vendredi 13 janvier 2012

♥ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ ♥


Է՜Յ, ՋԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Է՜յ, ջան հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մէջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալէքըդ արուն-ծովի մէջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թէ որ մի կեանքով մեռնեմ,
Երնէկ ունենամ հազար ու մի կեանք,
Հազա՛րն էլ սրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կեանքով քու դարդին մեռնեմ,
Բալէքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կեանքը թո՛ղ ինծի պահեմ,-
Էն էլ քո փառքի գովքը երգելուն,-

- Որ արտուտի պէս վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրուայ ծէգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու վեհ գովեմ
Կանաչ արեւըդ, ազա՛տ հայրենիք...

«ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ»


ՀԱՅՐԵՆԻՔ


Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,
Ապառաժներ պատառ-պատառ,
Քարէ թռիչք, քարէ անկում,
Ու խենթ գետեր, որ յորձանքում
Եւ Ժայռերի շուրթին հասած,
Դառնում են ծուխ ու ջրի ամպ…
Իմ հայրենի երկիրն է սա
Անդունդներով գլխապտոյտ,
Գլխապտոյտ իր վեհութեամբ:
Լեռներն այստեղ բարձր են այնքան,
Որ անգամ ինքն` արմիս արքան
Թեւ չի բախում նրանց ձիւնին,
Ձորերն այստեղ խորն են այնքան,
Որ ձմեռուան կէսին անգամ
Բո՜ց է հագնում յանկարծ հոնին:
Քարերն այստեղ կարծր են այնքան,
Որ բախուելիս շա՜նթ են ցանում,
Բայց եւ իրենց սրտից յանկարծ
Ծաղկի քնքուշ ծի՜լն են հանում,
Հողմերն այստեղ այնքան են բիրտ,
Որ լեռներից ժայռ են պոկում
Ու գլորում անդունդն ի վար,
Հովերն այնքան են քնքշասիրտ,
Որ ծաղկի դէմ խոնարհ չոքում,
Աղօթում են մեղմ ու շուար:
Իմ հայրենի երկիրն է սա
Իր քնքշութեամբ,
Ու կարծրութեամբ,
Իր խորութեամբ,
Ու բարձրութեամբ…

«ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ»


ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՆՈՒՇ ՄԱՅՐԻԿԸ


Ինչպէս մայր հողը կեանք կուտայ ծաղկին,
Արեւը կը ժպտի, որ ան միշտ ծաղկի,
Այդպէս ինձ սներ
Ու կեանք են տուեր
Իմ հայրենիքը,
Անուշ մայրիկը:

Առատ են ըրեր սէրն ու բարիքը,
Որ անվիշտ աճի իրենց բալիկը,
Ինձ սիրով սներ
Ու կեանք են տուեր
Իմ հայրենիքը,
Անուշ մայրիկը:

Աճած մեր կեանքի արեւի հուրով
Ես անոնց կուտամ իմ կեանքը սիրով,
Որ անպարտ մնան,
Ու հպարտ մնան
Իմ հայրենիքը,
Անուշ մայրիկը:

«ՄԿՐՏԻՌ ԿՈՐԻՒՆ»


ՆԵՐԲՈՂ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻՆ


Դու՝ սէր առաջին, առաջին մորմոք, առաջին կարօտ,
Որ տառապանքով փոխուեցիր բառի ու դարձար լեզու...
Ու երբ «Հայրենիք» անունը տուինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:

Եւ դու դարէդար մեզ շնորհեցիր կանչը քո արեան,
Համը քո հացի, եռքը քո գինու, ցոլքը քո հրի,
Տուիր պղնձէ ապառաժների կռինչը վայրագ
Ու քնքշութիւնը լացող մամուռի:

Մեզ նաւասարդեան առաւօտների լոյսով օծեցիր
Եւ մկրտեցիր առասպելներիդ ուժ ու զօրութեամբ,
Աստուածների հետ քո աստուածային ձայնով խօսեցիր,
Ոսոխների հետ՝ որոտով քո բամբ:

Եւ մենք դարձրինք քեզ երդում, ոգի, դարձրինք Աստուած,
Թէեւ գիտէինք որ աստուածները զոհ են պահանջում...
Եւ Աւարայրում ընկանք արնաքամ, ընկանք ծուատուած,
Բայց չզիջեցինք եւ ոչ մի հնչիւն:

Ու երբ փուլ եկաւ մեր կամարների թռիչքը հպարտ,
Կամար ոգեղէն՝ դու մեր ուգու հետ յարատեւեցիր,
Երբ սիւները մեր ծնկները ծալած՝ ընկան դիտապաստ,
Դու՝ սիւն ոգեղէն երկինք թեւեցիր:

Երբ ողկոյզը մեր առան արշաւող սմբակների տակ,
Գինի սրբազան՝ մեր շրթունքները դու համբուրեցիր,
Ու երբ խլեցին ու խափանեցին թոնիրը մեր տաք,
Դու՝ հաց անսպառ՝ նորից բուրեցիր:

Ու մենք քեզ համար, մեր մեսրոպատառ, խորհուրդ մեր խորին,
Ու մենք քեզ համար, մեր մեծասքանչ, մեր ոսկեղենիկ,
Ելանք ազգովին, բռնեցինք ահեղ ճամբան Տէր Զօրի,
Մեր կէսը տուինք, բայց քեզ չտուինք:

Քանզի գիտէինք որ քեզ յաւիտեան կոչել մայրենի,
Քեզանով ենք մենք դարէդար յառնել, առել շունչ ու կեանք,
Ու թէ քեզ դաւենք, ուրեմն չունենք հող ու հայրենիք,
Ու թէ քեզ դաւենք, ուրեմն չկանք:

Եւ հիմա, հիմա, անթեղի նման քեզ պիտի տանենք,
Քեզ պիտի տանենք իբրեւ հրդեհից ազատուած մանկան,
Հողմերից փրկուած կանթեղի նման քեզ պիտի տանենք
Ու տանենք իբրեւ երդում ու պատգամ:

Եւ տանենք պիտի իբրեւ առաջին հաւատ ու աղօթք,
Եւ տանենք պիտի իբրեւ սրբազան հաց, գինի ու հուր,
Եւ յիշենք որ երբ «Հայրենիք» ասինք հողին այս քարոտ,
«Մայրենի» դրինք անունը քո սուրբ:

«ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ»


ՀԱՄԲՈՅՐ ՉԷՐ ՏԱՐ ԱԼ...


Ամէն անգամ երբ կ՛անցնէի ես այդ ճամբէն,

Ցանկապատի մ՛առջեւ աղուոր, ծաղիկներով,
Պզտիկ աղջիկ մը շատ սիրուն համբոյր կու տար.
Գործի գացող իր հայրիկին գուրգուրանքով:
Գարուն ըլլար, կամ ձմեռը խստաշունչ,
Կը տեսնէի աղջիկն անուշ համբոյր կու տար,
Երբ ամէն ինչ հանդարտ լուռ էր եւ ցաւ չկար,
Գիւղը խաղաղ, մարդիկ զուարթ միշտ կ՛անցնէին,
Օր մը սակայն, ցանկապատը փլած տեսայ,
Ծաղիկները դեղնած, չորցած գիւղը աւեր,
Ռումբէն ծակած, պատը տունին ժպիտ չունէր,
Պզտիկ աղջիկն ալ այդ սիրուն, մեծ դէմք ունէր
Չէր ծիծաղէր և չէր երգեր բայց կը սպասէր,
Պատերազմի դաշտը մեկնող իր հայրիկին.
Ամէն անգամ երբ կ՛անցնէի միշտ այդ ճամբէն,
Ցանկապատի փլած որմին քովը կեցած.
Աղջիկն աղուոր, խեղճ, դառնացած, համբոյր չէր տար,
Ալ հայրիկն որ մեռեր էր կռուի մէջ:

«ԱՏՐԻՆԷ ՏԱՏՐԵԱՆ»