներն են,
Գեղակառույց շինությունով.
Մի տեղ խոփան հողերը մեր
Շողշողում են այգիներով:
Մրգերն ասես հյութով լեցուն
Կողովներից ճիգ են անում.
Գույնը նրանց ասես նորից
Կյանք է առել բնությունից:
Մի տեղ բազում դաշտի ծաղիկ,
Մի տեղ վարդ ու զառ մանուշակ,
Մի տեղ գարնան արագիլն է
Բույնը հյուսել գարնան գուշակ:
Եվ մի տեղ էլ մեծ Սևանն է
Ջինջ ու կապույտ երկնքի պես :

Իսկ ամենից վերին մասում,
Որ այդ իրենց շատ է սազում
Դա մեր Մասիսն ու Արագած,
Եղբայրներն են վես ու կանգուն
Որ կաթոգին իրար փարված
Կարծես իրար բան են ասում...
Տե´ս, Մասսի սեգ գագաթին
Թղպոտ ամպն է չալմա կապել,
Կրտսեր երբայր Արագածն էլ
Նրան լույսի շող է նետել...
Ասես կուզի նրա գլխից
Չալմեն հավետ դեն շպրտի,
Որ գեթ մեկ էլ տեսնի եղբոյր
Թագը հավերժ ու գեղանի

Մի ալեզարդ «հսկա» ծերուկ
Ծաղիկների շեն աշխարհում
Լուռ, օրնիբուն պտտրում է նա
Եդեմային պուրակներում:
Մոտենում է ամեն ծաղկին,
Կանաչ թփին, շիվ ու ծաղկին,
ՈՒզում է տալ և համ, և դամ
Իր պատկերված նկարներին:
Ինքն էլ ասես ճերմակ ծաղիկ.
Ծաղկաց մեջ, բուժիչ ծոցում
Նեկտար ու զառ թերթիկներին
ՈՒզում է տալ հավերժ օծում:

Օ՜, նա բարի արքան է հար
Գարնանային զառ բնության,
ՈՒր իրեն են գեթ խոնհարվում
Լեռ ու ծաղիկ և ամենայն:

Եվ ահա նա իր արվեստով
Անհավասար խոյանք առավ.
Արագածին ու Մասսին
Հավերժական եղբայր դառավ:

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

mercredi 17 février 2016

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ♥ ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆ

Երբ թերթերուն մէջ կը սկսին հրատարակուիլ Թարգմանչաց տօնին ծանուցումները, ես ալ կը պատրաստուիմ մտքիս մէջ հոգեհանգստեան պատարագ մը մատուցանել մեր թարգմանիչ վարդապետներու, եւ մասնաւորաբար Մեսրոպ Մաշտոցի ի յիշատակ: Միտքս տաճար մըն է, այդ պահուն, ուր միայն ես կանգնած եմ որպէս հաւատացեալ, առանձին ու այլամերժ: Այլամերժ, այո՛, որովհետեւ այդ պահուն անպայման կ՛ուզեմ մնալ առանձին: Չըլլա՛յ որ ուրիշ մըն ալ մտնէ այդ տաճարէն ներս ու խանգարէ իմ միասնութիւնս մեր ամենասուրբ վարդապետներուն, վարդապետներու վարդապետ Մեսրոպին հետ:
Մտքիս տաճարին մէջ երգեր կը լսուին ու հայոց լեզուէն արձագանգներ կը հնչեն: Բոլորին մէջէն կ՛ուրուագծուին Մեսրոպի ձեռքով գծուած գիրերը հայոց, որոնք կարծես լուսարձակի մը կողմէ պատկերուէին մտքիս պաստառին վրայ, կը տողանցեն` լոյսի հետքեր ձգելով աչքերուս առջեւ եւ մտքիս մէջէն կը սահին-կ՛երթան իրենց հետ մէկ-մէկ լուսապսակ տանելով:
Տարին անգամ մը գոնէ:
Տարին անգամ մը գոնէ կ՛ուզեմ առանձին մնալ Մեսրոպ Մաշտոցին յիշատակին առջեւ, որպէս անոր ամէնէն հաւատաւոր աշակերտներէն մէկը, եւ ըսել իրեն, թէ որքա՜ն երջանիկ եմ ամուր փարելով իր թողած ժառանգութեան: Կը լսէ՞ զիս, իմ յուզումէս արձագանգ մը, ալիք մը կը հասնի՞ իրեն: Անտարակոյս: Որովհետեւ հոգւոյս խորը կը գտնեմ խղճի հանդարտութիւնը այն զաւկին, որ հանդիսաւոր օրով սրտի իր խօսքը արտասանած է իր հօր եւ որ գլխուն վրայ, մազերուն միջեւ տակաւին կը զգայ այդ գորովագութ հօր օրհնութեան ձեռքը:
Լսէ՛, Մեսրոպ, քու գիրերով կը խօսիմ քեզի հետ եւ իմ ամբողջ ժողովուրդիս հետ: Իմ ժողովուրդիս թիւը փոքր է, աւա՜ղ: Առաւել եւս փոքր է թիւը ժողովուրդիս այն զաւակներուն, որոնք կրնան ինծի հետ կամուրջ հաստատել քու գիրերուդ շնորհիւ: Բայց քու գիրերդ ամէնէն ապահով կամուրջներն են քու ցիրուցան, սակաւաթիւ երկրպագուներուդ միջեւ: Ցիրուցան: Եւ սակաւաթիւ: Այս երկու բառերը, որոնք հոս այսպէս քով-քովի կու գան, կը կոտտացնեն սիրտս: Բայց հրաշք մըն ալ կը տեսնեմ այդ երկու բառերուն մէջ: Որքա՛ն ցիրուցան են մեր ժողովուրդին զաւակները, որքա՛ն սակաւաթիւ են որպէս քու երկրպագուներդ, այնքան աւելի մեծ է երջանկութեան այն բաժինը, զոր կը քաղեն գիրերուդ մէջէն: Ինչպիսի՜ խորհուրդ մը ու մագնիսականութիւն մը կրցեր ես դնել անոնց մէջ, ինչպիսի՜ տոկունութիւն մը, ինչպիսի՜ հպարտ ինքնաբաւութիւն մը, որ այդ գիրերը, հազարումէկ խոչընդոտներու վրայէն անցնելով կը շարունակեն ահա քալել դարերու մէջէն եւ իրենց ետեւէն քշել-տանիլ իրենց երկրպագուները: Ինչպիսի՜ տաղանդով մը օժտեր ես զանոնք, որ իրարու քով գալով կը հնչեցնեն աշխարհի ամէնէն գեղեցիկ ձայները, ամէնէն գեղահունչ բառերը, ամէնէն զգայուն երգերը: Անոնք քով-քովի կու գան ու գիրք կը դառնան, օրաթերթ կը դառնան, նամակ կը դառնան, պատգամ ու ճառ կը դառնան: Սիրասուն մեր զաւակներուն ձեռքին մէջ հայոց դասագիրք կը դառնան, մեր եկեղեցիներուն կամարներուն տակ քարոզ ու շարական կը դառնան: Գետի մը զուլալ ու անապակ ջուրերուն նման կը հոսին ու կ՛երթան հայ մարդէն դէպի հայ մարդ, զովութիւն, թարմութիւն, կենսունակութիւն, մխիթարութիւն, ինքնապահպանում բաշխելով մէկէն դէպի միւսը: Տպագրիչ մեքենաներու գլաններէն կամ համակարգիչներու պաստառներուն վրայէն թուղթին կը փոխանցուին կախարդական խաղերով ու ճամբայ կ՛ելլեն դէպի այն հեռաւոր անկիւնները, որոնք գոյութիւն իսկ չունէին քու շրջանի քարտէսներուդ մէջ: Այդ գիրերը, Մեսրո՜պ, մինչեւ այդ հեռաւոր անկիւնները իրենց հետ կը տանին քու սուրբ անունդ ալ, որովհետեւ իւրաքանչիւր տառին մէջ դո՛ւն կաս դարերէ ի վեր: Կը շրջիս ամբողջ աշխարհին վրայ, դուն որ թերեւս կը կարծէիր որ պիտի յիշուէիր միայն Օշականէ, Աշտիշատէ, Հացեկացէ, Վաղարշապատէ, Գողթն գաւառէ կազմուած փոքրիկ հին աշխարհի մը մէջ: Քու գիրերդ ահա քեզ կը տանին ովկիանոսներուն մէկ կողմէն միւսը, երկինքներուն մէկ ծայրէն միւսը, հողամասերուն մէկ անկիւնէն միւսը: Ամբողջ աշխարհ բաց է քու առջեւ: Կը հաւատա՞ս: Կը հաւատա՞ս, որ այսքան ընդարձակ աշխարհ մը պիտի բացուէր քու գիրերուդ առջեւ:
Չեմ գիտեր թէ ուրիշ ազգեր ալ ունի՞ն իրենց Մեսրոպները, կը յիշե՞ն իրենց գիրերուն գիւտարարը: Բայց քու ժողովուրդը քեզ կը յիշէ ահաւասիկ մօտաւորապէս 1600 տարիէ ի վեր: Կը յիշէ եւ քեզ կը դասէ իր ամէնէն երանելի սուրբերուն միջեւ: Ո՛չ մէկ ժողովուրդ կրնայ այնքան շնորհապարտ ըլլալ իր գիրերու գիւտարարին հանդէպ, որքան եղած է եւ է՛ մեր ժողովուրդը: Որովհետեւ մեր ժողովուրդին զաւակները, սակաւաթիւ ալ ըլլան, գիտեն թէ դուն, մեր գիրերը գտնելով, հաստատեցիր ո՛չ միայն մեր մշակոյթը, այլ նաեւ ապահովեցիր մեր ժողովուրդին գոյատեւումը: Քու գիրերը մեզի համար դարձան աննիւթական եկեղեցի, ակադեմիա, դպրոց եւ նոյնիսկ պետութիւն, ամէն անգամ որ պակսեցան իրական եկեղեցին, ակադեմիան, դպրոցը եւ պետութիւնը: Քու հրաշագործ գիրերը մեր ժողովուրդը իրենց հետ տարին վանքերէն դէպի դպրոց, համալսարաններէն դէպի եկեղեցի եւ անապատներէն դէպի կանանչազարդ վերածնած մարգագետիններ:
Այսօր մտքիս տաճարին մէջ դարձեալ քեզի հետ կը հաղորդուիմ, Սուրբ Մեսրոպ, եւ քու գիրերէդ կազմուած համեստ ծաղկեփունջ մը կը դնեմ խորանին վրայ:

ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆ

lundi 15 février 2016

Հատուած Անդրանիկ Ծառուկեանի «Սէրը Եղեռնին Մէջ» Վէպէն



Քնարաշունչ բանաստեղծութիւններու հեղինակ Ռուբէն Սևակ, Սէրն ու Մահը միշտ գլխագիր գրած է, յաճախանք մըն է բանաստեղծին մտքին մէջ, ո՛վ գիտէ, թերեւս նախազգացում մը:
«Սէրը» կոչուած բանաստեղծութենէն հատուածներ.
Քնարիս եօ՛թն աղիքներէն կանացի
Եօթը որբուկ հառաչանքներ հանեցի.
Ես մի՛շտ ժպտիլ կը կարծէի, մի՛շտ լացի...:

Սէրը ճերմակ անհունին մէջ կոյր ա՛չն է.
Սէրը՝ սիրոյ ովսաննան չէ՛, իր խա՛չն է,
Իր ցաւերուն ընդդիմացող ո՞ր քաջն է...:

Սէրը սէր չէ, մահը մահ չէ, սէ՛րն է մահ,
Սէրն անդունդին մէջ ընկլուզումն է անվա՜խ,
Սէրն աչքը գոց ցայգաշրջի՛կն է անմահ...:

Երջանկութեան սեղանին վրայ խրախճան՝
Բեհեզ, կարմիր ծածկոյթին տակ պատմուճան՝
Սէրը կմա՛խք կոչնականն է դաւաճան...:

Կը տեսնե՞ս սա վիհին վրայ Սէր-ակը.
Հազարնե՛ր կուլ է տուէր այդ սե՛ւ ակը.
Իր ջուրէն օր մը խենթեցաւ Սևակը:

Այս բանաստեղծութեան վերջաւորութեան Սևակ անունը կը գործածէ թէ՛ իբրև ստորագրութիւն, թէ՛ իբրեւ վերջին տողին տէրբայը: Սիրոյ ակը վիհին եզերքը կը գտնուի, սև ակ մըն է ան, հազարներ կուլ տուեր է ան, և հիմա Սևակն է որ կը խմէ անոր ջուրը ու կը խենթենայ:
Սէրը ա՛յս էր Ռուբէն Սևակին համար և թերեւս իրաւունք ունէր երբ ինքզինք կը կոչէր Սէր-Ասուած:

Ռոպէր Հատտէճեան
Յուշատետր-47

mardi 9 février 2016

10 Հարց Պահքի Մասին - Ինչ Ուտել և Ինչ Չանել




Ահա 10 գործնական հարցեր Պահքի մասին:
1. Ինչու ենք Պահք Պահում
2. Ինչ Պետք Չէ Ուտել և Ինչ Պետք է Ուտել Պահքի Ժամանակ
3. Ինչ Պետք է Անել և Ինչ Պետք է Չանել Պահքի ժամանակ:
4. Կարելի է՞ Կարճ Պահել Պահքը
5. Հիվանդները, ծերերը, երեխաները, հղիները, կերակրող մայրերն ինչպե՞ս պահք պահեն:
6. Կարելի՞ է պահք պահել կոնկրետ նպատակի համար (ասենք երեխա ունենալու, կամ առողջության և նման բաներ)
7. Իսկ կախվածություններից ձերբազատվելը Պահքի Խորհուրդը լրացնում է թէ՞ ոչ
8. Պահքի ժամանակ կին ու ամուսին հարաբերության մասին
9. Ինչպիսի մտերումներ մեզ պետք է առաջնորդեն Պահքի ժամանակ։ Ինչ հոգեվիճակ պետք է ձգտել ունենալ:
10. Արդյոք Պահք չպահելով մենք կարող ենք հեռանալ մեր հավատքից: