ՆՈՐ ՏԱՐԻ
Հերի՛ք սպասենք, եկո՛ւր, Նոր տարի,
Իրականացո՛ւր իղձերս բարի:
Եկո՛ւր, Նոր տարի, բե՛ր մեզի համար
Արեւոտ ձմեռ ու ձիւնոտ ամառ:
Եկո՛ւր, Նոր տարի, ու բե՛ր անպատճառ
Աստղազարդ ցերեկ ու գիշեր պայծառ:
Եկո՛ւր, Նոր տարի, կապէ՛ մեզ համար
Անձրեւէն առաջ եօթնագոյն կամար:
Եկո՛ւր, Նոր տարի, եկո՛ւր մեր փողոց
Եթէ իղձերս շատ են արտառոց:
Ես ոչինչ կ՛ուզեմ, միայն թէ եկո՛ւր
Ու մեր աչքերուն խի՛նդ ու ծիծաղ տուր:
ՃԱՆՆԻ ՌՈՍՏԱՆ
ԲԱՐՈՎ ԵԿԱՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Բարի՜ եկար Նոր տարի
Երջանկաբեր առաւօտ
Գալըդ ըլլայ թող բարի
Ճակտիդ կապենք լոյս նարօտ:
Բարի՜ եկար Նոր տարի,
Նոր արշալոյս, նոր գարուն,
Բաշխաէ շողերդ զերդ արփի,
Սէր ու բեդկրանք ամէնուն:
Բարի՜ եկար Նոր տարի,
Նոր յոյսերով ակաղձուն
Գալըդ ըլլայ թող բարի,
Յարկերուն տակ զուարթուն:
Բարի՜ եկար Նոր տարի
Ափերուդ մէջ հունձք ոսկի
Բարիքներով դրախտին
Սիրտը բերկրի թող որբին:
Բարի՜ եկար Նոր տարի
Զերդ ծիածան երկնադիր,
Խաղաղութիւնն աշխարհի
Թող սրտէ սիրտ երկարի:
Բարի՜ եկար Նոր տարի
Գալըդ ըլլայ թող բարի
Թող կարկաչէ, թող հոսի,
Ցօղն օրհնութեան երկնքի:
«Ընթերցարան»Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ
Եւ այսպէս ահա տարի մըն ալ անցաւ։
Կարօտն անցեալին նստած սրտերնիս,
Ցամաքէ ցամաք մեծ ոստիւններով
Ափ ափի բերինք։
Քաղաքէ քաղաք՝ ուր որ ալ եղանք,
Մէկ թարթի մը մէջ իրար միացանք,
Վանեցինք յաւէտ ըմբռնումն հեռուին,
Ու երեկուան պէս թարմ՝ ի՜նչ քաղցր յուշեր,
Վէտ վէտ քակուեցան կծիկի նման,
Բլուրի նման դարձեալ դիզուեցան
Ու քանդակեցին լուսափայլ քուրմեր,
Անդէ՜մ, անկործա՜ն։
Եւ դարձեալ այսպէս, պատմեցինք համակ,
Աշխարհը յուզող դէպքերը բոլոր,
Խառնեցինք իրար հին ու նոր խօսքեր,
Փորձեցինք յաճախ յոռետես մտքով,
Մերձենալ ի սպառ լաւատեսութեան։
Մոռնալ ուզեցինք անցեալը թախծոտ,
Յուսալով կրկին բացուեցանք նորին
Ու նորը եկաւ նման անցեալին,
Տարաւ մեզ կրկին հին հանգրուանին։
Ու դեռ այս անգամ մնացինք կառչած
Վերջին պահերուն առկայծող տարուան
Կարօտը կերտող յիշատակներուն,
Քար քանդակներու մեռած անցեալին։
Պիտ յուսանք սակայն եւ յամարօրէ՛ն,
Նոր տարուայ սեմին զինուած անցեալով,
Բաժնել բոլորին՝ հեռուին ու մօտին,
Փերեզակ մ՛ինչպէս փայլուն աստղեր,
Անցեալէն հասնող ոսկի՜ երազներ,
Մաղթանքներ առատ՝ բարութիւն վաղուան։
Թող գալիք տարին ըլլայ իսկական
Բեղուն նոր տարի, շալկած ուսերուն
մաղթանքներ փայլուն, մաղթանքներ բարի,
Բերելու ձեզի, ձեր զաւակներուն,
Նոր կայծը արի՝ նուաճումներուն։
Ի՞նչ կայ աւելի
քան այս մի քանի խօսքերը բարի,
մաղթելու ձեզի բարի նոր տարի։
Զարեհ ԹօփալեանԿԱՂԱՆԴ ՊԱՊԱ
Հազար հազար նազով եկար-հազար հազար բարիքով,
Հազար հազար թելն սպիտակ մօրուքիդ,
Հազար հազար ծխնելոյզէ թօթուեցիր.
Հազար հազար կարօտակէզ հոգիներ,
Շարան շարան եկան ճամբուդ շարուեցան,
Մէկ օրէն:
Հազար հազար հոգիներու երգ տուիր
Երազ տուիր
Սէր տուիր,
Մէկ օրէն:
Հազար հազար հոգիներու վէրք տուիր,
Թախիծ տուիր
Վիշտ տուիր
Ոմանց շատ շատ, ոմանց շատ քիչ,
Ոմանց չկայ-չկա՜յ ըսիր, չմնա՜ց:
Մինչ անդին
Հազար հազար միս ոսկորէ պուպրիկներ,
Հազար անգամ նեղ լուսանցքէն կը նային,
Կը նային,
Հազար խոստում, հազար երազ կը սպասեն,
Եթէ չունիս բան մը որ տաս հազար հազար դուն անոնց,
Ինձմէ ա՜ռ,
Հազար անգամ, հազար կանգուն խոշոր սէր մը կաթոգին,
Տա՜ր ինձմէ,
Հազար անգամ հազար կտոր բարեւներ...
ՕՆՆԻԿ ՖԸՉԸՃԵԱՆԽՕՍՔ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ
Այս նոր տարուայ առաւօտ մի երազանք ունիմ ես,
Եւ իմ բաժակը առած՝ տենչում եմ ծեր հօրս պէս,
Որ բոլորին խնդութիւն բերի նորեկ այս տարին,
Բերի նոր սէր ու ծիծաղ, ծավանայ բերքն ու բարին:
Որ ամէն մի տենչ ու խոհ ծնի ծաղիկ ու վարդեր,
Ամէն անուէջ բարիքով զուգի այգի ու արտեր,
Որ ածխահատը գտնի նոր երակներ հին հանքում,
Եւ իր պատիւը փրկի շղթայուած մարդը կեանքում:
...Որ անկատար չմնայ ոչ մի երազ ոչ մի իղձ,
Եւ ողջ մարդիկ իրար հետ լինեն եղբայր սրտակից,
Որ ամէն մի յարկի տակ խնդութեան երգը հնչի,
Եւ ոչ մի հունտ հողի մէջ անարգասիք չկորչի.
Որ մանուկները չողբան արցունքի մէջ ու սուգի:
Աղջիկներին գեղիրան լոկ հարսնաշորը զուգի,
Որ տատիկները իրենց թոռնիկներին գիրկն առած,
Խաղաղութեան խօսք ասեն, սեղանի շուրջ բոլորած:
Որ ամէն սիրտ աշխարհում երջանկութեամբ բաբախի
Եւ ոչ մի դուռ, ոչ մի փեղկ ցաւն ու վիշտը չբախի,
Հրթիռ դառած միտքը մեր Լուսնի ճամբան թող բռնի,
Եւ նաւի պէս՝ նորայայտ աստղերի շուրջ սաւառնի:
ԿԱՐԼԵՆ ՅԱԿՈԲԵԱՆՆամակ Ձմեռ պապին
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:
Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:
Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
ՇԻՆԱՐԱՐՆՈՐ ՏԱՐԻ
Ահա՛ հասաւ
Նոր տարի,
Հետը բերեց նոր բարի,
Մանըր տըղոց` ուրախ օր,
Բարի զաւակ` հօրն ու մօր:
Մանըր տըղայք են ուրախ,
Ունին կաղին, կոզինախ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փըշատ, ունաբ ու ընկոյզ:
Մանըր տըղայք` չի մոռնաք
Աշխարհքումըս չէք մենակ,
Ուրիշ շատ խեղճ տըղայք կան
Աղքատ և անօգնական:
Նոքա հայր և մայր չունեն,
Սև չոր հացի կարօտ են.
«Աղքատներին ողորմած Եղե՛ք»,
կասե ձեզ Աստուած:
Ռաֆայել Պատկանեան