vendredi 13 janvier 2012

♥ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ♥


ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Դալար դաշտերը մեր հայրենիքի

մեղեդի ունին
մելամաղձութեան, տառապանքների,
ու սրսըփադող,
ու կողկողագին
ունին սուգերգում ուղեղը խայթող:

Լեռները մեր լուր, սառած, ալեւոր,

անդունդ խոհերի գաղտնիքներ ունին
եւ յիշատակներ
ողբերգութիւններ,
ծալ ծալ ժողոված, այնքա՜ն ահաւոր:

Մեր աղբիւրները ադամանդավառ,

ճառագայթաթոր կարկաչուն արեւ,
վշտի անհամար
ձայներով լեցուած,
եգեր են տանում, երգեր վայրապար
մեր հառաչանքի շեշտով դաշնակուած:

Մի ժանտ գաղտնիք կայ հեռանկարի,

ալեծուփ գծի ոլորումներում
եւ թաքնուած մի միտք երփներանգ լոյսի
արիւնռուշտ ողբի կայծակ ոստերում:

Այստեղ տանջանքներ,

յուսահատումներ
սուր ակռաներով սրտեր կրծեցին
այստեղ
յոյսի տեղ
սոսկումի օձեր
նենգոտ ոստերով պարեր բռնեցին.
այստեղ դժոխքի սեւ փողը հնչեց,
սեւ փողը ոռնացող կանչի,
պատռած միսերի ծնծղանը ձայնեց:
Այստեղ սողացին ստուերները մահի:

Մեր հայրենիքը, ահռելի՜ երկիր,

աղքատ ու վէրքոտ,
դժբախտ ու բորոտ,
սակայն այնպիսի, հրաշքների՜ երկիր,
մի զարմանահրաշ, վեհ հոգի ունի,
սուրբերուն յատուկ այնպիսի եռանդ,
ու հզօր սիրտ ադամանդագանդ՝
որ ոչ մէկ Քրիստոս կարող է անցնել,
խոպան դաշտերից,
ու սառ լեռներից,
առանց որ ասի, պէ՛տք է աղօթել,
ա՛յս է երկիրը մեծ տանջանքների,
երազ քանդակող ապագայ կրօնքի
եւ Աստուածաշունչ խօլ մարտիկների:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ