ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՋՈՒՐԸ
Ընթրիքից յետոյ, կէսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարուայ սկզբի հետ նորոգուած ջուր բերելու: Շատ տեղերում աղբիւր՝ ջրի գնում էին ընտանիքի մի քանի անդամ՝ տարբեր նպատակներով: Առհասարակ այդ ժամին ջրին յատուկ զօրութիւն էր վերագրւում: Որոշ տեղեր համոզուած էին, որ ուղիղ կէսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ ոսկի է հոսում: Որոշ տեղեր մինչեւ
կէս գիշեր եօթ անգամ գնում էին մէկական կուժ ջուր բերում եւ իրար ետեւից շարում, մինչեւ կէսգիշերին՝ ութերորդ կժի ժամանակ յաջողեցնէին ջրի հետ հոսող ոսկին որսալ: Այս հաւատով առաջնորդուելով այս գիշերը ջուր չեն դուրս ածում։
Նոր Նախիջեւանում «Դեկտեմբերի 31ին գիշերը ճիշդ այն րոպէին, երբ Հին տարին անհետանում ու կորչում է յաւիտենականութեան մէջ եւ ծնում է նոր–տարին, գետերը եւ աղբիւրներն ոսկի են հոսում, ուստի եւ գիւղերում ամէն մէկն աշխատում է այդ ժամանակ ջրերի վերայ գտնուել, ջուր վերառնել, որ հարստութիւն տուն տանէ։ Նոյն ժամանակ երեւում են եւ ահռելի «խոնջոլոզը», եւ «ժիւոտը» (շըւոտ) եւ «Առամ–թառայիմը» եւ սկսում են շրջել մարդկանց մէջ ու զանազան փորձանքներ բերել նոցա գլխին, ուստի եւ ծնողները զգուշացնում են երեխաներին եւ չեն թողնում նոցա Նոր–տարի գիշերը դուրս գալ»:
Ջավախքում երիտասարդ տղաները երկաթէ շիշը եւ ակիշը ձի արած արշաւում էին դէպի գետը, նրա մէջ ցորեն ու գարի լցնում եւ սրբազան ջուրը տուն բերում: Երբեմն այդ ժամին բազմաթիւ մարդիկ շրջապատում էին աղբիւրը, ջերմօրէն աղօթում եւ ջրի շիթերին խառնում Նոր տարուայ բնորոշ խմորեղէնների կտորներ, գարու, ցորենի հատիկներ՝ ասելով.
-Քեզի կու տամ ցորեն, գարի,
Դուն այ ինձի տու բարի,
Շնորհաւոր Նոր տարի:
-Ջրին բարին, ջրին մորին,
Անդնդային թագաւորին,
Ջուր կաղնդե՞ր ես:
Այսպիսով շնորհաւորում էին ջրի Նոր տարին եւ միաժամանակ՝ միւս խմորեղէններից, ինչպէս նաեւ մի խուրձ խոտ թրջելով նորոգուած ջրով, ջանում քաղել նրա զօրութիւնը: æրի մէջ հատիկներ, հացիկներ գցելով՝ սովորաբար ասում էին.
Առ քեզի գարի,
Տուր մեզի բարի,
Առ քեզի քեօմուր (ածուխ),
Տուր մեզի Էօմիւր (կեանք),
Առ քեզի հատիկ,
Տուր մեզի Զատիկ:
Տարբերակ
Առ գարի,
Տուր բարի,
Առ երկաթ,
Տուր դօվլաթ:
Տարբերակ
Առ քեզի գարի,
Տուր ինձի հազար բարի:
Ուշագրաւ է, որ ջրի հետ առնչուող սովորութիւններում ակնյայտ զգացւում է կանանց ու տղամարդկանց որոշ տարբերութիւններ: Ջրին շնորհաւորելու՝ «ջուրը կաղանդելու» սովորոյթը վերապահուած էր տարեց կանանց. նրանք էին ջրի մէջ հատիկներ ու հացի, խմորեղէնի կտորներ գցում, նրանք էին ասում հմայական, շնորհաւորական խօսքերը: Կէսգիշերին ջուրը կժերը լցնում էին տղաները, իսկ խոտի խրձերը ջրի տակ թրջում էին տղամարդիկ:
Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր որոշ տեղեր ամբարի մէջ պահում էին մինչեւ տարուայ վերջ, որպէսզի հացը առատ լինէր: «Հացի հօր» կոչուող կլոր, ծակ թխուածքը կախում էին տան պատից: Գիշերը թրջուած խոտը, տան կենդանիների, երկրագործական գործիքների եւ այլ այս կարգի պատկերներով թխուած հացիկները, ջրում առաւօտեան թրջելուց յետոյ, ուտեցնում էին կենդանիներին: Որպէս կանոն ուտեցնելու, հիւրասիրելու այդ պահը ուղեկցւում էր բարեմաղթութիւններով: Օրինակ, Շապին Գարահիսարում թռչուններին Նոր տարուայ առաջին կերը տալիս երգում էին.
-Ճու, ճու, ճու, ձագուկներ, իմ սիրելի վառեկներ,
Մօտ եկէք տամ ձեզ հատիկ, որ տաք ինձի շատ հաւկիթ,
Ճու, ճու, ճու, ճու, թռչնիկներ, կարմիր, ճերմակ հաւուկներ,
Եկէք կաղնտեմ ձեզ ալ, տամ ձեզ հատիկ, ջուր զուլալ:
Նոյն ձեւով գոմում, անասուններին կերակրելիս.
-Եկէք, սիրուն բուչիկներ (հորթեր), սիրամ (մուգ կարմիր) ու կարմիր գոյներով,
Ձեզի ալ տամ հատիկ, կեր, որ կաղնդչէք եմ բերեր:
Դուք ալ ապրիք տարիներ, ձեր սիրական զաւակով,
Համբուրեմ ձեր ճակատներ, սիւսլիւ՜ պուռմայ կոտոշներ:
Աւելորդ է ասել, որ տան ջրի բոլոր անօթները լցնում էին նորոգ ջրով:
Ջրի կէսգիշերային զօրութիւնը այնքան մեծ էր համարւում, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրը իր հետ կարող է տանել չքացնել դողերոցքով հիւանդի ցաւը: Ձմեռուայ այդ սառնամանիքին հիւանդներ կային, որ մերկանում էին եւ մի ակնթարթով մտնում գուռից հոսող ջրի տակ, ապա գրեթէ մերկ վազում նստում թթի ծառի վրայ: Ծառի տակից մէկը ձայն էր տալիս. «Ի՞նչ ես անում այդտեղ»: «Թութ եմ ուտում»,- պատասխանում էր հիւանդը: «Հիմա ու թութ, հիմա ու դօղ», գոչում էր ծառի տակինը եւ կացնով զօրաւոր հարուած հասցնում ծառի բնին: «Ի՞նչ ես անում», սարսափահար հարցնում էր «թութ ուտողը»: «Խփում եմ ու եթ» ձեռքիցս գայ՝ հոգիդ էլ կը հանեմ», սպառնում էր ծառի տակինը եւ իբրեւ թէ սարսափահար դողը անմիջապէս լքում էր հիւանդին:
ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԿՐԱԿԸ
Հացից ու ջրից զատ նորոգւում էր նաեւ կրակը: Դեռեւս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, օջախի վրայ էին կերակուր պատրաստում: Օջախն առհասարակ տան սրբազան անկիւններից էր, եւ նրա հետ կապուած բազմաթիւ աւանդական սովորութիւններ ապահովում էին օջախի բարոյական ու առարկայական անձեռնմխելիութիւնը: Բայց Նոր տարուայ օջախն առանձնայատուկ էր, երբ նորոգւում էր կրակը: Շատ տեղերում մի մեծ քօթուկ էին դնում օջախի մեջ՝ աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպէս, որ մինչեւ Ծնունդ կրակն անմար մնար (Լոռի): Բոլոր դէպքերում անմար էր պահւում Նոր տարուայ գիշերուայ եւ յաջորդ օրուայ՝ Յունուարի 1ի օջախը: Աւելի ուշ, Ծննդեան երեկոյին վերցնում էին այդ քօթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որ բերքը առատ լինի եւ կարկուտը չխփի, ինչպէս նաեւ պահում էին ու կարկուտի ժամանակ դուրս նետում, որ կարկուտը կտրուի: Տնեցիներից ով էլ այդ օրը տուն մտնէր, նոյնիսկ օրուայ ընթացքում մի քանի անգամ, անպայման հետը թէկուզ մի փայտ էր ներս բերում եւ դնում օջախը՝ մի տեսակ շնորհաւորելով տօնի առթիւ: Միայն տան մեծի բերած փայտի կտորը մի փոքր վառուելուց յետոյ հանում էին, կրակը հանգցնում եւ մոխրում թաղում: Այդպէս էին անում մինչեւ æրօրհնէք, որից յետոյ տանում էին թաղում արտի ծայրում, որ հունձն առատ լինի: Այդ օրերին օջախի կրակի պայծառութիւնն առհասարակ ապահովում էր ընտանիքի կեանքի պայծառութիւնն ու ջերմութիւնը տարուայ ընթացքում:
ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ՀՄԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ
«Նոր տարու օրը ծնած երեխան «աղէկ պտուղ» է համարւում»:
Բազմապիսի գուշակութիւնները եւ հմայութիւնները, ինչպէս ասուեց, Նոր տարուայ տօնի բնորոշ, անբաժան մասն էին կազմում: Գիշերը, երբ տնեցիները նստում էին մոմի լոյսի ներքոյ եւ մոմի լոյսից պատերին գծագրւում էին ստուերները, այդ ստուերների ձեւերով, լուսաւորութեան ու դժգունութեան աստիճանով գուշակում էին դրանց տիրոջ լուսաւոր կամ մութ, անորոշ ապագան տուեալ տարուայ համար, ինչպէս, օրինակ, Նոր Նախիջեւանում. «Դեկտեմբերի 31ի երեկոյեան մինչեւ որ տան բոլոր անդամները չհաւաքուին, ճրագ չի վառւում տների մէջ։ Երբոր տնեցիք հաւաքուում են, բոլորեքեան մտնում են մի սենեակ եւ մոմը վառելով, դնում են մէջտեղը, սեղանի վերայ։ Ճրագի լոյսից, ի հարկէ, մարդկանց ստուերն ընկնում է պատերի վերայ եւ երեւում մէկին լուսաւոր, միւսինն աղօտ գծագրութեամբ։ Դորանից զանազան գուշակութիւններ են անում, թէ ո՞վ Նոր–տարուայ ընթացքում աւելի բաղդաւոր կը լինի եւ ո՞վ անբաղդ։ Որի որ ստուերը պարզ կերպով արտացոլուի պատի վերայ, նա էլ տարին յաջողութեամբ կ’անցկացնէ, բաղդաւոր կը լինի, որինը, ընդհակառակը, խաւար ու աղօտ, նա փորձանքների կը հանդիպէ, որոնցից գուցէ եւ անվտանգ չկարողանայ դուրս գալ»:
Աղջիկները ձուն մաքուր լուանում էին, մի թասի մէջ ճերմակ ձուի կողքին դնում էին ածուխ ու հինա եւ գիշերը թողնում թոնրի շրթին: Եթէ առաւօտեան ձուն կարմրած լինէր, ենթադրում էին, որ այն դնող աղջիկն այդ տարի կարմիր բախտի կ՛արժանանար, այսինքն՝ կ՛ամուսնանայ, սեւանալու դէպքում սեւ բախտ էր սպասւում, նոյնիսկ՝ կը մահանար: Աղջիկների ճակատագրի գուշակութեան մէկ այլ ձեւ էր այն սովորութիւնը, երբ նրանք գիշերը երեք անգամ աւլում էին թոնրի պատերը եւ այդ նոյն աւելը գիշերը դնում իրենց բարձի տակ: Եթէ առաւօտեան աւելի ճիւղերից ոչ մէկը ջարդուած չէր լինում՝ լաւ ճակատագիր էր գուշակւում:
Նոր տարուայ գիշերը, լինելով նորոգուող կեանքի առաջին գիշերը, լաւ հնարաւորութիւն էր անցեալ տարուայ կուտակուած չարիքներից ազատուելու.
«Նոր տարուայ գիշերը Նոր Նախիջեւանցիները վախենում էին «խոնջոլոզների» եւ «Առայիմ-թառայիմ»ների երեւալուց: Խոնջոլոզները տանիքներում, կտուրի տակ ապրող էակներ էին, պատռուած հագուստներով, որոնց ծուէններից երկաթէ գնդեր էին կախուած: Եթէ նրանց յաջողւում էր որեւէ մէկին բռնել, նստում էին նրա վրայ եւ ճնշում իրենց ծանրութեան տակ: Առայիմ-թառայիմները կարող էին մտնել հնոցների ծխնելոյզից եւ դուրս գալ վառարանի դռնից: Առայիմ-թառայիմները պատկերացւում էին երկաթէ երկար եղունգներով, երկար ու սպիտակ մազ-մօրուքով: Սրանք յիշեցնում են պարսկահայերի «խլվլիկը»:
Գուշակութիւնները շարունակւում էին նաեւ առաւօտեան: Օրինակ, æաւախքում նոր տարուն տնից առաջին անգամ դուրս գալիս հայրը գոմ էր մտնում տնեցիների ուղեկցութեամբ, ձին քաշում գոմի մէջտեղը, եւ բոլորն անհամբեր սպասում էին, թէ ձին ինքնուրոյն ո՞ր ոտքը առաջինը կը բարձրացնի: Աջը բարձրացնելը մեծ բարեբախտութիւն էր գուշակում, ձախը՝ ձախորդութիւն: Նոյն æաւախքում Յունուարի 1ին առհասարակ «բախտ-փորձուկ» էր: Երիտասարդ տղաներն ու աղջիկները նախորդ օրը թխուած «ղառղռի կլիկները»՝ կլոր, փոքրիկ հացիկները դնում էին կտուրներին կամ դէզերի վրայ եւ հետեւում, թէ դրանք կտցող ագռաւները ո՞ր կողմը կը թռչեն. այդ կողմից էլ սպասւում էր հարսնացուն կամ փեսացուն: Կիպրոսի հայերը նոյն գուշակութիւնն անում էին եզան հետ. Յունուարի մէկի առաւօտեան տանտէրը գոմ է մտնում, լայնատերեւ թփով հարուածում պատերին, մսուրին, բոլոր ընտանի անասուններին, ապա երկու կլոր խմորեղէն հագցնում սիրելի եզան կոտոշներին, այդ խմորեղէններին երկու վառուող մոմ փակցնում եւ եզանը դէպի դուռը հրում. եթէ եզը դռան սեմը աջ կճղակով անցնի՝ բարի նշան է, եթէ ձախ՝ վատ, չարագուշակ: Ուստի ամէն ջանք գործադրում են, որ եզը աջ կճղակով անցնի:
Յունուարի 1ի առաւօտեան շարունակւում էին նաեւ յաջողութիւնը, բարեկեցութիւնը ապահովող հմայութիւնները: Նախ, այդ օրը խուսափում էին որեւէ մէկին փոխ տալ, յատկապէս՝ թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առաւօտեան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպէսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լինէր: Առաւօտեան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկիւններում՝ տան առատութիւնն ապահովելու համար, նոյն նպատակով եօթ տան աղբանոցից փայտի խշուրներ էին հաւաքում եւ գցում իրենց աղբանոցը, միմեանց նուէրներ էին տալիս, յատկապէս մեծերը՝ փոքրերին: Վաղ առաւօտեան տան մեծը մատուցարանի մէջ շարում էր հաց, գինի, մեղր եւ չորս խնձոր, որոնց վրայ չորս մեղրամոմ էր վառւում: Մատուցարանը տանելով տան չորս անկիւնները, նա ասում էր. «Անոյշ արէք, ովքեր չէք երեւում, շնորհաւոր նոր տարիէ: Ապա դուրս էր գալիս եւ աղօթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար անցնի այնպէս քաղցրութիւնով, ինչպէս քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրաւիրում ճաշակելու հացից ու մեղրից, ասելով՝ «էսպէս քաղցր պառաւես»: Վերջապէս մեղրից խաչաձեւ քսում էր դռան ճակատին եւ վառած մեղրամոմի ծխով սեւացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում եւ ներս մտնելով երեխաներին բաժանում նրանց համար թխուած խմորեղէնները: Դրանից յետոյ, մինչ նա «կաղնդում» էր հաւերին, տան տղամարդը «կլկալներն» առած մտնում էր գոմ՝ նախապէս գոմի դռան վերեւը մեղրով խաչ քաշելով, գոմէշների աջ եղջիւրին մի-մի կլկալ անցկացնում, բերաններին մի քիչ մեղր քսում:
Առաւօտեան շարունակում էին հմայել-հեռացնել բոլոր չարիքները: Օրինակ, տան անդամներից մէկը բարձրանում էր տանիք եւ այնտեղ սկսում աղմուկ հանել, փայտով, կացնով, որեւէ սուր բանով: Ներքեւից մէկը հարցնում էր.
- Ի՞նչ ես անում:
- Մուկ եմ բռնել,-պատասխանում էր վերեւինը:
- Ո՞ւր պիտի ուղարկես:
- Ստամբուլ (պատասխանը պիտի պարունակէր որքան հնարաւոր է հեռու կամ թշնամի երկրի անուն, սակայն կարող էր «ուղարկուել» նաեւ մօտիկ թշնամի երկիր կամ նոյնիսկ որեւէ չսիրուած մարդու տուն):
Որոշ դադարից յետոյ վերսկսւում էր աղմուկը, կրկնւում էր հարցը.
- Ի՞նչ ես անում:
- Ցաւ եմ կտրում:
- Ու՞ր պիտի ուղարկես:
- Ինգլիզ (որքան անհասանելի է երկիրը, այնքան՝ լաւ):
Այս երկխօսութիւնը կարող էր շարունակուել այնքան, մինչեւ տան բոլոր առկայ եւ հնարաւոր դժբախտութիւնները, կարիքները, չարիքը ուղարկէին, հեռացնէին:
Յունուարի 1ին «տօնը դուրս էր գալիս ընտանքից»: Թէ այցելութիւնները, թէ բարեմաղթանքները, թէ հմայութիւններն այլեւս տարածւում էին համայնքի, հասարակութեան, ազգի, «արար աշխարհի» վրայ.
«Երբ առաւօտեան բարի լուս կը բացուի, տանտիկինն ու տան սպիտակ մուրուքը ժամ կ՛երթան եւ կը բարեմաղթեն արար աշխարքին խաղաղութիւն, շնորհաւոր տարի եւ բարի կաղանդ՝ դուռ դրկեցին, բարեկամին ու ազգականին, ճժուն ու երեխին, որդուն ու հարսինե (Բուլանըխ)։
Տան դուռը երբեք չէր փակւում: Փակ դուռը վատ էր թէ խորհրդանշական, թէ ուղիղ իմաստով: Բաց դուռը խորհրդանշում էր ինչպէս Նոր տարին ընդունելու, այնպէս էլ հիւր ընդունելու տանտէրերի պատրաստակամութիւնը: Առաւօտ շուտ կարող էին սկսուել այցելութիւնները: Բոլոր հիւրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարեւաններին, քաւորին, գիւղապետին, քահանային: Նշանուած աղջկան «փայ» էին ուղարկում փեսացուի միջոցով: Սանամայրերն էր իրենց քաւորներին ընծայ են տանում կամ ուղարկում օղի, գինի, մրգեր, թխուածքներ, գուլպաներ եւ այլն։
«Նշանադրուած երիտասարդներն անշուշտ օղի, թխուածք եւ մրգեղէն առած գնում են աներանց տուն, համբուրում աներոջ եւ զոքանչի ձեռքերը, օղին տալիս աներոջը, թխուածքը՝ զոքանչին, իսկ մրգեղէնը հարսնացուին։ Վերջինս էլ շատ անգամ «փնջած խնձոր» է նուիրում իւր նշանածին, միայն ծածուկ. «Փնջած– խնձորը» պատրաստում է ինքը իւր ձեռքով մետաքսեայ գոյնզգոյն թելեր փաթաթելով մի կարմիր խնձորի վրայ. եւ զանազան կողմերում նոյն թելով փնջիկներ շինում։ Առատաձեռն նշանածը սրա փոխարէն ինքն էլ մի խնձոր է նուիրում՝ վերան արծաթեայ տասն կոպէկանոցներ խրած»:
Շնորհաւորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնուազն մի խնձոր էին աւելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցութեան եւ երկարակեցութեան մաղթանքներով: Թէ տնեցիները, թէ այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապէս ձախորդութիւններն անպակաս կը լինէին:
Շնորհաւորական այցելութիւնները սկսւում էին օրուայ առաջին կէսին եւ կարող էին շարունակուել ողջ օրուայ ընթացքում: Այցելուներին միշտ հիւրասիրում էին՝ ով/ովքեր էլ լինէին նրանք,-բարեկամ, հարեւան, ազգական, հարուստ կամ աղքատ, թշնամի մէկը կամ՝ այդպիսին ընկալուող մէկը: Բարեմաղթանքի խօսքերն ասւում էին անմիջապէս՝ տուն մտնելիս, եւ շարունակւում հիւրասիրութեան ընթացքում, թէ այցելուների, թէ տանտէրերի կողմից.
Շնորհաւորական եւ շնորհակալական մաղթանքներ
«Սաղ ըլիք, ուրախութենի տարի ըլի. ցամաք աչքով, ուրախ սրտով ամէն տարի էս օրս հասնունք, ուրախութենով տարեմուտ ենք անում, ուրախութենով էլ սուրբ Յարութեանը արժանանանք, լի ու առատ տարի ըլի, Աստուած մահին թանգութիւն տայ, հացի էժանութիւն (Լոռի):
«Քու խմածն անուշ, բարի ես եկի, յանցկի հար եոդա (այնտեղից մինչեւ այստեղը) վըր իմ գլխուն ու երեսին Աստուած մարդութենից (բարեկամութիւնից) պակաս չենէ, յըմէն տարի արժանանանք իդա օրուան»։
Բարեմաղթանքներում, շնորհաւանքներում յաճախ էր հնչում հայ ժողովրդին, հայ ազգին, քրիստոնեաներին սատարող, «պաշտպանող» մաղթանքները.
Աստուած Լուսաւորչու ազգ չկորցու, մըր խղճուկ ազգին լուս ու ճար մէ էնէ, խնամի Պօղոս, աչքիս քաւոր Պետօ, բարի ես եկէ, աչքիս, գլուխիս, շնաւոր նոր տարի, բարի կաղանդ, կենդանութեն յըմնուդ (ամենքիդ)»։
Այցելութիւնները, շնորհաւորանքները շարունակւում էին մինչեւ կէս գիշեր: Այնուհետեւ մինչեւ Ծննդեան տօները տներում սեղաններին միշտ պէտք է միրգ ու ընդեղէն լինէր, տան դուռը՝ բաց, գիշերները ճրագ վառուէր, տան կրակն ամենեւին չհանգչէր:
ՆՈՐ ՏԱՐԻՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄՀայաստանի հանրապետութեան բնակչութեան այսօրուայ Նոր տարուայ տօնահանդէսը որոշ չափով «ժառանգել է» հարիւրամեայ վաղեմութեան աւանդոյթները, բայց այն նաեւ զգալիօրէն տարբերւում է: Նոր տարին շարունակում է «սահմանայինե լինել եւ, ըստ էութեան, իւրաքանչիւր Նոր տարուայ տօնահանդէս որոշ իմաստով «ջրբաժան է» անցեալի ու ապագայի միջեւ: Այն նաեւ «ներկայ» ունի:
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՈՐՊԷՍ ԱՆՑԵԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Ամէն տարուայ վերջին ամիսը՝ Դեկտեմբերը տուեալ տարուայ արդիւնքը հանրագումարի բերող ամիսն է: Այն այդպիսին է թէ պետական կառոյցների, թէ մասնաւոր հիմնարկների, թէ ընտանիքների, թէ անհատների համար: Դեկտեմբերին աւարտւում են հիմնական հաշուետուութիւնները, ամփոփւում են տարուայ արդիւնքները: Եթէ դրանք պետական կառոյցների ամփոփումներն են, յաճախ հրատարակւում են թերթերում, ներկայացւում են հեռուստատեսութեամբ ու ռադիօյով:
Դեկտեմբերը յաճախ նաեւ շինարարական աշխատանքների աւարտի եւ շէնքերը շահագործման յանձնելու ամիսն է: Շատերը հենց Նոր տարուն են բնակարանամուտ տօնում՝ Նոր տարով նոր բնակարանում նոր կեանք սկսում:
Դեկտեմբերին ջանում են վերադարձնել պարտքերը, որպէսզի նոր տարին մաքուր սկսուի: Գժտուածները փորձում են հաշտուել, որպէսզի Նոր տարի՝ «ապագայ» մուտք անեն հաշտուած: Դադարում՝ «պաուզայ» է անում նոյնիսկ քաղաքական բանավէճը:
Դեկտեմբերի վերջին օրը հանրապետութեան առաջին դէմքերը հեռուստացոյցով շնորհաւորում են երկրի քաղաքացիներին, համառօտ ամփոփում անցած տարին, ներկայացնում ձեռքբերումները եւ խօսում յաջորդ տարուայ՝ մօտ ապագայի ծրագրերի մասին:
Դեկտեմբերին կազմւում են նաեւ յաջորդ տարուայ՝ մօտ «ապագայի» ծրագրերը:
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆԵՐԿԱՆ Է, ԱՅՍՕՐԸ
Բուն Նոր տարուայ տօնի հանդիսութիւնները սկսւում են Դեկտեմբերի վերջին օրերը՝ աշխատավայրերում տեղի ունեցող հանդիսութիւններով: Դրանց ընթացքում մարդիկ շփւում են միմեանց հետ,
Այսօր Հայաստանում Նոր տարուայ առաջին եւ ամենակարեւոր խորհրդանիշը «տօնածառն է»՝ խաղալիքներով, կոնֆետներով զարդարուած:
ՆՈՐ ՏԱՐԻՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ
Ժամանակակից Նոր տարուայ տօնահանդէսը, սահմանային բաղադրիչներ ունենալով հանդերձ, մեծ չափով «ներկան» է: Տօնահանդէսը ամրագրում է հասարակական, ընտանեկան, ազգակցական, համայնքային ընթացիկ կապերը, վերահաստատում արժէքները, «ցուցադրում» հասարակական եւ մշակութային կեանքի նորամուծութիւնները, «հաստատում» եւ դրանով ինքնին ձեւաւորում նոր աւանդոյթները, ժողովրդական մշակոյթի արուեստի ոլորտի զարգացումները եւ այլն:
Նոր տարուայ տօնի «ազդարարը» Դեկտեմբերի սկզբներին փողոցներում, հրապարակներում յայտնուող «տօնածառերն» են՝ զարդարուած եղեւնիները:
Բուն Նոր տարուայ տօնի հանդիսութիւնները սկսւում են Դեկտեմբերի վերջին օրերը՝ կրթական հաստատութիւններում, աշխատավայրերում տեղի ունեցող հանդիսութիւններով: Դրանց ընթացքում մարդիկ միմեանց շնորհաւորում են սպասուող Նոր տարուայ առթիւ, բարեմաղթանքներ յղում երկրին, հայ ժողովրդին ու անձնական յաջողութիւններ ցանկանում միմեանց: Դպրոցներում տարրական դասարանների երեխաները նամակներ են գրում «Ձմեռ պապին», որ հեռաւոր հիւսիսից պիտի գայ Հայաստան եւ նուէրներ բաժանի երեխաներին:
Դեկտեմբեր ամսուայ վերջերին փողոցներում արդէն երեւում են երկար կարմիր վերարկուով, սպիտակ մորթէ կնգուղով կամ օձիքով, ճերմակ մօրուքով եւ նուէրների պարկով Ձմեռ պապերը: Յաճախ նրանց ուղեկցում են ճերմակ կամ արծաթափայլ վերարկուով գեղեցկուհի ձիւնանուշիկները: Այդ օրերին, յատկապէս քաղաքների դպրոցներում ու նախադպրոցական հաստատութիւններում, դահլիճում զարդարուած տօնածառի շուրջ կազմակերպուող Նոր տարուայ հանդէսների հիմնական դերակատարները երեխաներին բարի խրատներ տուող Ձմեռ պապերն ու երգ ու պարով զուարճացնող ձիւնանուշիկներն են: Հանդէսներին երեխաները յաճախ մասնակցում են դիմակներով: Նոր տարուայ տօնահանդէսներն այսօր երբեմն շարունակում են խորհրդային տարիներին սկսուած «դիմակահանդէսային» ցերեկոյթների աւանդոյթները: Այդ օրերին մանկական թատրոնների, կինոդահլիճների սրահները նոյնպէս ներկայացնում են մանկական տօնական ծրագրեր: Ամէնուր հնչում է երգիչ Ռուբէն Հախվերդեանի «Նոր Տարի» երգը, որի մէջ խտացուած են Նոր տարուից երեխաների ակնկալիքները.
Պզտիկներ, շուտ հաւաքուէք,
Ու կլոր շրջան կազմէք,
Երգէք երգն այս ու պարէք,
Նոր տարին դիմաւորէք:
Կրկներգ
Նոր տարի է, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
Պայծառ ժպիտով արի,
Դու բարի մեր Նոր տարի,
Բոլորիս երազանքները
Այս տարի դու կատարի:
Կրկներգ
Նոր տարի է, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
Բեր անուշ կարկանդակներ,
Եւ ուրախ ու նոր խաղեր,
Բեր նուէր, յոյսեր ու սէր,
Մեր բարի, մեր լաւ ընկեր:
Կրկներգ
Նոր տարի է, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
Իսկ յետոյ կէսգիշերին,
Հիւր կը գայ Ձմեռ պապին,
Ու կ՛ասի նա բոլորին
Շնորհաւոր Ձեր Նոր տարին:
Կրկներգ
Նոր տարի է, Նոր տարի,
Գալդ թող լինի բարի:
Դեկտեմբերի վերջին տասնօրեակը քաղաքներում տօնական գնումների եռուզեռի օրեր են: Ոչ մի այլ տօն այսօրուայ Հայաստանում նախատօնական եռուզեռով, գնումներով չի կարող մրցակցել Նոր տարուայ հետ: Գնւում են սովորաբար մթերք, խմիչք, հագուստ, սպասք, խաղալիքներ, օծանելիք, յուշանուէրներ… Նոյն օրերին գիւղերում շատերը խոզ են մորթում: Նոր տարուայ նախօրէին խոզ մորթելը վեր է ածւում տղամարդկանց հաւաքների եւ նախատօնական ոչ մեծ խնջոյքների:
Նոյն օրերին, սովորաբար, ամբողջովին մաքրւում են բնակարանները: Դեկտեմբերի վերջին երկու օրերին բնակարաններում տեղադրւում է բնական, այսօր յաճախ նաեւ արհեստական, խաղալիքներով զարդարուած տօնածառ, հիւրասենեակը զարդարւում է փայլաթղթերով, գունազարդ փնջիկներով: Վերջին տարիներին տօնածառը սկսել է դուրս մղուել, դրան փոխարինում են պատին ամրացուող եղեւնու երկու-երեք ճիւղերը կամ եղեւնու ճիւղերը նմանակող արհեստական ճիւղերից օղակները:
Դեկտեմբերի վերջին երկու-երեք օրերին, շատերը միմեանց շնորհաւորական բացիկներ են ուղարկում: Դրանցում սկսում են գերիշխել ելեկտրոնային տարբերակները: Վերջին տասնամեակում ազգային մշակութային ակունքներին վերադառնալու փնտռտուքը արտայայտւում է նաեւ բացիկների ձեւաւորումների վրայ. դրանցում գերիշխում են հայ էթնիկ ինքնութիւնը խորհրդանշող պատկերներ, զարդանախշեր, միջնադարեան մանրանկարչութեան նմուշներ, ինչպէս, օրինակ՝ սոյն պատկերները.
Տարածւում են նաեւ մշակոյթների սինթեզ ներկայացնող պատկերները, օրինակ՝ Ռազմավարական հետազօտութիւնների «Արարատ» կենտրոնի ստորեւ ներկայացուող բացիկի վրայ Մասիս սարն է՝ հարաւ-արեւելեան խորհրդանիշերով:
Ինչպէս երեւում է բացիկի շնորհաւորական վրայի գրութիւնից, Հայաստանում Նոր Տարուայ եւ Սուրբ Ծննդեան տօները «միացել» են՝ «Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ»: Հայաստանի Տօների եւ յիշատակի օրերի մասին օրէնքում նոյնպէս այս տօները «միացել են», դրանք օրէնքում հանդէս են գալիս մի տողով եւ կոչւում են՝ «Ծննդեան տօներ եւ Ամանոր՝ նշւում են Դեկտեմբերի 31ից մինչեւ Յունուարի 6ը, ոչ աշխատանքային օրեր են Դեկտեմբերի 31ը, Յունուարի 1ը, 2ը (Ամանոր) եւ Յունուարի 6ը (Սուրբ Ծնունդ եւ Յայտնութիւն)»: Չնայած հայոց Ծննդեան տօները ոչ թէ նախորդում, այլ յաջորդում են Ամանորին՝ Նոր տարուն, օրէնքում դրանց տեղերը փոխուել են: Արեւմտեան քրիստոնէութեան այս ազդեցութիւնը յաճախ արտացոլւում է նաեւ Ամանորեայ բացիկներում: Ստորեւ ներկայացուող բացիկի վրայ հայերէն լեզուով շնորհաւորանքում տօնանունների յաջորդակութիւնը համապատասխանում է հայկական տօների յաջորդականութեանը, իսկ անգլերէնը արտացոլում է արեւմտա-քրիստոնէական աւանդոյթը. յիշւում է նախ Ծննդեան, ապա՝ Նոր տարուայ տօնը:
Ամանորեայ բացիկների ամենայաճախ հանդիպող պատկերը, սակայն, տօնածառն է կամ Ձմեռ պապը: