jeudi 17 décembre 2015

♫ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ ♫


Սեղանին շուրջ կաղանդի
Հին ընկեր մը մանկութեան
նոր Աշխարհէն աւետեաց
Իր թուղթին մէջ կարօտի
Այսպէս կ'ըսէ սրտաբաց.

Այս տարի,
Սեղանին շուրջ Կաղանդի
Բոլորուեցանք ութ հոգի՝
Ես ու կինս լռակեաց,
Երկու բաժակ կիսով լի
Եւ չորս պատեր մերկացած
Ութը անձ...
Սպասեցինք ընդերկար,
Որ շնչաւոր մէկը գար,
Զարնէր մեր դուռը ամուր
Եւ սրտալի բարեւ տար:
Սպասեցինք մենք ի զուր
Մեր հիւրերուն,մեր զաւկին,
Ու երբ որ ձայնը զանգին
Մնաց երկար քարացած,
Կինս ըսաւ.«Խմենք, մա՛րդ,
Խմենք կենացը անգին
Մեր սիրելեաց բացակայ»:
Լռութեան մէջ անձկագին
Բաժակը լոկ զրնգաց,
Շրթները լուռ մնացին,
Պատերը՝ մերկ մեր դիմաց
Եւ չտուին արձագանգ:
Տօնածառը գլխահակ,
Իր լոյսերով ամօթխած,
Նայեցաւ մեզ ու գթաց...

Մուշեղ Իշխան

vendredi 11 décembre 2015

ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ


Քեզ համար Հայաստան. " Pour toi Arménie ... "
Posté par Autoradio FM 89.7 - Yerevan sur lundi 7 décembre 2015

Քեզ համար նոր գարուն կգա 
Եվ պայծառ կշողաս նորից 
Ձմռան բոցից դու մահաբեր 
Կհառնես ինչպես փյունիք կրկին,
 Հայաստան: 
Կըզնգա երգդ ամենուր 
Կուռ կամքով վեր կսլանա 
Աստված պահի քո հողը սուրբ 
Ապրիր հավերժ ու երջանիկ 
Իմ սեր Հայաստան: 
Աշխարհը վշտապես 
Ողբում է քեզ հետ 
Եվ ձեռքն է մեկնում իր նորովի անկեղծ 
եղբայրության որ դու ապրես: 
Ողջ աշխարհն է սատար դարձել 
Որ կանգուն ու անհաղթ մնաս 
Տանջվել ես միշտ դու նահատակ, 
Մոռացված իմ ժողովուրդ ապրի՛ր Հայաստան: 
Կբուժվեն քո վերքերը խոր 
Թե նույնիսկ դու միշտ անիծես 
Քո բախտը չար ուղին արնոտ 
Թող կանաչի ճամփադ լուսե 
Իմ սեր Հայաստան: 
Ոսկե արևը թող ժպտա 
Քո սուրբ հողին Հար ցնծա՛ իմ 
Հայաստան աշխարհ 
Արցունքը քո շրթին 
Թող հույսը քեզ օգնի 
Գոտևորվիր իմ ժողովուրդ: 
Թող հավատը քեզ չլքի 
Փորձության քո ճանապարհին 
Թաղծոտ ու սև քո աչքերում 
 Թող անմար ժպիտ շողա կրկին 
Հայաստան: 
Քո փառքին ինքդ տիրանաս 
Ձայնդ զիլ աշխարհում թնդա 
Աստված պահի քո հողը սուրբ 
Ապրիր հավերժ ու երջանիկ 
Իմ փառք,իմ գարուն, իմ արև 
 Հայաստան:


ՍԻՐԵԼԻ ԿԱՂԱՆԴ ՊԱՊ ♥ Ռ. ՀԱՏՏԷՃԵԱՆ



Տարւոյն վերջին օրուան արևն ալ, որ արդէն անտեսանելի էր գորշ ամպերուն ետին, մայրը մտաւ: Ձմեռուան կանխահաս գիշերը զարկաւ մեր դռները: Քիչ յետոյ ժամացոյցին տասներկու հարուածները պիտի հնչեն աւետելու համար նոր տարիի մը ծնունդը: Այդ պահուն է որ դուռը պիտի զարնուի ու հոնկէ ներս պիտի մտնէ մեր այս տարուան Կաղանդ Պապը:

Օ՜ Կաղանդ Պապ:
 
Ան որ մանկութեանս առաջին օրէն ի վեր ամէն տարի կու գայ դուռս զարնելու ու նուէրներ բերելու: Ի՜նչ ուրախութեամբ է որ կը դիմաւորէի զինքը մանկութեանս առաջին շրջաններուն, երբ հրաշալի խաղալիքներ կը բերէր ինծի: Յետոյ ի՜նչ ուրախութեամբ է որ սկսայ զինքը դիմաւորել երիտասարդութեանս շրջանին, երբ այլևս ինծի կը բերէր գիրքեր, գրիչներ, գեղեցիկ տետրակներ: Յետոյ ի՜նչ ուրախութեամբ է որ շարունակեցի զինքը դիմաւորել հասուն ու ընտանիքէ պատասխանատու մարդու հասակովս, երբ ան ինծի կը բերէր տնական գեղեցիկ իրեղէններ, կազմածներ, զարդեղէններ:
 
Կաղանդ Պապը ինծի համար միշտ նուէրներ ունէր իր տոպրակին մէջ, ճաշակիս, տարիքիս, սպասումներուս յարմար նուէրներ, զորս կ՛առնէի ու կուրծքիս կը սեղմէի հազար շնորհակալութիւն յայտնելով իրեն: Եւ կը կարծէի որ միշտ այդ իմ սրտի վրայ սեղմածներս էր որ ան կը բերէր ինծի ու իմ սիրելիներուս: 
Շատ ուշ էր որ կամաց կամաց պիտի սկսէի հասկնալ որ Կաղանդ Պապը, իր տոպրակէն հանած նուէրներէն զատ, ուրիշ անտեսանելի նուէրներ ալ կը բերէր ամէն տարի: Անտեսանելի նուէր էր արդարև նոր տարի մը ևս ողջունելու առիթն ու երջանկութիւնը որ ան կը բերէր ինծի: 

Անտեսանելի նուէր էր արդարև տարի մը ևս ընտանիքիս ու բոլոր սիրածներուս հետ երջանիկ ապրած ըլլալու այն անդրադարձումը զոր ես կ՛ունենայի Կաղանդի սեմին՝ ամէն տարի: Անտեսանելի նուէր էր արդարև այն հանդարտ ու անդորր հոգեվիճակը, զոր Կաղանդ Պապը այս գիշեր ալ ներաշխարհիս մէջ կը բանար գալիք տարուան մը համար՝ որպէսզի ես սրտի ու մտածումի խոյանքներով յառաջ տանէի իմ սիրելի աշխատանքս: 
Անտեսանելի նուէր էր արդարև մարմնի ու մտքի այն առողջութիւնը զոր Կաղանդ Պապը կը վերանորոգէր ինծի ու իմ սիրելիներուս համար, նաև նիւթական ու բարոյական այն բարիքները որոնք տեղացած էին վրաս ամբողջ տարուան մը ընթացքին: Կաղանդ Պապը բոլոր այս անտեսանելի նուէրներն ալ ունէր իր տոպրակին մէկ անկիւնը և ես հիմա էր որ կը սկսէի տեսնել զանոնք:
Օ՜ Կաղանդ Պապ: 

Բախտաւոր կամ անբախտ մարդոց համար ամբողջ կեանքի մը ընթացքին բարիքներու և նուէրներու բարի բեռնակիրն ես դուն: Ամբողջ կեանքի մը ընթացքին շարունակ կը բերես: Կը բերես ու կը նշմարենք: Կը բերես ու չենք նշմարեր: Կը բերես ու շնորհակալութիւն իսկ չենք յայտներ: 

Երեմն դժբախտութիւններ ալ կ՛իջնեն մեր վրայ, երբեմն ձախորդութիւններ ու անբախտութիւններ ալ կը կիզեն մեր սիրտը: Բայց դուն չե՛ս որ կը ղրկես զանոնք քու տոպրակէն: Դուն բարի Կաղանդ Պապն ես: Դուն բարիքներու և ուրախութիւններու Պապն ես, դուն թերևս իմ այն պապս ու մեծ պապս ես, զոր ես չեմ ճանչցած և որուն արիւնը սակայն կը հոսի երակներուս մէջ: Այդ երջանիկ ու կենարար բարի արիւնը կը տեսնեմ ես քու կարմիր պատմուճանիդ ու գդակիդ մէջ:
Եկո՛ւր Կաղանդ Պապ, եկո՛ւր դարձեալ քեզի հետ բերելով բոլոր այն բարիքները, որոնց համար փառք պիտի տանք նախ Աստուծոյ, յետոյ քեզի, յետոյ այն սրբազան հողին, որուն վրայ ամուր կը կոխենք: Մենք ուրիշ ոչինչ կրնանք ընել եթէ ոչ փառք տալ, շնորհակալ ըլլալ և աղօթել մեզի ընծայուած այդ նոր տարիին համար ևս: Ընդունէ մեր աղօթքը ու այս տարի ևս մեր այդ աղօթքը քեզի հետ տար դէպի երկինք, դէպի երկինքի աստղերը, դէպի Բարձրեալը:
Բեռդ ու բարիքներու տոպրատդ թեթև ըլլայ ուսերուդ վրայ, սիրելի Կաղանդ Պապ:Կը պաղատիմ նո՛րէն եկուր:
 
ՌՈՊԷՐ ՀԱՏՏԷՃԵԱՆ

jeudi 5 novembre 2015

Մարիամ Մաթոսեան ♫ Ալմաստը շողում է


Գուսան Շահեն
Ալմաստը շողում է գլխիդ շալի վրա,
Թուխ մազերդ փռվել են երեսիդ խալի վրա,
Երկու սիրուն աղավնի՝ կըրծքիդ կամարի վրա
Թառել են դրախտ ծոցըդ, փակ կրծքիդ շալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Իմ յարը հերոս է մեր գյուղի արտերի մեջ 
(երգում՝ կոլխոզի արտերի մեջ),
Մեկ անթառամ ծաղիկ է բուրավետ վարդերի մեջ,
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ,
Կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Աշխարհը եկել է,
Կուզե քեզ սեյր անի,
Յար ջան, սարի եղնիկ ես,
Ինչպես հպարտ ջեյրանի:
Վարդ երեսըդ գարուն է, խալերըդ՝ երամ - երամ,
Կռունկի պես իջան իմ քնարի լարի վրա:

Երգի առաջին տողերից իմանում ենք, որ աղջկա գլխին շալ է գցված, որի վրա շողում է ալմաստը, իսկ թուխ մազերը փռվել են երեսի խալի վրա: Այնուհետև աղջկա կրծքերը համեմատում է զույգ աղավնու հետ. Երկու սիրուն աղավնի, կրծքիդ կամարի վրա թառել են դրախտ ծոցդ:
Մյուս քառատողում ասում է, որ իր յարը հերոս է գյուղի արտերի մեջ: Ի դեպ, այն տարբերակը, որ կատարում է կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսեանը, «մեր գյուղի արտեր»-ի փոխարեն ունի «կոլխոզի արտեր» բառերը: Մարիամը իր բոլոր կատարած երգերը սովորել է իր գաղթական տատից, ով գուցե ինչ-որ կապ է ունեցել Խորհրդային Հայաստանի հետ, կամ այստեղի հյայերից է լսել երգը, և այս ռուսական բառը գուցե այդպես է փոխանցվել արևմտահայ երգչուհուն:
Ինչևէ, այս խոսքով գուսան Շահենը գովերգում է աշխատասիրությունը, ինչով իր սիրած աղջիկն աչքի է ընկել իրենց գյուղում: Ապա երգում է, որ մեկ անթառամ ծաղիկ է՝ բուրավետ վարդերի մեջ: Այսինքն իր յարն առանձնանում է գյուղի մյուս աղջիկների մեջ, նաև ինչպես անթառամ ծաղիկը՝ բուրավետ վարդերի մեջ: Չէ՞ որ վարդը շուտով կթառամի, իր բույրն ու գեղեցկությունը կկորցնի, իսկ անթառամ ծաղիկը, որ պարզ, դաշտերում աճող ծաղիկ է, չի կորցնում իր գեղեցկությունը և ավելի հարազատ է երգչին իր պարզությամբ, քան փարթամ վարդերը:
Հաջորդ տողերում տղան, կարծես խելքամաղ լինելով, ահա թե ինչպես է նկարագրում աղջկան.
Երկնային շաղն է իջել ոսկեթել վարսերի մեջ, կաթիլ - կաթիլ թափվում է կրծքի սև խալի վրա:
Կարելի է ենթադրել, որ նա աղջկան տեսել է վաղ առավոտյան, քանի որ այդ ժամանակ է շաղ, ցող լինում, և այն խտանալով աղջկա հերարձակ գլխին, երեսի խալի վրա փռված մազերի մեջ, դրանց ծայրերից կաթում է աղջկա կրքծի սև խալի վրա:
Վերջին տողերում տղան երգում է, որ իր այս երգը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղջկա գեղեցիկ արտաքինի, հմայքի ու գրավչության պատկերը, որն ասես իր աչքերով մտնելով իր էության մեջ, առատորեն դուրս է հորդում իր քնարի լարերից՝ կռունկի երամի պես:

mercredi 4 novembre 2015

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ

1943 ին, Գերմանական Նացի Կեդրոնական բանտի մը փշաթել ցանկապատին ետեւ, ցնցոտիներ հագած հրեայ պատանի մը կը ճեմեր յուսահատ: Յանկարծ ան հեռուէն քալող գեղջուհի մը նշմարեց: Ակամայ անոնց աչքերը իրարու հանդիպեցան: Տղան համաձակութեամբ հարցուց. «Բան մը ունի՞ս ուտելու»:
Աղջիկը զգուշութեամբ գրպանէն խնձոր մը հանեց եւ նետեց: Անօթի տղուն սիրտը ուրախութեամբ խայտաց, երբ փայլուն կարմիր խնձ
որը օդին մէջէն ձեռքին մէջ ինկաւ, սնունդ եւ յոյս բերելով իրեն հետ:
«Վաղը նորէն եկուր», ըսաւ ու աղջիկը ժպտեցաւ:

Յաջորդ օրը, նոյն ժամուն, ան եկաւ եւ դարձեալ խնձոր մը նետեց: Այս գաղտնի ժամադրութիւնը շարունակուեցաւ եօթը ամիսներ, որոնց ընթացքին այս աղջիկը դարձաւ բանտարկեալին աչքին լոյսը եւ հոգիին յոյսը, որուն պատճառով կրցաւ տոկալ բանտի տառապանքին եւ առանձնութեան:

Օր մը, բանտարկեալ պատանին լսեց թէ պիտի տեղափոխուէին այդ վայրէն: Ան կոտրած սրտով գոյժը հաղորդեց պատանուհիին, որուն սիրուն աչքերը տխրեցան: Յաջորդ օրը, բանտարկեալները ուրիշ վայր մը փոխադրեցին: Այս որբ պատանին յաճախ կու լար ցաւատանջ մղձաւանջներ ունենալով:

Անոր միակ մխիթարութիւնը գեղջուհի աղջկան աչքերն էին ու իրենց գաղտնի հանդիպումներուն յիշատակը, որ սրտին խորքը պահած էր: Վերջապէս պատերազմը դադրեցաւ եւ Ռուսական բանակը ազատագրեց այս բանտարկեալները:

Տարիները անցան ու այս հրեայ երիտասարդը Նիւ Եորք գաղթեց: Օր մը ծանօթացաւ գաղթական օրիորդի մը, որուն հետ ճաշարան մը երթալու ատեն, աղջիկը հարցուց թէ ինք ու՞ր էր պատերազմի ժամանակ: Երիտասարդը ըսաւ թէ Գերմանական Կեդրոնական բանտի մը մէջ էր այդ ահռելի շրջանին: «Իսկ դու՞ն» հարցուց աղջկան: «Ես ու ընտանիքս խնայուեցանք հալածանքէ եւ Գերմանական ագարակի մը մէջ աշխատեցանք»: Յանկարծ աղջկան աչքերը սառեցան եւ ան յիշողութեան փոշոտած էջերը դարձնելով ըսաւ. «Մեր պարտէզին մօտ Գերմանական բանտ մը կար, ուր պատանի բանտարկեալի մը հանդիպեցայ: Թէեւ գրեթէ չէինք խօսիր, բայց ակնյայտ էր որ զիրար կը սիրէինք անմեղութեամբ: Ես ամէն օր խնձոր մը կը նետէի անոր: Բայց օր մը ան փոխադրուեցաւ: Կը խորհիմ որ մեռաւ, բայց անոր յիշատակը կը պահեմ սրտիս խորքը:»

«Այդ տղան ցնցոտինե՞ր հագած էր: Եւ օր մը քեզի ըսա՞ւ որ այլեւս մի՛ գար, որովհետեւ պիտի փոխադրուէին:» «Այս բոլորը ու՞րկէ գիտես», հարցուց օրիորդը զարմացած: Տղուն սիրտը պիտի պայթեր կարծես՝ մինչ ապշած աղջկան ձեռքը բռնեց եւ ինքզինք հաւաքելով ըսաւ. «Զիս կերակրեցիր, երբ անօթի էի եւ յուսադարեցիր՝ երբ անյոյս էի: Դուն էիր որ իմ կեանքս ազատեցիր: Աստուած մեզ դարձեալ միաւորեց: Այս անգամ ազատ ենք: Բանտի փշաթելերը մեզ չե՛ն բաժներ եւ չեմ ուզեր երբեք զատուիլ քեզմէ: Կուզե՞ս հետս ամուսնանալ...» Առանց վարանումի՝ օրիորդը ըսաւ «Այո՛ կ՛ուզեմ:»

«Ան որ Աստուած միաւորեց, մարդ թող չզատէ:»
«Հաւատք, յոյս, սէր. այս երեքը: Ու ասոնց մեծագոյնը սէրն է:»

  Աղբիւր «Օրհնաբեր Նռնենին»

jeudi 29 octobre 2015

Արա Գևորգյան-ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ



ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ


Մեր դեմ շատ են ելել վայրի հողմեր,
Երկինքը մեր՝ պատել սև-մութ ամպեր,
Տեսել ենք մեր ճամփին դավ ու զրկանք,
Ցավ ու կորուստ, արցունք, հազար փորձանք:

Բայց ելել ենք վեր
Անկման խոր վիհերից,
Նոր ուժ ենք միշտ առել
Անպարտ մեր լեռներից :
Ու հայոց ոգին
Չի՛ պարտվել երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Ոսոխն անգութ՝ ծարավ հայի արյան,
Կարմիր ներկեց հողը մեր նաիրյան.
Մահը՝ պարզած արնոտ թևերը իր,
Շուրջը փռեց ավեր, մուր ու մոխիր:

Եվ ուզում էին
Ջնջել մեզ հիմնովին,
Փորձում ընդմիշտ հատել
Հայ արմատը հին:
Բայց հայոց ոգին
Չի պարտվել երբեք,
Աշխարհում մենք կրկին
Կա՛նք ու կլինե՛նք:

Պահեց հայը իր մեծ երազը վառ
Հոգում՝ արթուն իր սուրբ հավատն անմար,
Ցավի միջից ելանք՝ վերածնված,

Լացին՝ ժպիտ, վշտին ծիծաղ խառնած:
Ու քայլում ենք՝ լի
Լույսով նոր գալիքի,
Դեռ պիտի ճամփաներ
Անցնենք մենք վերելքի.
Պիտի հիշեցնենք
Ասկյարին գազան,
Որ վա՛ռ է ջահը մեր,
Մեր երթն՝ անվախճա՛ն:

Ու հայոց ոգին
Չի՛ պարտվի երբեք,
Երկնքի տակ այս հին
Կա՛նք ու կլինե՛նք:

Լևոն Բլբուլյան

mercredi 21 octobre 2015

ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ «ՍԻՊԻԼ»

ԱՆՑՆԵԼՈՒ ՄՕՏ
 
Լոյսի փունջ մը, շող շիւղերու կուռ հիւսկէն,
Հորիզոնէն վար հուր և բոց կը թափէ.
Լերան ծայրը ցոլքեր մութը կը պըրկեն
Ցանցի մը մէջ լայն վերտերով սատափէ:

Քունէն զարթած կ՛երգէ մարին վարուժան
Ոստերն ի վար կախուած բոյնին մէջ տամուկ,
Դաշտերուն մէջ հոյլ հոյլ գառներ կը խըժան
Շաղով օծուած մարմանդներուն մէջ ճամուկ:

Շամբերուն հոծ շուքին տակէն դողդոջուն՝
Դէպի ծովուն ափերն ի վար աւազէ,
Ուր փրփուրին կը նշմարես վախկոտ չուն,
Լուսածիծաղ առուն վէտ վէտ կը վազէ:

Ոչ հմայքէն առուին տենդոտ կարկաջին,
Շողին ցօղին լոյս ծիծաղէն արծաթի,
Ոչ ալ այգուն ջերմ համբոյրէն առաջին
Մեր սրտին մէջ վարդ անուրջ մը կը ծաթի:

Մենք չենք սիրեր կեանքն յորդաշունչ, կենդանի.
Անցնելու մօտ իրերն ըզմեզ կը կարթեն.
Ու կը ցաւինք, երբ բախտն հեռու կը տանի
Ինչ որ երէկ արհամարհած ենք արդէն:

Մենք կը սիրենք, երբ արևը ծիրանի՝
Հսղած, հատած մոմի նման ոգեվար՝
Ալիքներուն գոգն իյնալով շիջանի
Սողոսկելով խարակներէն զառ ի վար:

Ծաղիկները, զոր կը թողունք որ ցամքին
Թօնուտ օդին, ցուրտ արևին տակ աշնան,
Ծառաներու յանձնած կոպիտ խընամքին,
Թոռմելու մօտ՝ կարծես յանկարծ կ՛անուշնան:

Սըրուակները, որոնց բոյրը կը հատնի,
Ալ աւելի մեզ սիրելի կը դառնան,
Ինչպէս դեղնած սիրոյ թղթիկ մը գաղտնի,
Զոր կը պահենք գուրգուրանքով անսահման:

Եւ մեր սէրը ոսկեփետուր թռչուն բիլ,
Զոր անսըւաղ կը լքանենք շատ հեղ մենք,
Երբ թև կ՛առնէ, կ՛ուզէ մեզմէ խուսափիլ,
Դողդըղալով մեր հոգւոյն մէջ կը սեղմենք:

Մըրմունջները որոնք հեռուն կը մարին,
Կոչնակները, հաչիւնն անգամ շուներուն,
Գորշ ամպերն իսկ փակած կապոյտ կամարին,
Մեկնելու մօտ՝ հըմայք մ՛ունին օրօրուն: 

Յուզմունքներն ալ կը վրդո՛վեն մեր հոգին
Եթէ չըլլան երազի պէս թևաւոր.
Եւ կեանքն արդեօք կ՛ըլլա՞յ այնքան թանկագին,
Ա՜յնքան անուշ, երբ չըսպառնայ մահն անոր:

 
 ՈՐԴԻԱԿԱՆ ՍԷՐ

Մի՛ թողուք զիս, յուշե՛ր քաղցրիկ,
Տարէ՛ք, տարէ՛ք մօտ օրրանիս,
Ուր խոնարհած կին գեղեցիկ,
Սրտի մեղրով դիեցնէ զիս:


Մայրիկս է ան, հոգի՛ բարի,
Էա՛կ վըսեմ, քա՛ղցր արարած,
Թէպէտ տըկար, բայց սիրտն արի,
Ժըպտի փոխէ արցունք ու լաց:


Օրրանիս քով իր երգն անուշ,
Զըւարթ շեշտերն աղու ձայնին,
Իր անձնըւէր խնամքներ քնքուշ,
Զիս կը յուզեն բոլորովին:


Գորովանքի իր դերին մէջ,
Հայրիկս միայն է իր ընկեր.
Նոյն սիրտն ունի, նոյն սէրն անշէջ,
Լաւ կ՛ըմբռնէ ամէն պարտքեր:


Հուժկու ձեռքով, ո՜վ հայր, դու միշտ,
Բանաս ակօս աշխատութեան,
Քուկիններուդ օրեր անվիշտ,
Կ՛ընծայես դու մինչ յաւիտեան:


Բի՜ւր օրհնութիւն, մաղթանք այնքան,
Հոգւոյս խորէն կ՛ուղղեմ յաւէտ,
Ձեզ, ո՜վ ծնողք իմ սիրական,
Մաղթեմ ձեզ կեանք երանաւէտ:


Փոխան խնամքին ձեր անձնուրաց,
Ձեզ նըւիրեմ սէր անսահման,
Թող ձեզ խնայէ բախտն իր հարուած
Քաղցրի՛կ ծընողք իմ աննըման:

 
 ԱՐՑՈՒՆՔՆԵՐ
 
Արցունքներ կան, շիթ շիթ, տրտում, մելամաղձոտ,
Որոնք կու լան, կաթկըթելով այտին վրայ.
Ամէն կաթիլ՝ հեծկլտանք մը, կոծ մ՛է թախծոտ.
Իր ցօղին մէջ տառապանք մը կը թըրթըռայ:

Արցունքներ կան, պայծառ ու ջինջ և անխըռով
Որ արեւու նշոյլներով կը փողփողեն.
Ծիածանին անձրևի պէս հանդարտ ու զով:
Երբոր տեղան, օդը բոյր մը կ՛առնէ հողէն:

Լուռ, անշըշուկ խորհրդաւոր արցունքներ կան.
Որ կը բխին հոգւոյն խորէն սիրոյ կարօտ.
Անոնք ցաւեր մեզ կը պատմեն երկայն, երկայն.
Թաղուած սէրեր, զոր կընքած է սուգին նարօտ:

Արցունքներ կան որոնք քըրքիչ ինձ կը թըւին,
Միշտ գոռացող ամպին նըման փոթորկայոյզ,
Որ փայլակներ թօթափելով ծովին, հովին,
Մշուշի պէս կը տարտղնին կեդրոնախոյս:

Արցունք մ՛ալ կայ որ միշտ կ՛այրէ, բայց չի կաթիր,
Հեղուկ բոց մը, բուռն, ըսպառիչ ահեղ կրակ,
Ցամքած արցունք, որ չի հատնիր՝ մինչև մոխիր
Կըտրին աչքերն, հոգին դառնայ կոյտ մ՛աւերակ:

Ո՜վ արցունքներ ամէնքնիդ ալ ես կը ճանչնամ,
Թէև դժբախտ իմ օրերուս յուշերն ըլլաք.
Ջերմ յուզմունքով ըզձեզ կ՛օրհնեմ ես յարաժամ,
Ձեզմով կը զգամ սըրտիս ապրիլն ես շարունակ:



ՄԻ՛ ԸՍԷՔ

Մի՛ ըսէք ինձ թէ բարութիւնն է կեղծիք,
Թէ ժըպիտը կնճիռ մըն է սնգուրուած,
Թէ ոչինչ կայ ազնիւ, ոչինչ գեղեցիկ,
Թէ պատրանք են սէրը, ծաղիկն ու քերթուած:


Մի՛ ըսէք ինձ թոյն է բուրումը գարնան.
Ախտի սերմեր ջուրերն ունին խաժ ակին.
Թէ լուսագեղ ցօղերն ամպրոպ կը դառնան.
Եզերքն է լոկ մեղրը՝ կեանքի բաժակին:


Ո՜հ, մի՛ ըսէք շրթունքները կը ստեն,
Երբ զեղուն հըրայրքներ, գութ ու գորով.
Թէ յոյզն ու խանդ չեն ցայտեր միշտ մեր սրտէն.
Թէ կայծեր են անոնք մտքի մ’անխըռով:


Ո՜հ, մի՛ ըսէք նայուածքները բոցավառ
Չոր քարեր են, սուտակ, զմրուխտ կամ ոբալ,
Որոնք օծուած սուտի փայլովը բուրվառ՝
Գիտեն տրտմիլ, ըզմայլիլ, լալ ու ողբալ:


Ո՜հ, մի՛ըսէք թէ ձայները կը խաբեն
Իրենց անկեղծ հնչիւններովը ծալ ծալ.
Մի՛ ըսթափէք սիրտս իր անուշ տագնապէն.
Թողէ'ք ինծի երազներովս պանծալ:


Մի՛ ըսէք ինձ թէ մարդիկ չեն անձնըւէր,
Թէ շահերով ըստոր լեցուն է աշխարհ,
Եւ ուխտերը, երդումները օդնի վեր
Կը փարատին, ինչպէս թերթեր հողմավար:


Մի՛ մի՛ ըսէք խաւար է ծայրը կեանքին.
Անմահութեան յոյսն աղուոր տենդ մ’է փարթամ,
Թէ հող, մոխիր պիտի դառնայ մեր հոգին...:
Ո՜հ, թողէ՛ք ցընորքներուս հաւատամ:


«ՍԻՊԻԼ» 
ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ


jeudi 15 octobre 2015

ԽԱԲՈՂԻՆ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԷՍ ♥ ՍԻՊԻԼ «ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ»


ԽԱԲՈՂԻՆ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԷՍ

Կարմիր բըբուկ, սեւ սեւ բիտեր,
Լանջքը կանաչ, վըրան կէտեր,
Գըլուխը վեր բռնած, յոխորտ,
Կտկտալով, կտկտալով,
Տան մ' աղբիւսին մէջ խորտուբորտ
Ինք իրմէ գոհ՝ կը ճեմէր վէս
Աքլոր մ' աղուոր ու ոսկեգէս,
Կտկտալով, կտկտալով:
Մէյ մ' ալ նայիս, կամաց-կամաց,
Գըլուխը կախ, սիրտը ցաւ,
Աղուէս մը չոր ոսկոր դարձած՝
Մեր աքլորին մօտեցաւ:

«Բարե՜ւ,- ըսաւ,- ո՜վ դուն, փիւնիկ հաւերու,
Այդ ի՜նչ շընորհք, այդ ի՜նչ պերճանք աչքառու.
Ուրկէ՞ գըտար այդ փետուրներդ արծաթէ,
Որոնց ծայրէն յակինթ, զմրուխտ կը կաթէ:
Բըբուկդ հապա՜, մետաքսէ ծոպ ծիրանի,
Հին քաջերու սաղաւարտին կը նմանի:
Կըտուցդ արդեօք արեւա՞կն է թանկագին,
Որ իր ձայնով բերկրանք կ'ազդէ աշխարհքին:
Ես չեմ ճանչնար թռչուն մ' աղուոր քեզ նման:
Կարապներն իսկ քեզմէ շատ վար կը մնան:
Մէկը միայն կը ճանչնայի, քու հայրդ էր,
Քեզ պէս սիրուն երգովն ըզմեզ կը կարթէր:
Բայց ձիրք մ' ունէր ան, զոր անշուշտ դուն չունիս
(Ինչպէ՜ս մոռնամ տաղանդն անուշ թռչունիս).
Երգած ատեն՝ աչքերը գոց կը կենար.
Այն ի՜նչ ձայն էր, սրի՞նգ, ջութա՞կ, վի՞ն, քընա՞ր:

Աքաղաղին անփորձ տըղան,
Հաւատալով անոր խօսքին,
Փակեց աչքերն ու բարձրաձայն՝
«Կուկուլիկ-կո՜ւ» պոռաց ուժգին:
Աղուէսն իսկոյն վըրայ հասաւ
Եւ խածնելով զայն ըշտապաւ:
Թեթեւ-թեթեւ ու սրընթաց
Շուտ մ' աղբիւսէն փախաւ գընաց:
Բայց հովիւներ դաշտին մէջ շէն,
Նըշմարելով արշաւն անոր խելագար,
Շուներուն հետ ինկան ընդհուպ ետեւէն՝
Բիրերով հաստ ու երկար:

Աքլորն յանկարծ, իր նեղ դիրքին հակառակ,
«Աղուէ՛ս եղբայր,- ըսաւ,- պոռա՜ սա շունին
Եւ սա տխմար հովիւներուն անճարակ
Թէ աքլորէդ իրենք բընաւ մաս չունին»:
Աղուէսն անվախ՝ տատանելով իր ագին,
Բըռնած որսին սիրովն արբշիռ, երջանիկ՝
Բացաւ բերանն, աղաղակեց զայրագին.
«Աքլորն իմս է, պարապ տեղը մի՛ յոգնիք»:
Բայց աքլորը ծառին կատարն էր թըռեր:
Չորքոտանին վեր նայեցաւ խենթի պէս.
Սմքած մընաց. սրտին մէջ բոց կը վառէր:
«Սա խեղճ, ապուշ կենդանիին աներես
Ի՞նչպէս ծուղակն ինկայ ես:
Վա՜յ այն բերնին,- գոչեց լալէն,-
Որ լըռելու տեղ կը խօսի»:
Եւ թռչունն ալ պոռաց վերէն.
«Վա՜յ այն աչքին, որ կ'ըլլայ քուն,
Մինչդեռ մընալ պէտք է արթուն»:

ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ «ՍԻՊԻԼ»



mercredi 14 octobre 2015

Վիլյամ Սարոյան. «Քո կյանքի ժամերը»


ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԵՐԸ

(նախաբան)

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. Հասկացիր սա: Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

mardi 13 octobre 2015

ՍՈՒՐԲԻՆ ԱՂՕԹՔԸ ╬ Սիամանթօ

ՍՈՒՐԲԻՆ ԱՂՕԹՔԸ
«ԼՈՅՍ ՏՈՒՐ ինծի, Աստուա՜ծ անհերքելի
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի և ճանաչման ստեղծիչ,
Շունչի՛ մրրիկ, կեդրոնական կարողութիւն,
Սուրբ Սեղանիդ սարկաւագն Մեսրոպ՝
Իր մշուշապատ մեծ երազին,
Քու ձեռքերէդ յստակութի՛ւն կ՛աղերսէ...:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ մեծապարգե՛ւ իմաստութիւն,
Ես՝ անցուպ հովիւ մեծ քարոզիդ,
Ես՝ եղկելի մահկանացու, ես տժգոյն տնտես՝
Մեր դարաւոր ցեղին...
Ես՝ տգէտ դպիր և անվաւեր վարդապետ,
Ես՝ անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ,
Ես՝ անօժիտ վերծա՛նող և անանձրև այգեպան,
Ես՝ կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ,
Ես՝ անարժան օրհնաբան անվերջ փառքիդ
Իմ անդպիր հօտիս համար լո՛յս կ՛աղերսեմ...:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, Աստուա՛ծ բիւրեղ...
Ես՝ ողորմելի որոնիչ և անհետեւանք խուզարկու,
Ես անքանքար քննիչ և անբերրի հիւլէ,
Ես անաստիճան ճգնաւոր և անթռիչ հռետոր
Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,
Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող,
Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ,
Ես իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՛թ ալիք,
Ես հրեղէն հացիդ կարօ՛տ ցորենաքաղ...
Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի,
Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ,
Ես անճառագայթ աղջամուղջ. ես անլար քնար,
Դեռ անբարբառ մեր մայր լեզուին՝
Բացատրութեան Բանալի՛ մը կ՛աղերսեմ...:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, տարրերու հայր,
Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց,
Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,
Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...
Ես անհողագործ դաշտօրեայ, շտեմարան թափուր,
Սեղանասպաս անհաց և ցամաքեալ գինեբաշխ,
Ես՝ անկոչ հրաւիրեալ Յիսուսական հարսանիքին,
Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող
Եւ անգորով գգուիչ և սիրազուրկ սիրահար,
Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ,
Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...
Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող
Ես սի՛րտ անսէր և կուսութիւն անկատար,
Ես անբեւեռ քալող և երերուն ուղեւոր...
Քու փրկութեան փարոսներէդ 
կաթի՛լ մը լոյս տուր ինծի...
Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան
Կեանքին դռները դրախտին պէս թող բացուին...:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, անծի՛ր Աստուած...
Ես անկարկաջ առուակ և խափանեալ ջրվէժ,
Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ,
Ես դպրութեանց դեռ անպսակ տնօրէն,
Ես խղճերու հանդէպ ինկո՛ղ վարագոյր...
Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ,
Ես շիւղ կորուսեալ, հունտ անպարգե՛ւ...
Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի...
Ես անհիւրընկալ օթեւան եւ անբազմոց մահամերձ...
Լապտերիդ լոյսը մի՛ մերժեր ինձ...:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, համագումար Սկզբունք,
Մկրտութեան ես անմիւռոն աւազան,
Ես աղօթքի կիսակործան գաւիթ
Ես արօրազուրկ հողագործ, անգերանդի հընձող,
Ես անբոյր օծանող եւ դառնահամ իւղ,
Ես անբալասան բժիշկ եւ անբեհեզ վիրակապ,
Ես կոտրած կանթեղ եւ պապակեալ պատրոյգ
Ես հողմակոծ անտառ եւ արտասուաթոր ուռենի...

Ես անտաշ ատաղձ եւ բորբոսեալ գերան,
Ես հողաշէն բուրվառ եւ անծխելի խունկ,
Ես անողկոյզ որթատունկ եւ վարակեալ վաստակ,
Ես անճշմարիտ ճակատ եւ անուղիղ ձեռք,
Ես անկարող կարգաւոր եւ աննշխար քահանայ,
Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ,
Այցելութիւն տուր ինծի...

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, ո՛վ անբաղդատ Օրէնք
Ես վարանոտ մարդ եւ յուսահատ անձ
Ես ահաբեկ անհատ եւ շուարած շնչաւոր
Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած
Անլռելի աղաղակ եւ անարձագանգ շեփոր
Ես գօս տերեւ աշուններէն վա՛ր ինկող...
Չորացեալ ճիւղ եւ անհոտաւէտ վարդենի,
Ես ուշիմութեան ուրուական,
Ես կարճիմաստ իմացական եւ խոնարհած խելք,
Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող
Քրիստոնեայ ժողովուրդիդ դէմ յանդիման
Ես՝ Աստուածաշունչ մեծ Մատեանիդ
Օտար լեզու ընթերցող եւ անհարազատ թարգմանիչ:

«ՕԳՆԷ՛ ԻՆԾԻ, անծայրածիր Ծանօթութիւն,
Գերազօր Տէր, անհուն հնարիչ,
Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ,
Ջուր երկնային, անանջրպետ հոգի,
Անհաշիւ բաշխող, երազներու սահանք,
Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն
Իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի,
Եւ հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու
Այս իրիկուան քառասներորդ գիշերին՝
Աստուա՜ծ անյղելի, Աստուած անափունք,
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ,
Հոն իմ գիւտս խմորելու...:
ՍԻԱՄԱՆԹՕ

dimanche 11 octobre 2015

♥ ՏԵՍԻԼՔԸ ♥ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ «Սիամանթօ»

ՏԵՍԻԼՔԸ
Ո՛Վ ՀՐԱՇԱԼԻՔ, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,
Ո՜վ զարմանագործ զօրութիւն,
Ո՜վ բոցեղէն բժժանք, ո՛վ անլոյծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մէջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքո՛վն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ
Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...:
Յանկարծ՝ Սուրբը մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝
Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,
Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասուելով,
Որմին առջև անհունօրէն ծնրադրեց...:

 
 

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ
ներբողական

ՕՇԱԿԱՆԻ ամենասո՛ւրբ գերեզման,
Հանճարի հող՝ ուրկէց այսօր,
Տասնևհինգ երկար դարերու,
Պատմութիւն մը պերճաշուք,
Արևելքէ Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,
Դէպի զՔեզ, ազատօրէն աղօթելու կը շարժէ...:

ՕՇԱԿԱՆԻ անհո՛ւն մեռեալ,
Դուն բիւրաւոր ճիւղերով,
Ոսկեհոս գե՛տ գիտութեան,
Մտքի Փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի Կեդրոն,
Դուն անվախճա՜ն փոշիացեալ,
Դուն ջահերու անմարելի շտեմարան,
Որկէց ուղեղս, մանկութեանս օրերուն,
Ես աղքատօրէն եկայ վառել...:

ՕՇԱԿԱՆԻ վսեմական վարդապետ,
Դուն վեհիմաստ վանական և Աստծո՛յ բաժակ,
Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան,
Խօսքի՛ աղբիւր, բանի՛ բարձունք,
Կարողութեանց անվե՛րջ կատար.
Դուն իմաստի աւազան և աղօթքի կապոյտ անձրև
Ափ մը հողէդ, ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ...:

ՕՇԱԿԱՆԻ Դուն անկորուստ կրօնական,
Անապատին մէ՛ջ մխրճուող ճգնաւոր,
Դուն անբասիր և մեհենական մենակեաց
Խունկի՛ անտառ, կեդրուկներո՛ւ բուրաստան,
Քրիստոսի ազնիւ խօսքին դուն տիրական տարածիչ
Եւ կրանիտեայ ուղղափառ սիւն.
Եւ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դուն շնորհքի աշնանային շատրուան,
Քու հաւատքէ՛դ հաւատացեալ՝ ե՛ս ալ լացի...:

ՕՇԱԿԱՆԻ մէջ անմա՜հօրէն մահացեալ,
Անճառելի և անդրանիկ դաստիարակ,
Ես՝ երազային երախայ մը վեցամեայ,
Այբբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով
Առաջին խաչը, ճակտէս սրտիս,
Հաւատա՛ ինձ, ո՜վ հայրո՜ւթիւն...
Պատկերիդ դէմ է որ հաներ եմ...
Եւ լսէ՛ այսօր, թոթովախօս ծաղկոցի,
Շուշան-մարմին մանուկներէն՝
Մինչև ծերերն հողաբոյր,
Քու Սուրբ անունդ կ՛օրհներգեն...:

ՕՇԱԿԱՆԻ հանճարանի՛ստ հողակոյտ,
Եկեղեցւոյ խորանին քով անշուք՜օրէն մրափող
Եւ Եհովայի պատգամախօս մեծ Մատեանին,
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարու ադամանդեա՜յ բանալի,
Դուն Հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ,
Դուն լեզուի կաճառ, գեղեցկութեան իջևան,
Դուն ճեմարան մարմարա՜յին մտածումի.
Ներէ՛ որ քու աշակերտդ այս արբեցեալ,
Տասնևհինգ դարեր յետոյ, զքե՛զ պաշտէ...:

ՕՇԱԿԱՆԷՆ ի մեզ հսկող Մտքի Աստուած,
Դուն հասողութեան հիմնաքար,
Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհատիկ աշտարակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...
Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով,
Դուն Տարօնածին հսկա՜յ Մովսէս,
Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,
Թո՛ղ իմ գանկս, վերջալոյսիս,
Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,
Յուղարկաւորներս՝ խնկատուփի մը փոխարէն,
Հողակոյտիդ վրան վառեն...:

ՍԻԱՄԱՆԹՕ

dimanche 30 août 2015

Հայկական հետք - ՄԱՐԳԱՐ ՇԱՐԱՊԽԱՆԵԱՆ



Մեր ազգային ինքնակառուցողական պատմական ներկայ հանգրուանի առաջին տարիներէն սկսեալ, Հայրենիքիս հետ ու Հայրենիքիս մէջ ապրիլը, երազային մղիչ ուժ մը դարձած էր կեանքիս մէջ:
Այսօր, փառք նախախնամութեան, անձնատուր դարձած եմ այդ երազած կեանքիս:
 Ստորեւ քանի մը քառեակ, ժամանակին գրուած այդ մտորումներէս: Հայաստանը քու օճախն է, իմացիր,
Անոր հողին նուիրումով դուն կառչիր.
Օճախիդ մէջ բարի գործեր կատարէ,
Ժողովուրդիդ սէր ու հաւատք ներշնչէ:
* * *
Աստուած կ՛ օրհնէ, շէն կը պահէ օճախդ
Եթէ անձէդ բաժին հանես ուրիշին.
Ունեցածիդ ամուր կերպով մի փարիր,
Զի ան, վստահ, մահէդ անդին չես տանիր:
* * *
Կեանքը ունի վատ ու բարի ուղիներ,
Բարին ընտրէ, վատէն հեռու մնացիր,
Բարիին մէջ դուն պիտ՛ զգաս մարդացած,
Հոգիդ ամբողջ ուրախութեամբ լիացած:
* * *
Ինչ որ շինես հողիդ վրայ բերկրալի,
Յաւերժ կերպով ան կը մնայ լոկ քեզի,
Ուրիշ տեղեր պալատ անգամ կառուցես,
Զաւակներդ օտար հողմին կը յանձնես:
* * *
Ազգդ սիրէ, ժողովուրդիդ հետ ապրէ,
Օտարէն յոյս մի սպասեր դուն ի զուր,
Հայրենիքիդ որքան կապուիս անձնապէս
Այնքան հզօր դուն կը դառնաս հոգեպէս:
* * *
Եթէ հողդ թողուս անտէր, անպաշտպան
Եւ օտարին ձեռքը դառնաս դուն գերի,
Կը խեղճանաս, կը ծառայես ուրիշին,
Նման խեղճուկ Թումանեանի Գիգորին:
* * *
Հայաստանն է քու ապագան, իմացիր,
Օտար հողը քեզի երբեք չի խօսիր,
Ուր ալ երթաս, որ երկիրն ալ թափառիս,
Հայրենիքիդ կարօտովը պիտ՛ մեռնիս:
* * *
Հայեր լսէք, ականջ դրէք իմ խօսքին,
Օտարներէն չկայ մեզի փրկութիւն,
Մեր սեփական հողերուն վրայ միանանք,
Որ ազգովին յաւերժական ուժ դառնանք:


Մարգար Շարապխանեան

vendredi 3 juillet 2015

♥ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ♥

 
Ապագան մենք կը ստեղծենք։ 
Եթէ այդ ողբերգական է, ապա այդ մեր մեղքն է։ 
Անադոլ Ֆրանս
Լեզուն հաղորդակցելու, մտածումներ, գաղափարներ արտայայտելու, անհատներու միջեւ կապ հաստատելու անզուգական միջոց մըն է։ Մեր լեզուն՝ հայերէնը, կապ կը հաստատէ, կամուրջ կ՚ըլլայ նաեւ մեր ու մեր անցեալին միջեւ։ Անհատին իր անցեալին հետ կապը անհրաժեշտութիւն մըն է, զորս կ՚իրականացնէ իր մայրենի լեզուն։  
Առանց մայրենի լեզուի գիտութեան ու գործածութեան մեր անցեալին՝ մեր պատմութեան, մեր մշակոյթին հետ ամբողջական կապ հաստատել կարելի չէ։

Այսօր, Սփիւռքի տարածքին վրայ, դժբախտաբար, “հայերէն սորվեցնել”-ու անհրաժեշտութեան այնքան կարեւորութիւն չտրուիր, որքան տրուած էր իննսուն տարի առաջ։  
Ջարդէն մազապուրծ ազատած սերունդը իր աղքատ, թշուառ օրերուն հայեցի դաստիարակութիւնը շատ աւելի հարկաւոր նկատած էր, քան այսօրուայ մեր հարուստ, փարթամ կեանք մը ապրող սերունդը կը նկատէ։ 
Հայերէն սորվեցնել եւ սորվիլազգապահպանման առաջնահերթ պայմաններէն մին է եւ այդ օրէնքը երբեք չփոխուիր։  
Ջարդէն ազատած ժողովուրդը ազգապահպանման անհրաժեշտութեան գիտակցութիւնը ունէր։ Իր միակ հարստութիւնը իր լեզուն էր։ Եթէ զայն կորսնցնէր ջարդուած, անապատին մէջ մահացած, առ յաւետ կորսուած հայէ մը տարբերութիւն պիտի չունենար։

Այսօրուայ սերունդը, որ ամէն բան ունի, իր զաւկէն կը զլանայ, բացառութիւնները յարգելով, անոր անառարկելի իրաւունքը՝ Մայրենի լեզուով դաստիարակուելու իրաւունքը։

Կ՚երեւի մեր յիշողութենէն կը վրիպի Խաչատուր Աբովեանի պատգամը. “Ամէն լեզու սորվեցէք, բայց մեր Մայրենին ղայիմ (ամուր) բռնեցէք։

Վիքթոր Համբարձումեան ալ, 1994-ին, Արցախի հարցով, Մոսկուայ հացադուլի դիմելէ առաջ հետեւեալը ըսած էր. “Ինձ յաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս եւ այլ կտակում եմ տիրապետել հայ լեզուին։…. 
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թէ արիւն, այլ գաղափարներ եւ գաղափարների մէջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
Երբ հայախօս սերունդ հասցնելու մեր ջանքերը տակաւ առ տակաւ կը տկարանան, ընդհանրանալ կը սկսիոգիով հայսերունդի մը ներկայութիւնը, որուն պիտի յաջորդէծնողքս հայ էրսերունդը։ Որպէս ծնողք, որպէս համայնք մեր նախապատուութիւնները փոխուած են։

Գրուած է. “Քանզի ձեր գանձը ուր որ է, սրտերնիդ ալ հոն պիտի ըլլայ։ Դժբախտաբար մեր լեզուն մեր գանձը ըլլալէ դադրած է, որով մեր սիրտն ալ ուրիշ տեղ է։

Ժամանակ ու մեծկակ գումարներ կը յատկացուին այնպիսի ժամանցներու, որոնք երախան հայ մթնոլորտէն կը հեռացնեն։ Անտարակոյս, մթնոլորտի ազդեցութիւնը անխուսաբելի է։  
Տեղական սովորութիւնները մեր առօրեայէն ներս առկայ պիտի ըլլան, սակայն երբ անոնք մեր բարքերուն, աւանդութիւններուն տեղը կը գրաւենհայկական ոգի”-ն, եթէ հայ լեզուին հետ ամուր գործակցութիւն չունի, անզօր կը մնայ ու շուտով տեղի կուտայ։

Հեռաւոր Չինաստանէն մինչեւ կեդրոնական Եւրոպա ի՜նչ-ի՜նչ գաղթօճախներ ունէինք, որոնք նախ լեզուն, ապա ալհայկական ոգինկորսնցուցին ու առ յաւետ կորան։

Գոյատեւումի համար լեզուն՝ հայերէն խօսիլ անհրաժեշտութիւն մըն է։ Սփիւռքի այլասերիչ պայմանները հայակերտման աշխատանքին հեզասահ ընթացք չեն տար։  
Հարկաւոր է մաքառիլ, պայքարիլ, թէ՛ անհատական եւ թէ՛ համայնքային մակարդակով։ Պայքարիլ գիտցող ժողովուրդներն են որ ապրելու իրաւունքը ունին։ Երբ մեր աշխարհասփիւռ գաղթօճախները դադրեցան պայքարէ, առ յաւէտ անյայտացան։ Պայքարը հաւաքական յիշողութիւնը վառ կը պահէ։  
Լեզուի եւ մշակոյթի տեղատուութիւնը կ՚արագացնէ յիշողութեան կորուսը։ Երբ ժողովուրդի մը հաւաքական յիշողութիւնը սպաննուի, այդ ժողովուրդը գոյութիւնէ կը դադրի։ Փոքրամասնութիւնները ձուլելու՝ առանց ջարդի անյայտացնելու, այսօրուայ ռազմավարութիւնն ալ արդէն այս է։

Իր անցեալը չարժեւորող ու իր անցեալէն դասեր չքաղող ժողովուրդը ապագայ չկրնար ունենալ։

Ամէն հայ երախայ անպայման, առանց որեւէ պատճառաբանութեան, պէտք է հայկական ուսում ստանայ, գէթ՝ նախակրթարանի մակարդակով։ Երախան իր այս բնական իրաւունքէն պէտք չէ զրկուի։ Մեր ազգային ինքնութիւնը պահելու համար հայեցի դաստիարակութիւնը անհրաժեշտութիւն մըն է։  
Այս ինքնութեան պահպանումը կարելի է իրականացնել միայն ու միայն հայ դպրոցով։ 
 Հայ դպրոցն է, որ երախային պիտի փոխանցէ անոր ազգային ժառանգութիւնը, անոր մէջ պիտի կերտէ ազգային գիտակցութիւնը ու պիտի զարգացնէ ազգային պատկանելիութեան զգացումը։ Թէեւ դպրոցը, իր լայն առումով, աշակերտը կեանքի պատրաստելու պարտականութիւնը ունի, սակայն մեր պարագային շեշտը պէտք է դրուի հայեցի դաստիարակութեան՝ ազգակերտման։  
Այս է սպասուածը հայ դպրոցէն։ Այս է ու այս պէտք է ըլլայ Սփիւռքի հայ դպրոցին պարտականութիւնը։

Մեր դպրոցներուն պատասխանատուութիւնը պարզապէս գումարհանում սորվեցել չէ եւ պէտք չէ ալ ըլլայ։ Այդպէս կրթուեցանք, այդպէս ալ պէտք է կրթենք։ Տեղական դպրոցը, եթէ նոյնիսկ ուսման ծրագրով աւելի արդիական թուի, ազգային ինքնութիւնը տակաւին չկազմաւորուած տղան իր հայկական արմատներէն կը հեռացնէ։  
Տղան հոն ոչ իր ազգային լեզուն, ոչ իր ազգային մշակոյթը եւ ալ ոչ իր ազգային կրօնքը կրնայ սորվիլ։ Ոչ մէկ ծնողք իր զաւակը ազգային դաստիարակութիւնէ զրկելու իրաւունքը ունի։ Ազգային դպրոցներու աշակերտութեան թիւը բարձրացնել եւ համայնքային օժանդակութիւնը մի քիչ աւելցնել մեր դպրոցները կը հասցնէ նախանձելի մակարդակի։ 
 Հայ դպրոցը գոյատեւելու համար հայ աշակերտի կը կարօտի, հայ տղան ալ հայ գոյատեւելու համար՝ հայ դպրոցի։ Համայնքը, նկատի առնելով թէ՛ դպրոցին եւ թէ աշակերտին փոխադարձաբար ունեցած կորուստը, իր բոլոր միջոցներով ծնողներու վրայ իր բարոյական ազդեցութիւնը պէտք է գործադրէ։

Երախան միայն ու միայն հայկական դպրոցին մէջ կրնայ սորվիլ Արշակ ՉօպանեանիԳեղօն Ի Պատիւ Հայ Լեզուին”, Եղիշէ ՉարենցիԵս Իմ Անուշ Հայասանի”, Սիլվա ԿապուտիկեանիԽօսք Իմ Որդուն”, Յովհաննէս ՇիրազիՊատգամ Սփիւռքահայութեան”, Վահան ԹէքէեանիՏաղ Հայերէն Լեզուին”…. նման այժմէականութենէ չդադրող բանահիւսութիւններ, որոնք իր հոգւոյն մէջ հայկականութիւն պիտի բոցավառեն։  
Իր մէջ իր պատկանելիութեան զգացումները պիտի զօրացնեն։ Իր գոյատեւելու պայքարին ազդակ պիտի ըլլան։

Տղան միայն հայկական դպրոցին մէջ կրնայ իմանալ Ֆրանսացի գրագէտ Վիքթոր ՀիւկոյիՁեր լեզուին մէջ Արեւելքն է որ կը զգամ, դարերը կը նշմարեմ այնտեղ։  
Կը տեսնեմ անցեալի խորհրդաւոր նշոյլի շողարձակումը։ Ինծի համար պարծանք է հայերենի թարգմանուիլնախադասութիւնը, կամ Անգլիացի բանաստեղծ Ճորճ Պայրընի հայերէնի մասին գաղափարը. “Հայերէնը հարուստ լեզու է եւ լիովին կը պարունակէ մարդկային ձայնի բոլոր հնչիւնները։

Տղան, հայ դպրոցին մէջ, պէտք է ստանայ լուրջ կրօնական դաստիարակութիւն։ Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է։ Սորվիլ, գիտնալ մեր եկեղեցւոյ պատմութիւնը կը զօրացնէ տղուն ազգային գիտակցութիւնը։ Մեր եկեղեցին ունի իւրայատուկ աւանդութիւններ։

Պահել այդ աւանդութիւնները կը նշանակէ ըմբռնել իր ազգային ինքնուրոյնութիւնը։ Գնահատել ժառանգուած հարստութիւնը ու անոր տէր կանգնիլ կը նշանակէ արտաքին յարձակումներու դէմ զրահապատուիլ։ Տղան տեղական դպրոց ղրկել կը նշանակէ զինք ինքնաճանաչման զրահէն զրկել։  
Համաշխարհայնացման սպառնալիքն ալ խոր ազդեցութիւն ունի այսօրուայ սերունդին վրայ։ Ինքնաճանաչումը այդ համաշխարհայնացման սպառնալիքին դէմ պայքարի գուցէ ամենազդու միչոցն է։  
Ոչ մէկ ծնողք իր զաւակը ինքնաճանաչումէ եւ այդ զրահապատումէն զրկելու իրաւունքը ունի։

Հայ դպրոցը պէտք չէ մատակարարուի շահաբեր հաստատութեան մը տնտեսական սկզբունքներով։ 
 Հայեցի դաստիարակութեան համար անհրաժեշտ յատկացումներ, խնայողութեան սիրոյն, պէտք չէ մկրատուին։ Ծնողներ, ի մտի ունենալով պետական ձրի դպրոցը, հայ դպրոցի կրթաթոշակը երբեք ու երբեք սակարկութեան առարկայ պէտք չէ ընեն։  
Այդ կրթաթոշակը արդէն դպրոցի ելեւմտացոյցը հաւասարակշռելէ շա՜տ հեռու է։ 
 Բաղդատութեան եզր պէտք է ըլլան շահու աղբիւր հիմնուած կրթական հաստատութիւններու պահանջած խոշոր գումարները։ Եթէ կը վճարենք այդ գումարները, երբեմն պարզ ցուցամոլութեան համար, պէտք չէ դժկամինք ազգային դպրոցի կրթաթոշակը վճրելու։

1600 տարի առաջ մէկ մարդու ջանքերով սկսուած հայապահպանման պայքարը արտաքին ուժեր ոչ մէկ ձեւով կրցին կասեցնել։ Մենք, այսօր, Մայրենիին հանդէպ մեր ցոյց տուած անտարբերութեան հետեւանք կ՚ընենք այն, ինչոր ուրիշներ ջանացին բայց չյաջողեցան իրականացնել։

Սթափինք մեր թմրութենէն երբ տակաւին ուշ չէ։

Արմէն Քիւրքճեան
Թորոնթօ