dimanche 9 juin 2019

❤️💛ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ❤️💙


ՀԻՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետեւ, վերջանում...
Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում...
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում...
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...


ՀԷ՜Յ ԿԱՐԿԱՋՈՂ ԱՌՈՒՆԵՐ

Հէ՜յ կարկաջող առուներ,
Մանկութիւնս ո՞ւր տարաք,
Առած մի օր գիրկը ձեր,
Ո՞ր ծովերի մէջ կորաք,
Ա՜խ ետ բերէք դուք նրան,
Բայց ինչո՞ւ ետ կանչում եմ,
Որ երգերս նորից լան,
Այն թափառիկ մանկան հետ,
Որ ա՜խ, նորից գլխիկոր,
Մանգամ նօթի, խե՛ղճ ու լո՛ւռ,
Ոտաբոպիկ ու տկլոր
Նորի՛ց ընկնեմ դռնէ դուռ
Նորի՛ց ահով մի պատառ
Հաց գողանամ անցորդից
Նորի՛ց ծեծեն ու ես գառ,
Մայեմ մօրս կարօտից,
Նորի՛ց բուքին դուրս մնամ
Հագած մի հին ցնցոտի,
Նորի՛ց լացս քամուն տամ
Բախելով դուռն հարստի
Կամ ջուր ծախե՞մ ու լա՞մ դեռ,
Լոկ արցունքս տուն տանե՞մ,
Ա՜խ ետ մի գաք առուակներ,
Խեղճ մանկութիւնն ի՞նչ անեմ...

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ