vendredi 13 janvier 2012

♥ ՀԱՅԱՍՏԱՆ ♥


ՀԱՅԱՍՏԱՆ

Գիտես ինչ, Հայաստան,

քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ,Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո,գիտես ինչ, Հայաստան,
դու` մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց,դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո,գիտես ինչ,Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը
թե ուզենանք էլ`
չենք կարող ծրարել:

«Սլավիկ Չիլոյան»