samedi 9 décembre 2023

ՆՈՐ ՏԱՐՈՒ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ- ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ🎅


Նոր տարի է գալիս: Ուզում եմ շնորհաւորանքի խօսքեր գտնել իմ տոհմ ու տակի աւագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար:

Ուզում եմ յետ նայել, յետ գնալ, վերապրել անցածը, մէկ տարուան  անցածը: Ուզում եմ շնորհակալութեան ու շնորհաւորանքի խօսքեր գտնել իմ ժողովրդի փետրուարեան խիստ ու խելօք ընդվզումների համար, դարաւոր ստրկութեան վախից ձերբազատուելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթօնքի, միահամուռ կամքի, միասնութեան եւ միաբանութեան նրա աստեղային ժամի համար, իր ինքնաճանաչման գիտակցութիւնը դարի ճակատին արձանագրելու համար, իր երդաշէն վաստակի եւ երդանուէրներ ոգու համար, կորցրածը ետ բերելու իր առաջին յանդուգն փորձի համար:

Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կայ, քանի աշխարհում մարդկութիւն կայ եւ մարդկութեան մէջ` մարդկայնութիւն:

Այս հաւատով էլ ոտք դնենք Նոր տարուան սեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք` շնորհաւո՜ր Նոր տարի:

1988թ. դեկտեմբերի 31


ՆՈՐ ՏԱՐՈՒ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիս
Ժամացոյցի զանգը հպարտ:
Սեղանների վրայ թողած
Իր օրհնութիւնն ու իր բարին,
Հարազատի յօժարութեամբ
Հեռանում է յոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախութիւն, ուրախութիւն,
Ուրախութիւն է խոստանում:

Ուրախանանք Նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…
Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կեանք ապրենք,
Ոչ թէ դանդաղ չորանալով
Խաղաղութիւն մաղթենք հողին,
Մաղթենք` ամէն սար ու ձորում
Բողբոջներին բացուելու բախտ
Եւ ծիլերին հասկաւորում:

Սիրողներին մաքուր սիրոյ
Հաւատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եւ կտրիճին իմաստութիւն.
Մերձաւորին վստահութիւն,
Մեծաւորին` ներող հոգի,
Բարուն ազատ թեւեր մաղթէք
Եւ բարութիւն ամէն ոքի:

ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ