samedi 22 juin 2019

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ընթերցարան

ՀԱՅԵՐԷՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Շատ տարիներ առաջ, օր մը Վաղարշապատ քաղաքի ժողովուրդը իրար անցած էր: Ան կը դիմաւորէր Մեսրոպ Մաշտոցը, որ քանի մը տարի առաջ գացած էր օտար երկիրներ եւ մեծ աշխատանք կատարած էր, որպէսզի ստեղծէր հայերէն գիրերը: Եւ ահա յաղթանակով կը վերադառնար ան:

Բազմութիւնը Մեսրոպը կը դիմաւորէր քաղաքին գլխաւոր դարպասին մօտ, կը ծափահարէր ու կ՛ողջունէր զայն: Բոլորը ուրախ էին եւ հպարտ: Չէ՞ որ հա
յերէն գիրերը արդէն ստեղծուած էին, ու ամնէքը պիտի կարենային այդ գիրերով գրել ու կարդալ:

Հայրենիք վերադառնալէ վերջ Մեսրոպ գործի կ՛անցնի: Ան կը հաւաքէ աշակերտներ եւ կը սկսի անոնց հայերէն գիրերը սորվեցնել: Աշակերտները մեծ սիրով կը սորվէին: Եւ ահա կը հասնի այն ուրախալի օրը, երբ աշակերտնհերը առաջին անգամ կը գրեն էջ մը՝ հայերէն լեզուով եւ հայերէն տառերով: Բոլորը հիացած էին: Ինքզինքը շատ երջանիկ կը զգար Մեսրոպ Մաշտոց:

Անիկա այդ գիշեր չքնացաւ: Լուսաբացին դուռը կամաց մը բացուեցաւ, եւ քարէ աստիճաններուն վրայ երեւցաւ իր աշակերտներէն մէկը՝ Կորիւնը:

- Ի'նչ կ՛ուզես այս ժամուն,- հարցուց Մեսրոպ:

Պատանին պատասխանելու փոխարէն պաղ քարերուն վրայ ծունկի իջաւ, համբուրեց ուսուցիչին փէշը եւ շշնջեց.

- Իմ թանկագի՛ն ուսուցիչս, անմա՜հ է քու գործդ...

 ՀՕՐ ՄԸ ԽՐԱՏՆԵՐԸ

Հայր մը մահուան սեմին, իր քով կանչելով զաւակները, ուզեց անոնց կեանքի մասին խրատներ տալ.

«Տղաքս» ըսաւ, «սիրեցէք զիրար, իրարու հետ միշտ հաշտ ու համերաշխ ապրեցէք, մտիկ ըրէք մեծերուն խրատները, օգտուեցէք անոնց փորձառութիւններէն, այս ձեւով կրնաք յաղթել կեանքի դժուարութիւնները եւ կուրծք կը դնէք վշտերուն հանդէպ»

«Յարգեցէք տարեցները, թշուառներուն եւ որբերուն օգնութեան հասէք, առատաձեռն եղէք անոնց դէմ, նեցուկ կանգնեցէք չքաւորներուն ու դժբախտներուն»:

«Խուսափեցէք սնափառութենէ, ագահ ու կծծի մի ըլլաք, չի ճնշէ բարկութիւնը ձեր նուրբ զգացումներուն, որ կորուստի կը մատնէ ձեզ»

«Աշխատեցէք, շարունակ աշխատեցէք, որովհետեւ աշխատութիւնը, ազնուութիւն եւ ազատութիւն կը պարգեւէ մարդուն, երբէք մի վարժուիք ծուլութեան, ան ձեզի մոլութիւններու եւ թշուառութեան գերի կը դարձնէ»:

«Սիրելի զաւակներս, ձեզմէ բաժնուելէս յետոյ, շատ աւելի գուրգուրացէք ձեր մօր վրայ. հոգացէք անոր պէտքերուն, երբեք մի մոռնաք թէ ան ձեզի կեանք տուած, ձեզ մեծցուցած, ձեր վրայ հոգ տարած, ձեզ համար եւ ձեզ հետ վիշտեր ու ուրախութիւններ ապրած է:»

«Երկրին կառավարական օրէնքները յարգեցէք, կարգի եւ կանոնի պատուիրաններուն հնազանդեցէք:»

« Մի մոռնաք նաեւ սա խօսքերս, այն անձը որ իրեն չի պատկանողին տէր կը դառնայ, գող մըն է:Իրեն հանդէպ գործուած բարիքները ուրացողը ապերախտ մը, եւ ծնողքին նեցուկ ու պաշտպան չի դարձողը անպատիւ մըն է. հեռացէք այսպիսիներէ:»

«Սխալները չ'ընդունելով միշտ իրաւունք պնդողը համառ ու անմիտ է, խուսափեցէք անկէ: Ազգն ու հայրենիքը ուրացողը դրուժան կը դառնայ, երբէք մի նմանիք անոնց:»
«Տղաքս, մահուընէս յետոյ, ջանացէք մխիթարել ձեր մայրը, վստահ եղէք որ, ես կատարեալ կերպով ձեզ հասցուցի եւ ձեր ամէն մէկը շատ սիրեցի:»

 ՇՈՒՆԸ  ԻՆՉՈ՞Ւ  ԸՆԿԵՐ  ԵՂԱՒ  ՄԱՐԴՈՒՆ

Շատ ու շատ տարիներ առաջ, շունը մինակ կ՛ապրէր անտառին մէջ: Օր մըն ալ ձանձրացաւ առանձնութենէն եւ որոշեց ընկեր մը գտնել: Այնպիսի ընկեր մը որ աշխարհի ամէնէն անվախը ըլլայ:

Նախ գնաց գայլին մօտ ու ըսաւ.
-Գայլ եղբայր, եկո՛ւր իրարու հետ ընկեր ըլլանք:
-Ըլլանք, պատասխանեց գայլը:
Եւ սկսան միասին ապրիլ: Գիշեր մը շունը աղմուկ լսեց եւ սկսաւ հաջել:
-Շո՛ւն եղբայր, ձայնդ կտրէ՛, թէ ոչ արջը կը լսէ եւ կու գայ, կ՛ու տէ մեզ, ըսաւ գայլը մեղմ ձայնով:
Ուրեմն գայլը ամէնէն անվախը չէ, մտածեց շունը:
Գնաց արջին մօտ ու ըսաւ.
-Արջ եղբայր, եկո՛ւր իրարու հետ ընկեր ըլլանք:
-Ըլլանք, պատասխանեց արջը:

Եւ սկսան միասին ապրիլ: Գիշեր մը դարձեալ շունը աղմուկ մը լսեց եւ սկսաւ հաջել:
-Շուն եղբայր, լռէ՛, թէ ոչ առիւծը կը լսէ եւ կու գայ, կ՛ու տէ մեզ, ըսաւ արջը բարկութեամբ:
«Աս ալ վախկոտ է» մտածեց շունը: Գնաց առիւծին մօտ ու ըսաւ.
-Առիւծ ընկեր, եկո՛ւր իրարու հետ ընկեր ըլլանք:
-Ըլլանք, պատասխանեց առիւծը:
Շունն ու առիւծը սկսան միասին ապրիլ: Գիշեր մը շունը լսեց շշուկ մը եւ սկսաւ հաջել:

-Շո՛ւ ն եղբայր, ի՛նչ կ՛ընես, ձայնդ քաշէ, թէ ոչ մարդը կը լսէ եւ կու գայ կը սպաննէ մեզ, ըսաւ առիւծը դողալով:
«Առիւծն ալ վասխկոտ է» մտածեց շունը: Գնաց մարդուն մօտ եւ ըսաւ.
-Մա՛րդ եղբայր, եկո՛ւր ընկեր ըլլանք եւ միասին ապրինք:
-Շա՛տ լաւ, ապրի՛նք, պատասխանեց մարդը:
Եւ սկսան միասին ապրիլ: Գիշեր մը շունը ոտնաձան մը լսեց եւ սկսաւ հաջել:
Մարդը արթնցաւ, եւ տեսաւ թէ շունը քովն է ու կը հաջէ, շատ ուրախացաւ:
-Այդպէս հաջէ, իմ բարի ու քաջ ընկերս, ըսաւ անոր:
Այն ատեն շունը հասկցաւ որ մարդը բոլորէն աւելի ուժեղ է եւ ոչ ոքէ կը վախնայ:

Այդ օրուընէ յետոյ շունը մարդուն ամէնէն հաւատարիմ ընկերը դարձաւ եւ երբեք չբաժնուեցաւ անկէ:


 ՈՍԿՈՒ ԿԱՐԱՍԸ

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թէ մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թէ վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դէմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մէջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գիւղը հողատիրոջ մօտ։
— Հէյ, աչքդ լուս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկաւ, արի տար։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատէրը։— Հողի վարձը դու տուել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գայ, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թէ չէ՝ քունը։ Վէճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագաւորի մօտ գանգատ։
Թագաւորը մի կարաս ոսկու անունը լսում է թէ չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.
— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ... Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգէտ ռանչպարներին, որ համարձակուել են իրեն խաբել։
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ,— գոռում են խեղճերը,— մեզ ինչո՞ւ ես սպանում, լաւ չես տեսել, օձ չկայ էնտեղ, ոսկի է, ոսկի...

Թագաւորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թէ՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագաւորը։ Ասում է.— երևի լաւ չտեսայ, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։
Կարասը բաց է անում, դարձեալ մէջը լիքը օձ։
Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագաւորը հրամայում է, հաւաքում է իր երկրի իմաստուններին։
— Բացատրեցէք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կը նշանակի։
— Դրա բացատրութիւնն էս է, թագաւոր, եթէ չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնւութեան ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը յափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագաւորը ցնցւում է. խօսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛ւ,— ասում է,— դէ հիմի էն որոշեցէք, թէ էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհարկէ հողատիրոջը,— ձայն է տալի վարող գիւղացին։
— Չէ, վարողինն է,— մէջ է մտնում հողատէրը։ Ու նորից սկսում են կռուել։
— Լա՛ւ, լա՛ւ, կացէ՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունէք դուք՝ տղայ կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մէկը մի տղայ ունի, միւսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղէն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիւը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնւութեան ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զաւակներին։

Բարին էստեղ, չարն էն ագահ թագաւորի մօտ։

Յովհաննէս Թումանեան