vendredi 25 novembre 2011

ՆՈՐ ՏԱՐԻ Է ՆՈՐ ՏԱՐԻ

                               ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

«ՄԵՏԱՔԵ»
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽՈՍՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ինչպես մի երգ` սիրված և հին, շշնջում եմ անգիր.
Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր,
Կանաչ մնաս եղևնուդ պես, ապրես կյանքով երկար
Եվ ինչքան Նոր տարի տեսնես դու նորանաս այնքան,
Ամեն տարի բացես սեղան և ամեն Նոր տարի
Սուրբ աղավնին խաղաղության քո թամադան լինի:

Ես ուզում եմ, իմ Հայաստա՛ն, հզորանաս այնքան,
Որ հույսերդ մի նոր լույս տան տիեզերքին,
Անգամ ու թե մի օր մի խիզախ մարդ գնա Մարսին այցի,
Ես կուզեի, որ խիզախն այդ լիներ հայաստանցի,
Փոխվես տեսքով դու այնպիսին, աճես այնպես շռայլ,
Որ հայրն ուրիշ աշխարհ տեսնի, որդին` ուրիշ աշխարհ:

Շատ ես տեսել վիշտ ու արյուն, էլ չտեսնես երբեք
Եվ ինչ իղձեր ունես կյանքում թող կատարվեն մեկ-մեկ,
Աչքս փառքի քո կատարին` շշնջում եմ անգիր.
Շնորհավոր քո Նոր տարին, իմ Հայաստա՛ն երկիր...

«ԱՐԱՄԱՅՍ ՍԱՀԱԿՅԱՆ»

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Պառաւցած է:- Ձիւն գիսակներ` ծոծրակին
Խոր ակռաները կը սքողեն, եւ բերանն
Ակռայ չըկայ. Միսերը չոր, ցըրտագին
Կը դողան:

Ան կը փախչի մերկ ծառերուն խորերէն.
Կըքած, մախաղ մ’ունի ուսին. իր աչքեր`
Աղօտ լոյսով, ձանձրոյթ, խոնջանք կը փայլին
Տարուբեր…

Միշ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան,
Մոխիր յոյսեր, անբախտներու վաղամեռ
Հառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեան
Երազներ:

Ժամանակի մ’հեղեղին մէջ, հէ՜ք պառաւ,
Պատրանքներովիր քամակն ալ ծըռածէ:
Կ’երթայ մեռնիլ հանգստութեան մէջ անձկաւ:
Անդարձ է…

Մըթընշաղին մէջ մարդիկներ, վայրապար,
Աբշօրէն լուռ կը նային անոր ետեւէն,
Եւ գոչելով թախանաձագին. Վայրկեա~ն մ’ալ.
Կաղաչեն:

Բայց ուղեւորնլերան ետեւ ալ լըռին
Կը կորսըւի. Եւ կը դառնան մարդիկներ
Նոր եռանդով մը կ’ընդգրկեն ՆորՏարին,
Անտարբեր…

«ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ»

ԽՈՍՔ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ

Ես ի՞նչ եմ ուզում որ բերես դու ինձ...
Ոչինչ... Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես,
ՈՒ քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը-
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
ՈՒ լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն.
Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
ՈՒ ես ամեն ինչ կունենամ կյանքում.

«ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ»
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
«ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ




ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ

Կաղանդ պապա,
Դուն որ ահա
Սա պերճագեղ վաճառատան շողշողուն
Ցուցափեղկին մէջ բազմած
Կը բաշխես լոյս, ոսկի ժպիտ ամէնուն,
Կը կանչես ներս գրկաբաց
Մեծ ու պզտիկ, մանչ ու աղջիկ հմայուն.
Կաղանդ պապա,
Դուն որ ահա՛
Շուրջդ շարած անհամար գանձ ու ընծայ,
Խաղալիքներ այլազան,
Արագասոյր եւ ինքնաթիռ մեքենայ,
Կապուտաչուի պուպրիկներ,
Գլխովդ աղուոր ձիւնահեր,
Կու տաս ողջոյն եւ խոստումներ օրհնաբեր,
Տե՛ս սա տղան քու դիմաց,
Զմայլահար, շփոթած,
Զոյգ ձեռքերն իր դրած փեղկին ապակի՝
Կարծես կ՚ուզէ հասնիլ քեզ,
Որ զինք գրկես
Եւ ինք քու մօտ գայ ծունկի...
Տե՛ս սա տղան անօթի,
Փողոցն ըրած իրեն տուն,
Ամբոխին մէջ, ամբոխին դէմ չարանենգ,
Իր թեւերովն ազազուն
Կեանքին համար ու հացին
Կը մաքառի առանձին։
Կաղանդ պապա,
– Օ՜ մեղա՛յ, –
Այս մանչուկին պիտի չերթաս դուն այցի,
Պիտի չտաս Ամանորի իր ընծան,
Ո՛չ օդանաւ եւ ոչ ձի.
Եւ ան այսպէս պիտի դիտէ քեզ միայն
Ցուցափեղկէն երազի...
Բայց կը ճանչնա՞ս գոնէ թշուառ այս տղան,
Ընկերներն իր փողոցի,
Որ կը տենչան սպիտակ շերտ մը հացի
Եւ սպիտակ ձեռքի շոյանք մը ջերմին՝
Իրենց տժգոյն, գորովազուրկ ճակատին...
Կաղանդ պապա,
Եղիր դուն քաջ մէկ րոպէ,
Դարձուր աչքերդ ու դիտէ
Վիշտն անսահման սա մանչուկի նայուածքին,
Մատներն այրող որ կը գրկեն ապակին
Ցուցափեղկիդ դիւթական
Եւ եթէ դուն կրնաս ժպտիլ տակաւին
Քու ժպիտով տօնական,
Ժպտէ մարդոց ու կեանքին...

«Մուշեղ Իշխան»

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՆՈՐԻ

Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն,
Եվ օրհնություն Ամանորի,
Ամանորի երջանկություն,
Եղբայրություն Ամանորի:

Խաղաղությո՜ւն հանդ ու դաշտին,
Սար ու ձորին` խաղաղությո՜ւն,
Սիրտը մաշող վերք ու վշտին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Հայրենիքիս չորս կողմերին
Վեր ու վարին` խաղաղությո՜ւն,
Խաղաղություն և հողմերին,
Հող-երկնքին խաղաղությո՜ւն:

Ճամփաներին, ճամփորդներին,
Մոտ ու հեռվին` խաղաղությո՜ւն,
Հայրենաբաղձ հոգիներին,
Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն:

Բարին մաղթենք անցնող տարուն,
Բարի մաղթենք գալուն նորի,
Սահմաններին լույս ու բարու
Խաղաղությո՜ւն Ամանորի:

«Հարություն Հովնաթան»

ԵՐՆԷԿ, ԹԷ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան:

Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:


Գամառ Քաթիպա «Ռ.Պատկանեան»

ԲԵԹՂԵՀԷՄԻ ԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԻԿԸ

Նե՛րս մտիր այրը - հովիւ ու գառներ.
Գառների մսուր - անշուք խանձարուր.
Ահա մանկիկը անմեղ ու անբիծ
Ժպտում է պայծառ - սէր է մեզ շնչում.
Ահա՛ լալիս է - այդ նրա սիրտն է,
Որ կեանքի շէմքից, մանուկ օրերից,
Մարդկանց վշտերի համար ճմլըւում
Մարդկանց մեղքերին ներումն աղերսում:

Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով

Խոնարհուի՛ր, ընկե՛ր, համբուրի՛ր նրան .-
Նա քեզ կը ներէ, նա քեզ յոյս կը տայ
Եւ դո՛ւ զօրացած կըրի՛ր քո խաչը.-
Է՛լ շղթայ չկայ,
Է՛լ արիւն չըկայ:

«Աւետիք Իսահակեան»
ԹՈՂ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Թող այս նոր տարին, լինի բարեբեր,
Թող խաղաղութիւն լինի աշխարհի,
Թող ապրի մարդը, կամքով աներեր,
Ու մայրը գտնէ, իր կորած որդուն:

Թող խաղաղ լինի աշխարհն ամբողջ,
Թող խաղաղւեն սիրտերը խռով,
Թող վէրքերի տեղ միշտ զուարթ լինեն,
Ուրախութիւնը տիրի ամէն տեղ:

Թող նոր կեանքի հետ մարդն ալ նորոգուի,
Թող վիշտն ու ցաւը իսպառ մոռանայ,
Թող կեանքը լինի վարդագոյն երազ,
Առօրեան չքնաղ տեսիլք դառնայ:

Թող որ բոլորը ապրին երջանիկ,
Թող սէրն անսահման տարածուի փութով,
Թող որ կարկաչեն առուակները ժիր,
Երգեն, ծիծաղեն, սրտերը տխուր:

«Ներսէս Ա. Մեսրոպեան»
ՆՈՐ ՏԱՐԻ

Եկաւ դարձեալ Նոր Տարին,
Հին յուշերը թո՛ղ ապրին,
Այսօր ճամբայ մը նորէն,
Կը բացուի յոյս օրերէն...

Քեզ կ՛ողջունենք մենք դարձեալ,
Լոյս ու մոմով հանդերձեալ,
Երազներու փէշերէն,
Պիտի վազենք հեւալէն...

Անթիւ օրերն օրերէն,
Խաբկանքով մեզ կ՛օրօրեն,
Մինջեւ վերջին նոր տարին,
Ու մոմն ու լոյս պիտ՛մարին...

Պահենք լոյսը հոգիին,
Վառենք ջահը մեր մտքին,
Անցնող եկող նոր տարին,
Կը պարգեւէ մեզ բարին:

«Վահրամ Ծուլիկեան»
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,

Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր...
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ

Շնորհավորել քո կաղանդ։
... Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,

Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության...

«Հովհաննես Թումանյան»

dimanche 16 octobre 2011

ԿՏԿԱ- ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ



Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է միշտ տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավությունը միշտ արա:

Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա դու կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:

lundi 10 octobre 2011

ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ՆԱՄԱԿԸ



Բառերը, որ հիմա կճաշակես, ճշմարիտ են: Դրանք կփոխեն քո կյանքը, եթե թույլ տաս, Որովհետև դրանք Աստծո սրտից են գալիս: Նա սիրում է քեզ: Եվ Նա Հայրն է, որին փնտրում ես կյանքիդ ամբողջ ընթացքում: Սա Նրա սիրո նամակն է ուղղված քեզ:

Զավակս, գուցե ինձ չես ճանաչում, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին (Սաղմոս 138:1):
Ես գիտեմ, թե երբ ես նստում և երբ ես վեր կենում (Սաղմոս 138:2):
Ես քո բոլոր ճանապարհները գիտեմ (Սաղմոս 138:3):
Անգամ գլխիդ ամեն մազերն էլ հաշվված են (Մատթեոս 10:29-31):
Եվ դու ստեղծվել ես Իմ պատկերով (Ծննդոց 1:27):
Իմ մեջ ես դու ապրում, շարժվում և գոյատևում (Գործք 17:28):
Որովհետև դու իմ ժառանգն ես (Գործք 17:28):
Ես գիտեի քեզ անգամ մինչև քո առաջացումը (Երեմիա 1:4-5):
Ես ընտրեցի քեզ, երբ ծրագրեցի արարչագործությունը (Եփեսացիս 1:11-12):
Դու սխալմունք չես եղել, և քո բոլոր օրերը գրված են իմ գրքում (Սաղմոս 138:15-16):
Ես որոշեցի քո ծնունդի ճիշտ ժամանակը և վայրը, որտեղ դու պիտի ապրեիր (Գործք 17:26):
Զարհուրելի և հրաշալի կերպով ես ստեղծված (Սաղմոս 138:14):
Ես քեզ հյուսելով ձեվավորեցի քո մոր որովայնում (Սաղմոս 138:13):
Եվ լույս աշխարհ բերեցի այն օրը, երբ ծնվեցիր (Սաղմոս 70:6):
Ինձ սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ (Հովհաննես 8:41-44):
Ես օտարացած և բարկացած չեմ, այլ սիրո ամբողջական արտահայտությունն եմ (Ա Հովհաննես 4:16):
Եվ իմ փափագն է շռայլել իմ սերը քո վրա (Ա Հովհաննես 3:1):
Պարզապես որովհետև դու իմ զավակն ես, ես էլ քո հայրը (Ա Հովհաննես 3:1):
Ես քեզ ավելին եմ առաջարկում, քան քո երկրային հարը երբևէ կարող էր (Մատթեոս 7:11):
Որովհետև ես կատարյալ Հայրն եմ (Մատթեոս 5:48):
Ամեն բարի նվեր, որ ընդունում ես, գալիս է իմ ձեռքից (Հակոբոս 1:17):
Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները (Մատթեոս 6:31-38):
Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշտ հույսով լեցուն են եղել (Երեմիա 29:11):
Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում (Երեմիա 31:3):
Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների չափի պես (Սաղմոս 138:17-18):
Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով (Սոփոնիա 3:17):
Ես երբեք չեմ դադարի բարիք անել քեզ համար (Երեմիա 32:40):
Որովհետև դու իմ պահված գանձն ես (Ելից 19:5):
Ես փափագում եմ քեզ հաստատել իմ ամբողջ Հոգով և Սրտով (Երեմիա 32:41):
Եվ ուզում եմ քեզ ցույց տալ մեծ և զարմանալի բաներ (Երեմիա 33:3):
Եթե դու ամբողջ սրտով փնտրես Ինձ, ապա կգտնես (Բ Օրինաց 4:29):
Հիացիր իմ մեջ , և ես քեզ կտամ քո սրտի իղձերը (Սաղմոս 36:4):
Քանի որ այդ ես եմ, Ով տալիս է քեզ այդ իղձերը (Փիլիպպեցիս 2:13):
Ես կարող եմ ավելին անել քեզ համար, քան դու երբևէ կպատկերացնեիր (Եփեսացիս 3:20):
Քանի որ ես եմ քո ամենամեծ քաջալերողը (Բ Թեսաղոնիկեցիս 2:16-17):
Ես նաև հայր եմ, որը մխիթարում է քեզ քո բոլոր ցավերի մեջ (Բ Կորնթացիս 1:3-4):
Երբ սիրտդ կոտրված է, ես մոտ եմ քեզ (Սաղմոս 34:19):
Ինչպես հովիվն է կրում գառնուկին, ես այդպես եմ քեզ կրում սրտիս շատ մոտիկ (Եսայիա 40:11):
Մի օր ես կսրբեմ քո աչքերից ամեն մի արցունք (Հայտնություն 21:3-4):
Եվ կվերցնեմ ամեն ցավ, որից տառապել ես այս երկրի վրա (Հայտնություն 21:3-4):
Ես քո հայրն եմ և սիրում եմ քեզ նույնիսկ այնքան, որքան իմ Որդի Հիսուսին (Հովհաննես 17:23):
Քանի որ Հիսուսի մեջ է արտահայտվել իմ սերը քո նկատմամբ (Հովհաննես 17:26):
Նա իմ էության ճշգրիտ ներկայացումն է (Եբրայեցիս 1:3):
Նա եկավ, որ ցույց տա, որ ես քո կողմից եմ, և ոչ թե քեզ հակառակ (Հռովմեացիս 8:31):
Եվ ասի, որ ես քո մեղքերը չեմ հաշվում (Բ Կորնթացիս 5:18-19):
Հիսուսը մահացավ, որ դու և ես կարողանանք հաշտվել (Բ Կորնթացիս 5:18-19):
Նրա մահը իմ սիրո ծայրահեղ արտահայտումն է քո համար (Ա Հովհաննես 4:10):
Ես ամեն բան տվեցի,եւ սիրեցի որ ձեռք բերեմ քո սերը (Հռովմեացիս 8:31-32):
Եթե ընդունես իմ Որդու նվերը, դու Ինձ ես ընդունում (Ա Հովհաննես 2:23):
Եվ այլևս ոչինչ նորից չի բաժանի քեզ իմ սիրուց (Հռովմեացիս 8:38-39):
Տուն արի, և ես ամենամեծ խնջույքը կանեմ, որ երբևէ երկինքը տեսել է (Ղուկաս 15:7):
Ես միշտ հայր եմ եղել, և միշտ կլինեմ հայր (Եփեսացիս 3:14-15):
Իմ հարցն է ուղղված քեզ` կդառնա՞ս իմ զավակը (Հովհաննես 1:12-13):
Սպասում եմ քեզ (Ղուկաս 15:11-32):
Սիրով, Քո Հայրիկ՝,
«Ամենակարող Աստված»:

dimanche 28 août 2011

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Աշխարհիս մէջ, ուր վարդը քիչ, շատ է փուշ,
Պէտք է քալել յուշիկ, վարուիլ միշտ զգուշ,
Քիչ խօսիլ եւ շատ ունկնդրել մեծերուն.
Խօսքն է արծաթ եւ ոսկի է լռութիւն:


ՄՏԱԾՈՒՄՆԵՐ՝ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԷՆ

*Հոգեւոր արժէքներու մեծութիւնը նման է թանկագին մարգարիտի,
որ աղտ չունի իր փայլին մէջ:

* Մահը ժամանակաւոր է,
իսկ նահատակներու կենդանութիւնը՝ յաւիտենական:

* Ճշմարտութիւնը եւ առաքինութեան նահատակները
երբեք կարելի չէ ծածկուած պահել...:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ՝ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻԷՆ


* Թէեւ մենք փոքր ենք, թիւով՝ սահմանափակ,
Զօրութեամբ՝ տկար, ու շատ անգամ պարտուած օտար
թագաւորութիւններէ, բայց եւ այնպէս մեր աշխարհին մէջն ալ կան
կատարուած գործեր, որոնք արժանի են գրաւոր յիշատակութեան:

* Քաջերու սահմանը իրենց զէնքն է:
«Սահման քաջաց զէնն իւրեանց»

* Իմաստութեամբ կարելի է յաղթել ուժին:

* Անգրագիտութիւնը մեծ չարիք է:

*Կրթութիւնը ամէն ինչ է: Կրթութիւնը հաւասարապէս պէտք
է ջամբել թէ՛ ազնուականներուն, թէ՛ շինականներուն,
նոյնիսկ հաւասարապէս տղամարդոց եւ կիներուն...:

* Ամուսնութիւնը սրբութիւն է: Ան պէտք չէ հիմնուի նիւթական
հարկադրանքի վրայ, այլ՝ փոխադարձ սիրոյ:

* Ամուսնութիւնը սիրոյ վրայ հիմնուած կամաւոր դաշինք է,
մարդկութեան բարոյական ամենաբարձր հիմքը:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ՝ ԵՂԻՇԷԷՆ

*Լաւ է աչքով կոյր ըլլալ, քան՝ մտքով:

*Ամբողջ մարմնի կենդանութիւնը հոգին է,
իսկ մարմինն ու հոգին կառավարողը՝ միտքն է:

* Անոնք, որոնք անգամ մը աշակերտած են ճշմարտութեան,
այլեւս բնաւ ետ չեն դառնար անկէ:

*Միաբանութիւնը բարի գործերու մայրն է,
իսկ անմիաբանութիւնը՝ ծնողն է չար գործերու:

*Մահ ոչ իմացեալ մահ է,
մահ իմացեալ՝ անմահութիւն է:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ՝ ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻԷՆ


* Միայն մեր երկպառակութենէն եւ
դաւաճանութիւններէն վնասուած ենք մենք:

* Անդիմադրելի են երկու բան. սէրը եւ նախանձը:
Անոնցմէ իւրաքանչիւրը իր բարի նպատակին մէջ
մարդը կրնայ հասցնել արքայութեան:

* Շտապէ՛, որովհետեւ յաւիտեան չէ կեանքը.
կրնայ պատահիլ, որ պատուաւոր անուն մը չհանած՝
կեանքէն հեռանաս անանուն եւ անպիտան մահով:

* Թագաւորը պէտք է իր աչքով տեսնէ, իր ականջով լսէ եւ խօսի իր բերանով,
եւ ոչ թէ ուրիշի աչքով տեսնէ,
ուրիշի ականջներով լսէ եւ ուրիշի բերնով խօսի:

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ՝ ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹԷՆ


* Փիլիսոփայութիւնը պէտք է թափանցէ ճշմարտութեան
խորքը եւ օգնէ որ մարդը նմանի Աստուծոյ:

* Աստուած կը հոգայ բոլորին: Մարդն ալ,
ձգտելով նմանիլ Աստուծոյ, պէտք է հոգածու ըլլայ իր նմաններուն հանդէպ:

* Փիլիսոփայութեան նպատակը՝ մարդու գիտակցութենէն դուրս
գոյութիւն ունեցող աշխարհը ճանչնալն է:

mercredi 3 août 2011

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱՅ

* Պատուեցէ՛ք ձեր ծնողքը ձեր խօսքերով, ձեր գործերով եւ ամէն տեսակ առաքինութիւններով:
Ինչ որ ալ պատահի ինձ, թէ բարեյաջող եւ թէ տխուր, մտածումս կը դառնայ մօրս: Կը կարծեմ տեսնել զինքը, լսել, խօսիլ:
Այսպիսի մէկը՝ զոր մարդ այդքան կը յիշէ, բացակայ չէ:
Լամարդին

* Նմանիլ մօրս, անոր պէս հրաժարիլ ոչ միայն չար գործելէ, այլ մինչեւ անգամ չար բան մտածելէ:
Մարկոս Աւրելիոս

* Որդիական գութը կը բաղկանայ յարգանքէ, խանդաղատանքէ, երախտագիտութենէ:
Պառռօ

* Ձեր եղբայրներուն կը պարտիք գոնէ այնչափ մեծարանք, որչափ կը պարտիք ամէն մարդոց:
Սէն Լանպէռ

* Ինչպէս չկայ կրօնք առանց տաճարի, նոյնպէս չկայ ընտանիք առանց առտնին մտերմութեան:
Ժիւլ Սիմոն

*Տան տիկինը մայր մեղուն է, ուր որ կը գտնուի նա, հոն կը գտնուի նաեւ փեթակը. եթէ հեռանայ, մեղուները կը ցրուին, բջիջները կը խանգարուին, մեղրն անգամ իր անուշ համը կը կորսնցնէ:
Սոկրատ

ԽՂՃԻ ԵՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

*Ի՞նչ են մարմնոյ ցաւերը հոգւոյ տանջանքներուն քով. խղճի կրակին քով ո՞ր կրակը կրնայ բաղդատուիլ:
Շաթոպրիան

*Մարդուս համար մէկ ճշմարիտ դժբավտութիւն միայն կայ, որն է յանցանքի մէջ գտնուիլ եւ ունենալ բան մը յանդիմանուելու:
Լապրիւյէռ

* Հանգիստը ոչ ուրեք է, երբ մարդ զայն սրտին մէջ չունի:
Ժիւլ Գլարսի

* Խիղճը զմեզ չխաբեր, մարդուս ճշմարիտ առաջնորդն է, հոգւոյ նկատմամբ այն է, ինչ որ է բնազդը մարմնոյ նկատմամբ:
Վինէ

* Ուզենք չուզենք, խիղճը մեր մէջ, ի նպաստ մեր եւ մեզի դէմ վճիռներ կ՛արձակէ, որոնց դէմ անհնարին է մեզ բողոքել:
Լամարդին

*Գնա՛, ուր որ ուզես, հոն պիտի գտնես քու խիղճդ:
Տիտռոյ

* Քիչ խօսք եւ բազում բարի գործ, ահա աղէկութիւն ընելու միջոց:
Լանտռիէօյ

* Լաւ գործէ՛, նախանձոտներ պիտի ունենաս, լաւագոյն՝ գործէ՛ ամօթահար պիտի ընես զանոնք:
Ֆռանքլին

*Երբ քու խիղճդ զքեզ կ՛ամբաստանէ, զքեզ կը դատապարտէ, զքեզ կը պատժէ ամբողջ տիեզերք ոչ իրաւունք ունի ոչ իշխանութիւն զքեզ արձակուրդ տալու:
Ա. Գոգըռէլ

*Զգուշացի՛ր որ արեւը երկիրը դիտելով, մի՛ գուցէ կարենայ ըսել. ահաւասիկ վատ մը որ կը քնանայ:
Ֆռանքլին

ՈՒՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

* Կարդալ սիրելը, կեանքի մէջ ունենալիք ձանձրութեան ժամերը փոխանակել է հեշտալի ժամերու հետ:
Մոնթէսքիէօ

* Անկեղծութեամբ եւ փութով յառաջ տարուած ուսումը, սիրտը կը բարձրացնէ եւ կը մաքրէ, մինչ միանգամայն միտքը կը ճոխացնէ եւ կը զինէ կեանքի ամէն ասպարէզներու համար:
Կիզոյ

* Գաղափարներ ունենալով ամէն բան չլմննար, կարեւորն է զանոնք պահել:
Ժիւլ Սիմոն

* Պատմութեան ուսումը ամենէն հարկաւորն է մարդոց, ինչ որ ալ ըլլայ իրենց տարիքը եւ իրենց սահմանեալ ասպարէզը:
Տը Սէկիւռ

* Պէտք է ուսման նուիդել զանձն եւ պատուականագոյն գանձով զարդարել մեր հոգին, անով զոր մարդ չկրնար մենէ յափշտակել եւ որ կը պահպանուի թէ՛ կեանքին մէջ եւ թէ անկէ յետոյ:
Վիլմէն

* Չկայ բան մը որ աւելորդապաշտութիւնը արմատախիլ կ՛ընէ կամ կը խափանէ այնչափ լաւ կերպով ,որչափ հաստատուն կրթութիւն մը:
Ֆենելոն

* Միտքը հը սնանի եւ կը զօրանայ այն վսեմ ճշմարտութիւններով՝ զորս ուսումը կու տայ անոր:
Ռօլէն

* Աւելի լաւ է երկու անգամ կարդալ լաւ գործ մը քան թէ մէկ անգամ յոռի երկ մը:
Ժ.Պ.Սէ

* Ամէն վայրկեան կրթութիւնը ունի բարոյական ազդեցութիւն մը՝ որ վերջին աստիճանի բարեկրթիչ է, որ միտքը լուսաւորելով կ՛ուղղէ նաեւ հոգին:
Միշլէ

* Ուսումը կը վանէ ձանձրոյթը, կը փարատէ տրտմութիւնը, կը թմրեցնէ ցաւը, կը կենդանացնէ եւ կը շէնցնէ ամայութիւնը:
Գօնթ Տը Սէկիւր

ՊԱՐՏՈՒՑ ՎՐԱՅ

*Քայլ մը պարտաւորութենէ դուրս կրնայ զմեզ շատ հեռուները տանիլ:
Գոռնէյլ

*Մարդուս կեանքին այն միակ գործը՝ որ միշտ իր նպատակին կը հասնի, պարտուց կատարումն է:
Տիկին Տը Սթալ

*Կատարեալ արժանաւորութիւնն է ընել առանց ականատես վկայի, ինչ որ մարդ կարող պիտի ըլլար ընել ամէն մարդու առջեւ:
Լառոշֆուգօյ

*Լաւ վարմունք մը աւելի կ՛արժէ քան լաւ պաշտօն մը:
Ա.Վէսսիոյ

*Աղէկ ընթացք ունենալ պարտք մըն է առ մեր անձն եւ առ այլս:
Ա.Վէսսիոյ

*Հնազանդէ՛, եթէ կ՛ուզես որ օր մը քեզ հնազանդին:
Վօլթէռ

*Եթէ շիւղ մը մտնէ ձեր աչքին մէջ, իսկոյն կը հանէք:
Եթէ մոլութիւն մը մտնէ ձեր հոգւոյն մէջ, կ՛ըսէք.
«Գալ տարի կը մտածեմ ինքզինքս բժշկելու:»
Որատիոս

*Պէտք է ընել ոչ թէ այն՝ զոր մարդ կ՛ախորժի ընել,
այլ՝ ինչ որ ընելով գոհ պիտի ըլլայ մարդ:
Կոմսուհի Տիան

*Հնազանդիլը բան մըն է, բայց աւելի արժանիք կայ յօժարութեամբ հնազանդելուն մէջ:
Ժիռառդէն

ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՏՈՂՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

* Դատելու համար լաւագոյն կանոնն է սպասել:
Կրէսսէ

* Ով որ հեռու ճանապարհորդել կ՛ուզէ, կը խնայէ իր հեծած անասունին:
Ռասին

*Լաւ է իրաւախոհ ըլլալ քան թէ ժամանակը կորսնցնել դատ վարելով:
Խոհեմութիւնը կը կայանայ լուսաւորեալ բանականութեան մէջ,
անյեղլի իմաստութեան մէջ, եւ արդար խորհրդածութեամբ ինքզինք վարելու արուեստին մէջ:
Տէքարթ

*Պէտք չէ մարդերը դատել ըստ երեւոյթին եւ պէտք է միայն կապուիլ անոնց հետ,
որոնց վեհանձն եւ մաքուր հոգին ծանօթ է ձեզ:
Աղէղն ի զո՜ւր կը խղճայ երբ նետն արդէն արձակուած է:
Տէռուլէտ

*Երկու անգամ խորհէ՛ մէկ խօսելէ առաջ, եւ այսպէս երկու անգամ աւելի լաւ պիտի խօսիս:
Գ. Պէն

*Մարդ երբեք միջակ մէկը չէ, երբ ունի շատ ողջմտութիւն եւ բազում բարի զգացումներ:
Ժուպէռ

* Ես մէկ գործ միայն ունիմ, որն է ինքզինքս ուսումնասիրել, խորը մտնել եւ մանաւանդ յաղթել ինքզինքիս, զիս արժանի ընելու համար ճշմարտութեան հասնելու:
Ֆենելոն

*Մեծ առաւելութիւն մը չէ աշխոյժ միտք ունենալ, եթէ արդարախոհ չըլլայ:
Ժամացոյցի մը կատարելութիւնն է ոչ թէ արագ բանիլ, այլ կանոնաւոր:
Վովնարկ

*Կրպակէ մը բարձրանալ ապարանք մը, գեղեցիկ է եւ սակաւադէպ,
վրիպանքէ բարձրանալ ճշմարտութիւն, աւելի սակաւադէպ է եւ աւելի գեղեցիկ:
Վիկթոր Հիւկօ

ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

*Առաքինութիւնը ծաղկանց պէս անոյշ բոյր կը ծաւալէ իր շուրջ:
Առանց առաքինութեան ի՞նչ կ՛արժէ մեծ հանճար մը:
Կրէսսէ

*Ձախողութիւնը առաքինութեան փորձն է:
Լէվիս

*Պէտք է յառաջանալու ջանալ արժանիքով եւ ոչ թէ պաշտպանութեամբ:
Միշտ առաջին կարգը դասեցէք սրտի ուղղութիւնը եւ հաւատարմութիւնը:
Կոմփուկիոս

*Երեք բաներ՝ որոնցմով մարդ կեանքին մէջ կը յառաջանայ.
առողջ մարմին, մշակեալ միտք, ազնիւ սիրտ:
Շթալ

*Չար սովորութեանց մարդ աւելի դիւրաւ կը յաղթէ այսօր քան վաղիւ:
Կոմփուկիոս