jeudi 31 mai 2012

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
 
Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առաջին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

ՆԱԻՐԻ  ԶԱՐԵԱՆ
Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:

Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,

Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:

Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...

Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:

  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՇԻՐԱԶ
Սուրբ Մեսրոպ  Տեսիլքը

Ո՜Վ ՀՐԱՇԱԼԻՔ, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,

Ո՜վ զարմանագործ զօրութիւն,
Ո՜վ բոցեղէն բժժանք, ո՛վ անլոյծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մէջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքո՛վն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ
Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...։
Յանկարծ՝ Սուրբը մեծ Տեսիլքէն ցնորաշարԺ՝
Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,
Փետուր գրիչն եւ տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասուելով,
Որմին առջեւ անհունօրէն ծնրադրեց...։

  ՍԻԱՄԱՆԹՈ
Լեզուն իրօք մի գանձ է, որին չի կարող  փոխարինել
աշխարհի ոչ մի հարստութիւն: Նա է ուրախութեան
պահին բացում մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերին
նա է սփոփում մեզ: Ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը
կէս մարդ է, չիմացողը թշուառ, ծառից ընկած մի տերեւ, որ
տատանւում է ամէն մի պատահական քամուց:
Հայոց աշխարհում Մեսրոպի հնարած գիրը դառնում է
ինքնապաշտպանութեան զէնք ու վահան, դառնում է հայ
ժողովուրդի յարատեւ գոյութեան երաշխիքը, ապահովում է
հայ ժողովուրդի ինքնութիւնը, քան այդ կապահովէր անգամ
Հայկական մի թոյլ պետութիւն առանց ազգային գրի:
 
ՍՏԵՓԱՆ ԶՕՐԵԱՆ

dimanche 27 mai 2012

ՀԱՅ ՊԱՏԱՆՈՒ ԵՐԴՈՒՄԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՆ
Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՜յ լեզու,
Դարերի լեռնապարերի վրայով:
Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ,
Ավարայրի վրա կանգնած աղոթք-աղաղակի սաստկությունը:
Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր կանգնած՝
Անկործանելի՜ պարիսպ,
Զվարթնոց տաճարի չեղծված, չավերակված սկզբնապատկեր,_
Երդվում եմ՝
Ծնունդովս կամո՜ւրջ դառնալ քո դարեդար անցումին,
Քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը,
Աղոթարա՜ր լինել քո սրբազնագույն տաճարին։
Երդվո՛ւմ եմ։ 
Դո՛ւ գողթան կրակված գուսաններից ի՜նձ հասած
Մոխրաթաթախ անթեղ,
Ժամանակի ժանգը չբռնող՝ ոսկեդարի՜ ոսկի,
Դավթի իմաստուն պայծառություն
Եվ Մհերի իմաստնագույն խռովք,
Նարեկացու տիեզերածավալ ալեկոծում
Եվ Քուչակի վարդաշաղախ սիրերգություն,
Եղիշեից Եղիշե ձգվող անհուն մաքառումի զորավոր զրինգ,
Երդվում եմ՝
Շուրթերովս բորբո՜ք պահել քո վահագնաբոց կրակը,
Շքանշանի՛ պես կրել քո ոսկին,
Լցվել քո լույսով ու քնքշությամբ, ինչպես վաղորդայնի օդով,
Զրահավորե՜լ հոգիս քո արի գեղեցկություններով։
Երդվո՛ւմ եմ: 
Դո՛ւ հայրերիս քրտինքին շաղախված՝
Սևահողի պես ազնիվ հորովել
Եվ մայրական կաթնաբո՜ւյր մրմունջ.
Դու՝ բյուրավոր նահատակների վերջին հառաչի հետ
Ինձ ավանդված պատգամ,
Օտարության բիրտ ալիքների միջից՝
Ի՛նձ կանչող, ի՛նձ ապավինող հարազատ:
Դու՝ հոգեդարձ իմ ժողովրդի նորածնության նվիրական ճիչ,
Արարման և ստեղծումի աշխարհալո՜ւր ղողանջ,
Երդվում եմ՝ 
Պահպանել քեզ որպես սերնդե-սերունդ փոխանցած
Եվ ինձ վստահած՝ տոհմական սրբություն,
Նվիրումովս լրացնե՜լ քո մասունքանման կորուստները,
Նորոգել քո մագաղաթյա ազնվականությունը
Նոր ժամանակների հյութ ու ավիշով.
Քեզնով արտասանել միայն արդարությա՛ն խոսքեր:
Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս
Եվ ինձնով տանել-հաղորդե՜լ զավակներիս
Քո հավերժական կենդանությունը:
Երդվո՛ւմ եմ:

             ♥ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ ♥

vendredi 25 mai 2012

Սոյն գրութիւնները 1918 Մայիս 28-ի պատմական արժէքի մասին յայտնուած մտածումներ են, մարդոց կողմէ, որոնք ժամանակակից ու մասնակից էին Սարդարապատի հերոսամարտին ու Հայաստանի անկախութեան կերտումին՝ իբրև զինւորական, կուսակցական ու պետական գործիչներ:

Ժողովուրդները իրենց անկախութեանը ձգտելուն համար չէ, որ կը մեռնին: Շատ աւելի ճիշդ է հակառակը. կը մեռնին ապրելու կամքն ու վճռականութիւնը չունենալնուն համար: Եթէ հայութիւնը դիմացեր է այսքան դարեր, իր դիմադրութեամբն է դիմացեր, դիմադրելով որ չկլանուի, դիմադրելով որ ազատուի: Եթէ իր անկախութեան համար մաքառիլը մահ բերէր, հայութիւնը արդէն տասնեակ անգամներ պէտք է մեռած ըլլար: Կամքը ո՛ւժ է, մե՛ծ ուժ, շա՛տ աւելի մեծ ուժ, քան սովորաբար կը կարծուի: Սրե՛նք մեր կամքերը բոլոր միջոցներով. ատիկա է այն միակ զէնքը, որ իրապէս կը պաշտպանէ մեզի մահէն, ատիկա է այն միակ սուր զէնքը, որ մեր բարձրացման ու մեր զարգացման առջևը ճամբայ կը բանայ:
Կռուի մէջ նետուողը ե՛ւ կը վիրաւորուի ե՛ւ կրնայ մեռնիլ: Բայց մեռնելէ վախցող ժողովուրդը ո՛չ կրնայ ապրիլ ու դիմանալ ո՛չ ալ իրաւունք ունի ապրելու, իբրեւ ուրոյն գոյութիւն, իբրեւ ջոկ անհատականութիւն: Եւ իր վախը ան չ՛ազատիր մեռնելէ. միայն կը մեռնի քաշքշուելով, հիւծուելով, արհամարհուելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամէն արժանիքէ զուրկ ու ստորին ազգային գոյութիւն մը: Արդի ու անցեալ մեր ամբողջ հալածանքը, մեր ամբողջ տառապանքը, մեր մարդկային արժանապատւութեան այս ամբողջ լեղին եթէ մենք կը խմենք, կը խմենք միայն մէ՛կ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, յանձն առնենք ամէն ինչ, մինչեւ որ հայութիւնը տիրանայ իր բոլոր իրաւունքներուն, իր ամբողջական եւ անկախ հայրենիքին:

ԼԵՒՈՆ ՇԱՆԹ
Մի կողմից մեր դրան առջեւ կանգնած էր դարաւոր թշնամին՝ թուրքը իր բանակներով, միւս կողմից թաթարների հետ մեր ներքին կռիւները կլանում էին հայ ժողովրդի գրեթէ ամբողջ ուժը: Սով էր մեր երկրում եւ համաճարակ հիւանդութիւններ սպառնում էին զանազան շրջաններ: Ռուս բանակը հեռանում էր խուճապահար եւ արտաքին օգնութեան ոչ մի յոյս էր մնում:
Ի՞նչ անել, ինչպէ՞ս փրկել ժողովուրդի գոյութիւնը, ի՞նչ միջոցով դուրս գալ այս ծանր անելից:
Շուարումի, լքումի եւ յուսահատութեան այս խեղդող մթնոլորոտի մէջ է որ հայ ժողովուրդի մարտական մեծ կուսակցութիւնը՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը տուեց վճռական որոշումը եւ տէր կանգնեց հայութեան ճակատագրին: Նա կռուից դուրս ուրիշ միջոց չգտաւ մեր ժողովուրդը փրկելու:
Կատարուեց հրաշքը: Դաշնակցութիւնը կարողացաւ ի մի հաւաքել եւ գոյապայքարի ճակատ նետել հայութեան բոլոր կենդանի ուժերը Հայաստանն ամբողջ, մեծով-պզտիկով, ոտքի կանգնեց եւ պատուով մեռնելու կամ ազատ ապրելու վճիռով կուրծք տուեց թշնամուն:
Յարգան՜ք հայ ժողովուրդին, նրա յեղաբոխական մարտիկներին եւ ղեկավարներին, փա՜ռք հայ բանակին եւ նրա անձնուէր զինուորներին ու սպաներին, որոնք գիտցան արհամարհել ամէն դժուարութիւն եւ անվկանդ կամքով խոյացան մահուան դէմ մինչեւ արեան վերջին կաթիլը կռուելու վճռականութեամբ:
Այդ հերոսների կերտած թուականն է Մայիս 28-ը:
ԴՐՕ
Այսպիսի երկունքի օրեր էին Մայիս 28-ին. ամէն ինչ անյոյս, ամէն ինչ կորած կ՛երեւար: Սև ու մութ օրեր: Դասալքման, յուսաբեկման այդ օրերին հորիզոնի վրայ կը ցցուի ահա Դաշնակցութիւնը, որի Թուր Կեծակին եւ գուրզը իր ձեռքն է առած Արամը՝ Ծուռ Դաւիթի նման:
Եռագոյն արիւնոտ դրօշակը դարձաւ առաջնորդ ամէնքին: Ան երեք գոյնով գլխաւոր նպատակների կ՛առաջնորդէր:
Մեռելները իրենց իրաւունքին մէջ են. անոնց հողերը մէկ են եւ ամբողջական: Պէտք է ստեղծել Միացեալ Հայաստանը:
Մեռելները ընկան յանուն Հայաստանի անկախութեան: Ով հայ է՝ պիտի ծուարի Արարատի եւ Սիփանի շուրջը իբրև անկախ մի պետութիւն, իբրև մի կորիզ, ճնշուած ազգերի եղբայրութեան եւ ազատութեան:

ՌՈՒԲԷՆ
Սա մի գերագոյն վճիռ էր, մի հերոսական կեցուածք, մի անօրինակ վճռականութիւն և նրա փառքը պատկանում է Հ.Յ.Դաշնակցութեան եւ հայ ժողովուրդի խոնարհ խաւերին, որ տէր կանգնեցին հայ հայրենիքին, կազմակերպեցին նրա պաշտպանութիւնը եւ դրին անկախ Հայաստանի պետութեան հիմքերը:
Հետագայ դարերի հայ մարդը պիտի զարմանայ այն սերունդի վրայ, որ օրհասի տարիներին հերոսական վճռականութեամբ տէր կանգնեց իր անտէր հայրենիքին եւ իր անվարժ ու թոյլ ձեռքով, բայց եւ անվեհեր հոգով կարողացաւ աւերակների եւ սովի միջից նոր Հայաստան ստեղծել:
Այս բախտորոշ եւ գերագոյն վճռականութեան տօնն է Մայիս 28-ը:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ
1918-ին ստեղծուեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը, որ հիմնովին փոխեց հայ ժողովուրդի քաղաքական մտածելակերպը:
Հայաստանը, իբրև միջազգային, քաղաքական և իրաւական միաւոր, կը ներկայացնէր մեր ամբողջ ժողովուրդի բաղձանքը-անկախ ըլլալ:
Առանց հասկնալու պետականութեան արժէքը, աւելի արժէք կու տան վարչաձևին, քան պետականութեան գոյութեան փաստին: Վարչաձևերը չեն, որ կը բնորոշեն ազգերու գոյութիւնը. ասոնք կառավարելու եղանակներ են, որոնք կը փոխուին, իսկ՝ ազգը և երկիրը գոյութիւն ունին, կը մնան: Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը, հայ ժողովուրդին տուած է ազգային պետականութեան իրաւունք: Վարչաձևերը կը փոխուին, կ՛անցնին, բայց Հայաստանի պետութիւնը կը մնայ և այս խոշոր երևոյթ մըն է, հայոց պատմութեան կարևորագոյն մէկ ապացոյցը:

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն:
Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:
Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշյունով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն... իզու՜ր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...
Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից,
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով:

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՛ց» ասա).
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլև մասու՜նք ես,
Մասու՜նք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած:

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

♥ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ♥

mercredi 2 mai 2012

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Դո՛ւն առաջին վանկ շրթունքիս, առաջին վանկ իմ հոգւոյս,
Նախկի՛ն հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս,
Իմ մայրենի քաղցրի՛կ բարբառ, ողջո՜յն քեզ:

Քու բառերէդ արևէն վառ ու բիւրեղէն ալ վըճիտ՝
Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,
Հուր ծարաւ մը անհունութեան, բարւոյն, մեծին ճշմարիտ.
Ո՜վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ՛օրհնե՛մ քեզ:

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մնացի ընտանիքէս, տընակէս.
Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ սրտիս կարիվէր,
Ո՜վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ՛օրհնե՛մ քեզ:

Զարմանահրաշ վըսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց
Դուն արձագանգ հայ անցեալին կեանքին վէս,
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացոյց,
Ո՜հ վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛ւ քեզ:

Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր,
Ծոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես.
Մշտափթիթ գարուն մ՛անանց կը պսակէ դէմքդ աղուոր,
Անզուգական քնքուշ լեզուս, հանբո՜յր քեզ:

Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթռումը ոսկի,
Որ հայրենի յուշերն անդուլ  կ՛եղերգես.
Իր պաշտելի աւանդութեանց, նշխարներուն սուրբ ըսկի,
Ո՜վ աննման չքնաղ լեզու, բուրվառ քեզ:

Ծով ծիածան որ կը գըլես լայն կոհակներդ այգաբեր,
Մերթ գոհարներ ծաւալելով, մերթ բեհեզ.
Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վէպեր,
Ո՜վ հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՜յն քեզ:

Դուն թրթռացիր անտառներու սօսիներուն տակ ըստվէպ,
Հայ աշուղին քնարին պարծանքն եղար վէս.
Հիմա կ՛երգես զաւակներուդ Նժդեհ, կեանքը երաշխէպ,
Քերթողներու անմահ բարբառ, բիւր փառք քեզ:

Օրհնե՛լ ըլլան մեր հայրերը, որոնք թէև ցիրուցան,
Մութ օրերուն՝ մոլորած չոր շիւղին պէս,
Մոռցան իրենց տունն ու տեղը, զաւակներին ուրացան,
Իրենց անձն ալ, բայց չը մոռցան երբեք քեզ:

Օրհնեա՛լ ըլլան մեր մայրերը, որոնք ըզքեզ սընուցին,
Իրենց շունչովն ու աղօթքով սրակէզ.
Խարխուլ, փըլած կըտուրին տակ, կարօտ պատառ մը հացին,
Գուրգուրանքով պահպանեցին միշտ ըզքեզ:

Թո՛ղ որ ես ալ, մեր հայրերու յետին զաւակը թշուառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ.
Միշտ տառապած, երբեք շիջած սիրտէս կայծ մը խանդավառ
Հոգւով պաշտեմ ու քընարովս օրհնեմ քեզ:
1912-ՍԻՊԻԼ