lundi 11 décembre 2023

Հայոց Նոր Տարին ՀՐԱՆՈՅՇ Ս. ԽԱՌԱՏԵԱՆ 🎄Պատմական գիտութիւնների թեկնածու-Ե. մաս

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԽՆՋՈՅՔԸ

Նոր տարուայ տօնական խնջոյքը փաստացի սկսւում էր Դեկտեմբերի 31ի ընթրիքով: Սակայն այդ երեկոյ տեղի էր ունենում ընտանեկան խնջոյքը. այցելութիւնները պէտք է սկսուէին յաջորդ օրը՝ Յունուարի 1ին: Ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայութիւնը պարտադիր էր: Միայն նշանուած աղջիկներն իրենց նշանածներին մետաքսեայ գոյնզգոյն թելերով փնջած խնձոր էին ուղարկում եւ նրանցից նոյնպէս խնձոր էին ստանում՝ մէջը արծաթեայ տաս կոպեկանոցներ խրած: Որոշ վայրերում, սակայն, տօնական այցելութիւններն սկսւում էին հէնց այդ երեկոյ, ինչպէս, օրինակ, Քեսապում, ուր «Նոր Տարուան գիշերը մօտիկ ազգականներ  ու դրացիներ, մեծ ու պզտիկ, իրարու կ՛այցելէին: Ոչ ոք տունը կը պարպէր կամ ճրագը կը մարէր: Կէս գիշերին կը հնչէր եկեղեցւոյ կոչնակը, կ՛որոտային հրացանները: Գիւղացիք դուռը կը բանային, հին տարուան չարքերը դուրս դնելու եւ Նոր Տարուան բարիքները ընդունելու համար, ապա կարգով կը շնորհաւորէին իրարու Նոր Տարինե: Տան աւագագոյն անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհաւորում տնեցիների եւ ընտանիքի Նոր տարին եւ առաջարկում բոլորին՝ առաջին բաժակի հետ մեղր համտեսել. «Անոյշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարուենք»: Ընթրիքն սկսելուց առաջ տան գլխաւորը երեք բուռ կաղին, ընկոյզ էր նետում դէպի տանիք «Շէն կենայ Կալանտար, բարով Կալանտար ըլլայ» խօսքերով, վստահ, որ նետուած այդ կաղին-ընկոյզը առաջիկայ տարուայ առատութիւնը պիտի ապահովի: Ընթրիքին յաջորդում էր աղանդերի ճաշակումը, որ, ինչպէս տեսանք, բաղկացած էր թարմ ու չոր մրգերից, խմորեղէններից, ընդեղէններից, հալուաներից,  իսկ քիչ թէ շատ ունեւորները նաեւ «գոզինախ են պատրաստում մեղրով ընկոյզից եւ նուշից»:

ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ

Նոր տարուայ աւանդական համահայկական սովորութիւններից կարելի է առանձնացնել նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, իսկ որոշ տեղեր նաեւ՝ աղջնակների խմբերի, ծիսական շրջայցերը եւ տօնը շնորհաւորելու աւանդոյթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում եւ որեւէ մէկի տանը մօտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհաւորում էին երգելով: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթութիւններ, ընտանիքի անդամների գովք եւ տօնական ճաշատեսակների խնդրանք: Մինչ տներում զբաղուած էին տօնական պատրաստութիւններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ աւետում հին տարուայ աւարտը, Նոր տարուայ գալուստը: Չնայած բովանդակային մեծ ընդհանրութեանը, այդ երգերը շատ էին տարբերւում: Նախ դրանցից իւրաքանչիւրը կատարւում էր տեղական բարբառով, երգերում յիշատակուող ուտելիքների թուարկումից, ըստ էութեան, կարելի է պատկերացնել տուեալ տեղանքի Նոր տարուայ անհրաժեշտ մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկեցիկ կեանքի վերաբերեալ տեղական պատկերացումները եւ այլն: Բերենք մի քանի օրինակ.



Կըտէր հողը խնգան փոշի
Ծոցը վրեն ծալած ոսկի,
Դուռը վըրեն փերթ ըրեքնակ,
Կըտէր վրան բոլոր լիսնակ,
Տան սները կերոններ,
Ոսկէ կամար գերաններ:
Բարի րիգհուն ալելուիա,
Աշեն, հաշեն, էս տունը՝ շէն,
Սին ու գերան՝ սողոմաշէն,
Տուն աւլողներ՝ ջուխտ աղունակ,
Ձեռնաւելը՝ փունջ մանուշակ,
Թորոնները խորաննի են,
Հացթուխները՝ խանում խաթուն,
Էս տանը կայ երկու լիզու,
Մինը՝ բարի, մինը՝ չարի,
Չարինը՝ ընդի, բարինը՝ ըստի,
Բարին վեր գայ, ձեզ հետ նստի,
Բարով թող գայ ձեր նոր տարի,
Մուրազներուդ զիմ կատարի,
Ձեր տուն մտնու հազար բարի,
Աճար,  ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:


ԼՈՌԻ

Այսպիսով, Լոռիում Նոր տարուն մաղթում էին  «չարի անհետացում, բարու գալուստ», «մուրազների կատարում», «լիքը հորեր՝ աճարի, ցորենի, կորեկի, գարու», «կարմիր  օրեր», «կարմիր՝ նոր շորեր», «կուշտ փոր»… իսկ «տունը շէն է», տան աղջիկները (աւլողները) աղաւնի են, տան տիկնայք՝ (հացթուխները)՝ խանում-խաթուն, տունն ինքն ամբողջովին հրաշք է. նրա թոնիրը խորան է, կտուրի հողը՝ խունկ, ոսկի, շրջապատուած արեւով ու լուսնով, տան սիւները կերոններ են եւ այլն:

Ալիւրը, ցորենը, կորեկը, հաճարը  մաղթւում է ամէնուր.
Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար,
Հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խէրով եկար,
Թազա տարի:
Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար,
Հազար բարի,
Փլաւ բերեմ ոսկէ սինով,
Խէրով եկար,
Թազա տարի:
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար,
Հազար բարի,
Ալիւր, ցորեն, հաճար, գարի,
ԽԵրով եկար,
Թազա տարի:

ԷՋՄԻԱԾԻՆ

Այս մաղթանքներին շատ նման է Հիւսիսային Կովկասի Ղզլար քաղաքի հայկական համայնքի միջավայրում Նոր տարուն երգուող երգում հնչող բարեմաղթութիւնները: Կիլիկիահայերի մէջ երգուող երգերում հնչում է հնի ու նորի սահմանակէտում սպասելիքների ամբողջութիւնը, որում խտացած է ամէն ինչ. «թէ խելք, թէ կեանք, թէ մալ»: Իսկ ահա Նոր Նախիջեւանում՝  հայկական մէկ այլ գաղթօջախում, երգուող երգը շատ աւելի պարզ է. Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է՝ լրիւ նոր ու առատ, շալէ շապիկով ու կարմիր գօտիկով, եկել է որպէս Նոր տարի եւ համեստօրէն համաձայն է «մէկ աւուճին»:
Շնորհաւոր նոր տարի,
Ծեր տունը շէն իլի,
Պարով նոր հաքնէք,
Միշտ ուրախ իլէք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ծեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:
Եմիշ ու գինի,
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մէ լաւ քեփ քաշենք:
Տունը շէն իլի,
Բարաքեաթ իլի,
Միշտ ջոմարդ իլէք
Մեզ էլ միշտ յիշէք:

ՂԶԼԱՐ
Ալելուիա, ալելուիա,
Հինը գնաց, նորը կու գայ,
Հինը ուրախ ճանապարհէք,
Նորի համար պատրաստեցէք
Դուռ, լուսամուտ բացէք,
Ինչ որ կամիք խնդրեցէք,
Թէ կեանք, թէ խելք, թէ մալ,
Ամէնքիդ մուրազն ալ
Կու տայ, միամիտ եղէք:
Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհաւոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:

ԿԻԼԻԿԻԱ
Գալանտոս, տօս, տօս,
Գալանտոսը եկիլ է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլայ շապիկ հագիլ է,
Կարմիր գօտի կապիլ է,
Մէկ աւուճին խայիլ է:
Գալանտոս, տօս, տօս,
Գալանտոսը եկել է,
Դուռին տակին կայնիլ է,
Շիլայ շապիկ հագիլ է,
Կարմիր գօտի կապիլ է,
Մէկ աւուճին խայիլ է:

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ

Բալուում երգուող տարբերակում անձնական ակնկալիքներն են.
Բարի եկար, Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
լէ, լէ, լէ, լէ, ախ լէ, լէ,
Մեր փեթակն ալիր կ’ուզէ,
լէ, լէ, լէ լէ…
Տանտիկինը եղ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ…
Բուխերիկս մուխ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ…
Մեր օճախը փատ կ՛ուզէ,
լէ, լէ, լէ, լէ…
Եգուն (այգին) պաղջին պտուղ տուր
լէ, լէ, լէ, լէ…
Մեր աղջիկին փեսայ տուր,
լէ, լէ, լէ լէ…
Մեր տղային հարս մը տուր,
լէ, լէ, լէ, լէ…
Հիւընտութիւն (հիւանդութիւն) թող չըլի,
լէ, լէ, լէ, լէ…
Քեսատութին (վաստակի նուազում) թող չըլի,
լէ, լէ, լէ, լէ…

Մէկ այլ երգում սպասելիքներն են տանտէրերից, այդ թւում «շարոց, պաստեղ, չիր, ճըմուռ, քաղցու, բաղարջ, բլիթ, գաթա…» եւ այլն.
Ասօր Կախ է, վաղն է Կաղանդ,
Կախանն եօ՞ր է, վաղն է Կաղանդ, ալելայ,
Շարոց, բաստեղ, չիր ու հեւէք,
Գոգնոց բացէք, գոգով տուէք, ալելայ:
Տուն ու երդիք լիք են շարքով,
Բարով կաղանդ, բարկարեւով, ալելայ,
Ճոլոտ մամում ճըմուռ, քաղցու,
æոջիկ պապուն բաղարջ, բլիթ, ալելայ:
Ժիժ-պիժերուս շարան-շարան,
Շարոց, բաստեղ, անոյշ կաթայ, ալելայ:
Գոգնոց բացէք, գոգով տուէք,
Ափով բաժնենք, ծափով ուտենք, ալելայ:
Լոյս է իջեր վեր գերեզմընին,
Ողորմիս ձեր լոյս մեռելին, ալելայ:
Գոգնոց բացէք. գոգով տուէք,
Ափով բաժնենք, ծափով վայլենք, ալելայ:

Նոր տարուն Վանում երգուող երգն իր մէջ խտացրել է ժողովրդական պատկերացումները, քրիստոնէական  խորհրդանիշերը, կոն-կրէտ գիւղի անձանց, տուեալ ընտանիքի ակնկալիքները եւ ողջ «հայ ազգի ողջութեան»  մաղթանքը: Օրինակ, Վանի Լեզք գիւղում.
Շնորհաւոր տօն ու տարին,
Նոր Կաղանդն եւ իւր բարին,
Պատ վեր խըման, խիմ վեր քարին,
Վէմ քարն ի Պօղոս Պետրոս
Բանլիս տուեց փրկիչ Յիսուս:
Տունը շէն, շէն շինական,
Իւղն ու բլիթ նստան, կերան,
Բասիլիոս անուն բարի,
Որ ազատեց խեն քրիստոնէն,
Տարին են տարին, օրն են օրէն:
Ձեր տունը շէն հետ արեւուն,
Արեւն էրկներ ձեր տղեքներուն,
Չարը զատանէր, բարին մօտենար:
Օղորմի աղին, ծառ տընկողին,
Լեզկայ ռես Բաղտոյին,
Գըզիր Խաչոյին, տան ճեռչին:
Ուտենք, խմենք անոյշ գինին,
Ասենք օղորմին, ողջութեն հայոց ազգին:

Խմբերը շրջում էին ամբողջ օրը, երբեմն՝ երկու-երեք օր, անդադրում աւետելով Նոր տարուայ գալուստը եւ տօնական, զուարթ համարձակութեամբ իրենց սպասելիքները թուարկում.
Աւետիս, աւետիս, աւետիս,
Հա՛յ, եկել է, եկել է,
Ով եկել է, գայլն եկել է,
Կարմիր կովեն իւղ կ՛ուզէ,
Կուտուզ յաւեն հաւկիթ կ՛ուզէ,
Աւետիս, աւետիս, աւետիս,
Աւետիս, աւետիս, աւետիս,
Իւղեն կը ռէ, մեղրեն կը ռէ, տանտիկին,
Սերեն բռնէ, մեղրեն կը ռէ, տանտիկին,
Քիչ մա՛լ իւղ հետդ բերես տանտիկին,
Սախըն մատըդ ալ հետ չկռես, տանտիկին,
Աւետիս, աւետիս, աւետիս:

ԲԱԲԵՐԴ
Աս օր Կաղ է, վաղը Կաղընտ,
Ձեր մեռելին հոգուն տուէք ուր գայ,
Տանտիկին, տանտիկին,
Էլի գնայ մարագն ի վար,
Կարճ բռնէ, էրկան կ՛ըյէ,
Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տայ՝ շէն կենայ,
Ով ուր չիտայ՝ հաւուն տոտոզը չորնայ:

ԱԿՆ

Տանտիկինը կախուած տոպրակի մէջ դնում էր մրգեր, յատուկ այդ նպատակով թխուած խմորեղէն, ընդեղէն, չամիչ եւ այլն: