lundi 11 décembre 2023

Հայոց Նոր Տարին ՀՐԱՆՈՅՇ Ս. ԽԱՌԱՏԵԱՆ 🎄Պատմական գիտութիւնների թեկնածու-Է. մաս և վերջ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Տարուայ վերջին օրը քաղաքների եւ գիւղերի մեծ մասի հրապարակներում, տօնածառների շուրջը կազմակերպւում են համայնքային տօնահանդէսներ՝ երաժշտութիւն, համերգ, պարեր: Երեւանում աւանդոյթ է դառնում այդ երեկոյ քաղաքապետարանի կողմից մատուցուող տորթի բաժանումը՝ տօնահանդէսի մասնակիցներին: Դրանց մասնակցում են հիմնականում երիտասարդները: Նոր տարին, սակայն, ընդունուած է դիմաւորել ընտանիքներով, ուստի ուշ երեկոյեան շտապում են վերադառնալ տուն, որտեղ արդէն պատրաստ է ընթրիքի տօնական սեղանը:

ՈՒՏԵՍՏԸ

Դեկտեմբերի վերջին օրը կանայք զբաղւում են տօնական խնջոյքի նախապատրաստութիւններով՝ եփել, խմորեղէններ թխել, զանազան սառը խորտիկներ պատրաստել: Դրանց մեծ մասի ծիսական իմաստը կորել է, սակայն «վերադառնում է» Տարի հացի աւանդոյթը: Աւանդական մշակութային արժէքներ փնտռող մեր հասարակութիւնում վերսկսուել է նաեւ ամանորեայ մարդուկներ թխելու եւ դրանցով գուշակութիւններ անելու սովորոյթը: Թխում են ընտանիքի բոլոր անդամների թուով՝ տղամարդակերպ, կանացիակերպ, մանկական:

Դժուար է այս ծիսական հացիկները «տեղաւորել» տօնական ուտեստի մէջ: Դրանք չեն ուտում, շատերը պահում են մինչեւ յաջորդ Նոր տարի: Ոմանք նախորդ տարուայ այս հացիկները Դեկտեմբերի վերջին փշրում են հոսող ջրի տակ եւ այն «անցնում գնում է հին տարուայ հետ»:

Անցեալից վերադարձող այս նորամուծութիւնները բնորոշ են քաղաքային կեանքին: Գիւղերում աւելի շարունակւում է տօնահանդէսի խորհրդային կաղապարը, չնայած այստեղ նոյնպէս զգալի փոփոխութիւններ կան:

Այսօրուայ տօնական խմորեղէններում զուգահեռւում են աւանդական գաթան, փախլաւան տարաշխարհիկ անուններով («նապոլէոն», «մրջնաբոյն», «ծտի կաթ», «միկադօ», «սիգարետ», «էկլեր» եւ այլն) ժամանակակից խմորեղէնների հետ:

Նոր տարուայ գիշերուայ ընթրիքի սեղանը պատրաստ է լինում սովորաբար ժամը ութին-տասին: Տօնական սեղանին փռւում է լաւագոյն սփռոցը, դրւում է լաւագոյն սպասքը: Որոշ ընտանիքներում Նոր տարուայ համար յատուկ սպասք է պահւում, որն օգտագործւում է տարին մէկ անգամ: Տօնական սեղանին միանգամից դրւում են սառը նախուտեստները, խմորեղէնները, չոր (խնձորի, սալորի, թզի, տանձի, սեխի, ձմերուկի, ծիրանի, դեղձի…) ու թարմ միրգը, ընդեղէնը (հնդկական ու յունական ընկոյզ, պիստակ, նուշ, կաղին, շագանակ, զանազան կորիզներ…), կոնֆետների տեսականի, աղանձ, հիւթեր, ոգելից խմիչքներ: Չափազանց սիրուած են «ընկուզերշիկ»ն ու շաքարի հետ խառնած եւ վանիլով ու դարչինով համեմած ընկոյզի փշուրներով հմտօրէն լցոնած ոսկեգոյն դեղձը՝ «ալանին»: Մրգերից շարունակում են պարտադիր մնալ խնձորը, տանձը, նուռը, սակայն դեռեւս խորհրդային տարիներից Նոր տարուայ կարեւոր մրգեր են համարւում ցիտրուսայինները (երեխաները դեռեւս յիշում են յայտնի բանաստեղծութեան երկտողը՝ «Տանձ, խնձոր, մանդարին, շուտով կը գայ Նոր տարին»):

Քաղաքներում շատերն սկսել են տարբերակել քաղցրեղէնի եւ հիմնական ուտեստի սեղանները:

Ուտեստի տեսականին կտրուկ փոխուել է: Աւանդականից տօնական փաստացի պարտադիր ուտեստի տեսականուց մնացել են «պասուց տոլման», ընդեղէնը եւ չրեղէնը: Ի տարբերութիւն աւանդական Նոր տարուայ, այսօր բացարձակ գերիշխանութիւն ունի մսեղէնը, այդ թւում՝ նախուտեստների մէջ (երշիկների տեսականին, բաստուրման, սուջուխը, խոզի տոտիկները, ապխտած խոզի միսը): Սակայն եթէ նախուտեստների տեսականին զգալիօրէն բազմազանեցւում է բանջարեղէնով (աւելուկի, սունկի, ճակնդեղի, լոբու աղցանները, բանջարեղէնի մի քանի տեսակից (գազար, կարտոֆիլ, ճակնդեղ, կանաչ ոլոռ, սոխ, համեմ, մաղադանոս եւ այլն) հմտօրէն շերտաւորած եւ ձեւաւորած աղցանը եւ այլն), ապա հիմնական ուտելիքը միայն միս է:

Գործնականում համատարած է ջեռոցում կարմրացրած խոզի բուդը, այսօր աւելի ու աւելի է տարածւում հայոց մէջ աւանդոյթներ չունեցող հնդկահաւը: Նախուտեստների հետ դրանք Նոր տարուայ գիշերային խնջոյքի կարեւոր բաղկացուցիչներն են: Ոմանք նաեւ խորոված են անում: Նոր տարուայ մսեղէն ուտելիքներից են նաեւ «քիւֆթան», «իշլի քիւֆթան», խաղողի տերեւով փաթաթած մսով «տոլման», աղացած մսից պատրաստուող եւ իւղի մէջ տապակուող բլիթները եւ այլն: Նոր տարուայ «մսով տոլմային» ոմանք, վանեցիներից փոխառած սովորոյթով՝ ծեծած կանեփ են խառնում: Սիւնիքում շարունակւում է Նոր տարուն «Ղափամա» պատրաստելու աւանդոյթը.

Համարւում է, որ Նոր տարուայ սեղանի ուտեստի տեսականին կարող է ազդել ընտանիքի բարեկեցութեան վրայ, եւ առատ, ճոխ ուտեստով տարին սկսելը իւրատեսակ հմայութիւն է:

Տարեմուտը դիմաւորում են ժամը տասներկուսին՝ բոլորած ընթրիքի սեղանի շուրջը: Հեռացող տարուայ վերջին րոպէներին հեռուստացոյցով լսում են երկրի նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհաւորանքներն ու օրհնանքը, եւ ճիշդ ժամը տասներկուսին, զանգերի ղողանջների տակ, պայթիւնով բացում շամպայնի շշերը: Քաղաքների հրապարակներում մեծ հրավառութիւն են անում քաղաքապետարանները:

ՏԱՐԵՄՈՒՏԸ

Նոր տարին մուտք է գործում մարդկանց տները ժամը տասներկուսին՝ աղմուկով բացուող պատուհաններից ու դռներից: Հէնց այդ պահին է, որ Նոր տարին իր բոլոր սպասելիքներով պիտի թափանցի տները: 2009թ. այս պահը նկատի ունէր «Արարատ» միութիւնը՝ հայրենակիցներին ուղերձ յղելով.

«Թէ աշխարհում փակ դռներ կան,
Թող որ բացուեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդութեամբ
Թող ներս մտնի այս գիշեր:

Թէ կան սրտեր նախանձով,
Դառնան բարի ու ներող,
Եւ ուրիշի ուրախ կեանքով
Խանդավառուեն այս գիշեր:

Թէ աշխարհում կան պանդուխտներ,
Թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական յաւերժութեամբ
Ողջագուրուեն այս գիշեր»:

Միաժամանակ սկսւում են հրավառութիւնները. հինգ-տասը րոպէ զանգերի ղօղանջի տակ ամէնուր բացուող շամպայնի շշերի ու հրթիռների պայթիւնների ձայներ է եւ՝ երկինք խոյացող լոյսերի սլացք: Աղմուկով հեռանում, անցեալ է դառնում հին տարին եւ աղմուկով ողջունում են Տարեմուտը: Լսւում են բաց պատուհաններից միմեանց շնորհաւորող հարեւանների ձայները: Ընդամէնը կէս ժամ է տեւում ներընտանեկան հաւաքը: Քաղաքների բազմաբնակարան շէնքերում եւ գիւղերում պատանիները փոքր խմբերով այցելում են շէնքի կամ հարեւան շէնքերի բնակիչների տները: Այդ այցելութիւնները կարճատեւ են՝ տաս-տասնհինգ րոպէ: Մտնում են տուն, շնորհաւորում, մի պատառիկ ուտում եւ անցնում յաջորդ բնակարան: Այդ այցելութիւնները կարող են շարունակուել մինչեւ առաւօտ, եւ ամէնուր նրանց սիրալիր դիմաւորում են: Երիտասարդները շտապում են բակերում, հրապարակներում շարունակուող պարերին մասնակցելու: Գիւղերում յաճախ խարուկահանդէսներ են կազմակերպում: Քաղաքների որոշ բազմաբնակարան շէնքերի բակերում բնակիչները սեղան են դնում բակերում, իւրաքանչիւրն իր տնից որոշ ուտելիք ու խմիչք է բերում եւ մինչեւ ժամը գիշերուայ երեք-չորսը հարեւանները, միմեանց շնորհաւորելով՝ խմում են, պարում ու երգում են: Տարեցները մնում են տանը, դիտում են հեռուստացոյցով ցուցադրուող տօնական «շոու»ն եւ ընդունում են հիւրերին:

Տարբեր հեռուստալիքներով ցուցադրուող Նոր տարուայ «շոու»ն իրենից ներկայացնում է յայտնի ընդհանուր խնջոյքի սեղանի շուրջ բոլորած քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների՝ միմեանց յաջորդող ելոյթներ, երգիծական մանրապատմումներ, երգ ու պար:

Գիշերը «Ձմեռ պապը» երեխաներից գաղտնի նուէրներ է դնում նրանց բարձի տակ:

Յունուարի մէկին եւ երկուսին, երբեմն՝ նաեւ երեքին, տօնահանդէսը շարունակւում է: Դրանք այցելութիւնների օրեր են: Այցելում են ծնողներին, տատ ու պապերին, մօտ ազգականներին: Այդ օրերին սեղանները միշտ լեցուն են: Այցելուները սովորաբար քաղցրեղէն ու խմիչք են տանում հիւրընկալներին:

Որոշ վայրերում բոլոր ազգականներն ու մտերիմները այցելում են այդ տարի ննջեցեալ ունեցած ընտանիքներին:

Տօնահանդէսը, աստիճանաբար մարելով՝ աւարտին է մօտենում Յունուարի 13ին՝ «Հին Նոր տարուն»՝ այդ օրը մէկ «բռնկում» եւս ունենալով:

«ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

Յունուարի 13ին, խորհրդային տարիների ձեւաւորուած աւանդոյթով, նշւում է «Հին Նոր տարին»:

Հին Նոր տարի անունը պարզապէս նշանակում է՝ հին տոմարով նշուող Նոր տարի: Նոր՝ Գրիգորեան տոմարը, Ռուսաստանում պաշտօնապէս ընդունուել է բոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ՝ 1918թ., Հայաստանում, համապատասխանաբար՝ 1920թ.: Հին եւ նոր տոմարների տարբերութիւնը 13 օր է, այսինքն՝ նոր տոմարով Յունուարի 13ը համապատասխանում է հին տոմարով Դեկտեմբերի 31ին:

Չնայած այցելութիւնները հիմնականում կատարւում են մինչեւ Յունուարի 3ը, սակայն մինչեւ Յունուարի 13ը, կարելի է այցելել եւ շնորհաւորել: Սովորաբար, մինչեւ Յունուարի 13ը պահպանւում են Ամանորեայ զարդարանքները, տօնածառերը, կատարւում են հանդիսութիւններ, աշխատավայրերում կազմակերպւում են ցերեկոյթներ ու դիմակահանդէսներ: Յունուարի 13ի լոյս 14ի գիշերը, հեռուստաալիքները կրկնում են Յունուարի 1ի գիշերային «շոու»ն: Ընտանեկան-ազգակցական կապերն ամրապնդող յունուարմէկեան այցելութիւնները փոխարինւում են ընկերական հաւաքներով. այդ գիշեր, նոյնպէս, հրապարակներում հրավառութիւն է եւ երաժշտութիւն, պարեր ու խնջոյքներ:

«ՄԵՐ ԱԶԳԸ, ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»

Ուշագրաւ է, որ ամանորեայ բարեմաղթանքները, ուղղուած լինելով անձին՝ այնուամենայնիւ զգալի չափով պահում են «մեր ազգին, մեր ժողովրդին, մեր երկրին», երբեմն նաեւ՝ «ամբողջ աշխարհին» ուղղուածութիւնը: Դա այնքան էլ ընդգծուած չէ գրաւոր շնորհաւորանքներում (բացիկներ, նամակներ…), բայց ցայտուն երեւում է կենացների ժամանակ արտայայտուած մաղթանք-բանաձեւերից՝ «Բարին մեր երկրի, մեր ժողովրդի վրայ լինի», «Մեր բազմաչարչար ժողովուրդը երջանիկ լինի», «Խաղաղութիւն լինի մեր երկրին եւ ամբողջ աշխարհին», «Անցաւորների վրայ հողը թեթեւ լինի, ապրողներին խաղաղութիւն բերի այս Նոր տարին»: Շարունակում է շատ սիրուած մնալ Ռափայէլ Պատկանեանի՝ 150 տարուայ վաղեմութեան «Նոր տարուայ ուղերձ» բանաստեղծութիւնը, որի երաժշտական կատարումը Ռուբէն Հախվերդեանի կողմից հնչում է ամէնուր.

Երնէկ, թէ այս նոր տարին,
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս Նոր տարին,
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան:

Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:

Երնէկ, թէ այս Նոր տարին,
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր Ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:

Շնորհաւոր Ձեր Նոր տարին, երջանիկ եղէք, բարի եղէք, իւրաքանչիւր տարին թող աւելացնի Ձեր բարութիւնն ու ուրախութիւնը եւ նուազեցնի վիշտը, տխրութիւնն ու թախիծը: Խաղաղութի՜ւն ամենեցուն:

Յօդուածի հեղինակ Հրանուշ Խառադեան, ազգագրագէտ

asbarez.com