dimanche 27 mai 2012

ՀԱՅ ՊԱՏԱՆՈՒ ԵՐԴՈՒՄԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՆ
Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՜յ լեզու,
Դարերի լեռնապարերի վրայով:
Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ,
Ավարայրի վրա կանգնած աղոթք-աղաղակի սաստկությունը:
Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր կանգնած՝
Անկործանելի՜ պարիսպ,
Զվարթնոց տաճարի չեղծված, չավերակված սկզբնապատկեր,_
Երդվում եմ՝
Ծնունդովս կամո՜ւրջ դառնալ քո դարեդար անցումին,
Քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը,
Աղոթարա՜ր լինել քո սրբազնագույն տաճարին։
Երդվո՛ւմ եմ։ 
Դո՛ւ գողթան կրակված գուսաններից ի՜նձ հասած
Մոխրաթաթախ անթեղ,
Ժամանակի ժանգը չբռնող՝ ոսկեդարի՜ ոսկի,
Դավթի իմաստուն պայծառություն
Եվ Մհերի իմաստնագույն խռովք,
Նարեկացու տիեզերածավալ ալեկոծում
Եվ Քուչակի վարդաշաղախ սիրերգություն,
Եղիշեից Եղիշե ձգվող անհուն մաքառումի զորավոր զրինգ,
Երդվում եմ՝
Շուրթերովս բորբո՜ք պահել քո վահագնաբոց կրակը,
Շքանշանի՛ պես կրել քո ոսկին,
Լցվել քո լույսով ու քնքշությամբ, ինչպես վաղորդայնի օդով,
Զրահավորե՜լ հոգիս քո արի գեղեցկություններով։
Երդվո՛ւմ եմ: 
Դո՛ւ հայրերիս քրտինքին շաղախված՝
Սևահողի պես ազնիվ հորովել
Եվ մայրական կաթնաբո՜ւյր մրմունջ.
Դու՝ բյուրավոր նահատակների վերջին հառաչի հետ
Ինձ ավանդված պատգամ,
Օտարության բիրտ ալիքների միջից՝
Ի՛նձ կանչող, ի՛նձ ապավինող հարազատ:
Դու՝ հոգեդարձ իմ ժողովրդի նորածնության նվիրական ճիչ,
Արարման և ստեղծումի աշխարհալո՜ւր ղողանջ,
Երդվում եմ՝ 
Պահպանել քեզ որպես սերնդե-սերունդ փոխանցած
Եվ ինձ վստահած՝ տոհմական սրբություն,
Նվիրումովս լրացնե՜լ քո մասունքանման կորուստները,
Նորոգել քո մագաղաթյա ազնվականությունը
Նոր ժամանակների հյութ ու ավիշով.
Քեզնով արտասանել միայն արդարությա՛ն խոսքեր:
Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս
Եվ ինձնով տանել-հաղորդե՜լ զավակներիս
Քո հավերժական կենդանությունը:
Երդվո՛ւմ եմ:

             ♥ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ ♥